ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԾԽԱԽՈՏԻՆ
ԲԱՆԱԿՆ ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ. ԱՌՈՂՋ ԶԻՆՎՈՐ, ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿ
ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԻՑ
…Տեղեկատվական-քարոզչական աշխատանքների միջոցով ուժեղացնել պայքարը ծխող զինծառայողների թվաքանակը կրճատելու ուղղությամբ, հնարավորինս սահմանափակել գործածվող ծխախոտի քանակը` ղեկավարվելով «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի» 69-րդ և 337-րդ հոդվածների պահանջներով…:
ԶԻՆՎՈՐԸ ՄԱՔՈՒՐ ԿԵՆՍԱԿԵՐՊԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Արմեն Սանթրոսյանին հանդիպեցի թատրոնի ճեմասրահում: Չէի կարող հարմար առիթը բաց թողնել ու նրա հետ չզրուցել ինձ հուզող հարցի շուրջ: Սպասում էի, որ ծխախոտը ձեռքին եմ տեսնելու, ինչպես շատ դերասանների…
-Պարո՛ն Սանթրոսյան, ես Ձեր տաղանդի երկրպագուներից եմ, ես գիտեմ, որ դուք ծխող եք, ավելին` մոլի ծխող: Այս փաստը թերևս ես չշեշտեի, եթե Դուք պատանի հանդիսատեսի հետ չաշխատեիք: Ձեզ` ժողովրդական արտիստին տեսնելու համար են շատերը թատրոն գալիս, հիանում ձեր խաղով, ձեր կերտած կերպարներով…
-Հասկացա՛: Մեր թատրոնի բեմում միշտ էլ բացառվել են ծխախոտով դրվագները, քանի որ մեր հանդիսատեսները հիմնականում պատանիներն են, և այդ տարիքն ամենավտանգավորն է բացասական երևույթներն ընդօրինակելու առումով։ Այդպես է եղել մեզ մոտ մինչև ծխախոտի օգտագործումը հասարակական վայրերում արգելելը, որը ես ողջունում եմ, որքան էլ «մոլի ծխող» ինձ անվանեցիք… Մարդը սխալական է, հետո ինչ, որ դերասան եմ, ժողովրդական արտիստ… Ծխելու սխալը ես գործել եմ ուղիղ 50 տարի առաջ։ Տղաներով հավաքվել էինք քննությունների համար պարապելու։ Տանը թութուն կար։ Որոշեցինք փորձել։ Փաթեթեցինք ու ծխեցինք, ու մինչ օրս ծխում եմ…
-Ուզում էիք այդպիսով ավելի տղամա՞րդ երևալ… Ժորժ Սիմենոնն ասում է. «Ծխել սկսում ես ապացուցելու համար, որ տղամարդ ես, հետո փորձում ես թողնել, որպեսզի ապացուցես, որ տղամարդ ես»։
-Ես էլ շատ անգամ որոշել եմ, եթե ոչ ամբողջովին թողնել, ապա գոնե քչացնել ծխելը։ Մի օր ստացվում է, մի օր չի ստացվում։ Ես էլ մի ուրիշ մեծից մեջբերում անեմ. Մարկ Տվենը մի հրաշալի խոսք ունի. «Ծխելը թողնելը շատ հեշտ է։ Ես հազար անգամ թողել եմ»։ Գիտակցում եմ, որ շատ մեծ սխալ է ծխելը։ Կուզենայի, որ մեր ամբողջ հանրապետությունը զերծ մնար այդ վնասակար սովորությունից, որովհետև շատ հիվանդություններ ծնունդ են առնում հենց ծխելուց։ Ցավոք, շատացել է ծխողների թիվը։ Ես հասուն տղամարդ էի, բայց էլի հորս ու մորս մոտ չէի ծխում, մի տեսակ քաշվում էի։ Իսկ հիմա ծնողների աչքի առաջ բացահայտ ծխում են։ Ծխող աղջիկների թիվն էլ է շատացել։ Գուցե լավ աղջիկ է, բայց, միևնույն է, երբ տեսնում ես ծխելիս, անկախ քեզնից սկսում ես վատը մտածել։
-Իսկ այդ մասին խոսո՞ւմ եք Ձեր ուսանողների հետ…
-Անշո՛ւշտ, ուսանողներիս միշտ ասում եմ, պարտադրում եմ, որ չծխեն. «Մենք` մեծերս էդ սխալն արել ենք, գոնե դուք մի՛ կրկնեք։ Դրա դառը հետևանքները հետո կզգաք»։
-Եվ ի՞նչ` լսո՞ւմ են…
-Չգիտե՛մ: Ես իմ քաղաքացիական, մարդկային, ծնողական պարտքն եմ կատարում… Թեպետ գիտեմ՝ լավագույն խրատը սեփական օրինակը կլիներ… Թող տեսնեն, թե ինչպես եմ հևոցով աստիճանները բարձրանում, հազում, բայց, ցավոք, ոչ թատերական հազով, թող տեսնեն, թե ինչպես է երբեմն շունչս կտրվում` կյանքում էլ, բեմի վրա էլ… Հակածխախոտային գովազդի քայլող օրինակ եմ…(Ծիծաղում է):
Իսկ հիմա լուրջ խոսեմ, թեև կարծես անլուրջ բաներ չեմ ասել… Ինչը որ թերևս ներելի լինի իմ տարիքի դերասանին, բոլորովին ներելի չէ հայրենիքի զինվորին: Զինվորն իմ պատկերացմամբ ուժի, առողջության, մաքուր կենսակերպի խորհրդանիշ պետք է լինի… Նա է մեր պետության անվտանգության երաշխավորը… Ես միայն ուրախ եմ, որ պաշտպանության նախարարությունը հակածխախոտային արշավ է սկսել` «Բանակն առանց ծխախոտի» կարգախոսով: Մենք պետք է բարձր գնահատենք զինվորի առողջությունը, մեր առջև շատ մարտահրավերներ կան, և մենք առողջ մարմնով ու հոգով պաշտպանի կարիք ունենք… Ինչպես ասում են` առողջ մարմնում՝ առողջ հոգի…
-Շնորհակալ եմ: Դուք էլ հետևեք Ձեր առողջությանը, որովհետև Ձեր արվեստը պետք է մեր ժողովրդին:
ՉԾԽԵ՛Լ, ԱՅԼ ՈՉ ԹԵ՝ Չ՛ԾԽԵԼ
Այսօր, երբ պետական մակարդակով արդեն իսկ հակածխախոտային քարոզչություն է տարվում, երբ փորձում ենք մեր կյանքից արմատախիլ անել ծխելու հոռի սովորությունը, ստիպված ենք անդրադառնալ մի շատ տարածված լեզվական, քերականական սխալի, որ դարձյալ ծխախոտի «շնորհիվ» է դարձել մեր կյանքի ամենօրյա ուղեկիցը եւ ամենուրեք` երթուղային տաքսիներում, մետրոյում, պետական հիմնարկներում, հիվանդանոցներում, մշակույթի օջախներում, անգամ բուհերում ցցվում է մեր հայացքի առաջ ու վիրավորում մեր լեզուն, մեր կրթությունը, մեր մշակույթը: Խոսքը ցուցանակների վրա այնքան հաճախ երեւացող «Չ՛ծխել» գրության մասին է, որը առանց վարանելու, կարելի է ասել` հայ իրականության ամենատարածված, ամենից շատ հանդիպող սխալն է: Կոչ, ազդ, որ բարի նպատակներ հետապնդելով հանդերձ, տասնամյակներ շարունակ անգրագիտության, քերականական կոպիտ սխալի հրապարակային ցուցադրություն, վկայություն է եղել: Ընդ որում, հակածխախոտային սույն կոչը ամեն մարդ ըստ իր ճաշակի կամ իր գրագիտության աստիճանի է հանրությանը մատուցում` մեկը շեշտը առոք-փառոք բազմեցնում է «չ» տառի վրա է, մյուսը չ-ից հետո լսվող դադարը փորձում է լրացնել ազատ տարածք թողնելով, մեկ ուրիշն էլ շեշտի փոխարեն ապաթարց է դնում, անգամ բութ:
Հարցրեք դպրոցի տարրական դասարանում սովորող աշակերտին, եւ նա կբացատրի, որ հայերենում «չ» ժխտական մասնիկը չի շեշտվում, որ շեշտը հայերենում, չնչին բացառությամբ, հիմնականում դրվում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա: Այսինքն` հայտնի «Չ՛ծխելը» պետք է գրվի «Չծխե՛լ»: Միայն ու միայն այսպես:
Պետք է ծխելու դեմ պայքարել նաեւ գրագետ հայերենով:
ՄԻ՛ ԱՐԱԳԱՑՐԵՔ ՁԵՐ ՄԱՀԸ
Ծխախոտի ազդեցությունը առողջության վրա հիմնականում պայմանավորված է մարդու օրգանիզմի համար վնասակար հետեւանքներ ունեցող նիկոտինի պարունակությամբ՝ առաջացնելով նաև հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն։
Ծխախոտի բաղադրության մեջ մտնում են ավելի քան 4000 տարբեր նյութեր և միացություններ, որոնցից 300-ից ավելին ներկայացնում են կենսաբանական թույներ: Ծխախոտի ծուխը ավելի թունավոր է, քան մեքենաների արտազատած գազերը: Ծխախոտը նպաստում է շնչառական, սիրտ-անոթային համակարգի եւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների զարգացմանը: Ծխողների մահվան ամենահաճախակի պատճառներից են թոքերի քաղցկեղը և այլ չարորակ գոյացություններ, ինչպես նաև աթերոսկլերոզը և սրտամկանի ինֆարկտը: Լինելով ուժեղ կենսաբանական թույն` նիկոտինի մեծ չափաբաժինը կարող է առաջացնել գլխուղեղի կաթված, սրտի և շնչառության կանգ, հետևաբար` մահ:
♦ Հանգիստ մխացող ծխախոտի ջերմաստիճանը 700 – 900 աստիճան է:
♦ Ստաժավոր ծխողի թոքերը սև են, նեխող զանգվածով:
♦ Ծխողներին ճանաչելը շատ հեշտ է նրանց բնորոշ հոտով, որը ներծծվում է հագուստի, մազերի մեջ: Արտաքին նշաններից են նաև դեղին ատամները և մատները:
♦ Ծուխը անցնելով բերանով՝ քայքայում է ատամների էմալը:
♦ Աստիճանաբար բթանում են համի և հոտառական զգայարանները:
♦ Ծխի բաղադրության մեջ մտնող նյութերն առաջացնում են անոթների սպազմ, և օրգանիզմի հյուսվածքները ստանում են ավելի քիչ պիտանի նյութեր ու թթվածին, քան անհրաժեշտ է:
♦ Մաշկը կորցնում է իր էլաստիկությունը և թարմությունը, ավելի շուտ են առաջանում կնճիռները:
♦ Ծխելը նպաստում է սրտի իշեմիկ հիվանդությունների զարգացմանը:
♦ Ապացուցված է, որ սեռական իմպոտենցիան տղամարդկանց շրջանում հաճախ առաջանում է հենց ծխելու հետևանքով:
ԾԽԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ
♦ Երկու ժամ հետո նիկոտինը դուրս է գալիս օրգանիզմից և առաջանում է ժուժկալության սինդրոմ,
♦ Տասներկու ժամ հետո օրգանիզմը ազատվում է ածխածնի օքսիդից, շնչառությունը դառնում է ավելի ազատ,
♦ Քառասունութ ժամ հետո վերականգնվում են հոտառական և համային զգայարանները:
♦ Երեք ամիս անց վերականգնվում է արյան շրջանառության ճիշտ ֆունկցիան,
♦ Չորսից վեց ամիս անց վերականգնվում են շնչական համակարգի ֆունկցիաները. վերանում են հազը և քրոնիկ հևոցները,
♦ Երեքից հինգ տարի հետո սրտամկանի ինֆարկտի ռիսկը նվազում է երկու անգամ:
ԳԵՎՈՐԳ ՈՍԿԱՆՅԱՆ
ԿԿԶՀ կրծքային վիրաբուժության բաժանմունքի պետ
բ/ծ փոխգնդապետ
ԱՄԵՆ ԾԽՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԼԻՔ Է
Մեր չքնաղ հայրենիքը հնարավոր չէ տեսնել ու չսիրահարվել… Մենք պետք է արմատական փոփոխություն անենք մեր ազգային նկարագրի մեջ:
…Մաքուր չէ մեր հայրենիքը: Մենք խոզանոցի ենք վերածել մեր երկիրն ու չենք նկատում… Սա շատ ցավոտ հարց է… Քսան միլիոն գլանակ ենք նետել մեր չքնաղ բնության մեջ… Իսկ սա նշանակում է, որ չենք սիրում մեր տունը, մեր հայրենիքը…
Ասում են` ծխողների թվով աշխարհում երրորդն ենք, որ մեր բնակչության 52 տոկոսը ծխող է… Ծխելով՝ մենք կրճատում են մեր կյանքի տևողությունը, ապրելու որակը, մինչդեռ Աստված մեզ կյանք է պարգևել, որ աշխատենք, արարենք, հայրենիքը ծաղկեցնեք… Ուրեմն` ամեն ծխող հայ, իմ խորին համոզմամբ, ազգային դասալիք է… Նա ծխելով կամովին կրճատում է իր կյանքի տևողությունը, այսինքն` հայենիքին ծառայելու տարիները…
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հուշարձանագետ
ՄԵ՞ՂՔ Է ԾԽԵԼԸ, ԹԵ՞ ՈՉ
Ոմանց կարծիքով՝ ո՛չ: Շատերն ասում են. ,Դա լավ բան չէ, բայց մեղք էլ չէ»: Այդ տեսակետի պաշտպաններն իրենց խոսքը հիմնավորում են նաև այն փաստով, որ Աստվածաշնչում ծխելու մասին որևէ խոսք չկա:
Իհարկե, Աստվածաշունչը գրվել է այն ժամանակ, երբ ծխելու մասին անգամ ենթադրել հնարավոր չէր:
Ծխախոտը մեր հասարակություն մտավ Քրիստափոր Կոլումբոսից հետո: Եվրոպացի նավաստիներն ականատես եղան մի արտառոց երևույթի՝ կղզիաբնակ հնդկացիներն իրենց բերաններից ու քթերից ծուխ էին արձակում: Պարզվեց, որ նրանք նշում էին իրենց սրբազան տոներից մեկը, որի ընթացքում հատուկ խոտ էին ծխում:
Կոլումբոսի նավաստիներն իրենց հետ Եվրոպա բերեցին այդ խոտից, որը շատ արագ գրավեց ամբողջ աշխարհը:
Այսպիսով՝ տեսնում ենք, որ ծխելու մոլուցքը Աստվածաշնչի գրությունից դարեր անց է առաջացել և չէր կարող տեղ գտնել Սուրբ Գրքում: Բայց եթե մի բան գրված չէ, չի նշանակում, որ լավ բան է կամ թույլատրված է: Պողոս առաքյալն ասում է. «Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան՝ ոչ օգտակար: Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց պետք չէ, որ որևէ բանի իշխանության տակ լինեմ» (Ա. Կորնթ. Զ. 12):
Ուրեմն՝ ծխելը մեղք է նախ այն պատճառով, որ մոլություն է, կախվածություն, երևույթ, որը թելադրված չէ ո՛չ բնությամբ, բնական պետքերով, ո՛չ էլ առողջ բանականությամբ: Այս մեղքը Սուրբ Գրքում կա, այն կոչվում է վավաշոտություն: Մեր մեջ «վավաշոտությունը» կապվում է ավելի շատ սեռականի հետ, բայց դա միայն սեռական սանձարձակությունը չէ:
Այս կախվածությունը «թեթև կիրք» կամ «փոքր մեղք» չէ: Փոքր մեղքեր չկան: Ամեն մեղք չարիք է և տանում է մահվան, ոչ միայն մարմնի, այլ նաև բարոյական մահվան, իսկ վերջում հոգևոր մահվան:
Ծխելը, ինչպես տեսանք, հեթանոսական, կռապաշտական, «դիվական» ծագում ունեցող երևույթ է, որը կապված է միմիայն չարիքի հետ, չարիք նախ և առաջ սեփական անձի դեմ:
Նորից դիմենք Պողոս առաքյալին. «Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն ստացել եք Աստծուց. և դուք ձեր տերը չեք, քանզի մեծ գնով գնվեցիք: Փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ» (Ա Կորնթ. Զ 19-20):
Ավելին, Պողոս առաքյալն ասում է, որ մենք մեր մարմնի տերը չենք, քանի որ մեծ գնով գնվեցինք: Այդ գինն Աստծու մահն է, ինքն Աստված՝ Քրիստոս, մահացավ, որպեսզի մենք ապրենք, իսկ մենք այս կամ այն ձևով արագ կամ դանդաղ սպանում ենք մեզ: Իհարկե, սա մեղք է:
Բայց ծխելը մեղք է նաև այն պատճառով, որ ծխելով՝ մենք վնասում ենք ուրիշների: Մարդը միայն իր համար չէ ապրում և միայն ինքն իր համար չէ պատասխանատու:
Սա ձեռնտու է միայն չարին՝ սատանային, և նրանց, ովքեր սատանայի գործն են անում՝ իրենց շահի համար թունավորելով հազարավոր մարդկանց:
ՂԵՎՈՆԴ ՔԱՀԱՆԱ
ՏՅՈՄԿԻՆ
ՔՆԹՈՒԿԸ ՄԱՆՐՈՒՔ ՉԷՐ…
Լեոնիդը ամուր, կարգապահ բանակի կողմնակից էր և համոզված էր, որ ազգային իղձերին հասնելու ճանապարհին մանրուքներ չկան:
Ծխելու, խմելու պատճառով նույնիսկ մարդիկ էր հեռացնում ջոկատից, տղաների, որոնք եկել էին սեփական սրտի թելադրանքով: Մի անգամ, հիշում եմ, մեկին հեռացրեց խմելու պատճառով, և անգամ երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի միջամտությունը չօգնեց: Նա ոչ թե Աշոտին` իր ընկերոջը մերժեց, այլ պարզապես իր սկզբունքներին դեմ չգնաց:
Լեոնիդի պահվածքը, նրա ջոկատի մարտիկների ընտրությունն այնպիսին էր, որ կարիք չկար, որպեսզի ինքը հսկեր, ստուգեր, չվստահեր: Ջոկատի նորեկներին հները խորհուրդ էին տալիս ձերբազատվել վատ սովորույթներից՝ հատկապես ծխելուց:
Մի անգամ մեր հանձնաժողովի անդամներից մեկի հետ գնացինք Վարդենիս, որտեղ Լեոնիդի ջոկատը և՛ սահման էր պահում, և՛ ինտենսիվ մարզվում էր: Տղաները՝ ծանր ուսապարկերը շալակներին, սար էին բարձրանում, վազում, զանազան մարզումներ կատարում: Լեոնիդը հանկարծ նկատեց, որ ջոկատի անդամներից մեկը, անունը չեմ տալիս, որովհետև հիմա բոլորին հայտնի է, ծխախոտի մնացուկը գցեց խոտերի մեջ: Թեպետ ընկերաբար, բայց լավ ամոթանք տվեց՝ ասելով. «Բնությունը ինչո՞ւ ես փչացնում, բնությունը մաքուր է, բնությունը չի՛ հանդուրժի այդ ծխախոտի մնացորդը, որը չի՛ փտում»:
