Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ` ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ



Մասնագիտություններ կան, որոնց արժեքը, նշանակությունը հնարավոր չէ սահմանել, դրանք անգնահատելի են ցանկացած մարդու համար: Այդպիսին է բժշկի մասնագիտությունը, որ կոչված է պահպանելու մեկ այլ մարդու առողջությունը, անհրաժեշտության դեպքում՝ փրկելու կյանքը: Կրկնակի պատասխանատու է զինվորական բժշկի մասնագիտությունը: Զինվորական բժիշկը հոգ է տանում զինվորի` հայրենիքի պաշտպանի առողջության պահպանման մասին: Խաղաղ և պատերազմական իրավիճակում նրա մասնագիտական պատրաստվածությունից, հոգատար վերաբերմունքից է կախված հիվանդ կամ վիրավոր զինծառայողի շուտափույթ ապաքինումն ու շարք վերադառնալը: Զինվորական բժշկի հանդեպ վերաբերմունքից կարելի է պատկերացում կազմել տվյալ երկրի զինված ուժերի զարգացման, ամեն մի զինվորի նկատմամբ հարգանքի ու արժևորման մասին: Մեր երկրում վերաբերմունքը բանակի և, մասնավորապես, ռազմական բժշկության հանդեպ առանձնահատուկ է: Տարեցտարի մեծանում է ուշադրությունը ոլորտի նկատմամբ, զինվորական բուժհիմնարկներն ապահովվում են արդիական բուժսարքավորումներով: Առավել խոսուն է այն փաստը, որ նորանկախ Հայաստանի ազգային բանակի կազմավորումից ընդամենը երկու տարի անց որոշում է կայացվել զինված ուժերը սեփական բժշկական կադրերով ապահովելու մասին: 1994 թվականից մեր զինված ուժերի համար բժշկական կադրեր է պատրաստում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: Այն ստեղծվել է 1994 թ. մայիսի 19-ի կառավարության թիվ 232 որոշմամբ՝ բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա: Առաջին ղեկավարն է եղել բ/ծ գնդապետ Ս. Եղիկյանը (1994-97թթ.), այնուհետև ղեկավարել են բժշկ. գիտ. թեկնածու, բ/ծ մայոր Մ. Թումանյանը (1997-98թթ.), բժշկ. գիտ. թեկնածու, դոցենտ, բ/ծ գնդապետ Ա. Ղազարյանը (1998-2004թթ.), բժշկ. գիտ. թեկնածու, դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Դ. Մխիթարյանը (2004-2008թթ.): 2009 թ.-ից առ այսօր ֆակուլտետը ղեկավարում է բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, բ/ծ գնդապետ Ս. Գալստյանը, որը նույնպես իր ներդրումն ունի ֆակուլտետի կազմավորման գործում, եղել է առաջին պետի տեղակալը: 1994-95թթ. ֆակուլտետում ընդունելություն է կատարվել ԵՊԲՀ բուժական, մանկաբուժական և սանհիգիենիկ ֆակուլտետների հինգերորդ կուրսերից, իսկ 1996թ. առաջին անգամ առաջին կուրս է բացվել նոր ընդունվողների համար: Հիմնավոր տեսական գիտելիքներ ստանալուց հետո ֆակուլտետի շրջանավարտներին զինվորական ծառայության անցնելու ՀՀ օրենքի համաձայն շնորհում են բուժծառայության լեյտենանտ՝ առաջին սպայական կոչումը գրանցելով զինված ուժերի սպայակազմի ցուցակներում: Նրանք նշանակվում են տարբեր պաշտոնների և զորքերում գործնականում կիրառում են բուժօգնություն տրամադրելու իրենց կարողությունները, գործնականում կատարելագործում դրանք: Անկախ աշխատանքային գործունեության բնույթից, ծանրաբեռնվածության աստիճանից նրանք կրում են զինվորական բժշկի բարձր կոչումը և իրականացնում բանակում, թերևս, ամենակարևոր ու պատասխանատու առաքելությունը` հայրենիքի պաշտպանի առողջության պահպանումը: Մինչ այժմ ֆակուլտետն ունեցել է շուրջ 500 շրջանավարտ, որոնցից 30-ը՝ գերազանցության դիպլոմով:

Ֆակուլտետի շրջանավարտներին սպայական առաջին կոչումներ շնորհելու ավանդական միջոցառումներից մեկի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում ասաց. «Ռազմական բժիշկները համալրելու են հայ ռազմական բժիշկ-մասնագետների այն մեծ համաստեղությունը, որը մեր պատմության տարբեր ժամանակահատվածներում, հատկապես Մեծ հայրենականի տարիներին, լավագույնի համբավ է ունեցել: Շարունակելու են այնպիսի մարդկանց գործը, ինչպիսիք են Հովսեփ Օրբելին, գեներալ-մայոր Քոչարյանը և այլք: Մեր բժիշկները նաև թրծվել, կատարելագործվել են Արցախյան պատերազմի տարիներին, անհրաժեշտության դեպքում զենք վերցրել և մարտնչել: Նրանց փորձի, գիտելիքների ու նվիրվածության շնորհիվ այսօր մենք ունենք կատարյալ ռազմական բժշկություն, և վստահ կարող եմ ասել, որ զինվորը առավել հանգիստ կմեկնի ծառայության, որովհետև մեր ռազմական բժիշկները ունակ են իրենց մասնագիտական առավելությունները կիրառելու մարտի դաշտում և խաղաղ պայմաններում»:

Նախարարի խոսքերը հենց այնպես չէին ասված: Արցախյան ազատամարտի տարիներին դժվարություններն ու փորձությունները հաղթահարելով՝ մեր բժիշկները պայքարեցին յուրաքանչյուր մարտիկի կյանքի, նրա ապաքինման համար։ Եվ այս բոլորը` առանց փորձի։ Մարտի դաշտում բժշկական օգնություն ցուցաբերող մեր մասնագետներն այդ ուղղությամբ միայն տեսական գիտելիքներ էին ստացել բժշկական ինստիտուտի ռազմական ամբիոնում։ Պատերազմական գործողություններին հաճախ մասնակցում էին ողջ հանրապետության խոշոր կլինիկաների բարձրակարգ բուժաշխատողները։ Խաղաղ շրջանների բժիշկները հերթափոխով կցվում էին պատերազմական գոտու ծառայություններին։ Համագործակցություն, որ ռազմական գործողությունների ամենադժվարին ու լարված պահերին տպավորիչ արդյունքներ էր տալիս։ Սահմանամերձ հիվանդանոցները վերածվեցին որակավորված վիրաբուժական օգնություն ցուցաբերող կենտրոնների, իսկ Երևանի խոշոր հիվանդանոցները` բազմապրոֆիլ հոսպիտալների: Տարեգրությունը փաստում է, որ շուրջ 11 հազար ազատամարտիկներ ենթարկվել են բարդության տարբեր աստիճանի վիրահատությունների։ Նրանցից մոտ 9000-ը կրկին ռազմի դաշտ են վերադարձել և շարունակել մասնակցել մարտական գործողություններին։ Քաջ հայտնի է, որ վառոդի հոտին արդեն ծանոթ զինվորները, որպես կանոն, ավելի մարտունակ են լինում…

Այսօր արդեն ռազմական բժշկությունը բոլորովին նոր դեմքով է ներկայանում հասարակությանը: Մի քանի տարի առաջ ուսումն ավարտած սպա-բժիշկները դոկտորական և թեկնածուական թեզեր են պաշտպանում, գիտական հոդվածներ հրապարակում, նպաստում ռազմական բժշկության կանխարգելիչ ուղղվածության զարգացմանը, ռազմական գործի հիգիենայի և բուժական գործունեության ծավալմանը, գիտական հիմնավորմանը: Արդեն զինվորական հոսպիտալներում մասնագիտացած՝ նրանք բարդագույն վիրահատություններ են կատարում, պայքարում այսօրվա մեր դիրքապահների կյանքի և առողջության պահպանման համար: Ռազմաբժշկական ֆակուլտետում այնպիսի մթնոլորտ է տիրում, որը պարզապես ստիպում է կատարելագործվել, զարգացման նոր ուղիներ փնտրել: Հենց այդ նպատակով էլ նաև տարբեր միջազգային գիտաժողովներ են հրավիրվում ՀՀ զինված ուժերի անձնակազմի առողջական վիճակի պահպանման, բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և ռազմական բժշկագիտության կատարելագործմանը վերաբերող թեմաների շուրջ: Հենց այդ միջոցառումների ժամանակ պարզ երևում է, թե անցած տարիների ընթացքում ինչ ճանապարհ է անցել ռազմական բժշկությունը, ինչ ձեռքբերումներ ունենք այսօր, և զարգացման ինչպիսի հեռանկարներ կան։ Իսկ այդ հեռանկարները բավական հուսադրող են, նշեմ միայն մեկ օրինակ, որը բոլորովին նոր փուլ է բացում ռազմական բժշկության զարգացման ասպարեզում՝ ստեղծվել է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան»: Անկախ ամեն ինչից, մի բան ակնհայտ է. մեր ռազմական բժիշկները կրում են համազգեստ, որ ճանաչելի է ամբողջ հասարակության կողմից: Ե՛վ սպայական, և՛ բժշկական համազգեստները հույսի, ուժի, պաշտպանվածության խորհրդանիշ են: Խորհրդանիշ, որ վստահություն է ներշնչում յուրաքանչյուր հայի:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #22 (1040) 12.06.2014 – 18.06.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/06/2014