ՈՒՍՈՒՄ՝ ԲԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման, հետազոտության ծրագիրը:
Զինված ուժերի զորամասերում կրթության ծրագրի իրականացման նպատակն է նաև զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների և առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախապատրաստումը` ՀՀ բուհեր և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
ՀՀ կառավարության որոշման հիման վրա ծանոթացնելու ենք հեռակա, ինչպես նաև հեռավար (դիստանցիոն) ուսուցման ընդունելության կարգին: Սկսենք հեռակա ուսուցման կարգի վերլուծությունից:
Հեռակա ուսուցման նպատակներն են` հիմնական աշխատանքից չկտրված և ուսուցմամբ կրթություն ստանալու հնարավորություն չունեցող անձանց, այդ թվում զորացրված զինծառայողների կրթական պահանջմունքների բավարարումը, կրթական ծառայությունների մատուցման ոլորտի ընդլայնումը:
ՀՀ բուհերում հեռակա ուսուցումը վճարովի է, բացառությամբ «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», « Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտոնություններից օգտվող ուսանողների:
Հեռակա ուսուցմամբ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու իրավունք ունեն բարձրագույն, միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցող քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:
Ընդունելության ժամանակ դիմորդներին տրվող արտոնությունները սահմանափակվում են «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգով և հեռակա ուսուցման ընդունելության կանոններով:
Հեռակայող ուսանողի ինքնուրույն աշխատանքի հիմնական մասը գրավոր աշխատանքների կատարումն է: Գրավոր աշխատանքները, համաձայն ուսումնական պլանի, նախատեսվում են յուրաքանչյուր կիսամյակի համար: Յուրաքանչյուր ուսանողի տրվում է անհատական ժամանակացույց, որում նշվում են առարկաների (դասընթացների) անվանումները, գրավոր և կուրսային աշխատանքների (նախագծերի) քանակը, դրանց ներկայացման ժամկետները, միջանկյալ և ստուգման ձևերը: Անհատական ժամանակացույցում նշվում են նաև կիսամյակի անցկացման ժամկետները:
Բոլոր գրավոր աշխատանքները բուհի համապատասխան ամբիոններում ենթարկվում են գրախոսման և նախնական գնահատման: Վերջնական գնահատականը դրվում է աշխատանքի բովանդակության վերաբերյալ ուսանողի հետ դասախոսի կողմից անցկացվող հարցազրույցից հետո: Հեռակա ուսուցումը լավագույն տարբերակն է զորացրված զինծառայողների ուսման և կրթության համար: Հեռակա ուսուցումից բացի գործում է հեռավար (դիստանցիոն) ուսուցում:
Հեռավար ուսուցումը համակարգված ուսուցման ձև է, երբ սովորողի և դասախոսի միջև անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացն իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով: Ուսուցման կիրառման նպատակ ուսումնառողներին բնակության վայրերում, ինչպես նաև առանձին զորամասերում կրթական ծրագրերի յուրացման հնարավորություն ընձեռելն է:
Հեռավար ուսուցման հիմքը կազմում են փաթեթային (քեյսային), համացանցային հեռահաղորդակցային տեխնոլոգիաները: Թույլատրվում է տարբեր տեխնոլոգիաների զուգակցումը:
Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ բարձրագույն և հետբուհական մասնագիտական (առանց տարիքի սահմանափակման) կրթություն ստանալու իրավունք ունեն բարձրագույն, միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական-տեխնիկական, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի և հետազոտողի, ասպիրանտի որակավորում ունեցող անձինք:
Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի յուրացման նորմատիվային ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր մասնագիտության` համապատասխան որակավորման աստիճանի համար պետական կրթական չափորոշիչներով, ուսումնական պլանի համապատասխան: Ուսումնական հաստատության որոշմամբ հեռավար (դիստանցիոն) ուսուցման տևողությունը կարող է կրճատվել այն ուսանողների համար, ովքեր ունեն հարակից բարձրագույն մասնագիտական կրթություն: Կրճատված ժամկետներում կրթական ծրագրի լրիվ յուրացումն իրականացվում է անհատական ժամանակացույցով:
Ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում կազմված և ուսումնական հաստատության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան:
Տվյալ ուսումնական տարում բուհ ընդունված զինծառայող ուսանողները հեռավար ուսուցմամբ ուսումնառելու դեպքում ներկայացնում են գրավոր դիմում և բուհի հետ կնքում համապատասխան պայմանագիր:
Ուսուցումը կազմակերպվում է `սկսած առաջին կիսամյակից:
Հեռավար (դիստանցիոն) ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունն իրավասու է կրթական գործընթացի արդյունքների հաշվառումը և հաստատության ներքին փաստաթղթաշրջանառությունն իրականացնելու էլեկտրոնային տարբերակով:
Ուսումնական գործընթացի ժամանակացույցը (աշխատանքային պլան) կազմվում է յուրաքանչյուր կիսամյակի կամ ուսումնական տարվա համար` ուսումնական պլանի հիման վրա: Ժամանակացույցում նշվում են ուսումնասիրվող առարկաները (դասընթացները), մոդուլները, յուրաքանչյուր առարկային հատկացված ժամաքանակը, կրեդիտը, ստուգման և մատուցման ձևը: Հեռավար (դիստանցիոն) դասավանդումը արդյունավետ և նպատակահարմար ուսման ձև է առանձին զորամասերի երկրորդ տարվա զինծառայողների համար:
ՎՐԵԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ԿԳՆ «Կրթություն» շաբաթաթերթ