Մեր ընկերը կռացավ, բոլորիս աչքի առաջ վերցրեց քնթուկը ու… դրեց գրպանը:
Ահա ինչպիսին էր մեր Լեոնիդը:
ՆՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ
«Լեոնիդ Ազգալդյան» հիմնադրամի նախագահ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ
Ես դեռ մինչեւ բանակ գնալս էլ այն կարծիքին էի, որ զինվորը պետք է ոչ միայն առողջ լինի, այլ նաեւ ֆիզիկապես ուժեղ եւ ամուր: Մտածում էի՝ ո՞ւմ է պետք թույլ զինվորը, ինչպե՞ս կարող է կռվել, ծանր զենք բարձրացնել, դիմանալ զինվորական լարված վարժանքներին, ընդհանրապես՝ զինվորական առօրյային: Լավ է, որ մինչեւ զորակոչվելս ես արդեն մարզված էի, քիչ թե շատ ծանոթ էի Street workout (բակային մարզում) մարզաձեւին, որի համար որպես մարզական գույք կարող էր ծառայել շրջապատում ամեն ինչ՝ ամենասովորական պտտաձողը, նստարանը, պատը, այսինքն՝ բոլորին հասանելի էր:
Բանակում էլ մարզումներս շարունակեցի: Հենց մարզումներիս միջոցով էլ բանակային ընկերներս ավելի շատացան: Սկզբում տղերքը գալիս, հետաքրքրված հետեւում էին, հետո իրենք էլ սկսեցին փորձել ու մարզվել: Այսպես, սպորտի միջոցով և՛ մեր ընկերությունը ամրացավ, և՛ մեր մկանները պնդացան:
Street workout մարզաձեւը ինչ-որ առումով կախված է նաեւ մարզվողի երեւակայությունից, ու մենք էլ՝ զինվորներս, այս կամ այն տարրը է՛լ ավելի բարդացնելով ու հարմարեցնելով զորամասային պայմաններին, նոր հնարքներ էինք հորինում: Սպաները խրախուսում էին մեզ, ոգեւորում, ոմանք նույնիսկ մրցում էին մեզ հետ:
Չծխելը մեր մարզաձեւի ոսկե կանոններից է: Ծխողները մեր շարքերում տեղ չունեն:
Բանակից վերադարձա: Հիմա ուսմանս զուգահեռ զբաղվում եմ նաեւ Street workout մարզաձեւի տարածմամբ: Բակերում, խաղահրապարակներում հաճախ ենք կազմակերպում ցուցադրություններ: Մեր օրինակով ոգեւորում ենք շատերին: Ուրախանում ենք, երբ մեր շարքերը գնալով ստվարանում են: Օգնում ենք նորակոչիկներին, դեռահասներին եւ երիտասարդներին բանակ գնալ ֆիզիկապես առողջ, կոփված: Մեր լավագույն տղերքը՝ Սերգեյ Թեւոսյանը, Արամ Շահոյանը, Գագիկ Գրիգորյանը, Արամ Մանուկյանը, Արթուր Նիկողոսյանը, որոնք մարզական մեծ հաջողությունների են հասել, այսօր ծառայում են բանակում եւ իրենց իսկ օրինակով ոգևորում են մյուս զինվորներին:
Արթուր Հարությունյան
Street workout ֆեդերացիայի նախագահ
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում