Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ՝ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԻՐԱԽ



Ապրիլի 14-ից մայիսի 12-ը Հնդկաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում Հնդկաստանի նահանգների մեծամասնությունում հաղթեց նախկինում ընդդիմադիր «Բխարատիա ջանատա փարթի» ազգային դեմոկրատական դաշինքը: Ընթացիկ տարին ճակատագրական դարձավ տասնամյակներով իշխանության ղեկի մոտ կանգնած «Հնդկաստանի ազգային կոնգրես» առաջադիմական դաշինքի համար. պատմության մեջ առաջին անգամ այն զրկվեց ղեկավար դիրքերից: Վարչապետ դարձավ Գուջարատի նախկին նահանգապետ, ազգայնական Նարենդրա Մոդին, որը նահանգում հայտնի է հակաիսլամական զտումներով: Թե ինչպես ընտրությունների արդյունքները կազդեն Հնդկաստանի արտաքին քաղաքականության վրա` իր տեսակետներով մեզ հետ կիսվեց դիվանագետ, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ:

– Հնդկաստանում Կոնգրեսի պարտությունը ինչպե՞ս կարող է փոխել ուժերի դասավորությունը տարածաշրջանում:

-ՀԱԿ-ի պարտությունը խորհրդարանական ընտրություններում ինքնին ուշագրավ է, սակայն կատարվածը եթե դիտարկելու լինենք Եվրասիայում տեղի ունեցող համընդգրկուն աշխարհաքաղաքական գործընթացի համատեքստում, ապա կատարվածը դեռեւս լրացուցիչ նրբերանգներ ձեռք կբերի: Եվրասիայի վերաձեւավորման գործընթաց է սկսված, որի արդյունքում արդեն իսկ պաշտոնանկ են արվել մի շարք արաբական երկրների երկարամյա ղեկավարներ, իսկ նրանց մի մասն սպանվել է: Փոխվել է Եվրոպայի քաղաքական քարտեզը: Գործընթացի զարգացման միտումները հուշում են, որ կոնֆլիկտայնության էպիկենտրոնը Արևմուտքից տեղաշարժվում է դեպի Արևելք:

Այս պայմաններում Հնդկաստանը, որն ունի խնդիրներ հարևան Պակիստանի ու Չինաստանի հետ, արդեն իսկ պոտենցիալ թիրախ է, իսկ այդ երկրի իշխանական վերնախավի փոփոխությունը կարող է նախադրյալներ ստեղծել հին կոնֆլիկտների վերսկսման համար:

Հնդկաստանի նորանշանակ վարչապետն ազգայնականի համբավ ունի, իսկ իր նահանգապետ լինելու շրջանում էլ չի կանխել կրոնական հողի վրա տեղի ունեցած արյունալի բախումները: Ազգայնականի համբավ նա հիմնականում ձեռք է բերել բրիտանացի ու ամերիկացի լրագրողների թեթև ձեռքով, իսկ, ինչպես հայտնի է, համբավ ստեղծելն ինքնանպատակ չէ՝ մի օր փորձ կարվի խոսակցությունները նպատակաուղղել որոշակի քաղաքական նպատակների:

Այսպիսով՝ ՀԱԿ-ի պարտությունն ինքնին չի խախտում ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, սակայն նոր մարդու հայտնվելը Հնդկաստանի բարձրագույն գործադիր պաշտոնում կարող է նաեւ օգտագործվել եղած հավասարակշռությունը խախտելու նպատակով, ինչի պահանջվածությունը իրեն զգացնել կարող է տալ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում:

-Որքանո՞վ է իրական Քաշմիրյան հիմնահարցի արծարծումը:

-Հնարավոր քաղաքական տեղաշարժերի դաշտում միանգամայն իրատեսական է, թեև ավելի հավանական եմ համարում ոչ թե միջպետական ճակատային բախումը, այլ ազգամիջյան ու միջկրոնական բնույթի հակամարտությունների ակտիվացումը, որոնք կծավալվեն բաժանարար գծի երկու կողմում էլ ու հնարավոր է նաև ընդգրկեն Հնդկաստանի, Պակիստանի, Չինաստանի, Տաջիկստանի ու Ղրղըզստանի մերձսահմանային տարածքները:

-Հնդկաստանը՝ որպես ասիական տնտեսական առաջատար երկիր, անդամակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների, որոնցում ներկայացված է նաև Ռուսաստանը: Կշարունակվի՞ արդյոք այդ համագործակցությունը:

-Հակառակ այն հանգամանքին, թե Հնդկաստանի նոր կառավարությունը գուցե ձգտի ԲՌԻԿՍ-ին այլընտրանք գտնել ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Ճապոնիայի հետ ավելի սերտ երկկողմ համագործակցություն հաստատելու միջոցով, հակված եմ կարծելու, որ դա նրան չի հաջողվի: Առավել հավանական է, որ Հնդկաստանը համեմատաբար պասիվ դիրք կունենա ԲՌԻԿՍ-ի շրջանակներում ու կհետևի դեպքերի զարգացմանը:

Զրույցը վարեց ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ
լեյտենանտ

Խորագիր՝ #22 (1040) 12.06.2014 – 18.06.2014, Տարածաշրջան


11/06/2014