ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ
Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914թ. օգոստոսի 1-ին (հուլիսի 19-ին) պետությունների երկու խմբավորումների՝ Անտանտի (Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա) և Գերմանա-ավստրիական բլոկի (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, որոնց 1915թ. միացավ նաև Բուլղարիան) միջև: Անտանտին հետագայում միացան նաև Իտալիան, Ռումինիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Կայզերական Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային, իսկ 4-ին Անգլիան՝ Գերմանիային: Պատերազմական գործողություններն ընդգրկեցին Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հեռավոր Արևելքի տարածքները:
1914թ. օգոստոսի 1-ին բռնկված համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի մեջ որոշակի հույսեր արթնացրեց՝ ռուսական զենքի օգնությամբ ազատագրելու Արևմտյան Հայաստանը թուրքական լծից և վերականգնելու պետականությունը: Հայ հասարակական-քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը: Դրան շատ բանով նպաստեց Ռուսաստանի պաշտոնական շրջանակների՝ պատերազմի մեջ մտնելու գլխավոր նպատակ Արևելքի քրիստոնյաների «ազատագրումը» ազդարարելը:
«Մեր թուրքահայ եղբայրների դատը պաշտպանված և լուծված կլինի, եթե ներկա համաեվրոպական պատերազմի մեջ ռուսական զենքը հաղթող հանդիսանա, – նշել է այն տարիներին Թիֆլիսում լույս տեսնող «Մշակ» թերթը իր 1914թ. հոկտեմբերի 10-ի համարում, – ուստի և մենք ամեն կերպ պետք է ապահովենք այդ հաղթանակը»: Քիչ ավելի ուշ հոկտեմբերի 25-ին «Մշակը» կոչ էր անում հայ ժողովրդին միահամուռ պաշտպանելու Ռուսաստանին՝ նրա մեծ և պատմական առաքելության մեջ: «Աջակցելու համար հարկավոր է մի բան՝ ընդհանուր միաբանություն, համերաշխություն, հրաժարում կուսակցական պառակտումներից: Այսօր այլևս չպետք է լինեն ո՛չ մշակական, ո՛չ դաշնակցական, ո՛չ հնչակյան, ո՛չ սոցիալ-դեմոկրատ հայկական հատվածներ, – գրում է թերթը, – այսօր ամենքը պետք է զգան իրենց հայության զավակներ, եղբայրներ, որոնց պարտքն է մտածել, հոգալ իրենց թշվառ թուրքահայ եղբայրների ազատագրության համար»:
Հայերը մեծ ոգևորությամբ և կազմակերպվածությամբ մասնակցում էին դեռևս պատերազմի նախօրյակին՝ 1914թ. հուլիսի 13-ին, Կովկասում սկսված զորահավաքին, ռուսական կառավարության թույլատրած կամավորական շարժման գործընթացին:Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանի յուրաքանչյուր 100 հայից 13-ը զորակոչվեցին բանակ: Պատերազմի տարիներին Ռուսական կայսրության մեջ բնակվող 2 միլիոն 54 հազար հայերը ռուսական բանակին տվեցին ավելի քան 250 հազար զինվոր:
Իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը թերևս առաջին անգամ էր նման քանակությամբ մարդ զորակոչում ռուսական բանակ: Հայերի նման բարձր ակտիվությունը ռուսահայերի պատմական ավանդույթների համագործակցության նոր դրսևորում էր, ավանդույթներ, որոնք արտահայտվել էին 1806-1812, 1828-1829, 1853-1856, 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմների ժամանակ: Առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցության այդպիսի ակտիվությունը պայմանավորված էր Արևմտյան Հայաստանը թուրքական լծից՝ ֆիզիկական բնաջնջումից ազատագրելու հայ ժողովրդի վաղեմի բաղձանքով:
