Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԸ



1941թ. հունիսի 22-ին Խորհրդային Միության վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ամբողջ աշխարհում, առաջացնելով սարսափի իրադրություն։ Դա հետեւանք էր պատերազմը սանձազերծած գերհզոր ագրեսիվ ուժերի եւ նրանց հակամարդկային պլանների ոչ գերմանացի ազգերին ֆիզիկապես կրճատելու եւ վերացնելու ճանապարհով համաշխարհային տիրապետության հասնելու համար։

Գերմանական բանակները կարճ ժամանակամիջոցում հաղթանակով անցան ամբողջ Եվրոպան, բացառությամբ Անգլիայի։ Բայց գլխավոր պատնեշը Հիտլերը համարում էր Խորհրդային Միությունը եւ չէր սխալվում։

Պատերազմի 7-րդ օրը Կենտերբերգի մայր եկեղեցու վանահայր Խյուլետ Ջոնսոնը գրել է. «Մարդկության ճակատագիրը դրված է քարտեզի վրա… մի կողմում լույսն է եւ առաջադիմությունը, մյուսում՝ խավարը եւ մահը։ Ռուսաստանը պաշտպանելով իր սոցիալիստական ազատությունը, միաժամանակ մարտնչում է մեր ազատության համար»։

Պատերազմի բնույթի եւ Խորհրդային Միության որպես հուսալի ուժի նկատմամբ նման ճշմարտացի գնահատականներ շատ են եղել, սակայն եղել են նաեւ պատմական իրադարձությունների նենգափոխումներ։ Դրանք վերաբերում են պատերազմի ծագման պատճառներին, այն հրահրողներին, հակադրված դաշինքներին, հաղթանակի պատմական նշանակությանը, պատերազմի ելքը վճռող ճակատամարտերին եւ ուժերին, բազմաթիվ այլ կարեւոր իրադարձությունների։ Ընդգծենք, որ պատմական իրադարձությունների նենգափոխումները ունեցել են նույն նպատակը՝ ամեն ինչում նսեմացնել Խորհրդային Միության եւ նրա զինված ուժերի դերը։

Հայտնի է, որ առաջին համաշխարհային պատերազմը չլուծեց պետությունների միջեւ եղած հակասությունները։ Դրանք է՛լ ավելի սրվեցին Ռուսաստանում սոցիալիստական կարգերի հաստատմամբ եւ ազգային ազատագրական պայքարի ուժեղացմամբ։ Պատերազմում պարտված, բայց ագրեսիվ քաղաքականության հետեւող պետությունները եւ առաջին հերթին՝ Գերմանիան, ձգտում էին ռեւանշի։ Այդ նպատակով էլ ստեղծվեց ֆաշիստական-միլիտարիստական բլոկը, որը դրա ակտիվ նախաձեռնողներից մեկի՝ Բենիտո Մուսսոլինիի խոստովանությամբ, ձգտում էր «…վերաձեւել աշխարհի քարտեզը», իսկ պատերազմը դիտվեց դրան հասնելու միակ միջոցը։ Դրան էր ձգտում Հիտլերը դեռեւս տարիներ առաջ, նշելով, որ նացիստական վարչակարգը առայժմ խոցելի է վերսալյան պետությունների կողմից (տնտեսական եւ ռազմական տեսակետից), ուստի, նա կփորձի այդ երկրներին ահաբեկել «բոլշեւիզմի ուրվականով», եւ, որ Գերմանիան նրանց «կարմիր ջրհեղեղից փրկելու միակ հենարանն է»։ Հայտնի է նաեւ, որ շուտով վերացվեցին ագրեսորին խանգարող վերսալյան պայմանագրերով նախատեսված ռազմական սահմանափակումները, ինչը հնարավորություն տվեց Հիտլերին արագորեն ռազմականացնելու երկիրը։ Նա բռնազավթեց Ռեյնի ապառազմականացված մարզը, այնուհետեւ նրան զոհաբերվեց զարգացած արդյունաբերությամբ Չեխոսլովակիան (1939թ. Մյունխենյան գործարքով)։

Ռազմական նոր բախումների կողմնակիցները անտեսեցին այն իրողությունը, որ Գերմանիայի աշխարհակալական ձգտումները, ինչպես նկատել էր հայտնի պետական գործիչ դը Գոլը, հասցրին Բիսմարկի հռչակած միասնականության տեսակետին, իսկ Վիլհելմ 2-րդի պատերազմի գաղափարաբանությունը գագաթնակետին հասավ Հիտլերի ժամանակ։

