ՈՐԴԻՍ ԶԻՆՎՈՐ Է
Որդիս զինվոր է, կրտսեր սերժանտ: Ամեն օր, ամեն ժամ մտքերիս առանցքում զինվոր որդիս է… Մինչեւ որդուս բանակ գնալը բանակն ինձ համար միայն մեր երկրի ուժն էր, զորությունը, հիմա բանակը նաեւ իմ զավակն է, ու բանակի հետ կապված ամեն լուր իմ սրտի, հոգու միջով է անցնում: Վերջերս զինվորների ծնողներին հնարավորություն ընձեռվեց այցելելու իրենց որդիների ծառայավայր: Ես էլ գնացի: Չեմ կարող չխոստովանել՝ անչափ տպավորված եմ. զորամասում կարգուկանոն էր տիրում՝ կանաչապատ բակ, մաքուր եւ կոկ շարահրապարակ ու մարզահրապարակ:
Դասապատրաստման սենյակում կախված էին ուսուցողական, դաստիարակչական բնույթի պաստառներ… Օրինակելի զորամաս էր… Ինձ է՛լ ավելի ուրախացրեց, երբ տեսա, զգացի սպայական կազմի հոգատար վերաբերմունքը զինվորի նկատմամբ: Հարգանքի եւ փոխվստահության մթնոլորտ էր, իսկ սա ամենակարեւոր նախապայմաններից է բարեխիղճ եւ նվիրական ծառայության համար:
Զորամասից տուն վերադարձա խաղաղված սրտով: Ուզում եմ «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհակալության եւ երախտիքի ջերմ խոսքերս հայտնել որդուս հրամանատարին՝ գնդապետ Գ. Գաբրիելյանին. «Հարգելի՛ հրամանատար, մենք՝ մայրերս, մեր երկրի խաղաղությունը պահպանելու համար բանակ ենք ուղարկում մեզ համար ամենաթանկը՝ մեր զավակներին, եւ վստահում ենք Ձեզ ու հավատում, որ մեր որդիները հուսալի ձեռքերում են: Շնորհակալ ենք Ձեզ՝ Ձեր մարդկային ջերմ վերաբերմունքի, մեր զինվորների նկատմամբ հոգատար եւ սրտացավ լինելու համար: Շնորհակալ ենք անմնացորդ նվիրումի համար… Խաղաղ եւ անամպ երկինք եմ մաղթում մեր հողուջրի անդորրը պահող-պահպանող բոլոր զինվորներին ու սպաներին»:
Աստված պահապան լինի բոլորիդ:
Զինվորի մայր՝ Մարիամ Կիրակոսյան
Խորագիր՝ #23 (1041) 19.06.2014 – 25.06.2014, Ազգային բանակ