Պատերազմին հայ ժողովրդի մասնակցության բարձր ակտիվությունը դրսևորվեց ոչ միայն ռուսական բանակին ավելի քան 250 հազար զինվոր տալով, այլև տարբեր զորատեսակների կազմում բոլոր նշանակալից ճակատամարտերում և մարտական գործողությունների ժամանակ հայազգի զինվորականների ցուցաբերած հերոսությամբ, բարձր, ավագ, միջին և կրտսեր հրամանատարական կազմում ունեցած հայերի բարձր տեսակարար կշռով:
Ըստ Ռուսաստանի բանակում ծառայող գեներալների և սպաների վերաբերյալ նյութերի, որոնք պահվում են Ռուսաստանի պետական ռազմապատմական արխիվում և Ռուսաստանի պետական գրադարանի ռազմական բաժնում (ք. Մոսկվա), Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերից՝ գեներալ-մայոր Լևոն Ֆադեյի Տիգրանովը եղել է Պետրոգրադի ռազմական օկրուգի զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալը (1917թ.), գեներալ-մայոր Յակով (Հակոբ) Գերասիմի Բագրատունին՝ Պետրոգրադի ռազմական օկրուգի շտաբի պետը (1917թ.), գեներալ-մայոր Իվան Սերգեյի Բաղրամովը (Բաղրամյան) գլխավոր շտաբի զորահավաքային բաժնի պետը, գեներալ-լեյտենանտ Լևոն Ավետիքի Պոզոևը (Պոզոյան)՝ Թուրքեստանյան ռազմական օկրուգի հրետանու պետը (1916թ.), հրետանու գեներալ Անդրեյ Ադամի Աթաբեկովը՝ Մոսկովյան ռազմական օկրուգի հրետանու պետը (1913-1916թթ.), գեներալ-մայոր Իվան Վասիլի Ախվերդովը (Հախվերդյան) Կովկասյան 2-րդ հեծելազորային կորպուսի շտաբի պետը (1916-1917թթ.), Վլադիմիր Պետրոսի Լազարևը (Լազարյան) 7-րդ կորպուսի շտաբի պետը (1916թ.), գեներալ-լեյտենանտ Ստեփան Գերասիմի Քալանթարովը՝ Վիտեբսկի պարետը և կայազորի պետը, ապա Պետրոգրադի պարետը (1914-1918թթ.), գեներալ-մայոր Գավրիիլ (Գաբրիել) Կորգանովը (Ղորղանյան) Կովկասյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալը (1917-1918թթ.), գեներալ-լեյտենանտ Արտեմի Սոլոմոնի Վարտանովը՝ 7-րդ բանակի հրետանու տեսուչը (1916թ.), գեներալ-մայոր Վասիլի Միխայելի Թամաշև (Թամամշյան) հեծելազորային բանակի հրամանատարին կից գեներալ-հանձնակատարը (1916թ.), գեներալ-մայոր Վաղարշակ Տեր-Ակոպով-Տեր-Մարկոսյանցը՝ Կովկասյան բանակի ճարտարագործական վարչության պետը: Հայազգի զինվորականներից շատերը եղել են կորպուսի, դիվիզիայի, զորաջոկատի, բրիգադի, գնդի հրամանատարներ: Ինֆանտերիայի գեներալ Օգանովսկին Կովկասյան 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր (1915-1917թթ.), հեծելազորի գեներալ Գեորգի Ալեքսանդրի Թումանովը՝ 7-րդ հեծելազորային կորպուսի հրամանատարը (Վարշավյան ռազմական օկրուգ), գեներալ-մայոր Ֆոմա (Թովմաս) Իվանի Նազարբեկովը՝ Երևանյան զորաջոկատի և նահանգի զորքերի պետը (1915-1917թթ.), գեներալ-մայոր Մովսես Բաբայի Սիլիկովը՝ կովկասյան 8-րդ հրաձգային