ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԽՐԱՆՔ, ՔԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԶՈՀԱԲԵՐՎԵԼԸ
Զրույց «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։
-Տիկին Ռուզաննա, մեր զրույցի առիթը Ձեր հիմնադրած հասարակական կազմակերպությունն է, որը, ինչպես հուշում է անունը, պիտի զբաղվի պաշտպանության համակարգի առողջապահության կազմակերպման խնդիրներով և ռազմական բժիշկներին առնչվող տարատեսակ հարցերով։ Այսօր մենք «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիային» կանդրադառնանք փոքր-ինչ ուշ…, որովհետև ես չեմ կարող շրջանցել այն իրողությունը, որ Դուք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինն եք (դա անկեղծ չի լինի) և չեմ կարող չբավարարել մեր բազմահազար ընթերցողների հետաքրքրությունը… Ինչո՞ւ եք որոշել զբաղվել հասարակական գործունեությամբ, Ձեզ հերիք չէ՞ր ազգային հերոս Սեյրան Օհանյանի կինը լինելու երջանկությունն ու փառքը…
-Հարցը շատ անկեղծ էր, ուղիղ, առանց տողատակերի, ու ես նույնքան անկեղծ էլ կպատասխանեմ։ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» հիմնադրելու նպատակը բնավ էլ իմ երջանկությունն ու փառքը բազմապատկելը չէր։ Ես մասնագիտությամբ բժիշկ եմ, և լինելով պաշտպանության նախարարի կին, չէի կարող անմասն մնալ հատկապես զինվորի առողջությանը վերաբերող խնդիրներից։ Երբ որևէ զինվոր է մահացել հիվանդության պատճառով կամ զրկվել է առողջությունից, ես եղել եմ ցավի, հույզերի, ապրումների էպիկենտրոնում և՛ որպես բժիշկ, և՛ որպես պաշտպանության նախարարի կին… Բնական է, որ ծանոթ եմ բանակի առողջապահական խնդիրներին ու երկար տարիներ ուսումնասիրել եմ։ Ես կարող եմ ասել, որ իմ ստեղծած կազմակերպությունը նպատակ ունի օգնելու ռազմական բժիշկներին, նրանց աշխատանքը դարձնելու առավել արդյունավետ, խթանելու զինվորի առողջության պահպանման կարևորագույն ձեռքբերումները… Բայց դա կլինի կես ճշմարտություն, եթե չավելացնեմ, որ… ես տեսել եմ, թե յուրաքանչյուր զինվորի կորուստ ինչպես է մինչև հոգու խորքը հուզում-ցնցում պաշտպանության նախարարին, և այս հանգամանքը նույնպես մեծ դրդապատճառ է ստեղծելու մի հասարակական կազմակերպություն, որը կջանա իր հնարավորությունների չափով աջակցել զինվորի ու սպայի առողջության պահպանման գործին։
-Կազմակերպությունը նոր է հիմնադրվել, և օրինաչափ կլիներ, որ մենք զրուցեինք Ձեզ հետ, երբ կառույցը որոշակի աշխատանք կատարեր, ցույց տար իր ձեռագիրը։ Սակայն մենք, որպես հասարակական պահանջի ու հետաքրքրությունների արտահայտող, պարտավոր ենք պատասխանել ժողովրդի այն հարցին՝ թե ով է Ռուզաննա Խաչատրյանը Սեյրան Օհանյանի կինը լինելուց բացի, ի՞նչ կենսագրություն ունի, ի՞նչ ճանապարհ է անցել, որտեղի՞ց է գալիս, ի՞նչ արժեքներ է կրում։ Ինչո՞վ է երաշխավորվում նրա հասարակական գործունեության արդյունավետությունը, ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ նրանից։
