Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻԲՈՐԳՆԵՐԻ ԳՐՈՀ



Ամերիկացիներն ստեղծում են ռոբոտների բանակ, իսկ զինվորներին միացնում են ցանցին

Իրաքի դեմ ԱՄՆ-ի պատերազմը կյանքի կոչեց Հյուսիսամերիկյան նահանգների զինված ուժերը հոլիվուդյան լավագույն նմուշների հանգույն վերակառուցելու գաղափարը: Զինված ուժերի անձնակազմը համատարած կվերածվի կիբորգների՝ նրանց պատվաստելով միկրոպրոցեսորներ եւ միացնելով մեկ ընդհանուր ցանցի, որպեսզի հրամանատարը կարողանա հրամանները հաղորդել անմիջապես զինվորների ուղեղներին: Արտաքուստ՝ մոտ ապագայի շարքային Ռայանները կնմանվեն կերպափոխված ռոբոտների՝ թրթուրավոր ոտքերով, ականանետ-ձեռքերով եւ թեւավոր հրթիռները գործի գցող սարքերի նման գլուխներով: Թերեւս, պատերազմներն այդ ամենից հետո ավելի դիտարժան կդառնան: Բացի այդ՝ շատ ավելի հեշտ կլինի դրանցում հաղթանակ տանել… ուզածդ ցնդած համակարգչահեն կարող է ձեռքի մի շարժումով ոչնչացնել հակառակորդի ամբողջ բանակը:

Իրավամբ, ամերիկյան բանակի վիրտուալացման նախակարապետ կարելի է համարել համակարգչային ռազմահայրենասիրական խաղերը, որոնց գլխավոր նպատակը զինված ուժերի շարքերում հնարավորինս շատ մարդ ընդգրկելն է: Վերջերս բացված այդպիսի խաղային կայքերից մեկը, որը բազմաթիվ «այցելուներ» ունի, կարճ ու կոնկրետ կոչվում է «Ամերիկայի բանակը. գործողություններ»: Եվ գործողություններն էլ բավական նշանակալի են. մերթ հարկավոր է 172-րդ բրիգադի կազմում պաշտպանել Ալյասկայով անցնող խողովակաշարը, մերթ ազատել ահաբեկիչների ձեռքն ընկած զինվորներին՝ համագործակցելով 10-րդ լեռնային դիվիզիայի հետ: Ում դուր է գալիս (իսկ դուր է գալիս գրեթե բոլորին անխտիր. հո իզուր չէ՞, որ Պենտագոնն այս սերվերի տեխնիկական սպասարկման վրա ծախսել է 7 միլիոն դոլար)՝ կարող է անմիջապես վիրտուալ նամակ գրել զինվորական պաշտոնյաներին եւ հավաքագրվելու պատրաստակամություն հայտնել: Իսկ որոշ ժամանակ անց նա միանգամայն իրական ծանուցագիր կստանա եւ կգնա ծառայելու ամենաիսկական 10-րդ լեռնային դիվիզիայում կամ էլ 172-րդ բրիգադում:

Իրականում ԱՄՆ-ի իսկական բանակը նույնպես բավական երկար ժամանակ է անցկացնում վիրտուալ աշխարհում: Ասենք՝ Աֆղանստան մեկնելուց առաջ զինվորները մարզումների դասընթացներ էին անցնում համակարգիչներով. Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները եւ հոլիվուդյան ռեժիսորները հատուկ խաղ-մարզանք էին մշակել, որ կոչվում էր Mission Rehearsal Exercise: Պատկերացրեք մեծ էկրան, դուք ջիպով մտնում եք լեռնային մի գյուղ, որտեղ ինչ-որ բան է տեղի ունեցել: Տեղացիները ուշադիր եւ անբարյացակամ հետեւում են ձեզ: Երկնքում պտույտներ է գործում ուղղաթիռը: Լարված իրավիճակ է… Զինվորները հիացած էին այս խաղով: Ոչ ոք նրանց չէր էլ զգուշացրել, որ իրականում տեղացիները պարզապես կարող են կրակ բացել ամերիկացի զինվորների եւ սպաների վրա, կամ էլ ջիպը կարող է պայթել ականի վրա: Մի խոսքով, համակարգչում թշնամուն հեշտությամբ հաղթող ամերիկացի զինվորները, փաստորեն, անպատրաստ են իրականությանը բախվելիս: Ի դեպ, Պենտագոնի հանձնաժողովի պաշտոնական տվյալներով՝ ամերիկացի զինվորների 53,9 տոկոսը տառապում է ճարպակալմամբ, եւ Նահանգներում հիմա մտահոգված են իրենց զինվորներին հատուկ սննդակարգի անցկացնելու խնդրով: Զինվորները սպորտով չեն զբաղվում, եւ վիրտուալ մարզասարքերը դուրս են մղել իսկական մարզամիջոցները: Դե ինչ, դա միանգամայն համահունչ է Պենտագոնի նոր քաղաքականությանը՝ մոտ ապագայում ստեղծել համակարգչով կառավարվող կիբորգների բանակ:

Զինվորներին կիբորգների վերածելու ամենահեռանկարային տարբերակներից մեկը նրանց միկրոչիպ պատվաստելն է: Սկզբունքորեն՝ այդ պաստվաստումն ինքնին որեւէ ռազմական գաղտնիք չի պարունակում: Տարիներ առաջ ամերիկյան քաղաքացիական Applied Digital Solutions (ADS) ընկերությունը, որ նախկինում մասնագիտացած էր խոշոր եղջերավոր անասունների համար ռադիոփարոսիկների արտադրության մեջ (որպեսզի ֆերմերների համար հեշտ լինի գլխաքանակի հաշիվը պահել), սկսեց շուկա հանել նաեւ իր VeriChip-երը, որոնցով մտադիր է ապագայում զինել Նահանգների ողջ ազգաբնակչությանը: VeriChip-ը բրնձահատիկի մեծության սարք է, որի մեջ տեղավորվում է համակարգչային մոտավորապես վեց տողանոց տեղեկատվություն՝ գումարած օգտագործողի նույնականացման կոդը: Այդ կոդի միջոցով կարելի է տվյալների հատուկ բազայում բացել չիպը կրողի անձնական թղթապանակը եւ իմանալ նրան վերաբերող ամեն ինչ՝ անուն-ազգանունը, վարորդական գրքույկի, բանկային գրքույկների, բժշկական քարտի համարները… Չիպը ռադիոհաճախականության նույնականացման նույն սկզբունքով է գործում, ինչ հայտնի ապրանքանիշները: Սարքը պատվաստվում է տեղային անզգայացմամբ, վակուումային ատրճանակ-ներարկիչի օգնությամբ: Գործողությունը տեւում է մի քանի վայրկյան: Արտադրող ընկերության գերնպատակը ԱՄՆ բոլոր քաղաքացիների այսօրինակ պատվաստումն է, որպեսզի նրանք չկորչեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հնարավոր լինի դիակները հեշտությամբ ճանաչել:

Ամերիկացի զինվորականներն արդեն ըստ արժանվույն գնահատել են տեխնոլոգիական սույն նորույթը, եւ մասնավորապես՝ առաջարկ է եղել զինվորների ավանդական հաշվեպիտակները փոխարինել չիպերով: Ճիշտ է, դա թանկ կնստի, բայց այդպիսով անհրաժեշտության դեպքում առավել ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ զինվորի մասին: Ամերիկացի բարձրաստիճան զինվորականները հույս ունեն, որ այդ մանրակերտ պատվաստուկների օգնությամբ հնարավոր կլինի նաեւ մոտ ապագայում հսկել զինվորների գտնվելու վայրը, նրանց հետ մշտական կապի մեջ լինել եւ հրամաններ տալ՝ հաղորդակցության ավանդական եղանակների փոխարեն տվյալներ հաղորդելով ուղղակի զինվորի կենտրոնական նյարդային համակարգին:

