ՍԻՍԻԱՆՑԻՆ ԼԱՎ ԳԻՏԻ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՐԳԸ
Սիսիանի տարածքային զինկոմիսարիատը, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանի գլխավորությամբ, միշտ էլ հաջողությամբ է կատարել զորակոչի առաջադրանքները, սակայն տարեցտարի պլանները փոխվում են, խնդիրները և դրանց շուրջ առաջացող մտահոգությունները՝ շատանում: Զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ կապիտան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, լինելով բնիկ սիսիանցի, ամբողջությամբ տիրապետում է բանակի համալրման, տարածքի սոցիալ-տնտեսական, մարզամշակութային, ժողովրդագրական խնդիրներին և սիրով համաձայնեց զրուցել մեզ հետ ինչպես առաջիկա զորակոչի կազմակերպման համար իրականացվող նախապատրաստական աշխատանքների, այնպես էլ հարակից այլ հարցերի մասին:
-Արմեն Սերոբի, որքանով տեղյակ ենք, Դուք մինչև բանակում ծառայության անցնելը մասնակցել եք Արցախյան ազատամարտին, իսկ զինկոմիսարիատում ամեն օր շփվում եք հայրենակիցների՝ սիսիանցիների հետ, ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքը հայրենի հողի պաշտպանության, բանակի, զինվորական ծառայության նկատմամբ:
-Ինձ թվում է` սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ սիսիանցիները ծնվում են, որ զինվորական դառնան, համալրեն բանակի շարքերը, պաշտպանեն մեր երկիրը: Նշեմ մեկ փաստ: Արցախյան ազատամարտում սիսիանցիները տվել են իննսունվեց զոհ: Նրանցից միայն երեքն են զոհվել մեզ մոտ, այսինքն` Սիսիանի և Նախիջևանի սահմանին, մնացած իննսուներեքը զոհվել են տարբեր ռազմաճակատներում, Արցախում: Ասել, թե անցած քսան-քսանհինգ տարիների ընթացքում սիսիանցին փոխվել է, ճիշտ չի լինի: Նրանք այժմ էլ պատրաստ են առաջին իսկ շեփորականչով համալրել բանակի շարքերը և գնալ երիտասարդ զինվորների առջևից: Ինչ վերաբերում է երիտասարդ զինվորներով բանակի համալրմանը, կասեմ կարճ՝ բանակ են գնում այն բոլոր առողջ զինակոչիկները, ովքեր տեղում են, այսինքն՝ Հայաստանում, Սիսիանում: Ավելացնեմ` սիսիանցին հացի վերջին պատառը կառնի իր երեխայի ձեռքից ու կտա զինվորին: Սիսիանցին լավ գիտի զինվորի հարգը:
-Դուք շատ լավ գիտեք, որ բանակը մի մեծ տնտեսություն է, որը ոչ միայն հայրենիքի սահմաններն է պահում-պահպանում, այլ նաև զբաղվում է մարտական պատրաստությամբ, անցկացնում է պարապմունքներ, զորավարժություններ, տնտեսությունն է վարում և այդ ընթացքում ունենում է նաև ցավալի կորուստներ: Վերջինները հատկապես որքանո՞վ են ազդում ժողովրդի տրամադրության վրա:
-Իհարկե, զինվորի կորուստը, այն էլ այս հարաբերական խաղաղության, հրադադարի պայմաններում, անչափ ծանր է, որը մեծ վիշտ է առաջին հերթին ծնողների և հարազատների, ապա եւ՝ համայնքի համար, ինչ խոսք, մեծ կորուստ է մեր պետության և բանակի համար: Վստահ եմ, որ յուրաքանչյուր զինվորի կորուստ, ինչ պայմաններում էլ լինի, ծանր է տվյալ զորամասի հրամանատարի համար, զինկոմիսարիատի անձնակազմի համար, որտեղից զորակոչվել է: Ի վերջո, բոթը զինկոմիսարիատն է տեղ հասցնում, և դա անսահման ծանր պարտականություն է, ավելի լավ է մեռնես, քան ծնողին նման բան հայտնես: Ցավոք, ես այդպիսի պարտականություն կատարելու առիթ ունեցել եմ: Այս տարի մենք երկու զոհ ունեցանք: Առաջնագծում հակառակորդի գնդակից զոհվեցին բռնակոթցի Արթուր Սեյրանի Օհանջանյանը և սիսիանցի Կարեն Գագիկի Գալստյանը: Մարդիկ այս դեպքերին ըմբռնումով են արձագանքում, գիտակցում են, որ պատերազմը դեռ չի ավարտվել, հակառակորդը, կարելի է ասել, ամեն օր դիրքային մարտ է մղում…
