Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՆԱՎԵՐ ԵՐԱՄ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Իրոք, մի շաբաթ հետո եղբորս թուրք գերիների հետ բերեցին Էրզրում… Հարություն եղբայրս դիմեց Ազգային խորհրդին, նրանց միջնորդությամբ մի կերպ ազատեցին: Մի երեկո տեսանք՝ երկու եղբայրս միասին կառքով դռանը կանգնեցին… Ինչ երջանիկ օր էր, չեմ կարող նկարագրել… Բոլորս միանգամից վրա թափվեցինք, գրկեցինք եղբորս, միայն Արմենն էր, որ իրեն զսպված էր պահում: Սակայն տեսա՝ զույգ աչքերից արտասուք է թափում՝ առանց ձայն հանելու: Նա այնքան համեստ էր ու ամաչկոտ, որ չէր համարձակվում մոտենալ հորը: Ապա հայրը որքան համեստ էր… Բոլորիս փաթաթվեց, համբուրեց, դրանից հետո տեսանք, որ հայացքով որոնում է մեկին… Մայրս անմիջապես զգաց, գնաց, Արմենի ձեռքից բռնելով՝ առաջ բերեց, ասաց.

-Արմե՛ն ջան, հայրիկդ է եկել, մոտեցիր, թող քեզ համբուրի, կարոտն առնի…

Արմենը գլուխը կախ մոտեցավ հորը, իսկ հայրը նույնպես գլուխը խոնարհեց և միայն ձեռքը գցեց ուսին, հարցրեց.

-Ինչպե՞ս ես, Արմենի՛կ…

Ձայնը խզվեց, և այլևս ոչինչ չկարողացավ խոսել…

Քիչ հետո բոլոր գյուղացիները լցվեցին մեր տուն… Մինչև լույս երգեցինք, պարեցինք, ուրախացանք: Առավոտյան հյուրերը ցրվեցին, մենք մի քիչ հանգստացանք: Նորից սկսեցին ամեն կողմից, հեռու և մոտակա գյուղերից խումբ-խումբ մարդիկ գալ: Յուրաքանչյուրը հարցնում էր իր կորած հարազատի մասին… Մի ամբողջ շաբաթ՝ գիշեր ու ցերեկ անընդհատ գալիս էին ու գալիս… Խեղճ եղբայրս ուժասպառ եղավ պատմելով ու պատասխանելով…

Մեկ շաբաթ էր անցել, երբ պատահեց անսպասելի մի դժբախտություն: Արմենը հիվանդացավ… Փոխադրեցինք Էրզրում՝ բարեգործական ընկերության հիվանդանոց: Երեք օր պառկելուց հետո դրությունը լրջացավ: Բժիշկները, հույսը կտրած, դուրս գրեցին: Համարյա կիսակենդան բերեցինք տուն: Տեսանք՝ ամբողջ մարմինը պատված է սև մեծ-մեծ բծերով… Մայրս սկսեց գլխին խփել… Փրկություն չկա ձագուկիս… Ամբողջ գիշեր չքնեցինք: Խեղճ եղբայրս կռացել, չորացել էր, ոչ մի բառ չէր արտասանում…Ես ընկած էի նրա կողքին… Լուսացավ… Ծագեց արևը, բայց մեզ համար խավար էր թվում: Ծագեց արևը, Արմենը մարեց… Ի՜նչ սարսափելի օր էր… Այդ վայրկյանին բոլորիս սրտերը փլվեցին, այնպիսի մի լաց ու շիվան սկսվեց, որ նույնիսկ թշնամուս չեմ ցանկանում… Մայրս ասաց.

-Գալո՛ւստ ջան, նա քեզ համար ուխտ էր արել, ես լսել էի, որ ասում էր՝ թող հայրիկս գա, ես մեռնեմ…

…Նա իմ մանկության ընկերն էր, իմ զինակիցը… Արմենից հետո ինձ համար վերջացավ ամեն ինչ, այլևս ո՛չ չարություն էի անում, ո՛չ խումբ կազմում, ո՛չ կռիվ անում: Դարձա մի աղոթած գառ…

Մի ամիս հետո ռուսական զորքն սկսում է ռազմաճակատից հետ քաշվել՝ թողնելով ամեն ինչ… Այնտեղ, որտեղ կանգնած էր ռուսական մեծ դիվիզիան, մնում է հայերից հարյուր-հարյուր հիսուն զինվոր… Կիպրանոսից տեղեկացանք, որ ռազմաճակատում զորք չկա, եղածն էլ անվարժ մարդիկ են, ռուսահայերը չեն մնում, նրանք նույնպես գնում են ռուսների հետ… Ղարսեցիք ասում են. «Մենք կգնանք մեր Ղարսը կպաշտպանենք»… Ալեքսանդրապոլցին՝ նույնը, երևանցին, ղարաբաղցին, բոլորը նույն բառերն են կրկնում: Նրանք չեն մտածում, որ եթե թուրքը գրավեց Երզնկան, Էրզրումը դրանից հետո կգրավի նաև Ղարսը… Ռուսները այնքան զինամթերք են թողել, որ եթե քսան տարի էլ կռվենք, մեզ բավական է…

Եկավ 1918թ. հունվար ամիսը: Սև ամպեր դարձյալ կուտակվեցին երկրի վրա: Մեկ մետրի չափ ձյուն էր եկել, գյուղից գյուղ գնալու ճանապարհ չկար… Լուր ստացանք, որ թուրքերը Երզնկայի կողմից անցել են հարձակման, մերոնք դիմադրում են… Մուրադը կարգադրել էր, որ ժողովուրդը գաղթի: Սկսել էին գաղթել: Երզնկայից մինչ մեր գյուղը Եփրատ գետի ափով խճուղի կար, խճուղին անցնում էր ձորի միջով… Ժողովուրդը գաղթելով գալիս էր ձորով… Դերսիմի քրդերը, այդ իմանալով, հարձակվում են և թիկունքից կտրում ճանապարհը, քանդում կամուրջը: Ժողովրդին ոչ մի ելք ու փրկություն չի մնում…

ԼԵՎՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Հոգևոր-մշակութային


26/06/2014