Առաջին մարդը, որ աշխարհին ցուցադրեց հոմո-սափիենսի եւ համակարգչի միաձուլումը, Ռեդինգի (Մեծ Բրիտանիա) համալսարանի կիբեռնետիկայի բաժնի պրոֆեսոր Քեւին Ուորվիկն էր: Վերջինս հայտնի էր ինքնակատարելագործվող եւ հաղորդակցության ընդունակ ռոբոտներ ստեղծելու իր մոլուցքով: Նա շատ ու շատ նմուշներ է ստեղծել՝ միանգամայն անպիտան ռոբոտ-կատվից մինչեւ մեծ կիրառություն ստացած «Խելացի տունը», որի արժանիքները գնահատեցին ոչ միայն անօգնական հաշմանդամները, որոնց համար այն նախատեսված էր սկզբնապես, այլեւ պարզապես ապահովված անբանները: Ուորվիկը սրբորեն հավատում է, որ մոտ ապագայում մարդիկ վեր են ածվելու հեռակառավարվող անդրոիդների, եւ այդ պայծառ ժամանակների գալուստը մոտեցնելու համար 1999 թ. պրոֆեսորն իր վրա հետեւյալ համարձակ փորձը դրեց. օքսֆորդյան Ռեդկլիֆ կլինիկայում նրա ձախ ձեռքի մեջ պատվաստեցին կայծքարե միկրոչիպ, որը բազմաթիվ կոնտակտներով միացրին կենտրոնական նյարդին (փաստորեն՝ չիպը պատվաստվեց նյարդային համակարգին): «Նյարդային համակարգի թվակալված միկրոազդանշանները կհաղորդվեն համակարգչին,- պատմում է պրոֆեսորը,- հետո կվերադառնան պատվաստված չիպի վրա: Ես ուզում եմ ոչ միայն «շարժողական» փորձ դնել, այլեւ համակարգչի հետ զգայական կապ հաստատել, մեքենային հաղորդել իմ զգացումները, ցանկությունները, տրամադրությունը: Եթե համակարգը կարգին աշխատի, դա հնարավորություն կտա անդամալույծներին՝ յոլա գնալ առանց կողմնակի օգնության եւ հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ»: Բացի այս, Ուորվիկը մտադիր է չիպի օգնությամբ ղեկավարել իր աշխատանքները, ինչպես նաեւ՝ նույնպիսի չիպ պատվաստելով իր կնոջը՝ Իրենին, գուշակել նրա մտքերն ու ցանկությունները: Այս նշանակալի փորձից հետո, որը, Ուորվիկի խոսքերով, շատ հաջող անցավ, մամուլը նրան սկսեց անվանել Միստր Կիբորգ: Այնուամենայնիվ, շատերը Միստր Կիբորգին շառլատան են համարում, շատերը՝ խելագար: Սակայն դա ամենեւին չխանգարեց, որ ամերիկացի զինվորականներն առանձին լաբորատորիա ստեղծեն եւ աշխատեն կյանքի կոչել Միստր Կիբորգի գաղափարները՝ պատվաստուկների օգնությամբ հրամաններն անմիջականորեն զինվորների նյարդային համակարգ ուղղելու համար:

Սակայն չիպեր պատվաստելը բանակն ավելի կառավարելի դարձնելու միակ ճանապարհը չէ: Բավական է՝ նրանց համապատասխան համազգեստ հագցնել, որը ոչ միայն զինվորներին կպաշտպանի ամեն տեսակ անակնկալներից, այլեւ կմիացվի կապի մեկ ընդհանուր կենտրոնի եւ… Նման համազգեստի նախագծի վրա արդեն մի քանի անձնակազմ է աշխատում: ԱՄՆ բանակի հետեւակային համակարգերի Կենտրոնում՝ Մասաչուսեթս նահանգ, մշակում են «Կարիճի կոստյում»: Այն հագնելով՝ յուրաքանչյուր շարքային զինվոր միանգամից կդառնա միասնական ցանցի մասնիկը, որին միացված են արբանյակները, անօդաչու թռչող սարքերը, ցամաքային տեխնիկան եւ, իհարկե, հրամանատարական կենտրոնները: Այս համազգեստը բոլոր առանձին ռազմական միավորները կմիավորի ռազմական նշանակության յուրօրինակ «մատրիցայի» մեջ: Այն կկշռի 20 կգ-ից քիչ ավելի (ներկայումս ամերիկացի զինվորներն իրենց ուսերին կրում են 54 կգ ամենատարբեր պիտույքներ՝ զենքը չհաշված): «Մատրիցայի» հետ կապը կիրականացվի էլեկտրոնիկայի միջոցով, որը մտադիր են տեղադրել զրահաբաճկոնում: Նույն տեղում կդրվեն նաեւ ուժակուտակիչ մարտկոցները եւ ջրազտիչ սարքերը: Կարիճի գլխին կլինի բազմաթիվ տեսախցիկներով, գիշերային տեսանելիության սարքերով հագեցված սաղավարտ, որի ապակու վրա կտեղադրվի դիսփլեյ, ուր լիարժեք տեղեկատվություն կարձանագրվի մարտիկի գտնվելու վայրի, հակառակորդի դիրքերի, ստորաբաժանման մարտական առաջադրանքի վերաբերյալ եւ այլն: Զարկերակի, շնչառության հաճախականության, մարմնի ջերմաստիճանի հաղորդիչները, որ կտեղադրվեն կոստյումի ներքին շապիկի մեջ, ղեկավարությանը թույլ կտան հետեւել զինվորի ինքնազգացողությանը: Այս կիբեր-համազգեստը կամբողջանա ծրագրավորված նռնակներ կրակող XM-29 հրացաններով:

«Կարիճի կոստյումը», սակայն, ռազմական դերձակների միակ եւ ամենախելահեղ նախագիծը չէ: Իրաքի դեմ հաղթական պատերազմ մղելուց հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը համատեղ աշխատանք է ձեռնարկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ: Զինվորականների եւ գիտնականների առջեւ խնդիր է դրվել՝ ամերիկյան զինվորին դարձնել անխոցելի: Դրա համար հատկացվել է հինգ տարի ժամանակ եւ տարեկան 10 միլիոն դոլար: Նախագիծը մշակվելու է վերջերս գործարկած ռազմական նանոտեխնոլոգիաների ինստիտուտում: Ռազմական նանոտեխնոլոգների կարծիքով՝ ամենահեռանկարային մշակումը տարբեր թելերից հյուսված կտորն է, որը, անհրաժեշտության դեպքում, կարող է փոխել կառուցվածքը (արձագանքում է ջերմաստիճանի փոփոխությանը, օդի աղտոտվածությանը եւ շրջակա միջավայրի այլ բնութագրերի): Որոշ թելեր կարող են կարգավորել օդի բաղադրությունը, ֆիլտրել թունավոր նյութերը, ուրիշները ռազմերթի ժամանակ միանգամայն կարող են փոխարինել բուժքրոջը: Ասենք՝ հատուկ ռեակտիվով մշակված տաբատը, ոտքը կոտրվելու դեպքում, ինքնուրույնաբար վերածվում է բեկակալի (շինա): Կտորի մեջ նախատեսվում է ներմուծել նաեւ պոլիմերներ, որոնք կարձագանքեն հրետանային հարվածից առաջացած որոշ դաշտերի առկայությանը: Վտանգի դեպքում փափուկ, կիպ նստող կոստյումն անմիջապես կվերածվի անխոցելի զրահի՝ տիրոջը պաշտպանելով հարվածային ալիքից եւ քարակարկտից: Բացի դրանից, բանակային կամուֆլյաժը կդառնա բառիս բուն իմաստով քողարկիչ. կտորի բացառիկ որակների շնորհիվ այն կանդրադարձնի եւ կբեկի լույսը՝ այդպիսով մարտիկին, փաստորեն, դարձնելով անտեսանելի:

Սակայն սրանով եւս չի սահմանափակվում Պենտագոնի երեւակայությունը: Ամերիկյան կառավարական DARPA-Defense Advanced Research Projects Agency գործակալությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել էկզոկմախքի ստեղծմանը, եւ դրա համար հատկացվել է 50 միլիոն դոլար: Այս նախագիծը խոստացել են ավարտին հասցնել արդեն ընթացիկ տարվա վերջին: Մտահղացման համաձայն՝ էկզոկմախքով «զինված» մարտիկը կարող է շարժվել մրցարշավային ավտոմեքենայի արագությամբ, անհրաժեշտության դեպքում՝ թռչել, տիրապետել հիդրավլիկ ճնշման հզորության, հեշտությամբ կրել մի ողջ պատերազմի համար բավարար զինամթերք, անվրեպ կրակել միաժամանակ վեց հրացանից եւ այլն:

Սրան զուգընթաց՝ DARPA-ն աշխատում է նաեւ մեկ այլ նախագծի վրա, որ կոչվում է Future Combat Systems(FCS) (ապագայի զինվորների համակարգեր): 2015 թ. պետք է ստեղծվի ռոբոտների բանակի նախատիպը, որն ապագայում կարող է փոխարինել մարդկանց: Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի՝ սպառազինության գծով փորձագետները համոզված են, որ նույնիսկ ամենաթանկարժեք ռոբոտներն ավելի էժան կնստեն Պենտագոնի վրա, քան մարդիկ՝ եթե հաշվարկելու լինենք նրանց ուսուցման, պահելու, վետերաններին տրվող թոշակների եւ զանազան արտոնությունների վրա ծախսվող գումարները: Այս նախագծին տրամադրված գումարները չեն հրապարակվում, միայն հայտնի է, որ խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է, եւ որ ռազմական անօդաչու մեքենաներ նախագծելու եւ թողարկելու իրավունքի համար պայքարի մեջ են մտել այնպիսի գիգանտներ, ինչպիսիք են «Բոինգը»եւ «Ջեներալ Դինամիքսը»: Վերջինս առայժմ հաղթում է, քանի որ խոստանում է ռոբոտներ մատակարարել ընթացիկ տասնամյակի ավարտին: Իսկ մարդկանց լիակատար փոխարինումը մեքենաներով նախատեսվում է իրականացնել 2025 թվականին:

«Վերսիա»

Խորագիր՝ #22 (1040) 12.06.2014 – 18.06.2014, Հոգևոր-մշակութային, Ռազմաքաղաքական


11/06/2014