Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ



ՀԱՊԿ Հավաքական ուժերի օպերատիվ տեղակայման ծրագիրն արժանացել է ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների հավանությանը: Փաստաթուղթն ստորագրվել է ռազմական համագործակցությունն ամրապնդելուն ուղղված լրացուցիչ միջոցների ընդունման շրջանակներում՝ հաշվի առնելով հավաքական պատասխանատվության գոտու արևելյան և արևմտյան սահմաններում հաստատված իրավիճակը:

ՀԱՊԿ վեց երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները Մոսկվայում կայացած կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստում իրենց ստորագրությունը դրեցին նաև մի շարք այլ փաստաթղթերում, որոնք միտված են ռազմական, ինչպես նաև ռազմատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Ինչպես նիստի բաց մասի ընթացքում պարզաբանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, շեշտը դրվել է Կազմակերպության ուժային բաղադրիչների կատարելագործման միջոցների դիտարկմանը՝ հիմնվելով ինչպես կենտրոնասիական, այնպես էլ արևելաեվրոպական տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերջին փոփոխությունների գնահատականի վրա:

Ամփոփելով նիստը՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն նշեց, որ կազմակերպության ձևաչափում ռազմական համագործակցության հարցերի քննարկման շրջանակներում ռազմական գերատեսչությունների ղեկավարները նշագծել են նրա ռազմական բաղադրիչի զարգացմանն ուղղված հետագա աշխատանքի ուղղությունները:

«Այսօր մենք կարծիքներ ենք փոխանակել ռազմական-ռազմավարական իրավիճակի և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի շուրջ, որը պայմանավորված է ընդհանուր միջազգային միտումների զարգացմամբ, ինչպես նաև սահմանակից շրջաններում վերջին իրադարձություններով»,- եզրափակել է ՌԴ նախարարը:

«Մենք չէինք կարող չարտահայտել մեր մտահոգությունը այսպես կոչված գունավոր հեղափոխությունների առնչությամբ, մի նոր աղետ, որ արդեն «ճաշակել» են Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի շատ պետություններ և նախկին ԽՍՀՄ մեր հարևանները»,- նիստից հետո հաղորդել է լրագրողներին ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար Արկադի Բախինը: Նրա խոսքով, Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ռազմական պատվիրակություններն այդ երկրների պաշտպանության նախարարների գլխավորությամբ սահմաններին առաջացած իրավիճակի քննարկման ընթացքում դիտարկել են կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ աջակցության հնարավոր միջոցները արտաքին սպառնալիքների ավելացման, քաղաքական ու տնտեսական ճնշման ուժեղացման դեպքում:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքային ծրագրով նախատեսված վերջին կետը Մոսկվայից դուրս գտնվող Սոֆրինոյի օդատիեզերական պաշտպանության միավորումն էր, որտեղ ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց ծանոթանալու ռուսաստանյան բանակի օդատիեզերական պաշտպանության սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշներին:

Redstar
Թարգմանեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #23 (1041) 19.06.2014 – 25.06.2014, Ռազմաքաղաքական


19/06/2014