ԶՈՐԱԿՈՉԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Արթիկ քաղաքի զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկար: Մեծ ու փոքր Մանթաշից, Սարալանջից ու Գետափից, Լուսակերտից ու Արևշատից, Նահապետավանից ու Նոր Կյանքից, Սպանդարյանից ու Գեղանիստից հարազատների ուղեկցությամբ գալիս են նորակոչիկները, նախ ներկայանում զորակոչի պատասխանատուներին, այնուհետև բժշկական հանձնաժողովին` վերջին հետազոտություններն անցնելու:
-Անգամ երկար տարիներ հայրենիքում չապրած պատանիներն են վերադառնում ու մեկնում բանակ: Վերջին մի քանի զորակոչերին էապես նվազել է խուսափողների թիվը,- ասաց զորակոչային բաժանմունքի պետ, կապիտան Ա. Վարդանյանը:
Մինչ նորակոչիկները կանցնեին վերջին բուժզննումը, մենք զրուցեցինք բակում հավաքված հարազատների հետ, քանզի անչափ կարևոր է իմանալ, թե ինչ տրամադրությամբ են նրանք իրենց որդիներին բանակ ճանապարհում:
Տիկին Գոհարը դստեր` Տաթևիկի հետ բանակ էր ճանապարհում առաջնեկին ու միակ որդուն` Ավետիք Սուքիասյանին:
-Հպարտ եմ, որ այսպիսի տղա ունեմ: Ճիշտ է` միակս է, բայց վստահ եմ, որ որդիս պատվով կծառայի ու տուն կվերադառնա: Խաղաղություն ու բարի վերադարձ եմ մաղթում բոլորին:
Ավետիքին ճանապարհելու են եկել նաև հարազատները` մորաքրոջ տղան` 16-ամյա Սիրականը, հորեղբոր տղաները` 14-ամյա Գևորգը փոքր եղբոր` 10-ամյա Սևակի հետ:
Սարալանջեցի Խաչատրյան Էդվարդի ավագ որդին` Սարգիսը, որ ՌԴ Սվերդլովսկի մարզից մեկ տարի առաջ կամավոր եկել, ներկայացել է զինկոմիսարիատ և այժմ ծառայում է սահմանամերձ զորամասերից մեկում, կրտսեր եղբոր` Խաչիկի զորակոչվելու օրը արձակուրդ էր եկել:
-Եթե ստացվի, և եղբայրս մեր զորամաս ընկնի ծառայության, շատ լավ կլինի, գոնե մեկ տարի կողք կողքի կծառայենք, իմ խորհուրդներով կօգնեմ նրան, որպեսզի արագ հարմարվի ծառայությանը:
Անուշավանցի Մետաքսյա տատիկն էլ իր դստեր միակ տղային` Աղասիկ Գևորգյանին է ճանապարհում բանակ:
-Հպարտ եմ, որ զինվոր թոռնիկ ունեմ, թող գնա հայրենիքը պատվով պաշտպանի և ողջ-առողջ վերադառնա տուն: Խաղաղություն ու բարի ծառայություն եմ մաղթում մեր բալեքին:
-Ես էլ Նոր Կյանքից եմ, նորակոչիկ Ղազարյան Վահագնի հայրն եմ: Ութ երեխա ունեմ` հինգ տղա, երեք աղջիկ, և իմ խնդրանքով բազմազավակ հայրն սկսում է թվարկել երեխաների անունները. Սևակ, Վահագն, Ռուստամ, Զոհրաբ, Գագիկ… Առաջնեկս ծառայեց, եկավ, հիմա հերթը Վահագնինն է, հետո Ռուստամիս կճամփեմ, Զոհրաբիս ու Գագիկիս: Թող գնան, իրենց հայրենիքը, տուն ու տեղը պաշտպանեն, որ նենգ թշնամին չհամարձակվի մեր երկրի ու ժողովրդի անդորրը խաթարել: Բա ինչի՞ համար ենք ունեցել, էլ ի՞նչ տղամարդ, որ չծառայի: Մինչև փոքրս գա, հերթը թոռանս կհասնի:
Փանիկցի Սամվելն էլ քրոջ որդուն` արևշատցի Ինտոյան Սպարտակին է ճանապարհում:
-Հույս ունենք, որ Սպարտակը պատվախնդրորեն կծառայի կվերադառնա:
Այս զորակոչը երիտասարդ զինկոմի` մայոր Տ. Նիկողոսյանի համար երրորդն է, և նա լի է վճռականությամբ, որ առաջադրանքը զինկոմիսարիատը կկատարի:
-Զորակոչի մեկնարկն արդեն հուսադրող է: Տղաները ժամանակին ներկայացան, բուժզննում անցան: Բոլորն էլ առողջ են, պատրաստ զինվորական պարտքը կատարելու: Ազգաբնակչությունն էլ տոնական տրամադրությամբ է իրենց երեխաներին ճանապարհում ծառայության,-մեզ հետ զրույցում ասաց զինկոմը:
Նա նաև վստահեցրեց, որ Արթիկի տարածքային զինկոմիսարիատն առաջադրանքը կկատարի պատվով:
Երբ նորակոչիկներն արդեն պատրաստ էին մեկնելու կենտրոնական հավաքակայան, վերջին անգամ շարք կանգնեցին զինկոմիսարիատի բակում օրերս տեղադրված, հայր ու որդի` Տավրոս և Էդմոն Խանոյանների հեղինակած Արցախյան գոյամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողի մոտ, որտեղ նրանց բարեմաղթանքներ հղեցին Արթիկի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Սողոմոն քահանա Մինասյանը, զինվորական կոմիսար, մայոր Տիգրան Նիկողոսյանը, ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Արթիկի տարածքային բաժանմունքի և Պեմզաշեն համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը: Այնուհետև զորակոչիկներն իրենց հարազատների ծափողջույնների և սրտաբուխ բացականչությունների ներքո նստեցին ավտոբուս` ուղևորվելով կենտրոնական հավաքակայան:
ՍՏԵՓԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #23 (1041) 19.06.2014 – 25.06.2014, Ազգային բանակ