Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՍԻՐՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ



Զինվորական դառնալուս հարցում էական դեր է խաղացել հայրս: Երբ դպրոցն ավարտեցի, մի օր հայրս կանչեց ու ասաց. «Տղա՛ս, ցանկությունս է, որ դու զինվորականի գործն ընտրես, մեր երկրին ու ժողովրդին պիտանի մարդ դառնաս»: Հորս այս մեկ նախադասությունը բավական եղավ, որպեսզի ես ընտրեի զինվորականի դժվարին, բայց անչափ պատվաբեր մասնագիտությունը: Նույն տարում ընդունվեցի Մոնթե Մելքոնյանի անվան Ռազմական վարժարան. որի երկրորդ սերնդի շրջանավարտներից եմ: Առաջին մի քանի օրերն էին դժվար. առավոտյան վերկաց, հագեցած ու խիտ օրակարգով պարապմունքներ, մարզումներ, վազք… Հոգիս բերանս էր գալիս: Ինչեւիցե, աստիճանաբար ընտելացա, վարժվեցի, եւ ամեն ինչ մտավ իր բնականոն ընթացքի մեջ: Հետագայում ուսումս շարունակեցի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի օդադեսանտային ֆակուլտետում:

Ինձ շնորհվեց լեյտենանտի զինվորական կոչում, եւ ծառայության նշանակվեցի հատուկ նշանակության զորամաս: Ծառայել եմ սահմանամերձ տարբեր զորամասերում, ավարտել եմ ՌԴ համազորային ակադեմիան: Արդեն մի քանի ամիս է, ինչ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել եմ սահմանամերձ զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ:

Որպես տղամարդ ձեւավորվելու եւ կայանալու իմաստով իմ կյանքում անուրանալի մասնակցություն են ունեցել երկու պապերս: Մորական պապս` Վոլոդյան, հայտնի դարբին էր մեր կողմերում. մտքովդ ինչ անցներ` գլուխ էր բերում: Նրա պատրաստած ամեն գործիք կատարյալ էր, եւ մարդիկ տարիներով դրանք օգտագործում էին ու միշտ նրան օրհնում: Մինչեւ հիմա մեր տանը պահպանվում են նրա պատրաստած որոշ գործիքներ: Մեր տնամերձ այգին մինչ օրս պապիս պատրաստած բահով ենք մշակում: Պապիս գլուխը տանում էի իմ չվերջացող խնդրանքներով` թուր ու ատրճանակ պատրաստել տալով. «Պապի՛, ստիցը չսարքես, իսկականը սարքի, որ գնամ, թուրքերի դեմ կռվեմ»:

Հորական պապիս անունը Վորոնցով էր: Տասնապետ է եղել, Զորավար Անդրանիկին անձամբ ճանաչել է, Զորավարը նրան նույնիսկ մաուզեր է նվիրել: Մեծ հայրենականի մասնակից է: Տարի չկար, որ Հաղթանակի օրը տատիս չառներ ու մի քանի օրով չգնար Մոսկվա: Այնքան մեդալ ուներ. որ հենց ամրացնում էր, ծանրությունից կռանում էր: Ահա հենց այս յուրովի երկու հզոր մարդկանց դաստիարակության քուրայով եմ անցել:

Ծառայության ընթացքում քիչ դժվարություններ չեմ տեսել, սակայն, հավատացնում եմ՝ հիասթափության եւ, ամենակարեւորը` հուսահատության պահեր չեմ ունեցել: Հուսահատությունը կարող է կոտրել սպային: Որտեղ էլ ծառայել եմ, պարտականություններս կատարելիս երբեւէ չեմ թերացել, միշտ ձգտել եմ ինձ տրված առաջադրանքները կատարել ճշտորեն եւ ժամանակին:

ՌՈՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ.
Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #23 (1041) 19.06.2014 – 25.06.2014, Ազգային բանակ


19/06/2014