Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ» ԶԵՆՔԵՐ



Թեւավոր հրթիռով այսօր ոչ մեկին չես զարմացնի: Այն կարելի է սարքել նույնիսկ տնային պայմաններում, ձեռքի տակ եղած նյութերով: Նորզելանդացի Բրյուս Սիմփսոնը հենց այդպես էլ արել է: Սիմփսոնի հրթիռը, որ գործում է նույն սկզբունքով, ինչ գերմանական «Ֆաու-1»-ը, մինչեւ 640 կմ/ժ արագություն է հավաքում: Նպատակակետին հարվածելու ճշգրտությունը 100 մետր է: Ընդ որում, հրթիռի պատրաստումը Սիմփսոնի վրա նստել է 5 հազար դոլար՝ շատ ավելի քիչ, քան զինվորականներն են վճարում նման սարքի համար: Կառավարող էլեկտրոնիկան, նավարկման համակարգը, նշանառության եւ կապի համակարգի մասերը նորզելանդացին ձեռք է բերել Ինտերնետի միջոցով, արտասահմանից (պատվերները տեղ են հասել երկու շաբաթվա ընթացքում եւ ուշադրություն չեն գրավել մաքսատունն անցնելիս): Մասնագետները բարձր են գնահատել Սիմփսոնի աշխատանքը եւ խոստովանել են, որ նրա հրթիռը միանգամայն մարտունակ է:

Մինչդեռ ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրին այդպես էլ առայժմ չի հաջողվում նպատակակետին հարվածող հրթիռների թողարկում կազմակերպել: Վերջերս հերթական անգամ ձախողվեց փոքր եւ միջին հեռահարության հրթիռները խոցող ՀՕՊ նոր համակարգի փորձարկումը. փոխանակ թիրախին դիպչելու՝ ԱՄՆ ՌԾՆ-ի նավից արձակված հրթիռը թռավ անհայտ ուղղությամբ…

Բայց Պենտագոնում ձեռքները ծալած չեն նստում: Հիմա էլ ձեռնամուխ են եղել զենքի նոր՝ մարդասիրական, ոչ մահացու տեսակների ստեղծմանը, ինչպես, ասենք, շանթ արձակող պլազմոտազերն է, որը վերջերս միանգամայն դրական արձագանքների է արժանացել ոչ մահացու զենքերին նվիրված համաեվրոպական խորհրդաժողովում: Պլազմոտազերը հին տազերի կատարելագործված տեսակն է, իսկ տազերը, իր հերթին, վաղուց արդեն օգտագործվում է մի շարք երկրների իրավապահ մարմինների կողմից: Այն շատ հեշտ է օգտագործելը եւ գործում է միանգամայն անխափան: Տազերը խոցում է էլեկտրոդ-տեգերի զույգով՝ վեց-յոթ մետրից: Խփում ես, եւ չարամիտ օրինախախտը շարքից դուրս է գալիս: Ըստ էության՝ սա էլեկտրաշոկերի նման մի բան է, միայն թե ավելի կատարելագործված: Պլազմոտազերն առավել կատարելագործված է, այստեղ էլեկտրոդ-տեգերի փոխարեն աերոզոլ է, որը հրաշալի հաղորդիչ է: Պլազմոտազերով զինված մարտիկը շանթեր է արձակում չորսբոլորը՝ ճիշտ շանթարձակ Զեւսի նման:

Ի դեպ, նույն սկզբունքով է գործում նաեւ նոր հակահետեւակային ականը, որը կհամալրի ԱՄՆ բանակի սպառազինությունը: Ականը միաժամանակ տարբեր կողմեր է նետում էլեկտրոդների մի ողջ շատրվան՝ տասներկու զույգ, եւ երեք վայրկյանում մինչեւ 200 անգամ պարպվում է: Սա նույնպես մարդասիրական զենք է. հակառակորդին կտոր-կտոր չի անում, այլ ընդամենը կաթվածահարում է:

Ամերիկացի զինվորականները փորձարկում են նաեւ լազերային նոր զենք՝ հատուկ սակրավորների համար: Զրահամեքենայի տանիքին ամրացված հզոր լազերը նախատեսված է ռազմական գործողություններից հետո մնացած ականները ոչնչացնելու համար: Մկնիկի օգնությամբ օպերատորը ճառագայթն ուղղում է ականի վրա, եւ լազերը պայթեցնում է այն:

Ոչ մահացու ուրիշ զենքեր էլ են փորձարկվում, օրինակ՝ գենետիկորեն ձեւափոխված մանրէներ: Թեեւ մանրէները «զորակոչելով»՝ Պենտագոնը քիմիական, կենսաբանական եւ թունավոր զենքի վերաբերյալ տասնյակից ավելի միջազգային պայմանագրեր է խախտում:

Մուտանտ-մանրէները ոչնչացնում են անկենդան մատերիան: Առաջին ձեւափոխված մանրէն ի հայտ եկավ 70- ական թթ. եւ նախատեսված էր նավթ ուտելու համար (եթե, օրինակ՝ տանկերը շուռ է եկել, եւ անհրաժեշտ է մաքրել ջրավազանը): Զինվորականների կողմից շռայլորեն հովանավորվող գենային ինժեներների ջանքերով մանրէները սովորել են կարճ ժամանակում խժռել զենքի պատրաստման մեջ գործածվող ցանկացած նյութ՝ մետաղ, պլաստիկ, ռետին… Պենտագոնն իր փոքրիկ «խժռող զինվորներին» անվանել է GAMA գործակալներ: Հիմա արդեն անհնար է հաշվել Ամերիկայում գոյություն ունեցող ձեւափոխված մանրէների ստույգ թիվը: Անընդհատ հայտնվում են նորերը: Օրինակ՝ երկու տարի առաջ Մերիլենդում շատ օգտակար մանրէ էին ստացել, որը խժռում էր սնդիկը: Սթենֆորդում ստեղծել էին ծանր մետաղներ խժռող գործակալի:

Սակայն մի բան, այնուամենայնիվ, մտահոգիչ է. բանն այն է, որ դեռ ոչ ոք չգիտի, թե ինչպես կարելի է ազատություն ստացած մանրէների դեմն առնել: Նրանց սպանել չի հաջողվում: Ճիշտ է, գենային ինժեներները խոստանում են փոքրիկ հրեշների մեջ ներմուծել ինքնասպանության գեն, բայց առայժմ ոչ մի երաշխիք չկա, թե մուտանտ-մանրէները, հակառակորդի ռազմական տեխնիկայի հարցերը լուծելուց հետո, չեն անցնի ամերիկյան դրոշը կրող զրահամեքենաներին, ինչպես նաեւ՝ միանգամայն «խաղաղասեր» ավտոմեքենաներին, ջրատար խողովակներին, համակարգիչներին, քաղաքի շինություններին՝ մինչեւ որ քաղաքակրթության նկատմամբ կատարյալ հաղթանակի հասնեն:

«Վերսիա»

Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Ռազմական


26/06/2014