Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԼՐՈՒՄ



Հայոց զինուժի հրետանու կրտսեր հրամանատար-մասնագետների պատրաստման հիրավի հզոր դարբնոց է դարձել հրետանային ուսումնական զորամասը, որի հրամանատարի պարտականությունները անցած ուսումնական տարում ստանձնեց գնդապետ Ա. Պետրոսյանը: Հեշտ բան չէ հինգ տարի անընդմեջ բանակի ուսումնական զորամասերի մեջ ճանաչվել լավագույնը: Ի դեպ, բանակի Պատվադրոշը մեկ անգամ էլ մշտական գրանցում է ստացել այս զորամասում: Եվ ահա հրամանատարությունը լիահույս է կրկնելու պատվաբեր հաջողությունը:

Այս տարվա մայիսի 3-14-ը զորամասը մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում կազմակերպված ճամբարային հավաքի ժամանակ բոլոր առարկաներից անցկացրեց տեսական պարապմունքներ, որոնք ավարտվեցին տարբեր համակարգերից մարտական հրաձգությամբ: Արդյունքները գոհացուցիչ էին:

Զորամասում ընթացիկ ամսվա հունիսի 9-ին սկսվեցին և 14-ին ավարտվեցին ձմեռային ուսումնական փուլի քննությունները:

-Քննությունները մեկնարկեցին շարային ստուգատեսով, որից հետո սպայական, սերժանտական և կուրսանտական անձնակազմը քննություններ հանձնեց մասնագիտական, տեխնիկական, շարային, համազորային կանոնադրություն, ֆիզպատրաստություն, հասարակական-պետական պատրաստություն առարկաներից, ինչպես նաև կրակային պատրաստությունից: Ավարտական քննություններն ընդունող հանձնաժողովը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լ. Մնացականյանի գլխավորությամբ, ընդհանուր առմամբ, գոհ էր կատարված աշխատանքից, թեպետ կարող էինք է՛լ ավելի բարձր արդյունքներ ցույց տալ,- մեզ հետ զրույցում ասաց ուսումնական մասի պետ, փոխգնդապետ Ա. Բալայանը:

Զորամասում ուսումնական գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, կա հարուստ նյութատեխնիկական բազա:

Հրետանավորների ուսումնական զորամասը, որտեղ ուսուցանվում է տասնհինգ մասնագիտություն, օրերս ոտք դրեցին առաջին նորակոչիկները, որոնք ընդգրկվելով փոխգնդապետ Ա. Քոչունցի հրամանատարությամբ գործող հրետանային դիվիզիոնի կազմում, արդեն իսկ ներգրավվել են նորակոչիկների պատրաստման ծրագրով նախատեսված քսանօրյա դասընթացների մեջ, որի ավարտին կբաշխվեն ըստ մասնագիտությունների: Հնգամսյա ուսումնական գործընթացի ժամանակ կուրսանտները հասցնում են ձեռք բերել տեսական ու գործնական գիտելիքներ, կատարելագործել մարտավարման անհրաժեշտ հմտությունները:

Զինվորական կանոնադրությունը, զինվորական պահվածքը, հրամանատար- ենթակա հարաբերություններն իրենց տեղը ունեն, բայց երբ այդ ամենի հետ միասին հրամանատարը փորձում է, այսպես ասած, «մարդկային» լեզվով խոսել, բացատրել, սպասելիքներն ու արդյունքներն ավելի բարձր են լինում: Մեր այցի պահին ականատեսը եղանք հենց նման մի իրավիճակի, երբ զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Պետրոսյանը լսարաններից մեկում գարնանային- ամառային զորակոչի առաջին «ծիծեռնակներին» հանգիստ ու հանդարտ տոնով բացատրում-բացահայտում էր զինվորական ծառայության նրբություններն ու գաղտնիքները, դժվարությունները, և, որ ամենակարևորն է, առհասարակ դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը հայ պատանու համար: Այդ մեկժամյա հանդիպում-զրույցի շնորհիվ նորակոչիկները բավականաչափ պատկերացում կազմեցին զինվորական ծառայության, հրետանավորի մասնագիտության, պատերազմում հրետանու դերի ու նշանակության մասին:

-Հայրենիքին ծառայելը բոլորիս սրբազան պարտքն է: Բանակը մեր տունն է, մեր ամրոցը և պետք է սիրենք այնպես, ինչպես մեր տունն ենք սիրում: Մեր զորամասի առջև դրված հիմնական խնդիրը բանակը որակյալ, լավ պատրաստված հրետանու կրտսեր հրամանատար մասնագետներով համալրելն է, ինչը մենք պետք է անենք սիրով, նվիրումով և միահամուռ ուժերով,- նորակոչիկներին հորդորեց հրամանատարը:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #23 (1041) 19.06.2014 – 25.06.2014, Ազգային բանակ


19/06/2014