-Ինչպե՞ս եք նախապատրաստվել զորակոչին, շատերն ասում են, որ գլխավորն ամբողջական կցագրում կատարելն է: Արդյոք այդպե՞ս է, թե՞ կան այլ՝ ավելի բարդ խնդիրներ:
-Կցագրման ցուցակները բերում են համայնքների ղեկավարները: Իհարկե, ցուցակների ճշգրտումը անչափ կարևոր է, բայց հիմնականը չէ, որովհետև դրանից հետո մարդը կարող է փոխել բնակության վայրը, մեկնել արտասահման և այլն: Շատ կարևոր է, որ զորակոչի ժամանակ տղաները լինեն տեղում, Հայաստանում: Ընտանիքներով մեկնածների թիվը բավական շատ է: Լուրջ հարց է դարձել առողջական խնդիրը: Շատ են սրտի, ողնաշարի, կրծքավանդակի խնդիրներ ունեցողները: Եվ մենք պարտավոր ենք բոլորին ուղարկել մայրաքաղաք` հետազոտվելու մասնագիտական բուժհաստատություններում: Ասեմ նաև՝ այն գումարը, որը, որպես ճանապարհածախս, տրվում է զինակոչիկին, շատ քիչ է, մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ զինակոչիկը հետազոտման է գնում ծնողներից մեկի ուղեկցությամբ: Կարծում եմ՝ ինչպես պետության, այնպես էլ զինակոչիկների ու զինկոմիսարիատի աշխատակիցների համար շատ ավելի լավ կլիներ, եթե բուժհանձնաժողովներ մայրաքաղաքից գային մարզեր ու հետազոտությունները տեղում կազմակերպեին:
-Ինչ-որ տրաբանություն տեսնո՞ւմ եք հիվանդությունների աճի մեջ:
-Գյուղերի տղաների մոտ վերը նշված արատներն ավելի քիչ են, հավանաբար մանկուց գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցելը կոփում է նրանց: Քաղաքում, Սիսիանում չկան մարզակումբներ, սպորտային խմբակներ: Դպրոցներում էլ ֆիզկուլտուրայի վիճակը, մեղմ ասած, բարվոք չես համարի:
-Դպրոցները համալրվա՞ծ են նախնական զինվորական պատրաստության ուսուցիչներով:
-Ամբողջությամբ: Բանակում ծառայելու տարիներից դեռ նրանք ծանոթ են դպրոցների խնդիրներին եւ լավ են իրենց գործը անում: Եվ դպրոցների համագործակցությունը զորամասի հետ բարձր մակարդակի վրա է: Անցկացվում են ռազմահայրենասիրական պարապմունքներ, հայրենասիրական թեմաներով դասեր, ծանոթություն զենք-զինամթերքին, հրաձգություն՝ նվազագույնը ինը փամփուշտով: Ի դեպ, մենք որոշել ենք, որ աղջիկներն էլ պետք է պարտադիր կրակեն: Այս տարի մեծ շուքով նշվեց մեր «Սիսական» գնդի քսանամյակը, որին ակտիվորեն մասնակցեցին նաև դպրոցականները:
-Բուժհանձնաժողովի աշխատանքն արդյունավե՞տ է:
-Հանձնաժողովի աշխատանքից գոհ ենք: Փորձառու մասնագետներ են և գործն անում են բարեխղճորեն: Չունենք վնասվածքաբան. պակասը լրացնում է վիրաբույժը:
-Արդյոք մարդիկ օգտվո՞ւմ են նախազորակոչային տարիքի տղաներին հասանելիք անվճար բուժվելու իրավունքից:
-Գիտեք, մեր ժողովուրդը բժշկին դիմում է այն ժամանակ, երբ, ինչպես ասում են, դանակը ոսկորին է հասնում: Շատ տղաներ էլ զինկոմիսարիատում են իմանում, որ հիվանդություն ունեն: Հաճախ, մինչ բուժհանձնաժողովին ներկայանալը, մենք իմանում ենք, որ այս կամ այն զինակոչիկը առողջական խնդիր ունի: Ավագ ենթասպա Գագիկ Սուքիասյանն այնքան է հմտացել, որ զինակոչիկի հետ առաջին իսկ զրույցից կարող է ասել՝ տղան առո՞ղջ է, թե՞ խնդիրներ ունի:
-Ի՞նչ մտահոգություններ ունեք:
-Սիսիանը հիմնականում անասնապահական շրջան է. չկա արտադրություն, ընդամենը մի քանի քարի մշակման արտադրամաս է գործում: Անասնապահությամբ զբաղվողներն էլ արտադրանքի իրացման լուրջ խնդիրներ ունեն: Հետևանքը լինում է այն, որ մարդիկ հեռանում են հայրենի եզերքից: Գյուղեր կան, որտեղ առաջին դասարաններ չեն բացվել: Օրինակ՝ Շաքիում անցած տարի տղա երեխա չի ծնվել:
-Բանակում ծառայելու համար արտերկրից վերադարձողներ լինո՞ւմ են:
-Այո՛, եկողներ լինում են: Ցավոք, քչերն են վերադառնում ու մասնակցում հայրենիքի պաշտպանությանը:
-Ո՞րն է, ըստ Ձեզ, խնդրի լուծման բանալին:
-Արտադրության զարգացման խթանումը կփոխի իրավիճակը, քանի որ մարդիկ կսկսեն հետ գալ:
-Պայմանագրային ծառայության անցնելու ցանկություն ունեցողների թիվը շա՞տ է, թե քիչ:
-Ցանկացողները շատ են, և թափուր տեղերն անմիջապես համալրվում են: Ասեմ, որ մեկ ամիս առաջ մեր մարզում Գլխավոր ռազմական տեսչության ղեկավարությամբ անցկացվեց ուսումնական զորահավաք: Արդյունքը բավական բարձր էր. ինչպես մարդկանց, այնպես էլ տեխնիկայի համալրումը հարյուր տոկոսանոց էր: Սա մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ժողովուրդը միշտ պատրաստ է պաշտպանելու հայրենիքը:
-Ընտանիքներ կան, որոնք բանակում համաժամանակյա ծառայող երկու-երեք տղա ունեն:
-Երկու զինվոր ունեցող ընտանիքները քիչ չեն: Մարտի ութին այդպիսի տասնհինգ ընտանիքի ենք այցելել, շնորհավորել մայրերին: Սիսիանցիները պատվով են ծառայում: Միշտ զորամասերից շնորհակալական նամակներ ենք ստանում:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Հ.Գ. Զրույցի վերջում կապիտան Հարությունյանը մեզ տրամադրեց զորամասից ստացված շնորհակալական երկու նամակի պատճենները, խնդրելով` հնարավորության դեպքում դրանք հրապարակել «Հայ զինվոր» պաշտոնաթերթում: Սիրով կատարում ենք կապիտանի խնդրանքը:
Սիսիանի զինվորական կոմիսար,
փոխգնդապետ
Մ. Մկրտչյանին
Ձեր զինակոչիկներ Կարեն Սասունի Գրիգորյանը եւ Հայկ Հմայակի Աղայանը ծառայում են մեր զորամասի պահպանության վաշտում: Նրանք բարեխղճորեն են կատարում իրենց սահմանադրական պարտքը Հայրենիքի հանդեպ: Կարճ ժամանակամիջոցում կարողացել են տիրապետել զինվորական մասնագիտությանը՝ դառնալով կարգապահ մարտիկներ եւ ուսման գերազանցիկներ:
Որպես հրաձիգներ, զինվորական կոլեկտիվում վայելում են արժանի հեղինակություն, օրինակ ծառայում ծառայակիցների համար, օգնում են հրամանատարներին կանոնադրական կարգուկանոն հաստատելու իրենց ստորաբաժանումում: Անկասկած, Կարեն Սասունի Գրիգորյանին եւ Հայկ Հմայակի Աղայանին, իբրեւ հայրենիքի արժանի զինվորներ դաստիարակելու եւ կրթելու գործում մեծ է ինչպես ծնողների, այնպես էլ Ձեր ներդրումը:
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ Հայրենիքի աննկուն պաշտպաններ դաստիարակելու համար: Ցանկանում ենք քաջառողջություն, ամենայն հաջողություններ եւ երկարակեցություն:
Հարգանքներով՝
Զորամասի հրամանատար,
փոխգնդապետ Լ.ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Պահպանության վաշտի
հրամանատար,
կապիտան Բ. ԴԱՆԻԵԼՅԱՆ