Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ



Օրերս հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ԶՈՒ ենթակա զորամասերից մեկի և առանձին հրետանային դիվիզիոնի կազմավորման 18-րդ տարեդարձը: Զորամասը կազմավորվել է 1996թ. մայիսի 21-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով: Առաջին հրամանատար է նշանակվել «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանը: ՀՀ նախագահի հրամանագրով 2000թ. փետրվարի 22-ին գնդին հանձնվել է Մարտական դրոշ: Նույն թվականին գունդն անվանակոչվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով: Տոնի առթիվ Վազգեն Սարգսյանի անվան զորամաս այցելեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, ԱԺ պատգամավորներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Այնուհետև նախարարը Արարատի մարզպետի հետ մասնակցեց զորամասի տարածքում նոր մարզահամալիրի բացմանը: Այն կնպաստի ոչ միայն զինծառայողների, այլև հարևան համայնքների պատանիների ֆիզիկական դաստիարակությանը: Մարզահամալիրի հնարավորություններին ծանոթանալուց հետո ներկաները հետևեցին ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաների ցուցադրական ելույթներին՝ հույս հայտնելով, որ եղած հնարավորությունները աստիճանաբար ավելի կմեծանան:

Տարեդարձին նվիրված միջոցառումները շարունակվեցին Արարատ քաղաքում, որտեղ անցկացվեց հանդիսավոր շքերթ և տոնական համերգ: Ահա և եկավ սպասված ժամը: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց շքերթի անցկացմանը անձնակազմի պատրաստ լինելու մասին: Ապա զգաստ հրամանի ներքո հրապարակ բերվեցին ՀՀ պետական և զորամասերի մարտական դրոշները: Դրոշակակիրները մայոր Գեորգի Ցականյանի, մայոր Արթուր Խասաբեկյանի և կապիտան Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ քայլում են հստակ՝ իրենց հպարտ ամեն մի քայլով ասես ներկաներին հաղորդելով մարտական դրոշների համար անձնվիրաբար եւ պատվով պայքարելու, արիաբար և հմտորեն իրենց սրբազան պարտքը հայրենիքի հանդեպ անմնացորդ կատարելու գիտակցումը:

Պետական և մարտական դրոշների ներքո հնչում է ՀՀ պետական օրհներգը: Ելույթ է ունենում զորամասի ներկայիս հրամանատար, «Մարտական ծառայության» մեդալակիր, գնդապետ Ա. Օհանյանը:

-Մեր զորամասը կրում է Վ. Սարգսյանի անունը, և հատկապես մեզ է վերապահված շարունակելու սպարապետի հայրենանվեր առաքելությունը: Մենք ենք հետևորդները նրա սկզբունքների և համոզմունքների, որոնք ամփոփված են իր խոսքերի մեջ՝ «Ամենալավ զինվորը հայ զինվորն է»: Բանակի տարին չի սկսվում և չի ավարտվում, ինչպես չի սկսվում և չի ավարտվում հայրենասիրությունը: Այս երկրի մայրաքաղաքն սկսվում է խրամատից: Ուզում եմ վստահեցնել բոլորիդ, որ զորամասի անձնակազմը պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները, այսուհետ ևս օգտագործելու է իր կարողությունները ի փառս մեր բանակի հզորացման, պետական սահմանի անձեռնմխելիության և ժողովրդի անվտանգության ապահովման:

Գնդապետ Օհանյանը ընդգծեց նաև զորամասի դերակատարումը զինված ուժերի կադրային համալրման հարցում: Ներկայումս տարբեր վարչությունների պետեր, բարձրաստիճան զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ հենց այս զորամասում են անցել իրենց ծառայության կարևոր ու պատասխանատու շրջանը՝ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյան, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյան, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյան, գնդապետ Ռոմիկ Մարգարյան, գնդապետ Սեդրակ Սեդրակյան և այլք:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն իր խոսքում նշեց, որ, տեսնելով զինվորականների և քաղաքացիական անձանց ոգևորությունը, հարկ է հիշել սպարապետի հետևյալ խոսքերը. «Մեր պատմության հազարամյա ճանապարհին չենք սպառել հավատի ու խանդավառության մեր պաշարները»:

Դիպուկ էին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ուղերձում հնչած խոսքերը. «Այս զորամասում ծառայելը և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն: Այստեղ ծառայող յուրաքանչյուր զինվոր այդ հավատով է առաջնորդվում, հզորացնում և ամրապնդում մեր բանակը՝ այն դարձնելով անպարտելի»:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ռուսական սահմանապահ ջոկատի ներկայացուցիչը՝ մաղթելով նորանոր հաջողություններ մարտական պատրաստության գործընթացում, խաղաղ, անփորձանք ծառայություն, հայրենիքի համար գործելու անսպառ եռանդ:

Ելույթ ունեցավ նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը.

-Օրը խորհրդանշական է բոլորիս համար, այսօր մենք շնորհավորում ենք ոչ միայն զինված ուժերի անձնակազմին, այլև ողջ ժողովրդին, որովհետև չկա բանակային մի որևէ կառույց, որ չի ստեղծվել մեր ժողովրդի միահամուռ ուժերով, մեր համայն հայության տարած պայքարով, մեր միասնության շնորհիվ: Այնպես որ, յուրաքանչյուր կառույցի տարեդարձ մեր ժողովրդի միասնական տոնն է, մանավանդ բանակինը, որ ապահովում է մեր ժողովրդի անդորրը չափազանց դժվար պայմաններում, բարդ ռազմաքաղաքական իրավիճակում: Բայց, այնուամենայնիվ, մեր զինվորի ռազմական ոգու, նրա պատրաստվածության շնորհիվ մենք կարողանում ենք ոչ միայն պաշտպանել, այլև զսպման մեխանիզմներ ստեղծել մեր հայրենիքի երկարատև խաղաղության ապահովման համար: Այս տոնը նաև հիշողությունների և պարտավորությունների խորհուրդ ունի: Մանավանդ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում անկախության, անվտանգության, սահմանների անձեռնմխելիության պահպանման համար փառահեղ ճանապարհ ենք անցել և այդ ճանապարհին հերոսություններ ենք տեսել: Այն ջոկատները, որոնք կռվել և հիմք են հանդիսացել այս և մյուս զորամասերի համար, համառ պայքար են մղել ոչ միայն Արարատի մարզի մատույցներում, Երասխի բարձունքների վրա, այլև Հայաստանի սահմանամերձ բոլոր բնակավայրերում, համատեղ ուժերով կայացրել, զարգացրել են այն կառույցը, որն այսօր կոչվում է հայկական բանակ: Պատերազմով անցած հմուտ հրամանատարի, պայմանագրայինի, այսօրվա ռազմական կրթություն ունեցող խելացի երիտասարդ սպաների և սահմաններում կանգնած պայմանագրայինների ու երիտասարդ ժամկետային զինծառայողների կուռ ձուլվածքով, համախմբվածությամբ մենք կարողանում ենք արժանի հակահարված տալ յուրաքանչյուր ոտնձգության:

Մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության, զինվորական օրինակելի կարգապահության, բանակաշինության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ զինծառայողներ՝ սպաներ, պայմանագրայիններ, ժամկետային զինվորներ, ազատամարտիկներ, ինչպես նաև բանակային կառույցների հետ համագործակցող քաղաքացիական մի շարք անձինք նախարարի հրամանով պարգևատրվեցին:

Քիչ անց սկսվեց տոնական օրվա թերևս ամենասպասված հատվածը՝ հանդիսավոր շքերթը: Իրենց խրոխտ կեցվածքով, շարային գեղեցիկ քայլքով մեր զինծառայողները անասելի ոգևորություն առաջացրին թե՛ ժողովրդի, թե՛ հենց զինվորականների շրջանում: Քաղաքի բնակիչներից շատերն իրենց երևի ավելի պաշտպանված զգացին, երբ հաղորդավարները նշեցին կուռ շարքերով անցնող ստորաբաժանումների ձեռքբերումները, պարգևատրվածների, աչքի ընկածների անունները: Նշենք միայն մի քանի օրինակ՝ մայոր Սիմոն Նազարյանի հրամանատարությամբ գործող հրաձգային գումարտակը 2013թ. զինված ուժերում ճանաչվել է մարտական հերթապահություն իրականացնող լավագույն ստորաբաժանում և պարգևատրվել փոխանցիկ Պատվադրոշով: Հակատանկային մարտկոցը կապիտան Հենրիկ Մելիքյանի հրամանատարությամբ լավագույնն է բանակային զորամիավորումում: Իսկ հետախուզական վաշտը չորս տարի անընդմեջ լավագույնն է զորամիավորման հետախուզական վաշտերի մեջ:

Մարտական ստորաբաժանումներից հետո հրապարակով անցան ինչպես պատանի, այնպես էլ ազատամարտիկ-երկրապահները: Նրանց հետևեցին քաղաքի մանկապարտեզների սաները՝ հայրենիքի վաղվա պաշտպանները, որոնք, սերունդների հաջորդականությունը խորհրդանշելով, հուզմունք պատճառեցին հանդիսության մասնակիցներին: Ցուցադրվեց նաև զորամասի մարտական տեխնիկան՝ հրետանի, տանկեր, զրահատեխնիկա և այլն: Շքերթն ավարտվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և խաղաղապահ բրիգադի համահավաք ռազմական նվագախմբի անցումով, որին էլ հաջորդեց համերգային ծրագիրը՝ վերածվելով իսկական համաժողովրդական տոնի: Նման ոգևորությունը մեկ անգամ ևս փաստում է, որ մեր ժողովուրդը սիրում և փայփայում է ազգային բանակը, գնահատում նրա ամեն մի ձեռքբերում, ուրախանում դրանցով, ինչը հատկապես նկատելի էր սահմանամերձ մարզի բնակիչների խոսքերում:

Սիրանույշ Գալստյան, մանկավարժ.

-Մենք սովոր ենք շքերթ տեսնել մայրաքաղաքի գլխավոր հրապարակում: Իսկ այսօր մեր բանակը մեզ ավելի մոտ և հարազատ թվաց: Շատերը հնարավորություն չեն ունենում համապետական տոներին լինել Երևանում, զինվորական շքերթներ տեսնել: Իսկ այսօր մենք այսքան մոտիկից տեսանք մեր զինվորներին ու սպաներին, հնարավորություն ունեցանք մի քիչ ավելի վստահ զգալ մեզ, քանի որ անհնար է չտեսնել ու չզգալ այն ուժը, այն վստահությունը, որ ամեն մի զինվոր հաղորդում էր հավաքվածներին: Ես ուզում են նաև հատուկ շնորհակալություն հայտնել նման մտահղացման հեղինակներին, քանի որ սա շատ կարևոր է առաջին հերթին մեր մատաղ սերնդի համար: Եթե հինգ-վեց տարեկան տղա երեխան հզոր մարտական տեխնիկա է տեսնում, ժպտացող, բայց միևնույն ժամանակ զենքը ձեռքին ուժեղ զինվոր է տեսնում, նրա մեջ ուժգին տպավորվում է հայրենիքի պաշտպանի կերպարը, աստիճանաբար ամրապնդվում, և տարիներ անց մենք կունենանք ազգային բանակում ծառայելու պատրաստ, ծառայությունից խուսափելու մասին անգամ չմտածող երիտասարդներ: Պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության համար սա չափազանց մեծ նշանակություն ունի:

Կարինե Հարությունյան, տնային տնտեսուհի, երկու երեխաների մայր.

-Մենք շրջկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղում ենք ապրում: Մի քանի օր առաջ իմացանք, որ քաղաքում շքերթ է լինելու, որոշեցինք անպայման գալ, մեր աչքով տեսնել, թե ինչքան է զարգացել մեր բանակը, պատկերացում կազմել նրա հզորության մասին: Մեծ տղաս արդեն տասնչորս տարեկան է, փոքրը՝ ինը: Հենց նրանց համար էլ, թողած բանուգործ, առավոտ շուտ շտապեցինք այստեղ: Գյուղի կողքով հաճախ են անցնում զինվորական մեքենաները, որոնցով զինվոր տղաներին վարժանքների են տանում: Գյուղի երեխաները հավաքվում են, հեռվից նայում նրանց, հրճվանքով թափահարում են ձեռքերն ու թոթովախոս բացականչություններ անում նրանց հետևից: Այս անգամ արդեն իմ երեխաները շատ մոտիկից ոգևորված հետևում էին զինվորներին, տանկերին: Ապրում ենք սահմանամերձ մարզում, ակնհայտ է, որ հայրենասիրական որոշակի մթնոլորտ սահմանամերձ բնակավայրում առկա է, բայց, իհարկե, դա քիչ է: Այս շքերթը անջնջելի հետք կթողնի երեխաներիս վրա: Երևի զորամասի տոնի կապակցությամբ լավագույն շնորհավորանքն էլ հենց այն էր, որ տղաներս, մեկը մյուսին նայելով ու իրար հերթ չտալով, ասացին՝ մենք էլ ենք ուզում զինվոր դառնալ…

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Մայոր

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #21 (1039) 5.06.2014 – 11.06.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


05/06/2014