գնդի հրամանատարը, ապա Վանի զորաջոկատի պետը (1915-1916թթ.), գեներալ-լեյտենանտ, իշխան Կոստանտին Ալեքսանդրի Թումանովը՝ Անդրամուրյան 1-ին հեծյալ բրիգադի հրամանատարը (1916թ.), գեներալ-մայոր Իսայի Իսայու Ակիմովը (Հովակիմյանը) Անդրբայկալյան 1-ին հրետանային բրիգադի հրամանատարը, գեներալ-մայոր Գեորգի Ավետիքի Պոզոևը (Պոզոյան)՝ հրետանային 46-րդ բրիգադի հրամանատարը, Ռուբեն Ավետիքի Պոզոևը (Պոզոյան)՝ հրետանային 6-րդ բրիգադի հրամանատարը, գեներալ-մայոր Տիգրան Դանիլի Արյութինովը՝ Կովկասյան 1-ին կազակային դիվիզիայի հրամանատարը, գեներալ-մայոր Ալեքսանդր Գաջաև (Հաջոյան)՝ 23-րդ կովկասյան հրաձգային գնդի հրամանատարը, գնդապետ Պավել Պետրոսի Բեժանբեկը՝ 22-րդ Կովկասյան հրաձգային գնդի հրամանատարը: Արխիվային փաստաթղթերի և նյութերի հիման վրա կատարված մեր ուսումնասիրություններից պարզվել է, որ 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է 29 հայազգի գեներալ, որոնցից մեկը՝ ինֆանտերիայի գեներալ (Օգանովսկի), մեկը՝ հեծելազորի գեներալ (Գ.Ա.Թումանով), մեկը՝ հրետանու գեներալ (Ա.Ա.Աթաբեկով), հինգը՝ գեներալ-լեյտենանտ (Լ.Ա.Պոզոև, իշխան Կ.Ա.Թումանով, Ա.Ս.Վարտանով, Ս.Գ.Քալանթարով, Ա.Ռ.Ալախվերդով), քսանմեկ՝ գեներալ-մայոր (Լ.Ֆ.Տիգրանով, Հ.Գ.Բագրատունի, Գ.Գ.Կորգանով, Ի.Ի.Ակիմով, Վ.Տեր-Ակոպով-Տեր-Մարկոսյանց, Գ.Ա.Պոզոև, Ռ.Ա.Պոզոև, Լ.Ա.Պոզոև, Ի.Վ.Ախվերդով, Մ.Բ.Սիլիկով, Վ.Մ.Թամաշև, Վ.Պ.Լազարև, Ֆ.Ի.Նազարբեկով, Տ.Դ.Արյութինով, Ի.Ս.Բաղրամով, Ն.Մ.Մելիք-Շահնազարով, Պ.Դ.Մելիք-Շահնազարով, Պ.Ս.Սուլթան-Շահ, Դ.Գ.Բեբուտով, Ա.Ս.Դոլուխանով, Ա.Գաջաև):Հայազգի զինվորականները ակտիվորեն մասնակցել են պատերազմի բոլոր շրջանների գրեթե բոլոր ռազմական գործողություններին:
Եվրոպական ճակատում առաջին իսկ մարտերում աչքի ընկած հայ սպաներից էին 81-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ Լևոն Ֆադեի Տիգրանովը, գեներալներ Անդրեյ Ադամի Աթաբեկովը, Գեորգի Ալեքսանդրի Թումանովը: Վերջինս 13-րդ հեծելազորային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից առաջ քաշվեց և նշանակվեց 7-րդ հեծելազորային կորպուսի հրամանատար, ստացավ հեծելազորի գեներալի աստիճան: Աթաբեկովը նշանակվեց Մոսկովյան ռազմական օկրուգի հրետանու պետ:
Հյուսիսային և հարավարևմտյան ճակատներում 1914թ. սեպտեմբերից մինչև 1915թ. մայիս Վիսլա, Պիլիցա, Ռադոմկե գետերի և Իվանգորոդ, Լոձ, Դրոգոբիչ, Պերեմիշլ, Ֆրեդրոպոլ, Բրեստ քաղաքների շրջանում մղված թեժ մարտերում ցուցաբերած անձնական սխրագործության համար Լևոն Տիգրանովը պարգևատրվեց Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի սրով և ժապավենով, Սբ. Վլադիմիրի 3-րդ աստիճանի սրով և ժապավենով շքանշաններով, թանկարժեք զենքով և շնորհակալագրերով:
Եվրոպական ճակատում 1915-1916թթ. ծավալված ռազմական գործողությունների ակտիվ մասնակցություն ունեցան փոխգնդապետներ Կոստանտին Դոլուխանովը, Քրիստափոր Գերասիմի Արարատովը, Թուրքեստանյան ռազմական օկրուգի հրետանու պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Ավետիքի Պոզոևը, գեներալ-լեյտենանտ Արտեմի Վարտանովը, 46-րդ հրետանային բրիգադի հրամանատար Գեորգի Ավետիքի Պոզոևը, 78-րդ հրետանային բրիգադի շտաբս-կապիտան Նիկոլայ Սողոմոնի Աբամելիքովը, 3-րդ գրենադերական հրետանային բրիգադի պրապորշչիկ Նիկոլայ Իհանովը, փոխգնդապետ Կոստանտին Գերասիմի Յուզբաշևը (Յուզբաշյան), 52-րդ հրետանային բրիգադի կապիտան Բոգդասար Բոգդասարովը, 19-րդ հրետբրիգադի կապիտան Գեորգի Բաբաջանովը, Սիբիրյան 1-ին ծանր հրետանային բրիգադի պարուչիկ Գալուստ Արտեմի Մելիք-Հարությունյանը:Եվրոպական ճակատում 1915թ. սկզբին մղված մարտերում արդյունավետ գործողություններ ձեռնարկելու համար Կոստանտին Դոլուխանովն ստացավ գնդապետի աստիճան, իսկ Ժասլիկ-Վալիգրոդ հատվածում բռնկված մարտերում ցուցաբերած քաջության համար պարգևատրվեց Սբ. Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով: Մարտերում ցուցաբերած անձնական սխրագործության համար պրապորշչիկ Նիկոլայ Օհանովը պարգևատրվեց Սբ. Աննայի 4-րդ աստիճանի շքանշանով՝ «Արիության համար» մակագրությամբ, պորուչիկ Դենիս Գեորգիի Պոզոևը՝ Սբ. Ստանիսլավի 3-րդ և Սբ. Աննայի 3-րդ աստիճանի շքանշաններով: 1916թ. փետրվարի 22-ից մինչև մարտի 19-ը Մենարժե, Մալի, Պլոցկ և Վախ բնակավայրերի մոտ թեժ մարտերի ժամանակ ցուցաբերած սխրագործությունների համար Ք. Արարատովը պարգևատրվեց Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանով՝ սրով և ժապավենով: Խոլմյան և Գրոդնենսկի նահանգներում ու Նարոչյան օպերացիայի ժամանակ իրենց քաջությամբ և սխրագործություններով աչքի ընկած հայ սպաներից էին նաև գեներալ-մայոր Գեորգի Պոզոևը, պրապորշչիկ Արշակ Քոսյանը: Վերջինս Նարոչյան օպերացիային ակտիվ մասնակցելու համար պարգևատրվեց Սբ. Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով: Գեորգի Պոզոևը 1916թ. Կարչևա գյուղի տարածքում տեղի ունեցած թեժ մարտերում ցուցաբերած քաջության և զորավարական տաղանդի դրսևորման համար պարգևատրվեց սրով և ժապավենով՝ ի հավելումն վաղօրոք ստացած Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանի:
Կովկասյան ճակատում պատերազմն սկսվեց 1914թ. հոկտեմբերի 31-ին: Ռուսական զորքերի առաջին օրերի գործողությունների մասին նոյեմբերի 2-ին և 3-ին զեկուցվեց Նիկոլայ 2-ին: Այս ճակատում առաջին իսկ մարտերում աչքի ընկած հայ սպաներից էր Երևանյան հեծյալ ջոկատի շտաբի պետ Գավրիիլ Կորգանովը (Ղորղանյան), որը 1914թ. դեկտեմբերի 6-ին նշանակվեց 39-րդ դիվիզիայի շտաբի պետ: Այդ դիվիզիայի 154-րդ գնդի զինվորները դեկտեմբերի 22-ին Սարիղամիշյան ռազմական գործողության հենց սկզբում Ղզըլ-Քիլիսայի շրջանում գերի վերցրին թուրքական 9-րդ կորպուսի հրամանատարին, 106 սպա և շատ ռազմավար: Նկատենք, որ այդ գնդի սպաների մեկ երրորդից ավելին հայեր էին: Դեկտեմբերյան մարտերի համար Գավրիիլ Ղորղանյանը պարգևատրվեց Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով և Սբ. Աննայի շքանշանով՝ սրով և ժապավենով: Գավրիիլ Ղորղանյանն առաջ քաշվեց Կովկասյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ:Հայտնի են Սարիղամիշյան, Ալաշկերտյան, Տրապիզոնի, Համադանի, Դիլմանի, Վանի և այլ գործողությունների ու ճակատամարտերի ակտիվ մասնակից շատ հայ սպաների անուններ: Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանն իր հաղթանակով աչքի ընկավ Դիլմանի ճակատամարտում, այստեղ սխրանքներ գործեց և Անդրանիկը: Նազարբեկյանը նշանակվեց Մուշ-Բիթլիսյան, ապա՝ Կարամուջյան զորաջոկատի պետ: Մովսես Սիլիկյանը 8-րդ գնդի հրամանատարն էր, 1915-1916թթ.՝ Վանի ռուսական զորաջոկատի պետը: Հովհաննես Հախվերդյանը Տրապիզոնում տեղաբաշխված 127-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետն էր, գեներալ-մայորի աստիճան ստանալուց հետո՝ Կովկասյան 2-րդ հեծելազորային կորպուսի շտաբի պետը: Գնդապետ (հետագայում՝ գեներալ-մայոր) Պավել Պետրոսի Բեժանբեկը՝ Կովկասյան 22-րդ հրաձգային գնդի հրամանատարը, գնդապետ Յուզբաշյան 201-րդ Նոտիյան հետևակային գնդի հրամանատարի տեղակալն էր, գնդապետ Լ. Չարուխչյանը 17-րդ թուրքեստանյան հրաձգային գնդի հրամանատարի տեղակալը: Գնդապետ Ռուբեն Պոզոևը իր սխրագործություններով աչքի ընկավ Սարիղամիշյան գործողության ժամանակ, պարգևատրվեց Սբ. Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով՝ սրով, առաջ քաշվեց եւ նշանակվեց 6-րդ հրետանային բրիգադի հրամանատար: Կովկասյան ճակատում 1916-1918 թթ. ծավալված ռազմական գործողություններին ակտիվ մասնակցություն ունեցան Կովկասյան 1-ին առանձնացված հրետանային դիվիզիոնի կապիտան Իոսիֆ Ֆադեյի Տիգրանովը, 44-րդ հրետանային բրիգադի կապիտան Վալենտին Մխիթարի Դեմիրտաշևը, 21-րդ հրետանային բրիգադի փոխգնդապետ Քրիստափոր Գերասիմի Արարատովը, 19-րդ հրետանային բրիգադի գնդապետ Կոստանտին Բեգլարի Դոլուխանովը, կազակային պարտիզանական զորաջոկատի Կուբանյան հարյուրյակի շարքայիններ Լևոն Կասպարովը, Գրիգոր Ավանեսյանցը, Խաչատուր Քալամենյանցը, Իվան Առաքելովը: Վերջիններս առաջինն էին Կովկասյան ռուսական բանակի կազակային զորամասերի հայ կամավորներից, որ արժանացան Սբ. Գեորգիի շքանշանին՝ «Թուրքերի դեմ մարտերում ցուցաբերած անձնազոհության և սխրագործ աշխատանքի համար»: Մարտական գործողություններին Քյուրդամիրի ուղղությունում, Բաքվի, Դերբենդի և Պետրովսկի (ներկայումս՝ Մախաչկալա) շրջաններում «Թուրքական զորքերի դեմ ինքնազոհ աշխատանքի և սխրագործությունների համար» Գեորգիեւյան խաչի 3-րդ և 2-րդ աստիճանների շքանշաններով պարգևատրվեցին նույն զորաջոկատի 1-ին Սահմանապահ հարյուրյակի ավագ ունտերսպա Մանուկ Խաղդաջևը, եֆրեյտորներ Արշակ Հարությունովը և Արզուման Մանուչարովը: 1918թ. մայիս-դեկտեմբեր ամիսներին ծանր մարտերում կատարած սխրանքների համար Կովկասյան ճակատի գլխավոր հրամանատարի հրամանով Գեորգիեւյան խաչի 4-րդ և 3-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվածների թվում էին Զապարոժյան հարյուրյակի շարքայիններ Արշակ Աղաբեկովը, Մկրտիչ Մելքումովը, Բոգդան Ավագովը, զինվորներ Եղիշ Կասպարովը, Ստեփան Հարությունովը, Հակոբ Հակոբյանը և ուրիշներ:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերը Կովկասյան բանակում ունեին մեծ տեսակարար կշիռ: 1917թ. սկզբի դրությամբ՝ ռուսները կազմում էին Կովկասյան բանակի անձնակազմի 42, ուկրաինացիները՝ 30, հայերը՝ 10, վրացիները՝ 8, գերմանացիները՝ 4, լեհերը՝ 1,5 տոկոսը: Մնացած մասը կազմում էին բելառուսները, թաթարները, հրեաները և լատիշները: Նույնպիսին էր նաև բանակի սպայական կազմի պատկերը: Ռուսները կազմում էին սպաների 60 տոկոսը, ուկրաինացիները՝ 10, հայերը՝ 8-9, ապա հետևում էին վրացիները, լեհերը և այլ ազգությունների ներկայացուցիչներ:Հայ ժողովրդի հազարավոր զավակներ Կովկասյան ճակատում պատերազմին մասնակցել են հայկական զորամասերի կազմում: Դրանցից սկզբնական շրջանում կազմավորվեցին կամավորական չորս՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ջոկատները, այդ ջոկատների հրամանատարներ նշանակվեցին ազգային-ազատագրական պայքարում թրծված հայդուկներ Անդրանիկը, Դրոն, Համազասպը, Քեռին: Ավելի ուշ կազմավորվեցին 5-րդ, 6-րդ, 7-րդ հայկական ջոկատները, և կամավորների թիվը 1915թ. գարնանը հասավ 6500-ի:
Հայկական 1-ին կամավորական ջոկատը (հրամանատար Անդրանիկ), որը կազմավորվել էր 1914թ. հոկտեմբերի 23-ին, Սալմաստում, գեներալ Չերնոզուբովի զորաջոկատի կազմում գործում էր Սալմաստ-Վան ուղղությամբ: Ջոկատի 1200-անոց անձնակազմի մեծ մասը արևմտահայեր էին: Ջոկատը աչքի ընկավ հատկապես Դիլմանի ճակատամարտում (1915թ. ապրիլ), այնուհետև կամավորները ակտիվորեն մասնակցեցին Վանի ազատագրմանը և Բիթլիսի գրավմանը: Հայկական 2-րդ կամավորական ջոկատը 1915թ. ապրիլ-մայիս ամիսներին գեներալ Նիկոլաևի Բայազետյան ռուսական զորաջոկատի կազմում մասնակցեց Վանի գրավմանը, Վանի հարավարևելյան շրջանների՝ Աղթամարի, Մակսի, Շատախի, Ազատակերտի, Ջեյվայի, Արճեշի և այլ հայկական բնակավայրերի և գյուղերի ազատագրմանը, Մուշի և Բիթլիսի գրավմանը:
Հայկական 3-րդ կամավորական ջոկատը ռուսական Կարադերբետյան զորաջոկատի կազմում մասնակցեց Սարիղամիշի գործողությանը, այնուհետև Վանի, Մուշի և Բիթլիսի ազատագրման համար կռիվներին: Սարիղամիշից մինչև Ռևանդուլ (Իրան) ձգվեց հայկական 4-րդ կամավորական ջոկատի մարտական ուղին: 1914-1916թթ. ջոկատը հայկական 2-րդ և 3-րդ ջոկատների հետ միասին մասնակցեց Վանի, Մուշի, Բիթլիսի համար մղված ծանր մարտերին և նրանց գրավմանը: Հայկական 4-րդ կամավորական ջոկատը 1916թ. հունվար-հունիս ամիսներին ռուսական բանակի Սուլդուլի զորաջոկատի կազմում մասնակցեց Ռևանդուզի (Իրան) գրավման մարտերին, որոնց ընթացքում մայիս 30-ին գրոհներից մեկի ժամանակ թշնամու գնդակից հերոսաբար զոհվեց ջոկատի հրամանատար, ժողովրդական հերոս Քեռին:
Հայկական 5-րդ կամավորական ջոկատը (հրամանատար Վարդան) կազմավորվեց Երևանում: Նրա ձևավորման աշխատանքներն սկսվել էին դեռևս 1914թ. դեկտեմբերից, սակայն Կովկասյան բանակի զինապահեստներում հրացաններ չլինելու պատճառով ջոկատը չկարողացավ մասնակցել պատերազմի առաջին շրջանի մարտական գործողություններին:
Մ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր