ՀԱՅԻ ՈԳԻՆ
Մկրտիչ Տոնոյան: Կամավորական: Նկարիչ: 16 տարեկանից կռվել է Արցախի ազատագրության համար, մինչեւ պատերազմի հաղթական ավարտը: Մասնակցել է Խոջալուի ազատագրմանը, Ստեփանակերտի պաշտպանական մարտերին, Բերձորի, Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի ազատագրմանը, Գորիսի ու Կապանի պաշտպանական մարտերին:
ՏԻՐՈՒՀԻ
Իմ մանկության, թերեւս իմ կյանքի ամենակարեւոր դեմքը եղել է ու կմնա Տիրուհի մեծ տատս՝ իմ մամը: Նա ջարդի տարիներին կորցրել էր ամբողջ ընտանիքը (թուրքերը բոլորին լցրել էին մարագն ու վառել), հետո քրդի շորերի մեջ ծպտված՝ գաղթականների հետ փախել էր Արեւելահայաստան: Եկել-հասել էր Ջավախքի Օրոջալար գյուղը: Մկրտիչ մեծ պապս նույն ճակատագիրն էր ունեցել: Ցեղասպանության զոհ էին դարձել նրա կինը եւ երեք երեխաները: Մկրտիչ պապս ցարական բանակի զինվոր է եղել, հետո կամավորագրվել է ու կռվել թուրքերի դեմ: Փրկվելով թուրքի յաթաղանից՝ հաստատվել է Օրոջալար գյուղում եւ ապրել է եղբոր ընտանիքի հետ: Ու երբ տնից տուն ընկած մուրացող գաղթականների խմբի մեջ տեսել է 18-ամյա Տիրուհուն, որոշել է ընտանիք կազմել… Պապս մամիցս շատ մեծ էր տարիքով ու նրա հակապատկերն էր: Որքան պապս ծանրակշիռ էր, մեղմ, զուսպ, մամս նույնքան հախուռն էր, տիրական ու անզիջում: Մեր տասներկու հոգանոց ընտանիքը, փոքրից՝ մեծ, անվերապահորեն ենթարկվում էր տատիս: Տիրուհի մամս ոչ միայն մեր ընտանիքի, այլեւ մեր ամբողջ գերդաստանի տիրուհին էր: Մեր սեղանը միշտ բաց էր հյուրերի առաջ (օր չկար, որ հյուր չունենայինք), մամս անպայման օրվա հացից բաժին էր հանում կարիքավորին (բարեկամ, հարեւան)… Բայց եթե ուշացար սեղան նստելու ժամից, որքան էլ սիրեր քեզ, ճաշից զրկում էր: Սուտ խոսելու համար անգամ ինձ, որ իր ամենասիրելի թոռն էի, պատժում էր՝ լեզուս ճզմելով, հետն էլ հայհոյում էր տղամարդու նման:
… Օրոջալարում պատմում էին, որ թուրքերը վրա են տալիս մի քանի տղամարդու հետ լայլեքը գնացող մամիս: Թուրքերը շատվոր են լինում, եւ տղամարդիկ փախչում են: Մամս մենակ հարձակվում է ոհմակի առաջնորդի վրա, ցած գցում ձիուց ու խլում զենքը: Թուրքերն սկսում են փախչել: Մամս հետապնդում է իր զոհին, բայց վերջին պահին. «Թումբանիս գոտին կտրվեց, թումբանս ընկավ ոտքերս: Մինչեւ վեր քաշեցի, փախան վախկոտները…»:
Մամս աստվածապաշտ էր: Տերունական աղոթքը ամեն օր էր ասում ու ինձ սովորեցնում էր ծնկի գալ Տիրոջ առաջ ու աղոթել: Այն ֆիդայական երգերը, որ մեր կենցաղ մտան անկախությունից հետո, մամս ինձ սովորեցրել է դեռեւս խորհրդային տարիներին: Հեքիաթի նման էր պատմում, ասքի պես, ասում էր՝ Սերոբ Փաշան ամենաքաջ ֆիդային էր, Չաուշը ամենասիրուն հայդուկն էր… Ասում էր՝ Արածանիի ջրով ջրված ձմերուկներն այնքան էին մեծանում, որ վրան նստելիս ոտքերդ գետնից կտրվում էին: Ասում էր՝ մեր մանանան էնքան անուշ համ ուներ՝ քաղցր-անուշ… Հիշում եմ ճաշի ծեսը… Ընտանիքի բոլոր անդամներն իրենց աշխատած վաստակը տալիս էին մամիս, նա տնօրինում էր այդ փողը միանձնյա ու առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու: Ճաշի ժամին մեր 12 հոգանոց ընտանիքը հավաքվում էր սեղանի շուրջ, ամենավերջում գալիս էր մամս՝ իր ամբողջ շուքով: Ճաշից ուշացողը սիրտ չէր անում մոտենալ սեղանին:
… Մամս տանն իր պատվավոր տեղն ուներ՝ իր անկյունը, իր թախտը: Բազմում էր թագուհու նման, ու տուն մտնողը պիտի առաջին բարեւը մամիս տար՝ խոնարհվելով ու համբուրելով նրա ձեռքը:
… Հիմա, երբ մամս չկա, երբ ինքս երեխաներ ունեմ, իմ 9 հոգանոց ընտանիքի թագուհին Սեդա տատս է: Սեդա տատս 52 թոռ ու ծոռ ունի եւ մեկ կոռ (ծոռան երեխա): Սեդա տատս նման չէ մամիս. մեղմ է, ներող, բայց, երբ ես ուզում եմ որեւէ բան արգելել երեխաներիս, ասում են՝ Սեդա տատը թույլատրել է, ու հարցը փակվում է. Սեդա տատի խոսքը չի բեկանվում, չի քննարկվում: Երեխան պիտի հասակ առնի, դաստիարակվի՝ տեսնելով մեծի հարգը, մեծին տրվող պատիվը, լսելով մեծի խրատը, սովորելով մեծի նիստուկացը…
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊՍ
Տիրուհի մամից հետո իմ կյանքի ամենավառ ու լուսավոր կերպարը Հովհաննես պապս էր՝ իր բուսաբանական այգով: Պապս բուսաբանական այգու այգեպանն էր: Նա չորրորդ դասարանի կրթություն ուներ, բայց իսկական մտավորական էր: Մեծ գրադարան ուներ, միշտ գիրքը ձեռքին էր: Ինչ ոգեւորությամբ էր պատմում Սարյանի, Չարենցի մասին… Իմ կյանքի ամենագեղեցիկ տարիներն անցել են բուսաբանական այգում՝ պապիս հետ, նրա վեհաշունչ պատմությունների, նրա սիրելի ծառերի ու թփերի ընկերակցությամբ: Մինչեւ հիմա բուսաբանական այգու ամեն ճյուղ ծանոթ ու հարազատ է ինձ:
Հովհաննես պապիս Օրոջալարում Օվես էին ասում՝ Արջ Օվես: Պապս աժդահա էր, առասպելական ուժ ուներ, մենակ տասը հոգու գործ էր անում: Ես ժառանգել եմ Արջ Օվեսի աշխատասիրությունը ու սերը գիտելիքի հանդեպ, Տիրուհի մամիս վճռականությունն ու տիրականությունը, ես ձեւավորվել եմ այս երկու հրաշալի, վառ ու շքեղ մարդկանց հովանու տակ:
ԵՍ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Իմ բազում հետաքրքրությունների մեջ իրենց գլխավոր տեղն ունեին նկարչությունն ու պարաշյուտային սպորտը: Վաղ տարիքից ես հաճախել եմ ե՛ւ ավիամոդելի ե՛ւ նավամոդելի խմբակ… Ու նկարել եմ: Հետո սկսեցի հետաքրքրվել դելտապլանով, 14-15 տարեկան էի, երբ պատերազմն սկսվեց: Տղաներով կազմավորեցինք «Ազգային լեգեոն» երիտասարդական ջոկատը՝ Սմբատ Հակոբյանի հրամանատարությամբ (իսկ մարտական հրամանատարը Լեւոն Գեւորգյանն էր, որը մեր կողքին մնաց մինչեւ պատերազմի ավարտը): Երբ արդեն որոշեցինք ռազմաճակատ մեկնել, դիմեցինք մեր ղեկավարին՝ Սմբատ Հակոբյանին, ասաց՝ դուք պատրաստ չեք կռվելու, պիտի մարզվեք: Արցախ փախչելու մի քանի անհաջող փորձերից հետո սկսեցի նախապատրաստվել մեր բաժին պատերազմին: Մեր նորաստեղծ մարմնակրթական երիտասարդական միությանը միացան բազմաթիվ պատանիներ: Մենք մարզվում էինք ուժասպառ լինելու աստիճան, սովորում էինք տիրապետել տարբեր զինատեսակների: Ես Արցախ մեկնեցի առաջին հինգ հոգու հետ՝ ես էի, Էդգարը, Գարիկը, Արմենն ու Ռուբենը… Ես երբեք չեմ կարողացել պատմել պատերազմի մասին: Պատերազմը… համատարած լռություն է, երբ ավարտվում են ռումբերի որոտն ու ավտոմատների կրակահերթերը… Պատերազմը ազատագրված հող է՝ թշնամու եւ յուրայինի հենց նոր թափված արյունը վրան… Պատերազմը ականի վրա պայթած ընկերոջդ կիսաբաց աչքերն են, նրա սպանված ժպիտը… Պատերազմն արնաշաղախ ընկերոջդ կյանքի համար սրտիդ, ուղեղիդ, մարմնիդ բոլոր բջիջների մեջ տրոփող աղոթքն է… Երբ մեր «ուազիկը» պայթեց ականի վրա, յոթ հոգով էինք մեքենայի մեջ, միայն ես ու Արտյոմը ողջ մնացինք… Արտյոմը ոտքը կորցրեց, ես պրծա ցնցակաթվածով եւ բազմաթիվ սալջարդերով… Սա է պատերազմը:
… Արցախյան պատերազմում հաղթեց Կամավորականը: Արցախյան պատերազմը ժողովրդական-հայրենական կռիվ էր, ազգային կռիվ էր: Մի խմբի, մի կուսակցության պայքար չէր, մի ամբողջ ժողովրդի հավաքական-պատմական կռիվն էր իր անհատնում կորուստների ու իր ոտնահարված արժանապատվության համար: …Տիրուհի մամիս ու մարագում այրված նրա ընտանիքի կռիվն էր: Տուն, ընտանիք, ինչք կորցրած Մկրտիչ պապիս չսպիացող ցավի կռիվն էր: Այդ կռիվը մենք չէինք կարող տանուլ տալ: Մենք յուրահատուկ ազգ ենք: Մեր մեջ՝ յուրաքանչյուր հայի մեջ ինչ-որ ազնվական ինքնիշխանություն կա, անհպատակ ոգի: Էդ ոգին է մեզ 21-րդ դար հասցրել: Էդ ոգին է այսօր սահմանին կանգնած 18-20 տարեկան զինվորի մեջ, որը չի փախչում ադրբեջանցիների էլիտար ստորաբաժանման առաջ, այլ կանգնում է սեփական հողի վրա ու կռվում է հանուն հայրենիքի: Հանիր այդ ոգին՝ հայից ոչինչ չի մնա: Ուստի Հայաստանը մտահոգեւոր մեծ ներուժ ունի: Մեր հոգեւոր-մշակութային ժառանգությունը թագավորական պալատներում չի գոյացել, հասարակ հայ մարդն է եղել այդ ժառանգության կրողը, ազնվածին զինվորականների նման պահել են հայկական հողը:
Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Հոգևոր-մշակութային