Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿՈՐԾԱՆՎՈՂ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԴՈՒ ԵՂԱՐ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱԳԱՍՏ…»



Սկիզբը՝ նախորդ համարում

Մինչդեռ նա նաեւ երկրի ղեկավարն էր եւ Բելոռուսիայում բարի անուն թողեց ոչ միայն բանակ ստեղծելու եւ նահանջը կանգնեցնելու, այլեւ ժողովրդի կյանքը հնարավորինս բնականոն հուն վերադարձնելու համար:
1918-ի դեկտեմբերին Բելոռուսիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր համագումարում Ալեքսանդր Մյասնիկյանն ընտրվեց Կենտկոմի բյուրոյի նախագահ: 1919թ. հունվարի 1-ին ստորագրվեց Բելոռուսական ԽՍՀ հիմնելու մասին հռչակագիրը, եւ Ալեքսանդր Մյասնիկյանը նշանակվեց Բելոռուսական ԽՍՀ Կենտգործկոմի նախագահ:
Անտանտի առաջին արշավանքի օրերին նա ուղարկվեց Ռուսաստանի նորահռչակ մայրաքաղաք Մոսկվա՝ համակարգելու ռազմապաշտպանական բոլոր աշխատանքները, ինչպես նաեւ ղեկավարելու Մոսկվայի կայազորի բոլոր զորքերը, քաղաքը երիզող պաշտպանական գծի կառուցումը, զորահավաքը եւ նորակոչիկների ուսուցումը: 1920-ին ընտրվեց մայրաքաղաքի, ապա կուսակցության Մոսկվայի քաղաքային ու նահանգային միացյալ կոմիտեի քարտուղար:
1920-ի ամռանը՝ ռուս-քեմալական բարեկամության սեւ օրերին, երբ Լեւոն Շանթի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ էր վարում, Մյասնիկյանը, իր բնակարանում հյուրընկալելով մեր պատվիրակներին, հայ-ռուսական տեսակետների մերձեցման գործում իր օգնությունն էր առաջարկել՝ հասկացնելով, որ Հայաստանի կառավարության հակաբոլշեւիկյան դիրքորոշման մեղմացման դեպքում ինքը Մոսկվային նկատելի զիջումներ կպարտադրի, բայց…

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԸ

Հայաստանի խորհրդայնացումից կարճ ժամանակ անց, հասկանալով իր ապիկարությունը, Ռազմահեղափոխական կոմիտեն դիմել էր Մոսկվա՝ խնդրելով Մյասնիկյանին ուղարկել Հայաստան, ապա խնդրանքը երկրորդել էին Օրջոնիկիձեն ու Կիրովը՝ պնդելով նաեւ, որ Թուրքիայի հետ վատթարացող հարաբերությունների եւ Իրանի ու Լեռնահայաստանի մերձեցման պայմաններում Ռուսաստանի շահերից է բխում ընդարձակ եւ ուժեղ Հայաստան ունենալը: Նրանց արդեն լսեցին՝ թերեւս զգուշանալով նաեւ կենտրոնում Մյասնիկյանի անցանկալիորեն աճող հեղինակությունից: Հետո պայթեց Փետրվարյան ապստամբությունը, ամեն ինչ խառնվեց, եւ Մյասնիկյանը Հայաստան հասավ մայիսի 5-ին:
Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք ու խորհրդայնացումից հետո էլ երկրի ղեկավարման գործում անթույլատրելի մեծ դեր ունեին օտարները: Այդ թվականներին անհասկանալի էր, թե Հայաստանը ովքեր եւ որտեղից են ղեկավարում: Իսկ Մյասնիկյանի գալով Հայաստանն սկսեց ղեկավարվել Երեւանից: Մայիսի 21-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն վերակազմավորվեց Ժողովրդական կոմիսարների խորհրդի (կառավարության), որի նախագահն ու ռազմական գործերի ժողկոմը Ալեքսանդր Մյասնիկյանն էր: Առեւտրական հարաբերություններ հաստատվեցին Իրանի հետ՝ ժողովրդին փրկելով սովամահությունից, զորացրվեցին 28-ից բարձր տարիք ունեցողները, որոնք ընտանիք ունեին եւ եթե չհասցնեին բերքը հավաքել, եւս մեկ տարի դատապարտվելու էին սովի: Նույն նպատակով եռամսյա արձակուրդ տրվեց ընտանիքի միակ կերակրողներին:
Սովից ու համաճարակներից ցնցվող Հայաստանում, որի շուրջ 750.000 բնակչությունից 200.000-ը գաղթականներ էին, իսկ 50.000-ը՝ որբեր, կատարյալ քաոս էր: Կարաբեքիրի զորքերն ապրիլի վերջին էին հեռացել Ալեքսանդրապոլից, փետրվարին 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ ապստամբելով՝ վրացական զորքերին դուրս շպրտած Լոռին, անհասկանալի է, Հայաստանի՞ն, Վրաստանի՞ն, թե՞ Կարմիր բանակին էր պատկանում, իսկ Լեռնահայաստանի հետ պատերազմական վիճակ էր: Մոսկվան այլեւս չէր հանդուրժում երկրամասի անկախությունը, եւ Ադրբեջանից Կարմիր բանակի հարձակումը հետաձգվում էր լոկ Մյասնիկյանի պնդմամբ: Նրա գալով՝ Գարեգին Նժդեհի հետ բանակցությունները մեկեն աշխուժացան: Զանգեզուրի ճակատագիրը մեծապես պայմանավորված էր նրանով, թե ո՛ր հանրապետության զորքերը այստեղ կհաստատեին խորհրդային իշխանություն: Մյասնիկյանը ձգտում էր տիրել նախաձեռնությանը եւ Նժդեհին հստակ երաշխիքներ տալ, որ Հայաստանի՛ Կարմիր բանակի առջեւ տեղի տալու դեպքում Զանգեզուրը կմնա Հայաստանի կազմում: Թերեւս Նժդեհն էլ էր ձգտում արագացնել դեպքերը, եւ հունիսի 15-ին դիմեց անակնկալ հարձակման: Չորս օր անց Մյասնիկյանը կառավարության անունից խոստացավ «Լեռնաստանն ամրացնելու համար ինքնապաշտպանության եւ անհրաժեշտ բոլոր միջոցներին դիմելու իրավունք», երկրամասի պաշտպանության համար բնակչության մարտական ուսուցման կազմակերպում, ընդհանուր ներում եւ թաթար բնակչության վերադարձի բացառում:
Սկզբնապես որոշված էր, որ հիմնական հարվածն Ադրբեջանի տարածքից հասցնելու էր Տոդորսկու ղեկավարած զորախումբը, բայց վերջին պահին, Կովկասյան բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամ Ալեքսանդր Մյասնիկյանի պնդմամբ, ծրագիրը վերից վար փոխվեց, եւ Հայաստանի Կարմիր բանակը, հունիսի 22-ին երեք ուղղություններով անցնելով հակահարձակման, ութ օր անց մտավ Սիսիան, իսկ զորախմբի աջ թեւը, մտնելով Նախիջեւան, շարժվեց դեպի Մեղրի, որը եւ Խուդաֆերինի կամուրջը, ըստ նախնական ծրագրի, գրավելու էին Տոդորսկու զորքերը՝ նահանջողներին արգելելով անցնել Պարսկաստան: Տոդորսկու զորախումբը հուլիսի 2-ին գրավեց Գորիսը, ընդամենը երկու ժամ անց վրա հասան նաեւ հայկական զորքերը, որոնք հուլիսի 4-ին առանց մարտի գրավեցին Տաթեւը: Եվ երբ Տոդորսկին հասավ Մեղրի, նահանջողներն արդեն անցել էին Արաքսը: Նրանց մի մասը շուտով հասկանալով Մյասնիկյանի ծրագրերը, վերադարձավ Հայաստան:
Զանգեզուրի միացումը Հայաստանին մեր քաղաքական մտքի պատմության փայլուն էջերից է: Իրար դեմ հայության ապագայի բոլորովին տարբեր ըմբռնումներ ունեցող երկու հսկաներ էին կանգնած, երկուսն էլ թիկունքում ժողովուրդ ու զորքեր ունեին, բայց հասկացան միմյանց: Երկրամասը գրավվեց ընդամենը 15 օրում, ու հետո Մյասնիկյանը միշտ շեշտում էր. «Գործում էին գլխավորապես հայկական զորամասերը»: Նրանց թվում էր եւ թաթար գյուղական խուժանից կազմված «Կարմիր տաբորը», որը ենթարկեցվեց Ռազմժողկոմատին եւ 19 հոգու պարգեւատրելուց հետո… իսկույն լուծարվեց, քանի որ «չունի կազմակերպական նորմալ կառուցվածք»:
Իսկ 1921-ի նոյեմբերի 6-ին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կնքվեց համաձայնություն սահմանների մասին, եւ Լոռին վերամիացվեց Հայաստանին:
Օգոստոսին սկսվեց Հայաստանի Կարմիր բանակի կազմավորման երկրորդ փուլը, որի ժամանակ էլ եւ դրսեւորվեց Ալեքսանդր Մյասնիկյանի ռազմական փայլուն տաղանդը:
Իշխանությանը տիրելուց անմիջապես հետո Ռազմահեղափոխական կոմիտեն Բաքու, ապա Ռուսաստան աքսորեց զինվորական կրթություն ու մարտական փորձառություն ունեցող ամբողջ հայ սպայությանը՝ շուրջ 1200 հոգի: Իսկ Մյասնիկյանը, արագորեն «վերանայելով գործերը» եւ նրանց վերադարձնելով Հայաստան, բարձր պաշտոններ վստահեց (վճարելով անգամ աքսորի ամիսներին չստացած աշխատավարձը), ինչը Մոսկվայում մեծ դժգոհություն առաջացրեց, բայց նա անդրդվելի էր: Ի տարբերություն Ռազմահեղափոխական կոմիտեի, որը, վախենալով ժողովրդից, ոչնչացնում էր՝ ում կարող էր, Մյասնիկյանն իշխանության խնդիր չուներ եւ վախենում էր Հայաստանի ու հայության համար: Վախենում էր, որովհետեւ Կարաբեքիրի զորքերը նոր էին հեռացել Շիրակից, իսկ ինքը Ռազմժողկոմատում չէր կարողանում մի գրագետ սպա գտնել, վախենում էր, որովհետեւ հայկական բանակի 32%-ն անգրագետ, իսկ 35%-ը կիսագրագետ էր: Ռուսաստանում մոլեգնում էր «կարմիր տեռորը», իսկ ինքը 1921թ. դեկտեմբերի 10-ի հրամանով հայկական բանակում արտակարգ հանձնաժողովներ՝ «եռյակներ» էր ստեղծում… անգրագիտությունը վերացնելու համար: Եվ վերացրեց:
Զանգեզուրի միացումից ընդամենը մի քանի օր անց Երեւանում հետեւակային-գնդացրային, հեծելազորային, հրետանային ու ինժեներական բաժիններ ունեցող հրամանատարական բարձրագույն դպրոց հիմնեց, որի կայացմանը քչերն էին հավատում: Բայց 1922-ի ապրիլին, Կովկասյան հատուկ բանակի հրամանատարության համալիր ստուգումների արդյունքում՝ դպրոցի անձնակազմն արժանացավ շնորհակալության: Դպրոցի շրջանավարտներից յոթը Մեծ հայրենականի տարիներին արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման: Այս դպրոցն էին ավարտել զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, գեներալներ Բագրատ Առուշանյանը, Գեւորգ Տեր-Գասպարյանը, Նվեր Սաֆարյանը, Անդրանիկ Ղազարյանը, գնդապետ Սիմոն Զաքյանը… Զոհվելուց հետո իր անունով կոչված դպրոցը 1927-ին փակվեց, եւ մենք միայն 88-ին նկատեցինք, որ Հայաստանում ոչ մի ռազմաուսումնական հաստատություն չկա:
Հայաստանի Կարմիր բանակի կայացմանն օգնելու համար նա կենտրոնացրեց իշխանության բոլոր մարմինների ջանքերը, 1922-ին ՀԽՍՀ Կենտգործկոմին կից հիմնեց «Շեֆական բյուրո», որի խնդիրն էր համակարգել բանակին նահանգային գործկոմների եւ շրջանային կառույցների օգնությունը: Հայկական բանակի անկուսակցական 2-րդ համագումարը, որը կազմակերպական ամրապնդման առումով ուղենշային դեր ուներ, սահմանեց նաեւ բանակի խնդիրները տնտեսության վերականգնման գործում: Սա այլեւս մեկ տարի առաջ սեփական ժողովրդի դեմ կռվող բանակը չէր: Հայկական հավաքական բրիգադին կից Մյասնիկյանը հիմնեց իր գործերով բարի հուշ թողած «Սովյալներին օգնող հանձնաժողովը»: 1922-ից բանակը, մարտական ուսուցմանն ու իր դժվարին խնդիրները քայլ առ քայլ լուծելուն զուգընթաց, մասնակցում էր գարնանացանին, ձիեր տրամադրում աղքատ ընտանիքներին՝ օգնելով մի կտոր հաց վաստակել:
1921-ի դեկտեմբերին Հայաստանի Կարմիր բանակը վերակազմավորվեց հայկական հավաքական բրիգադի, որը վարչականորեն ենթարկվում էր ՀԽՍՀ ռազմժողկոմատին, իսկ զինվորական առումով՝ մաս կազմում Կովկասյան հատուկ բանակի, իր կազմում ուներ երկու հրաձգային եւ երկու հեծյալ գունդ, հրետանային դիվիզիոն եւ հեծյալ լեռնային մարտկոց, ինժեներական գումարտակ: Կազմացրվեցին բանակի հրետանային վարչությունն ու քաղբաժինը, վերակազմավորվեցին սանիտարական, տնտեսական, թիկունքային ու մյուս զորամասերը: 1922-ի սեպտեմբերին բրիգադը վերանվանվեց հայկական առանձին բրիգադ, իսկ հոկտեմբերին վերակազմավորվեց հայկական հրաձգային դիվիզիայի:

(շարունակելի)

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ

Խորագիր՝ #13 (878) 6.04.2011 – 13.04.2011, Պատմության էջերից


14/04/2011