ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆ ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ
Ապրիլի 2-ին «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկեցին ՀՀ պահեստազորային կազմի սակրավորների ուսումնական հավաքները: Վարժանքների սկիզբն ազդարարվել էր դեռ մեկ օր առաջ` ապրիլի 1-ին. համապատասխան տարածքային զինկոմիսարիատներ ներկայացած պահեստազորայինները զինվորական հանդերձանք էին ստացել, հրահանգավորվել, յուրաքանչյուրն արդեն ունեցած կոչման և պատրաստության աստիճանի համաձայն նշանակվել էր կոնկրետ ստորաբաժանման կազմում: Զորավարժարանում կարճ ժամանակում ստեղծվել էր զինվորական վրանային ավան՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Ապրիլի 2-ին սկսվեց հավաքների դաշտային` գործնական փուլը: Առավոտյան ինժեներական զորքերի վարչության պետ գեներալ-մայոր Ոստանիկ Ադոյանը անձնակազմի շարային ստուգատես անցկացրեց, որից հետո սկսվեցին գործնական պարապմունքները: Հավաքների նպատակներին ու մանրամասներին ծանոթացրեց կազմզորահավաքային վարչության պետ գնդապետ Ա. Մարտիկյանը:
-Հավաքը զինված ուժերի մարտական պատրաստության ծրագրով նախատեսված պլանային միջոցառում է, ներգրավված են Արմավիրի և Էջմիածնի շրջանների տարածքային զինկոմիսարիատներին կցագրված մինչև 45 տարեկան պահեստազորայինները: Պահեստազորային կազմի ռազմական հմտությունների կատարելագործման վարժանքների անցկացումը ամրագրված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, նպատակը, տվյալ դեպքում, նրանց որպես սակրավոր վերապատրաստելն ու պատրաստելն է, պահեստում ռազմականորեն գրագետ ուսուցանված մարդկային ներուժ ունենալը:
Գնդապետն առանձին անդրադարձավ աշխատող մասնակիցների դրամական փոխհատուցման խնդրին: Օրենքով ՀՀ ցանկացած քաղաքացի սահմանված կարգով կարող է զորակոչվել նման հավաքներին մասնակցելու համար, և գործատուն պարտավոր է ապահովել աշխատակցի ներկայությունը, իսկ վերջինս էլ որոշակի դրամական փոխհատուցում կստանա պետության կողմից: Նաև հավելեց, որ հետագայում նմանատիպ վարժանքներ կանցկացվեն մյուս զորատեսակներում ևս:
Գեներալ-մայոր Ոստանիկ Ադոյանը նշեց, որ հավաքի անցկացման ժամանակը պատահական չի ընտրված. ներկայումս «Բաղրամյան» զորավարժարանում դաշտային վարժանքներ է անցկացնում ինժեներասակրավորային գնդի ուսումնական գումարտակը, որի ուսումնանյութական բազայի հիման վրա էլ կազմակերպվելու է պահեստազորայինների ուսումնական գործընթացը: Խորհրդանշական կլինի նաև ավագ և կրտսեր սերունդների համագործակցությունը, ինչու չէ, նաև մրցակցությունը, պարտադիր ժամկետային զինծառայողները կգիտակցեն, որ միայն երկու տարի բանակում ծառայելով հայրենիքի պաշտպանության գործը չի սահմանափակվում:
Գեներալ-մայորը նախանշեց հավաքի մասնագիտական պարապմունքների հիմնական ուղղությունները` կկատարվեն ականապատման, ականազերծման, պայթյունային արգելափակման աշխատանքներ սովորական և մեխանիզացված ճանապարհներով, ինժեներական ուսումնական տեխնիկայով խնդիրներ կկատարեն մեխանիկ-վարորդները: Առաջին օրն արդեն անձնակազմը ծանոթանում էր ականորսիչների անհատական միավորների գործողության կարգին և հնարավորություններին, ուսումնական տեխնիկան էլ դուրս էր եկել երթի:
Պահեստազորը մեր երկրի ռազմական ներուժի մի մասն է, որի ունակությունների բարձրացումը, անկասկած, կօգնի հարկ եղած դեպքում արագ և արդյունավետ դիմակայել անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին: Կարևոր է, որ դա գիտակցում էին հավաքի մասնակիցները` բանվոր, գյուղացի, բանկային մասնագետ, պետական համակարգի աշխատակից և այլք:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան
Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան