ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏ
Հունիսի 21-ին մի խումբ հոգևորականներ այցելել են հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր:
Արտերկրում իրենց հոգևոր ծառայությունն իրականացնող սրբազան հայրերն այս օրերին Հայաստանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երկու տարին մեկ անգամ անցկացվող միաբանների հավաքին մասնակցելու նպատակով: Հավաքին ներգրավված մի խումբ հոգևորականներ զինված ուժերի մարտական հենակետերից մեկն այցելելու ցանկություն էին արտահայտել:
Հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետում Հայ առաքելական եկեղեցու սրբազան հայրերը հանդիպում ունեցան տվյալ հատվածի պաշտպանությունն իրականացնող զինծառայողների հետ: Ողջունելով հոգևոր սպասավորներին` մարտական հենակետի ղեկավար կազմը պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրեց մարտական հերթապահության առանձնահատկություններն ու խնդիրները, առկա սպառազինության տեսակները: Սրբազան հայրերը եղան նաև դիտակետերում, հետևեցին դիրքապահ զինծառայողների գործառույթներին:
Շնորհակալություն հայտնելով հայրենանվեր ծառայության համար` հոգևոր հայրերը հենակետի զինծառայողների փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարեմաղթանքներն ու օրհնությունը:
Այցելության ավարտին սրբազան հայրերը ճաշակեցին զինվորական ուտեստներ, լուսանկարվեցին հենակետի անձնակազմի հետ:
Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Բանակ և հասարակություն