Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ. ՄԵԾ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՁԳՏՈՒՄԸ



Անկասկած զորամասում ամենակարևոր անձը հրամանատարն է: Սա մի բարդ, աշխատատար ու հսկայական պատասխանատվություն պարունակող պաշտոն է, երբ ոչ բոլորն են կարողանում իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները լիովին, երբեմն նաև իրենց ուզածի պես դրսևորել: Ամեն դեպքում, երբ բանակի ղեկավարները՝ պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը, զորամասի հրամանատարի պաշտոնում որևէ սպայի նշանակման հարց են քննարկում, ուրեմն այդ սպան իր անցած ճանապարհով, գիտելիքներով, փորձով ու աշխատաոճով արժանացել է վերադաս հրամանատարության ուշադրությանը: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ զորամասի հաջողություններն էլ, ձախողումներն էլ հրամանատարի աշխատանքի արդյունքն են, որովհետև հրամանատարն այն առաջնորդն է, որին հետևում է ամբողջ զորամասը, և ծառայողական պարտականությունների, կարգապահության և մնացած բոլոր հարցերի վերաբերյալ նրա մոտեցումներն ու պահանջները (իհարկե, օրենքի շրջանակներում) աստիճանական կարգով իջնում են ներքև ու տարածվում բոլոր զինծառայողների վրա: Բնականաբար լինում են դեպքեր, երբ նոր հրամանատարը շատ արագ է հաջողության հասնում: Առանձին դեպքերում էլ ինչ-որ ժամանակ է պահանջվում դրական զարգացումները տեսնելու համար:

Փոխգնդապետ Ռաֆիկ Շահգելդյանը ծնվել է հայոց հինավուրց Գանձակ քաղաքում: 1980թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան: Նա սովորել է թիվ 141 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ավարտելով ուսումը՝ նա, որպես դասակի հրամանատար, ծառայության է նշանակվել հանրապետության հարավարևելյան սահմանագոտու զորամասերից մեկում: Նա դասակի հրամանատարից հասել է դիվիզիոնի հրամանատարի պաշտոնին: 2006թ. նրա ղեկավարած դիվիզիոնը ճանաչվել է լավագույնը: 2011-12թթ. Ռ. Շահգելդյանը սովորել է Ռուսաստանի Դաշնության ակադեմիաներից մեկում, վերադառնալով՝ նշանակվել է զորամասի հրամանատարի տեղակալ, իսկ այս տարվա ապրիլից զորամասի հրամանատարն է: Ծառայության ընթացքում պարգևատրվել է մի շարք մեդալներով, խրախուսվել պատվոգրերով, շնորհակալագրերով, ամուսնացած է, ունի երկու երեխա: Նախասիրությունների մեջ առաջին տեղում շախմատ խաղալն է, վիրավորվում է, երբ հանդիպում է շախմատ խաղալ չիմացող զինվորականի:

Գնդապետ Ռ. Գասպարյանը նշանակվելով «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր զորամասի հրամանատար՝ ընդամենը մեկ ուսումնական տարում կարողացավ էապես փոխել գործերի ընթացքը, որի արդյունքը եղավ այն, որ զորամասը կրկին նվաճեց «Լավագույն հրետանային զորամաս» կոչումը և պարգևատրվեց Պատվադրոշով: Հաշվի առնելով Ռ. Գասպարյանի կազմակերպական ունակությունները՝ զորատեսակի և բանակի ղեկավարները նրան տեղափոխեցին մեկ այլ պատասխանատու ծառայության, իսկ զորամասի հրամանատար նշանակվեց փոխգնդապետ Ռաֆիկ Շահգելդյանը: Միջին տարիքի սպա, որն ունի մասնագիտական հարուստ գիտելիքներ, համապատասխան փորձ և, որ շատ կարևոր է, իր նկատմամբ դրսևորած վստահությունն արդարացնելու, զորամասի ձեռքբերումները զարգացնելու ձգտում:

Երկու օր անցկացնելով զորամասում, տեսանք, թե ինչպես է հրամանատարը խորհրդակցություն խորհրդակցության հետևից անցկացնում: Ի վերջո, ընդմիջումներից մեկի ընթացքում հանդիպեցինք և զրուցեցինք զորամասին առաջադրված խնդիրների կատարման, ավարտվող ուսումնական փուլի, զարգացման հեռանկարների մասին:

-Ռաֆիկ Հրանտի, հասկանալի է՝ Դուք նոր հրամանատար եք, և անցած ուսումնական տարվա նվաճումները Ձերը չեն, բայցեւայնպես, խնդրում եմ՝ ասեք, ուսումնասիրե՞լ եք զորամասի պատմությունը, անցած մարտական ուղին, նախորդ տարիների, նախկին հրամանատարների ստեղծած ավանդույթները, հաջողությունների հիմքերը:

-Իհարկե, ես քաջատեղյակ եմ զորամասի մարտական ուղուն և մեծ պատիվ եմ համարում «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր զորամասի հրամանատար լինելը: Այստեղ հրամանատար են եղել մարդիկ, որոնք ծանրակշիռ ներդրում են ունեցել մեր բանակի հրետանու ստեղծման ու կայացման, Արցախյան պատերազմում տարած հաղթանակի գործում: Նրանց անունները հայտնի են մեր ժողովրդին: Զորամասը երրորդ անգամ է արժանանում Պատվադրոշի: Անցած տարի մի շարք կարևոր միջոցառումներ են անցկացվել, որոնցից կարելի է առանձնացնել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունը, մասնավորապես՝ «Շտուրմ-Ս»-ի բացարձակ ճշգրտությամբ իրականացրած կրակոցները, իսկ այդպիսի կրակոցներ ամեն օր չէ, որ կատարվում են, և գլխավոր ռազմական տեսչության անցկացրած ստուգումները, որոնք ուղեկցվել են պահեստազորի վարժական զորահավաքով: Գրանցված հարյուր տոկոսանոց արդյունքը խոսում է այն մասին, որ մեր ժողովուրդը, ինչպես նաև տնտեսվարողները, տեղական ինքնակառավարման մարմինները ոչնչով տարանջատված չեն բանակից, և ցանկացած պահի մենք կարող ենք բանակի ուժը բազմապատկել անհրաժեշտ թվով:

Նշանակվելով հրամանատար՝ ես խնդիր եմ դրել բոլոր ուղղություններով ցուցանիշներն է՛լ ավելի բարելավել: Ուշադրությանս կենտրոնում են ինչպես հրամանատարական, այնպես էլ ստորաբաժանումների, անձնակազմերի և առանձին զինծառայողների մասնագիտական, մարտավարամասնագիտական պատրաստության խնդիրները: Այս ուսումնական փուլը եզրափակում ենք, կարելի է ասել, գոհացուցիչ արդյունքներով: Անցկացրել ենք ճամբարային հավաք, մարտկոցի համալիր պարապմունքներ, հսկիչ համալիր պարապմունքներ, մարտկոցի, դիվիզիոնի զորավարժություն, կրակի կառավարում, շտաբային մարզումներ: Դաշտային վարժանքները շարունակվում են զորավարժարանում: Ինչպես տեսաք, այսօր էլ զորամասը բարձրացվեց մարտական տագնապով և հասավ նստեցման շրջան: Վաշտերից մեկը պարապմունքները շարունակելու է զորավարժարանում:

-Զորամասը համալրված է ինչպես պարտադիր ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողներով: Կա՞ն արդյոք նրանց հետ աշխատելու որոշակի առանձնահատկություններ:

-Սպայակազմն արդեն վարժվել է իրավիճակին: Պայմանագրայինները օրվա վերջում, եթե վերակարգում չեն, տուն են գնում: Նրանք ծառայության են ընդգրկվում հիմնականում ընտրությամբ և իրենց մասնագիտությանը լավ են տիրապետում: Այսինքն` մեկ անգամ լավ սովորում են, հետո կրկնում: Եվ ամենևին էլ պատահականություն չէ, որ նրանք իրենց գործին փայլուն են տիրապետում: Ժամկետայինների հետ ամեն զորացրումից ու նոր համալրումից հետո պետք է ամեն ինչ նորից սկսենք, սովորեցնենք, հետո ստուգումների միջոցով ճշտենք, թե որքանով են տիրապետում զենքին: Սա արդեն մշտական, ամենօրյա աշխատանք է:

-Ի՞նչ է հարկավոր, որպեսզի Դուք հասնեք Ձեր առջև դրված խնդիրների կատարմանը:

-Կարգապահություն, կարգապահություն և էլի՛ կարգապահություն: Այն հարկավոր է սովորելիս, ծառայությունների կազմակերպման ժամանակ, զենքը կիրառելիս, ինքնապատրաստության ժամանակը տնօրինելու պահին, հանգստի, մարզամշակութային միջոցառումների կազմակերպման ու անցկացման ընթացքում: Ես ուզում եմ, որ իմ ենթակաները միմյանց նկատմամբ լինեն հարգալից, ազնիվ, զուսպ, խոսեն ոչ թե փողոցային ժարգոնով, այլ արժանավայել հայերենով:

ԴԻՎԻԶԻՈՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ

Դիվիզիոնի հրամանատարը մայոր Վ. Հարությունյանն է: Ճամբարային հավաքից հետո մեքենայական պարկում տեխնիկական սպասարկման աշխատանքներ էին ընթանում՝ զինվորները լվանում, մաքրում, ստուգում էին յուղի, օգտագործվող մյուս նյութերի, մարտկոցների վիճակը, առանձին հանգույցների աշխատանքը: Ավագ լեյտենանտ Ս. Պետրոսյանը մարտկոցի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարն է: Անձնակազմերից մեկը՝ հրամանատար-օպերատոր, սերժանտ Միսակ Պետրոսյանը և մեխանիկ-վարորդ, սերժանտ Ռոման Հարությունյանը, զեկուցեց, որ մարտական մեքենայի սպասարկումն ավարտել են և խնդրեցին հրամանատարին թույլ տալ այն կանգնեցնելու շվաքարանում: Ամբողջական զեկույցն ընդունելուց, մարտական մեքենայի տվյալներին ծանոթանալուց հետո մարտկոցի հրամանատարը զինվորներից պահանջեց, որ այն գործարկեն և բերեն մարտական վիճակի: Հրամանը կատարվեց հենց առաջին փորձից: Զինվորներից հետաքրքրվեցինք, թե որքան ժամանակ է պետք տվյալ առաջադրանքը կատարելու համար:

-Եթե օրվա ընթացքում մեքենան գործարկվում է առաջին անգամ, ապա շտապել պետք չէ, հարկավոր է աշխատեցնել երեքից չորս րոպե, եւ եթե շարժիչն արդեն աշխատել է, և մյուս սարքավորումներն էլ տաքացել են, ապա այդ գործողությունները պետք է կատարվեն 15-25 վայրկյանում, 15-ը համարվում է ամենալավ ցուցանիշը,- պարզաբանեց հրամանատար-օպերատոր սերժանտ Միսակ Պետրոսյանը:

Ի դեպ, արդեն երրորդ տարին է, ինչ նա պայմանագրային ծառայության մեջ է, մասնակցել է մի շարք զորավարժությունների, մարտական կրակով թիրախներ է խոցել, ինչի համար էլ պարգևատրվել է թանկարժեք նվերով և «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Արժեքավոր նվերով՝ ժամացույցով է պարգևատրվել նաև սերժանտ Ռոման Հարությունյանը:

Շվաքարանում մարտական մեքենաների սպասարկմամբ էին զբաղված նաև նույն մարտկոցի ավագ օպերատոր, կրտսեր սերժանտ Գուրգեն Եղիկյանը, կրտսեր սերժանտ Գարեգին Գևորգյանը, շարքայիններ Սարգիս Էլբակյանը, Հարություն Դաղմաջյանը, Պապ Պալոյանը: Վերջինս չորս ամիս առաջ է ընդունվել պայմանագրային ծառայության:

-Մեխանիկ վարորդ եմ, ամեն օր չէ, որ տեխնիկան տեղաշարժելու, վարելու հրաման է լինում, ընդհանուր պայմանները ձեռնտու են, աշխատավարձից էլ չեմ դժգոհում, կարևորն այն է, որ հրամանատարներն իմ ծառայությունից գոհ լինեն, իսկ եթե, Աստված չանի, պատերազմ եղավ՝ ազգովի ենք կռվելու: Այնպես որ՝ ավելի լավ է ծառայեմ, մասնագիտությունս կատարելագործեմ, մանավանդ, որ հիմա աշխատանք ճարելը հեշտ չէ:

ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻՎԸ

Զորամասում օրվա երկրորդ կեսին՝ զինվորներին տրվող ինքնապատրաստության ժամին, իրավական ակտիվն իր հերթական նիստն էր անցկացնում: Նախագահողը սոցիալ-իրավական աշխատանքների գծով հրամանատարի օգնական, լեյտենանտ Հ. Կաղյանն է: Մասնակցում էին ստորաբաժանումների ակտիվները: «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ» թեմայով քննարկվում էին առանձին և ընդհանուր դեպքեր: Մասնավոր դեպքը տեղի էր ունեցել ճամբարային հավաքի ժամանակ՝ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում: Ճիշտ է՝ այն գրանցվել և զորամասի հրամանատարության ու համապատասխան մարմինների կողմից ուսումնասիրվել էր, բայց իրավական ակտիվներն իրենց պարտքն էին համարել անդրադառնալու տեղի ունեցածին և տալու համապատասխան գնահատական: Կատարվածի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտեցին շարքային Է. Հարությունյանը, սերժանտ Ա. Մարգարյանը, շարքայիններ Կ. Գրիգորյանը եւ Զ. Ալեքսանյանը:

Հատկանշական է, որ տղաները ծառայակցի թույլ տված սխալին վերաբերվում էին ոչ թե խստապահանջ դատավորի կեցվածք ընդունելով, այլ հասակակցի, զինակից ընկերոջ հոգատարությամբ ու սրտացավությամբ, օգնելու պատրաստակամությամբ:

Քննարկվեցին նաև նորակոչիկների ընդունելության, նրանց հետ աշխատելու, իրավական պարզաբանումներ տալու, ծառայության համար բարենպաստ միջավայր ապահովելու հարցերը: Նշվեց, որ թեեւ նորակոչիկների ուսումնական վաշտում ընդգրկվել են կիրթ, բանիմաց եւ պատրաստակամ սերժանտներ, սակայն չի կարելի ամեն ինչ թողնել նրանց վրա, այլ հարկավոր է լինել նրանց կողքին ու կիսել աշխատանքի ողջ ծանրությունը: Հարկավոր է ստեղծել վստահության մթնոլորտ, որպեսզի նորակոչիկները արտահայտվեն, խոսեն իրենց հուզող հարցերի մասին:

Իրավական խորհուրդն անդրադարձավ նաև ժամանակակից աշխարհում երիտասարդության շրջանում մեծ տարածում գտած դաջվածքի խնդրին: Լեյտենանտ Հ. Կաղյանը ներկայացնելով հարցը՝ ասաց, որ օրենքով ծառայության ընթացքում արգելվում է դաջվածք անելը, և եթե զինծառայողը շրջանցում է օրենքի պահանջը, տեղի ունեցածը պարզաբանելու համար նշանակվում է ծառայողական քննություն:

-Հնարավոր է, որ նորակոչիկը դաջվածքով գա զորամաս,- շարունակեց լեյտենանտը:- Փաստի առթիվ պետք է գրառում լինի նրա ինչպես անհատական գրքույկում, այնպես էլ բժշկական թերթիկում: Ամեն դեպքում, հարկավոր է զինվորների շրջանում բացատրական կանխարգելիչ աշխատանք տանել՝ ձերբազատվելու դաջվածքներով մարմինը «զարդարելու» արատավոր մտայնությունից:

Բավական լավ տպավորություն ստացա իրավական ակտիվի աշխատանքից: Սոցիալ-իրավական հարցերի գծով հրամանատարի տեղակալ երիտասարդ սպան այնքան էլ անփորձ սպայի տպավորություն չէր թողնում: Պարզվեց՝ քսանութամյա սպա Հայկ Կաղինյանը, որը հինգ ամիս առաջ է նշանակվել այս պաշտոնին և սպայի կոչում ստացել, 2007-2009թթ. պարտադիր ժամկետային ծառայությունից հետո չորս տարի պայմանագրային ծառայություն է կատարել զորամասերից մեկում և միայն մասնագիտական (իրավագիտական) բարձրագույն կրթություն ստանալուց հետո է ազգային բանակի սպայական անձնակազմի շարքերը համալրելու ցանկություն հայտնել:

ԶՈՐԱՑՐՎՈՂ ԶԻՆՎՈՐԻ ԴԻՄԱՆԿԱՐ

Եվս մի քանի օր, և շարքային Էդիկ Հարությունյանը կավարտի ծառայությունը և տուն կվերադառնա: Սպաների համար միշտ էլ դժվար է լավագույն զինվորներից բաժանվելը:

-Շարքային Հարությունյանը,- ասում է զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով նախկին տեղակալ Սոս Բեկջանյանը,- ղեկավարման մարտկոցի գծային ջոկի ռադիոհեռախոսավարն է, բայց գերազանց տիրապետում է «Շտուրմ-Ս» մարտական մեքենային: Նա միաժամանակ ղեկավարման մարտկոցի իրավական ակտիվն է ու զորամասի սերժանտական խորհրդի նախագահի առաջին տեղակալը, պարգևատրվել է «Լավագույն մարզիկ-զինվոր», «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով:

-Սովորել եմ մայրաքաղաքի թիվ 80 դպրոցում, եղել եմ աշակերտական խորհրդի նախագահը: Այժմ էլ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող եմ,- իր մասին կարճ ասաց զինվորն ու անցավ ծառայական խնդիրներին:- Կարևորը կապում գաղտնիության պահպանումն է, որը խաղաղ պայմաններում նվազեցնում է պատերազմի, պատերազմի ժամանակ բարձրացնում է հաղթանակի հավանականությունը:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #25 (1043) 3.07.2014 – 9.07.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/07/2014