Նյուրնբերգյան դատավարության ժամանակ նացիստական ռադիոհաղորդումների պատասխանատու Հ. Ֆրիչեն պիտի հայտներ. «Ես կազմակերպեցի հակասովետական լայն պրոպագանդիստական կոմպանիա, ձգտելով հասարակությանը համոզել, որ այդ պատերազմում մեղավորը ոչ թե Գերմանիան է, այլ Խորհրդային Միությունը… Մեզ մոտ ոչ մի հիմք չկար հայտարարելու, թե ԽՍՀՄ-ը նախապատրաստվում է հարձակվել Գերմանիայի վրա (ինչը հիմա ձգտում են պնդել Թուրքիայում հայերի ցեղասպանության կապակցությամբ Հ.Հ.)։

Դատապարտելով անցյալում ԽՍՀՄ-ում թույլ տրված սխալները եւ հանցագործությունները, այնուամենայնիվ, անվարան կարելի է հաստատել, որ եթե հիմա կան ազգեր եւ ազգային պետություններ, ապա դա արդյունք է ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած Խորհրդային Միության հաղթանակի։ Դրա շնորհիվ են նաեւ ժամանակակից Եվրոպայի տնտեսական, դեմոկրատական զարգացումները։ Թերեւս դա է Խորհրդային Միության հաղթանակի մնայուն պատմական նշանակությունը։ Հայտնի ռազմագետ Գասպար Ոսկանյանը գրել է. «Ռազմական արվեստի պատմությունը հավերժական մարտադաշտ է, կրքերի բախում։ Պատմությանը պետք է հպվել որպես սրբություն՝ մաքուր խղճով ու սրտով»։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի վճռորոշ ուժերի մասին անթիվ վկայություններ կան։ Անգլիայի պրեմիեր-մինիստր, պետական, քաղաքական, ռազմական մեծ գործիչ Ուինստոն Չերչիլը, որը երբեք չի թաքցրել իր հակակրանքը Խորհրդային Միության նկատմամբ, ամենատարբեր առիթներով հիացմունք է արտահայտել պատերազմում հաղթանակը ապահովող Կարմիր բանակի հանդեպ, որի հաջողություններն էլ «…որոշեցին գերմանական միլիտարիզմի բախտը…»:

Հիշենք մի ուրիշ ականատեսի՝ Սի-բի-սի ռադիոկայանի եւ «Լայֆ» ամսագրի լրագրող Է. Կոլդուելի վկայությունը. «Կռվել թշնամու դեմ այնպես, ինչպես կռվում էին կարմիրբանակայինները, ընդունակ են միայն նրանք, որոնցից յուրաքանչյուրը, անձամբ իրեն պատասխանատու է համարում պատերազմի ճակատագրի նկատմամբ։ Հերոսությունը դարձել էր այնքան սովորական երեւույթ, որ Սովետական կառավարությունը պարգեւները սկսեց տալ ամբողջ գնդերի եւ դիվիզիաների»։

Ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի, այլ նաեւ երկրորդ աշխարհամարտի հաղթանակներում վճռորոշ եղան Մոսկովյան, Ստալինգրադյան Կարմիր բանակի բազում ճակատամարտերը, որոնց մասին հաղորդագրումները հնչում էին ողջ մոլորակում։ Եվ այդքանից հետո ծիծաղելի չե՞ն արեւմտյան պատմաբան-գիտնականների (Ջ.Ֆուլեր, Ա. Կեսելերինգ, Լ.Ֆիշեր, Տ. Դյուցո, Խ. Բոլդու եւ ուրիշներ) դատողությունները, որոնք Գերմանիայի պարտության պատճառները փնտրում են «Գեներալ սառնամանիքի», Հյուսիսային Աֆրիկայի ու Միջերկրական ծովի շրջաններում տեղի ունեցած զինված բախումների մեջ։ Որպես պատմական իրադարձությունների չարամիտ կեղծումների, վկայակոչենք գերմանացի գեներալ, պատերազմական գործողությունների անմիջական մասնակից Բ. Ցիմմերմանին. «Կարելի է ասել, առանց չափազանցելու, որ Արեւելյան ռազմաճակատը (այսինքն` խորհրդային) համառորեն դուրս բերեց Արեւմուտքում գտնվող գերմանական բանակների մարտի ընդունակ ամբողջ կենդանի ուժը եւ ռազմական տեխնիկան»։

Ինչ խոսք, չպետք է նսեմացնել, առավել եւս ժխտել դաշնակիցների դերը ֆաշիստական Գերմանիայի պարտության գործում։ Կարեւորն ու նշանակալիցն այն հանգամանքն էր (ինչը գրականության մեջ հանիրավի անտեսվել է), որ պատերազմի առաջին իսկ օրերին Անգլիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարները հայտարարեցին, որ իրենք այդ պայքարում Խորհրդային Միության կողմն են։ Այդ հայտարարությունը Խորհրդային երկրի համար ստեղծված խիստ ծանր պայմաններում բարոյահոգեբանական խթան հանդիսացավ։ Բայց ոչ մի կասկած չի կարող լինել, որ ֆաշիստական Գերմանիայի պարտության մեջ վճռական դերը պատկանում է Խորհրդային Միությանը։ Այդ հաղթանակը ձեռք բերվեց Կարմիր բանակի դրսեւորած հերոսության, ողջ խորհրդային ժողովրդի, թիկունքի աշխատավորության տքնաջան ջանքերի արդյունքով, աներեւակայելի դժվարությունները հաղթահարելով, անհնարինը հնարավոր դարձնելու աներեր հավատով։ Խորհրդագերմանական ռազմաճակատներում ջախջախվեցին հակառակորդի զինված ուժերի 80, սպառազենքի 75 տոկոսը։ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը բուն պատերազմական տարիներին պիտի նկատեր. «Դժվար է չընդունել այն փաստը, որ սովետական բանակները ոչնչացնում են հակառակորդի շատ զինվորների եւ սպառազեն, քան մյուս 25 պետությունները միասին վերցրած»։ Նյութական ծախսերի տեսակետից մեծ բաժինը նույնպես ընկնում է խորհրդային երկրին. դրանք կազմել են (այն ժամանակվա 485 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ի, Անգլիայի, Կանադայի եւ Ֆրանսիայի ծախսերը միասին վերցրած՝ 438,3 մլրդ դոլար)։

Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակում Խորհրդային Միության վճռական դերի մասին գրել են դաշնակից զորքերի զորահրամանատար, գեներալ Դուայտ Էյզենհաուերը, ֆելդմարշալ Մոնտգոմերին, բազմաթիվ պատմաբան-գիտնականներ։

Արդեն 1942թ. նոյեմբերին ԽՍՀՄ-ը գերազանցեց հակառակորդին բանակի անձնակազմի թվով եւ առանձին զինատեսակների բնագավառում հավասարվեց, նույնիսկ առաջ անցավ, հավաստել են գերմանական հայտնի զորավարներ Գ. Գուդերիանը, Է. Մանշտեյնը, շատ ուրիշներ։

1418 զօրուգիշեր տեւող արյունահեղ պատերազմը, որ իր ոլորտն էր առել 61 տերությունների, աշխարհի բնակչության 80 տոկոսը, զենքի տակ վերցրել 110 միլիոն մարդու, ավարտվեց դեմոկրատական ուժերի հաղթանակով։ Այդ պատերազմում տարած հաղթանակը պատմության մեջ կմնա որպես 20-րդ դարի մեծագույն իրադարձությունը։

Ազգային հպարտությամբ պետք է նշել, որ հայ ժողովուրդը ծանրակշիռ ներդրում ունեցավ այդ պատմական հաղթանակում։ Հակառակ ներկայիս առանձին օրապակաս տեսաբան-քաղաքագետների, ընդգծենք, որ հայ ժողովրդի զավակները, որոնք խիզախաբար մասնակցեցին բոլոր ռազմաճակատներին, կռվեցին ոչ թե «ուրիշ պետությունների շահերի համար», այլ Հայաստան երկրի համար. նացիստական ուժերի հաղթանակը կհանգեցներ Հայաստանի վախճանին։

Հայ մարտիկները իրենց հերոսությամբ եւ ռազմական բարձր կարողություններով լայն ճանաչում բերեցին մեր ժողովրդին, բազմապատկեցին ազգային ազատագրական պայքարի ավանդույթները, արժանացան ֆաշիզմի ստրկությունից փրկված ժողովուրդների երախտագիտությանը։ Հանուն պատմական այդ առաքելության հայ մարտիկների առատորեն թափած արյունը մեզ բարոյական իրավունք է վերապահում պահանջելու եվրոպական ժողովուրդներից եւ կառավարություններից՝ արդարացի լուծելու Լեռնային Ղարաբաղի հարցը։ Սա աշխարհի գերագույն պարտականությունն է պատմության առաջ։

Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Պատմության էջերից


26/06/2014