ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ` ԱՆԱՌԻԿ ԱՄՐՈՑ
Արարատի մարզի Զանգակատուն (նախկին` Սովետաշեն-Չանախչի) համայնքն աչքի է ընկել ոչ միայն հայտնի բանաստեղծներով ու գիտնականներով, որոնց շարքերում Պարույր Սևակ, Ալբերտ Արիստակեսյան ու Խաչիկ Նազարյան շքեղ անուններն են, այլև հայրենիքի պաշտպանության գործում կյանք և արյուն զոհաբերած շատ նվիրական անհատներով: Զանգակատան զավակներն ակտիվորեն մասնակցել են 1918-20թթ. հայ-թուրքական ազգամիջյան կռիվներին: Իսկ Հայրենական մեծ պատերազմին մասնակցելու համար գյուղից զորակոչվեցին 165 հայորդիներ, որոնցից 78-ը չվերադարձան մարտի դաշտից: Զանգակատունն անառիկ ամրոց դարձավ թշնամու դեմ նաև Արցախյան ազգային-ազատագրական շարժման տարիներին: 1990-92թթ. թեժ կռիվներ մղվեցին Զանգակատանը հարող սահմանամերձ գոտում: Հատկապես մեծ վտանգ էր ներկայացնում բարձունքում ծվարած Գյուննութ ադրբեջանաբնակ գյուղակը: Թշնամին այնտեղից հաճախ էր հրետակոծում Զանգակատունն ու հարևան բնակավայրերը: 1992 թվականին Զանգակատան տղաները, սերտորեն համագործակցելով Արարատի և Արտաշատի կամավորական ջոկատների հետ, համատեղ ուժերով մայիսի 9-ին գրավեցին Գյուննութը: Դա մեծ ու շռնդալից հաղթանակ էր: Վերոնշյալ գործողությանն իր էական նպաստը բերեց հռչակավոր Ատամանը` Արտաշատի զինյալ ուժերի լեգենդար հրամանատար Լաերտ Սաղաթելյանը:
Ամեն տարի հաղթանակի տոնի կապակցությամբ գյուղում հանդիսավորությամբ հիշում են իրենց տարած հիշարժան հաղթանակը:
Օրերս գյուղի միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտին նվիրված գրական- երաժշտական ցերեկույթ: Դպրոցականների և ուսուցիչների շուրթերով վերստին փառաբանվեցին Բեռլինն ու Շուշին ազատագրած հաղթական հայ զինվորն ու զորականը: Հանդիսության ընթացքում Զանգակատան վետերաններն արժանացան մեծարանքի: «Մահապարտ» մեդալներով պարգևատրվեցին Մեծ Հայրենականում արիությամբ մարտնչած Խաչիկ Գևորգյանը, Արցախյան ազատամարտի մասնակից Հուսիկ Պողոսյանը, գյուղի երկրապահներ Ժորա Մկրտչյանն ու Հակոբ Ղազարյանը: Միջոցառման ընթացքում շնորհավորական խոսք ասացին գնդապետներ Կիմ Գիլոյանը, Գեորգի Ասատրյանը, ճանաչված բռնցքամարտիկ և մարզական գործիչ Հրաչ Աբգարյանը, պատմության ուսուցիչ Սոկրատ Խաչատրյանը և ուրիշներ:
Ցերեկույթի վերջում միջին և բարձր տարիքի դպրոցականները հնչեցրին տողեր հայ մեծ բանաստեղծների ստեղծագործություններից:
ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
պատմաբան, հրապարակագիր