Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐՈ ԱՐԹՈՒՆ ԺԱՄԱՊԱՀՆԵՐԸ



«Սպասում եմ իմ զինվորին» ֆեյսբուքյան էջում զինվորներին սպասող աղջիկները տեղադրում են սեփական մտորումները, զորամասից սիրելիի ուղարկված երկտողը կամ նամակը, փոխանակվում լուսանկարներով: Գեղեցիկ, ինքնատիպ, անմեղ ու անկեղծ շատ խոստովանություններ կան այնտեղ: Ուշադրությունս ակամա գրավում են Մանե անունով օգտատիրոջ գրառումները: Ծանոթանում եմ: Խնդրում եմ խոսել ընկերոջ մասին, պատմել իրենց ծանոթության ու սիրո պատմությունը: Մանեն ուղղում է ինձ. «Նկարում պատկերված զինվորը ոչ թե ընկերս է, այլ ամուսինս»: Եվ որոշում ենք հանդիպել:

Խմբագրության իմ աշխատասենյակ է մտնում մոտ 20 տարեկան բարի ժպիտով, խոշոր աչքերով, պայծառ, կենսուրախ մի աղջնակ: Մանեն է: Իսկական հայուհի: Անմիջական է: Շատ շուտ ենք «ընդհանուր լեզու» գտնում: Նա պատմում է սիրով, անգամ անթաքույց հպարտությամբ, որ իր կյանքի ամենասիրած տղամարդը, իր կյանքի ուղեկիցը` Համլետ Տոնոյանը, 19 տարեկան է, ծնվել է Էջմիածնում, մեծացել Կրասնոդարում. «Շատ պատահական ենք ծանոթացել, որքան էլ չեմ հավատում պատահականություններին: Վստահ եմ, որ նախախնամության մատը ամեն ինչում խառն է: Ես անմիջապես հասկացա, ավելի շուտ` իմ կանացի հոտառությամբ զգացի, որ մենք իրար համար ենք ստեղծված… Հայաստանում էր, եկել էր Մանկավարժական համալսարանում սովորող հորաքրոջ աղջկան ինչ-որ բան փոխանցելու: Ես էլ սովորում եմ նույն համալսարանում, ապագա հոգեբան եմ: Տեսավ ինձ: Հավանել էր: Առաջարկեց` հանդիպել: Բայց … մերժեցի»:

Հետո Մանեն պատմեց, որ Համլետը վերադառնում է Ռուսաստանի Դաշնություն, բայց անընդհատ շփման հնարավորություններ է փորձում գտնել: Ինքը սակայն անդրդվելի է մնում` անպատասխան է թողնում երիտասարդի հեռախոսազանգերը, նամակները… Համլետը չի հուսահատվում, չի ընկրկում, համառում է:

-Այնուամենայնիվ, զիջեցի… Երեւի համառությունն աղջկան գայթակղելու ամենավստահելի միջոցն է: Սոցիալական ցանցով հաղորդակցությունների ընթացքում ամեն օր մի նոր, հետաքրքիր բան էի բացահայտում նրա մեջ… Գնալով մեր զրույցները ավելի մտերմիկ էին դառնում, անկեղծ: Ես նրան պատմում էի իմ հույսերի, երազանքների, նաեւ տագնապների մասին: Նա, առանց ընդհատելու, հետաքրքրությամբ լսում էր ինձ…

Այսպես հյուսվում է Մանեի եւ Համլետի սիրո պատմությունը: Հեռավորությունը, ժամանակը ավելի են բորբոքում մտերմությունը, կարոտի զգացումը, միմյանց տեսնելու ցանկությունը:

«2013 թ.-ի մայիսին Համլետը նորից եկավ Հայաստան: Մեր երկար սպասված հանդիպումն այնքան ջերմ անցավ, կարծես հազար տարվա ծանոթներ լինեինք: Հենց այդ օրն էլ որոշեցինք, որ ընդմիշտ միասին պիտի լինենք… Եվ մեկ ամիս անց խենթություն արեցինք… փախանք…»: Անսպասելի է, չէ՞: Զարմանում եմ, բայց եւ մտածում. հավանաբար ոչինչ այդպես չի մտերմացնում սիրահարներին, ինչպես համատեղ խենթությունները…

«Ամուր բռնել էինք իրար ձեռք եւ անհոգ ու ուրախ քայլում էինք, այնքան երջանիկ էինք, այնքան ներդաշնակ, որ չէինք ուզում բաժանվել: Ինձ տատիկի տուն հրավիրեց ու այլեւս չթողեց վերադառնամ: Ես հավատում, վստահում էի Համլետին: Նա ուշադիր էր, հոգատար, սրտացավ, նվիրվող, հետեւողական, գթասիրտ, կարեկից, շիտակ… Օժտված էր այն բոլոր գծերով, որոնք ես գնահատում, կարեւորում էի տղամարդու մեջ»:

Երիտասարդների «խենթությունը», ինչպես եւ սովորաբար պետք է սպասել, ցավով են ընդունում նրանց ծնողները: Փորձում են խրատել, խելքի բերել:

-Համլետի հայրն ասում էր,- շարունակում է պատմել Մանեն,- դու գիտե՞ս, որ Համլետը շուտով բանակ է զորակոչվելու, պիտի ծառայի, դժվար է լինելու: Իմ ծնողներն էլ մտահոգ էին` աշխատանք չունեք, փոքր եք: Բայց մենք ոչ մի դժվարությունից չէինք վախենում, համոզված էինք, որ ընտանիք կազմելու համար ունենք ամենագլխավորը` սերը, փոխադարձ հարգանքը, հոգատարությունը: Ուրիշ բան մեզ պետք չէր: Շուտով Համլետն աշխատանքի ընդունվեց` ապացուցելու, որ պատասխանատվությունից չի խուսափում, որ կարող է հոգալ նորաստեղծ ընտանիքի կարիքները: Երջանիկ էր անցնում մեր ամեն օրը. ես ճաշ էի եփում, ամաններն էի լվանում, նա չորացնում էր: Հետո նա ինձ սովորեցնում էր, թե ինչպես պետք է արդուկել տղամարդու վերնաշապիկը (ժպտում է)… Մի անգամ էլ հիվանդացա, բարձր ջերմություն ունեի, եւ նա գիշերը չքնեց, անընդհատ թեյ էր բերում, խնամում, սրբիչով ճակատիս թրջոցներ էր դնում…

Համատեղ կյանքը ավելի է խորացնում Մանեի եւ Համլետի սերը: Եվ համատեղ կյանքի ամեն օրն ավելի է ամրացնում նորաստեղծ ընտանիքի հիմքերը:

-Նաեւ ծնողներս են հիանում Համլետով: Հիշում եմ` մի օր հայրս զանգեց եւ խոսքի մեջ ասաց, որ հաջորդ օրը ինքն ու մայրիկս գնալու են այգի` խնձոր հավաքելու: Երբ առավոտյան արթնացա, Համլետին տանը չգտա, պարզվեց` առավոտ շուտ գնացել է այգի` ծնողներիս օգնելու… Ախր, շատ լավն է…

Նորաստեղծ ընտանիքի կյանքը հունի մեջ է մտնում: Համլետը չի վերադառնում Կրասնոդար: Որոշում է, որ Հայաստանում է ապրելու:

-Ասում էր` սա է մեր երկիրը, այստեղ պիտի ապրենք: Շուտով` դեկտեմբերին, ստացանք ծանուցագիրը.. Անկեղծ ասած, մի քիչ նեղվեցի, ուզում էի, որ մեր առաջին Նոր տարին միասին նշենք: Զինկոմիսարիատում ընդառաջեցին` Համլետը կզորակոչվի հունվարին: Շատ ուրախացանք: Սակայն չհասցրինք աչք թարթել` արդեն զորակոչի օրն էր: Համլետի հետ գնացի վարսավիրանոց: Տեսա, թե ինչպես են մազերը կտրում: Չկարողացա զսպել արցունքներս, լացում էի ու լացում… Դե հետո՝ ամեն բան ըստ կարգի. քեֆ, ուրախություն, ամուր գրկախառնություններ զինկոմիսարիատի բակում, հրաժեշտ եւ սպասում, սպասում, սպասում… Երբ առաջին անգամ Համլետին տեսա զինվորական համազգեստով, մտածեցի` ինչքան է սազում: Շարքում այնքան զգաստ էր կանգնած, հիացել էի: Փոխվել էր: Ավելի էր ամրացել… Երդման արարողությունից հետո վերջապես կարող էի գրկել նրան, ասել, որ կարոտել եմ, շատ եմ կարոտել, որ հպարտ եմ իրենով, որ սիրում եմ… Նա էլ ինձ, որպես նվեր, նամակների մի կապոց տվեց, որոնցում մանրամասնորեն նկարագրված էին մեր բաժանման յուրաքանչյուր օրվա ապրումները, իրեն հուզող մտքերը, հարցերը… Մի նամակում գրել էր. «Դու հարցնում էիր` ինչ է սերը, եւ եթե այն ժամանակ ես դժվարանում էի պատասխանել, ապա հիմա կասեմ` սերը դու ես, քո ժպիտը, քո հայացքը, ձայնը, աչքերը, քո անկեղծությունը, չարաճճիությունը, քո հակաճառելու սովորությունը…»: Կարդում էի նամակներն ու մտածում, որ բանակը, հեռավորությունը մեզ ավելի են մտերմացրել, որ ինչ-որ մանրուքի համար նրա հետ այլեւս երբեք չեմ վիճի, որ ավելի կգնահատեմ… Ես հանգիստ եմ նրա համար. զորամասում բոլորը սիրում են նրան, հարգում, հրամանատարներն անգամ առաջարկում են՝ ազատարձակման օրերին իրենց տուն գնա` սկայպով զրուցի, տեսնի ինձ… Չէ՞ որ զորամասի միակ ամուսնացած զինվորն է:

Վերջում Մանեն իր պարտքն է համարում սիրող սրտի խոսք ասել իրենց զինվոր սիրեցյալներին անհամբեր սպասող աղջիկներին.

-Իմ գեղեցիկ, բարի, քնքուշ, իմ լավ քույրիկներ, բանակում զինվոր ունենալը պատիվ է, նրան անհամբեր սպասելը՝ երջանկություն… Եկե՛ք դառնանք սիրո արթուն ժամապահներ:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #22 (1040) 12.06.2014 – 18.06.2014, Բանակ և հասարակություն


11/06/2014