Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ՞ԹԵ ՊԱԿԱՍ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է…



Մեր զորամասում համարյա չեն ծխում: Եթե դեռ ծխարանը կա, ապա վստահ եմ, որ ձեր հաջորդ այցելությանը դա էլ չեք տեսնի: Մեր հրամանատարը չի ծխում, մենք էլ չենք ծխում: Ցավոք, ծխելը մեր զորամասով չի սահմանափակվում: Ծխում է յուրաքանչյուր երկրորդը, ասել է թե՝ ամբողջ երկիրը… Ես չեմ ուզում վիճակագրական տվյալներ բերել` աչք ունեմ, տեսնում եմ:

Ձեր շուրջը նայեք և դուք էլ կհամոզվեք. ամենուրեք ծխախոտի քնթուկներ են… Շրջեք Երևանի փողոցներում, այգիներում, բակերում, անթիվ-անհամար ծխախոտի կոթուններ կտեսնեք մայթեզրին, գազոնների մեջ, պատերի ամենափոքր ճեղքերում անգամ, քաղաքային տրանսպորտի նստատեղերի արանքներում… Տեսարժան վայրե՞ր եք այցելում, դե, իհարկե, այդտեղ էլ ձեռակերտ և անձեռակերտ կոթողների հարևանությամբ կամ հենց ներսում ծխախոտի մնացորդներ կտեսնեք… Նույնիսկ եկեղեցիները, խաչքարերը անմասն չեն մնացել ծխախոտի «գրոհներից»։

Այ հեր օրհնածնե՛ր, բա ոչ մի սրբություն չե՞ք ճանաչում։ Թողնես` մեծ-մեծ կխոսեք, կճամարտակեք, կխոսեք հազարավոր տարիների մշակույթից, քաղաքակրթությունից, ազգային արժեքներից, հայրենասիրական-հուզական ճառեր կարտասանեք։ Բայց մի՞թե պակաս հայրենասիրություն է շրջապատը մաքուր պահելը։

Հայրենիքը նաև այդպես են սիրում:

ԱՐՏԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #26 (1044) 10.07.2014 – 16.07.2014, Բանակ և հասարակություն


10/07/2014