-Սիրով կպատասխանեմ։ Ծնողներս երկուսն էլ Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից են։ Հայրական կողմի նախնիներս եղել են հոգևորականներ, գրի-գրականության մարդիկ, հայտնի իրենց լուսավորչական գործունեությամբ, առաջադեմ հայացքներով։ Մայրական կողմս սերել է Շուշիի Մելիքներից։ Այդ գերդաստանի ամենաբնորոշ հատկանիշը ըմբոստությունն է ու պայքարի ոգին։ Հպարտ, քաջ, անկորնչելի տեսակ են։ Մի ասքանման, վեհաշունչ պատմություն կա պապերիս մասին, որ փոխանցվում է սերնդեսերունդ։ Կոթիի մերձակա ադրբեջանական գյուղերից մեկի յոթ թուրք եղբայրները ճնշում, ահուսարսափի մեջ էին պահում հայ բնակչությանը, ստիպում էին «հարկ» վճարել, խլում էին նրանց ինչքը, անասունը, ըմբոստացողներին սպանում էին։ Այդպես սպանում են նաև Օհաննես պապիս հորեղբոր տղային՝ Մելքոյին։ Եվ պապիս հայրը՝ Արտեմը (նրանք հինգ եղբայր էին), որոշում է վրեժխնդիր լինել։ Հինգ եղբայրները երդվում են մինչև վերջին մարդը վերացնել թուրք արյունարբու գերդաստանի տղամարդկանց… Երբ բոլորն սպանվում են, և մնում է միայն գերդաստանի վերջին տղամարդը՝ Սարին, հայրը կանչում է Օհաննես պապիս ու ասում՝ Սարիին դո՛ւ պիտի սպանես, քո խարջն է։ Սարին, բնականաբար, գիտեր, որ վերջին թիրախը ինքն է, և թաքնվում էր։ Պապս ամիսներ շարունակ դարանակալում է, համոզված, որ Սարին օրերից մի օր կայցելի կնոջն ու երեխային։ Ու մի օր, երբ Սարին գաղտագողի մոտենում է կնոջն ու բարուրի մեջ փաթաթված երեխային, պապս, հրացանով նշան բռնած, ձայն է տալիս՝ Սարի՛… Սարին շրջվում է ու հաշտ հուսահատությամբ հարցնում՝ եկա՞ր, Օհաննե՛ս։ Եկա՛, ասում է պապս, եկա՛ Մելքոյի վրեժը լուծելու։ Ու դիմահար կրակում է։ Ի դեպ, մերոնք երբեք թիկունքից չեն խփել թուրքերին, գաղտագողի չեն կրակել, այլ Օհաննես պապիս նման՝ դեմ առ դեմ, շիտակ, հերոսաբար՝ արյամբ լվանալով թափված արյունը…
-Ես նայում եմ Ձեզ… այնպիսի իրարամերժ, հակասական հույզեր կան Ձեր դեմքին՝ և՛ հպարտություն, և՛ ցավ, և՛ ցասում, և՛ խղճահարություն, և՛ պաթոս, և՛ ափսոսանք…
-Պատմությունը դեռ չի ավարտվել… Երդումը մինչև վերջ ի կատար ածելու համար պապս պիտի բացեր բարուրն, ու եթե երեխան տղա լիներ…
-Ես կուզեի, որ տղա չլիներ…
-Տղա էր… Թրքուհին հասկանում է ու սկսում արտասվել։ Պապս նայում է թուրքի արու զավակին ու… չի կարողանում բարձրացնել հրացանը։ Հետո մի շատ տարօրինակ, անվերծանելի նախադասություն է արտասանում, ասում է՝ թող սա մեծանա ու իր վրեժն առնի ինձնից։
-Երևի ուզում է ասել՝ ինքը վստահ է, որ արնախում է մեծանալու, բայց, միևնույն է, չի կարող զենք բարձրացնել անպաշտպան երեխայի վրա, եթե անգամ նա թուրք է…
-Ես կրում եմ «Տերտերանց» ուսումնատենչ ու բարեպաշտ հոգևորականների լույսը իմ հոգում և «Մելիքանց» անընկճելի ոգին։
-Դուք Կոթիո՞ւմ եք մեծացել։
-Հայրս ուսուցիչ-գիտնական էր, մայրս տնտեսագետ։ Նրանք Երևանում էին ապրում, երբ ծնվեցինք ես ու երկու քույրերս (ես միջնեկն եմ)։ Բայց այնպես է ստացվել, որ ես Կոթիում եմ ծնվել, ու հայրս այդ հաճելի փաստը արձանագրել է ծննդականիս մեջ։ Թեև մենք Երևանում ենք ապրել, բայց շատ կապված ենք եղել Կոթիի հետ, իմ կյանքի ամենագեղեցիկ ու երանելի օրերը անցել են Կոթիի սարերում…
Իսկ մեր երևանյան բնակարանը Սիլաչի թաղամասում էր, մի շատ համեստ, բայց սիրով, ջերմությամբ ու ներդաշնակությամբ լի տուն էր։ Համեստ ասացի՝ հիշեցի մեր «Պետրոֆ» դաշնամուրը, որը տատս էր գնել՝ ամիսներ շարունակ հավաքելով իր թոշակը։ Եվ այդ թանկարժեք, վեհաշուք դաշնամուրը ոչ մի կերպ չէր ձուլվում մեր տան անշուք պատերին ու էժանագին կահույքին…
-Դուք դաշնամո՞ւր եք նվագում։
-Ո՛չ, քույրս է դաշնամուր նվագում, ես երաժշտական դպրոցի ջութակի բաժինն եմ ավարտել գերազանց գնահատականներով։ Ի դեպ, հանրակրթական դպրոցը նույնպես գերազանցությամբ եմ ավարտել։ Ես աշխույժ, կենսուրախ, ակտիվ, վառվռուն երեխա էի, դպրոցական բոլոր միջոցառումների շունչը։ Շատ էի սիրում հումանիտար առարկաները՝ լեզուները, գրականությունը, երազում էի թատերաքննադատ դառնալ։
-Նախքան հարցազրույցը ես, բնականաբար, հետաքրքրվել եմ Ձեր կենսագրությամբ և պարզել եմ, որ Դուք ֆիզմաթ թեքումով դպրոց եք ավարտել։ Ի դեպ, ինչո՞ւ թատերագետ չդարձաք…
-Ավագ քույրս ֆիզմաթ թեքումով դպրոցում էր սովորում, ես՝ ֆրանսիական թեքումով։ Մի օր քույրս ասաց. «Ինչ լավ է, որ դու մեր դպրոցում չես սովորում, շատ կդժվարանայիր, որովհետև մեր Գյոզալյանը… մեր այսինչյանը…»… Եվ ամեն ինչ որոշվեց հենց այդ պահին. հաջորդ տարի ես ֆիզմաթ թեքումով դպրոցի աշակերտուհի դարձա։
-Ահա… Դուք հավակնոտ եք…
-Այո՛, ես հավակնոտ եմ։ Իմ նպատակները միշտ էլ համարձակ են եղել։ Բայց ես հաղթահարել եմ։ Ես աշխատել եմ գերմարդկային ուժերով, բազմաթիվ զրկանքների եմ ենթարկել ինձ, բայց չեմ մնացել կեսճանապարհին։
-Դուք նկատի ունեք Ձեր կրթությունը Ֆրանսիայում։
-Մի փոքր հեռվից սկսեմ ու պատասխանեմ այն հարցին, թե ինչու թատերագետ չդարձա։ Մայրս երազում էր, որ իր երեք դուստրերն էլ բժիշկ դառնան, ու երեքիցս և ոչ մեկը սիրտ չարեց հակառակել նրան։ Ի դեպ, մայրական կողմից հարազատներիս մեծ մասը բժիշկ է։ Ես բարձր գնահատականներով ավարտեցի Երևանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետը, սկսեցի աշխատել։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ ֆրանսիացի բժիշկները երիտասարդ հայ բժիշկներին վերապատրաստելու ծրագիր էին իրականացնում Հայաստանում։ Մասնակցեցի մրցույթին։ 70 դիմորդներից ընտրվեցին 4-ը, այդ թվում՝ ես։ Գիտեք, ես միշտ ձգտել եմ առավելագույնին, ջանք չեմ խնայել լավագույնին հասնելու համար։ Ես պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ, դժվարություններն ինձ չեն կարող կոտրել, եթե ներշնչանք ունեմ։ Ես զգացմունքի մարդ եմ, ինձ ապրում է պետք, խթան, խանդավառություն… Ես չեմ կարող ապրել առանց վեհության, գեղեցիկի, հպարտության…. Չեմ ուզում պատմել, թե ինչ դժվարություններ հաղթահարեցի Ֆրանսիայում ուսանելու համար, թե ինչ տիտանական ջանքեր են թաքնված իմ ամեն մի հաջողության, ամեն մի ձեռքբերման հետևում… Ինքս էի հոգում իմ կենցաղային հոգսերը… Աշխատում էի առավոտից իրիկուն, որպեսզի ոչ ոքի թույլ չտամ խղճալու ինձ կամ վերևից նայելու (հատկապես արտասահմանցի գործընկերներիս)։ Ես հրաժարվել եմ անվճար տրված անմխիթար հանրակացարանից ու ապրել եմ բարեկարգ ու հարմարավետ բնակարանում, ֆրանսիացի գործընկերներս ինձ տեսել են ամենանրբաշուք հագուստով ու արդուզարդով… Ինչը ինձ երբեմն չէր ներվում… Ես էսթետ եմ, գեղեցիկի սիրահար ու որոշեցի մասնագիտանալ իմպլանտոլոգիայի ասպարեզում։ Մարդկանց գեղեցիկ, առողջ ու հմայիչ ժպիտ պարգևելու հեռանկարը ոգևորել էր ինձ։ Մի հրեա բժշկուհի, իմանալով, որ ընտրել եմ իմպլանտոլոգիան, բառացիորեն երեսիս շպրտեց. «Իմպլանտոլոգիա՞… քո ժողովուրդը հաց չունի ուտելու, դու ուզում ես շոկոլադ հրամցնել նրան»։ Ես ցնցվեցի։ Մինչև հոգուս խորքը խոցվեցի… Հիմա մտածում եմ՝ եթե չլինեին այդ կնոջ խոսքերը, գուցե չկարողանայի հաղթահարել այն գերմարդկային դժվարությունները, որոնց միջով անցա։ Իմ դեմ չարակամների ու թերահավատների մի բանակ ձևավորվեց։ Ես պարապում էի անհավանական ջանասիրությամբ ու ծրագիրը յուրացրի… Սակայն չկարողացա հաղթահարել հոգեբանական պատնեշը և հիվանդացա։
-Անկոտրում կամքի հետ՝ Դուք նաև խոցելի եք փաստորեն։
-Ես ստիպված էի դիմել հոգեբանի։ Նա ինձ խորհուրդ տվեց մի քիչ հանգստանալ: Եկա Հայաստան ու հենց այդ ժամանակ էլ հանդիպեցի Սեյրան Օհանյանին։
-Նա Արցախի պաշտպանության նախարա՞րն էր։
-Այո՛։ Նրան տեսա Ֆրանսիայի հյուպատոսի տանը։ Գեներալական համազգեստով էր, ինչ-որ աննկարագրելի վեհություն ու ակնառու հմայք կար նրա կեցվածքում, ինչ-որ բարձր, ամուր, ազնիվ, հուսալի շեշտ… Ֆրանսիացիները ճաշկերույթ էին կազմակերպել։ Բազմաթիվ բաժակներով, ափսեներով, դանակ-գդալ-պատառաքաղներով բեռնված սեղանի կողքին ֆրանսիացիները սևեռուն հետաքրքրասիրությամբ նայում էին վերջերս պատերազմ տեսած, նոր անկախացած ու դեռ չճանաչված փոքրիկ երկրի երիտասարդ գեներալին, որը պիտի նաև սեղանապետություն աներ։ Ու սիրտս բաբախում էր ուժգին՝ կկարողանա՞ արդյոք իմ երկրի գեներալը պատվով դուրս գալ այս փորձությունից։ Ես ուզում էի, որ նա անթերի լինի։ Չեմ ուզում մանրամասնել. Սեյրան Օհանյանը ոչ միայն ինձ, այլև ֆրանսիացիներին զարմացրեց իր նրբավարությամբ, անբռնազբոս պահվածքով, զրուցելու վարպետությամբ, ինտելեկտով, հումորով։ Նա հիասքանչ էր։ Նայում էի ֆրանսիացիների ժպտուն, հիացած հայացքներին, ու հոգիս փառավորվում էր հպարտությունից։ Հիշում եմ՝ երբ սեղանակիցներից մեկը հարցրեց Սեյրան Օհանյանին՝ ոստրեները համո՞վ էին, հավանեցի՞ք, գեներալը մեղմ ժպիտով պատասխանեց՝ այո՛, հատկապես վրան մզած լիմոնը։
Ես այնպես ներշնչվեցի այդ հերոսական, ազնվակերտ ու վեհանձն գեներալով, այնպիսի ներքին ուժ ստացա նրանից, որ բոլոր վիրավորանքներս, կասկածներս, հիասթափություններս նահանջեցին։ Օրեր անց վերադարձա Ֆրանսիա ու փայլուն հանձնեցի քննություններս։ Երբ ամեն ինչ հաջող ավարտվեց, այնուամենայնիվ, ես շնորհակալություն հայտնեցի հրեա կնոջը, որի կարծիքով՝ շոկոլադը Հայաստանի համար չէ։ Որովհետև, եթե չլիներ վիրավորված ազգային արժանապատվությունս, գուցե ես չկարողանայի դիմակայել դժվարություններին։
-Երբ ես պարոն Օհանյանի հետ հարցազրույց էի անում, նա ասաց. «Հերոսանալն այնքան դժվար չէ, որքան ամեն օր, ամեն ժամ հերոսի կերպարը պահպանելը»։ Ինձ շատ հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է պատերազմի դաշտում հերոսացած մարդը կենցաղային հարաբերություններում։ Սովորական մա՞րդ է, թե էլի բացառիկ է, արտասովոր է։
-Հայտնի խոսք կա. «Մարդիկ ու արձանները իրարից տարբերվում են նրանով, որ երբ մոտենում ես արձաններին, արձանները մեծանում են, երբ մոտենում ես մարդկանց, մարդիկ փոքրանում են»։ Սեյրան Օհանյանը այն բացառիկ մարդկանցից է, որ ինչքան մոտենում ես, այնքան մեծանում է։ Գուցե դա է պատճառը, որ ես երբեք չեմ կարողացել Սեյրան Օհանյանին վերաբերվել որպես սովորական մարդու՝ ամուսնու։ Իմ անպարագրելի ակնածանքը իշխել է բոլոր զգացմունքներիս։ Սեյրան Օհանյանը դրամատիկ կերպար է։ Նրա խիզախությունն ու գթասրտությունը, վճռականությունն ու ներողամտությունը, անհանդուրժողականությունն ու զգայունությունը մշտապես ներքին հակասություններ են ստեղծում, հույզեր, ապրումներ։ …Երկուսիս համար էլ չկա ավելի մեծ սխրանք, քան հայրենիքի համար զոհաբերվելը, և չկա ավելի մեծ մարդ, քան հայրենիքի համար զոհաբերվելու պատրաստ հերոսը։
-Տիկին Ռուզաննա, Դուք 20 գիտական հոդվածների հեղինակ եք, որոնք տպագրվել են հայկական եւ արտասահմանյան հեղինակավոր պարբերականներում, իսկ 2014 թ.-ին լույս տեսավ Ձեր «Առողջապահության հարցերը ՀՀ զինված ուժերում» մենագրությունը: Դուք առողջապահության նախարարի խորհրդականն եք ռազմակա՞ն առողջապահության գծով, թե՞…
-Երբ Դերենիկ Դումանյանը բժշկական համալսարանի ռեկտորն էր, ինձ առաջարկեց իր խորհրդականի աշխատանքը։ Ի դեպ, իմ թեկնածուական ատենախոսությունը վերաբերում է ռազմական բժշկությանը և ուժային կառույցներում առողջապահության կազմակերպմանը։ Երբ Դերենիկ Դումանյանը նշանակվեց առողջապահության նախարար, դարձյալ ինձ հրավիրեց աշխատելու իր հետ։ Որպես առողջապահության նախարարի խորհրդական, իմ գործունեությունը առնչվում է ուժային կառույցների առողջապահական խնդիրներին։
-Իսկ ի՞նչ խնդիրներ է լուծելու «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիան»։
-Կազմակերպությունը հնարավորություն կտա ռազմական բժիշկներին ունենալու իրենց ամբիոնն ու լսարանը, պատմելու իրենց հոգսերի, խնդիրների, ձեռքբերումների, հաջողությունների մասին, գտնելու պրոբլեմները լուծելու արդյունավետ ուղիներ։ Կազմակերպությունը կդառնա հավաքատեղի ուժային կառույցների բժիշկների համար՝ համագործակցության հնարավորություն ընձեռելով նրանց, դառնալով նոր գաղափարների, մտքերի խթան։ Հնարավորություն կունենանք մեկտեղվելու նաև քաղաքացիական առողջապահության մեր գործընկերների հետ, ստեղծելու միջազգային կապեր։ Կփորձենք գտնել ուղիներ զարգացնելու ռազմական բժշկության գիտական միտքը, աջակցելու, որ ավելանա գիտական գործունեությամբ զբաղվող զինվորական բժիշկների թիվը։ Ի վերջո, այս բոլոր ծրագրերի ամենակարևոր «թիրախը» զինվորի առողջության պահպանումն ու վերականգնումն է։ Ես կարևորում եմ նաև քարոզչական-տեղեկատվական գործունեությունը։ Ժողովուրդը պիտի ճանաչի ռազմական բժիշկներին, առաջին գծում զինվորի կողքին կանգնած բժշկին, որը և՛ մարտիկ է, և՛ բժիշկ։ Այն նվիրյալներին, ովքեր հազարավոր զինվորների կյանքեր են փրկել Արցախյան պատերազմի ժամանակ, բազմաթիվ բացառիկ վիրահատություններ են արել բաց երկնքի տակ ու այսօր նույն նվիրումով շարունակում են իրենց սրբազան գործը։ Պիտի արժանին մատուցել զինվորական բժիշկներին, պիտի ոգևորել նրանց։
-Տիկին Ռուզաննա, հաջողություն եմ մաղթում Ձեր բոլոր ձեռնարկումներին։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում