ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ`ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
Հունիսի 16-ից 20-ը մեր 10 հոգանոց պատվիրակությունը՝ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանի եւ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչության պետ, գնդապետ Արթուր Անդրեասյանի գլխավորությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցեց «Ժողովրդավարությունը զինված ուժերում» թեմայով սեմինարին: Պատվիրակության անդամները ծանոթացան ԳԴՀ ԶՈՒ կառավարման նոր փիլիսոփայությանը, օրենսդրությանը եւ զինվորականների իրավունքներին, համալրման սկզբունքներին:
Սեմինարավարներից նավատորմի 1-ին կարգի կապիտան Պեդինգհաուսը իր զեկույցում նշեց, որ գերմանական բանակի յուրաքանչյուր զինծառայողի համար այսօր կարգախոս է Սահմանադրության 1-ին հոդվածը, ըստ որի՝ «Մարդու արժանապատվությունն անձեռնմխելի է: Այն հարգելը եւ պաշտպանելը պետական ողջ իշխանության պարտականությունն է». «Նախկինում զինծառայողը երդվում էր ծառայել մեկ անձի եւ ոչ թե համակարգին կամ պետությանը, երդվում էր հնազանդվել անվերապահորեն՝ պարտավորվելով իրականացնել բոլոր հրամանները անկախ նրանց օրինականությունից: Այսօր զինծառայողը երդվում է հավատարմորեն ծառայել Գերմանիայի Դաշնությանը, հրամաններ կատարելիս առաջնորդվել խղճով, ինչը բացակայում էր նացիստական Գերմանիայում»:
Գերմանական բանակի զինվորականին ներկայացվող պահանջներից են` կայանալ որպես ազատ անհատականություն, լինել մարտունակ, պատասխանատու եւ ակտիվ` հասարակական կյանքի տարբեր բնագավառներում. «Մեր զինծառայողներն իրավունք ունեն մասնակցելու քաղաքական կյանքին, քաղաքական գործունեություն ծավալել, բայց պարտավոր են հավատարիմ լինել հասարակական սկզբունքներին: Զինծառայողները աշխատում են նաեւ տեղական կառավարման մարմիններում, կարող են ընտրվել որպես պատգամավոր, սակայն այդ դեպքում տարկետում են վերցնում: Քանի որ անվտանգության հարցերում բոլոր կուսակցությունները համակարծիք են, տարաձայնություններ չեն առաջանում: Մենք խրախուսում ենք ներգրավվածությունը հասարակական կյանքում: Գովելի է, երբ զինծառայողը աշխատում է, օրինակ՝ որպես մարզիչ: Այսպիսով՝ մենք զինված ուժերն ինտեգրում ենք հասարակության եւ պետության շարքերը, դրական կարծիք ենք ձեւավորում բանակի նկատմամբ»:
Զեկույցներից նաեւ պարզ դարձավ, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը շատ է կարեւորում ընտանիքի համատեղելիությունը ծառայության հետ. «Մեր նախարարն ասում է, եթե տանը ամեն ինչ լավ է, ապա զինծառայողը կարող է 100 %-ով ներդնել ուժերը: Նախարարը նախատեսել է մի շարք ծրագրեր, թե ինչպես կազմակերպել զինծառայողների երեխաների, ընտանիքների խնամքը, օրինակ՝ զինծառայողների երեխաները հնարավորություն կունենան մեկ ժամ ավելի մնալ մանկապարտեզում: Հնարավոր է՝ շուտով զինծառայողները կես դրույքով ծառայեն, ինչը, իհարկե, կիրառելի չէ հրամանատարական պաշտոններ զբաղեցնողների համար: Նախատեսվում է ստեղծել խորհրդատվական կենտրոններ: Դրանց օգնությանը հնարավորություն կունենան դիմելու այն ընտանիքները, որոնց անդամներից մեկը մեկնել է խաղաղապահ առաքելության: Մեզ մոտ զինծառայողը երեք տարին մեկ փոխում է ծառայության վայրը, ինչը նաեւ բազում խնդիրներ է առաջացնում զինծառայողի ընտանիքի համար: Նոր նախարարը նախատեսել է մի շարք նորամուծություններ նաեւ այս ոլորտում: Օրինակ՝ զինծառայողի տեղափոխությունը կատարվում է ուսումնական տարվա նախաշեմին, ինչը դյուրացնում է երեխայի՝ նոր դպրոց տեղափոխվելու հարցերը: Նաեւ՝ եթե զինծառայողը ուզում է զինվորական կարիերա ստեղծել, ուրեմն պարտավոր է տեղափոխվել, եթե ոչ՝ ապա կարող է շարունակել ծառայությունը նույն վայրում»:
Սեմինարավարներից փոխգնդապետ Գերստերն իր զեկույցում անդրադարձավ ներքին առաջնորդման հայեցակարգին եւ կարեւորեց շարժառիթավորումը (մոտիվացիան). «Իր գործը լավ կարող է անել այն մարդը, որը սիրում է տվյալ գործը: Զինծառայողին մոտիվացնելու հարցում կարեւոր է առաջադրանքների միջոցով ղեկավարման մեթոդը, այլ ոչ թե հրամանների: Ես իմ ենթասպային առաջադրանք եմ տալիս, բայց չեմ ասում, թե ինչպես կատարի: Որոշողը ինքն է: Այսպիսով՝ ես չեմ սահմանափակում նրա՝ որոշումներ ընդունելու ազատությունը: Եթե քայլ առ քայլ բացատրում ես անելիքը, նշանակում է՝ պարտավոր ես նաեւ քայլ առ քայլ հետեւել ընթացքին, մյուս կողմից էլ՝ խնդիր առաջանալու դեպքում առաջադրանքը խափանվում է: Սակայն սխալների դեպքում ես պարտավոր եմ կանգնել իմ ենթակայի թիկունքին: Մեզ համար անընդունելի է հետեւյալ մոտեցումը՝ եթե ամեն ինչ լավ է՝ ապրի հրամանատարը, եթե ինչ-որ բան սխալ է, մեղավոր է ստորադասը»:
Իհարկե, կան դեպքեր, երբ հրամաններ քննարկելը նպատակահարմար չէ. «Պատկերացրեք՝ առագաստանավով դուրս ենք գալիս ծով, եւ եղանակը վատանում է, այս պարագայում իմ տված հրամանը պետք է կատարվի անհապաղ, որ առագաստանավը փրկվի նավաբեկությունից, իսկ եթե քննարկենք, մեր փրկվելու հնարավորությունները կնվազեն: Հրամանը պետք է քննարկել փոթորիկից հետո եւ որոշել՝ արդյոք ես ճի՞շտ էի, թե՞ ոչ»:
Պատվիրակության անդամներս այցելեցինք Դաշնային խորհուրդ, մեզ ընդունեց նաեւ բանակի հարցերով հանձնակատարը: Հանդիպումներ ունեցանք նաեւ գերմանական Բունդեսթագի անդամների հետ, որոնք, ի դեպ, բարձր գնահատեցին հայ խաղաղապահների մարդկային որակներն ու մարտական պատրաստությունը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական