Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՂԱՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԶՈՐԱՑՐՎՈՒՄ



Գնդապետ Ա. Տոնոյանի հրամանատարությամբ գործող զորամասում ենք։ Շարահրապարակում նորակոչիկները զինվորական վարժանքներն են կատարում։ Մեր նպատակը զորացրվող զինվորների հետ զրուցելն է: Ի՞նչ խոհերով, ի՞նչ ապրումներով, ի՞նչ մտահոգություններով են երիտասարդները վերադառնալու հայրենի եզերք։

ԱՐԹՈՒՐ ԱՆԱՆՅԱՆ (կրտսեր սերժանտ) -Ես ծնվել եմ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում։ Դպրոցից հետո ավարտեցի Նոյեմբերյանի պետական քոլեջը և զորակոչվեցի բանակ։ Մինչև բանակ գնալը մտածում էի՝ էս երկու տարին զուր տեղն եմ կորցնելու, բայց, հավատացեք, հիմա վստահորեն կարող եմ պնդել՝ ես իրականում շահեցի. բանակը փոխեց կյանքի հանդեպ մտածելակերպս, հիմա ավելի հեշտ եմ շփվում, ճանաչում մարդկանց, իսկ ամենակարևորը՝ լավ ընկերներ ձեռք բերեցի։ Շուտով տուն կգնամ։ Շատ եմ սիրում ծննդավայրս, այնտեղ ինձ ամեն ինչ այնքան հարազատ ու սրտամոտ է, բայց միևնույն ժամանակ նաև մտահոգություն ունեմ՝ ի՞նչ եմ անելու ծառայությունից հետո, ինչո՞վ եմ զբաղվելու։

Նոյեմբերյան քաղաքը և՛ պատերազմ է տեսել (տուն չկա, որ կորուստ չունենա, հարազատ-բարեկամ կորցրած չլինի), և՛ երկրաշարժ։ Հրադադարի հաստատումից հետո 20 տարի է անցել, բայց էս 20 տարվա մեջ Նոյեմբերյանում էական ոչ մի փոփոխություն չի եղել։ Աշխատանք չկա, շատերը լքում են իրենց ծննդավայրը… Ես հետագա աշխատանքիս հետ կապված լուրջ պլաններ ունեի։ Հիմա չգիտեմ՝ ինչպե՞ս վարվել, ի՞նչ անել… Այն, որ շատ եմ ուզում ապրել Նոյեմբերյանում, միանշանակ է, գիտակցում եմ, որ օտարի հողը, որքան էլ լավը լինի, որքան էլ բարեկեցիկ լինի, միևնույն է, քո հայրենիքը չէ։ Կարծում եմ՝ ամեն մարդ իր հողում պետք է ապրի ու աշխատի, որ զորավոր լինի։ Ինձ չի վախեցնում ո՛չ թշնամու մոտիկությունը, ո՛չ էլ նրա անվերջ հոխորտանքներն ու սպառնալիքները, միայն թե աշխատանք լինի, ես կմնամ իմ հայրենիքում, իմ հողում…

ՍՈՍ ՄՈՒՔԵԼՅԱՆ (կրտսեր սերժանտ) – Զորացրվելուս հաշված օրեր են մնացել։ Ծառայությունս դժվար չանցավ, որովհետև և՛ լավ ընկերներ ունեմ, և՛ լավ հրամանատարներ։ Վերջերս էլ պարգևատրվել եմ «Բանակի գերազանցիկ» կրծքանշանով։ Մի քանի օրից արդեն հարազատ գյուղում կլինեմ՝ Բարեկամավանում։ Մեր գյուղը սահմանին կպած է: Մանկությունս կրակոցների տակ է անցել։ Հիմա էլ, տեղյակ եմ, կրակում են։ Ես գիտեմ, թե ինչ բան է պատերազմը, պատերազմի ցավն ու դառնությունը։ Պապս զոհվել է «գրադի» պայթյունից, հայրս վիրավորվել է գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ, հորեղբորս սպանել են խոտ հնձելիս` երեխաների աչքի առաջ…

Մեր գյուղը հազար ցավ ու դառնություն է տեսել։ Մի կողմից թշնամին է, մյուս կողմից՝ կենցաղային, առտնին խնդիրները… Ջուր չկա: Ջուրը հեռու աղբյուրից ենք գնում-բերում… Ճանապարհները շատ վատ վիճակում են… Տրանսպորտ համարյա գյուղ չի մտնում… Երիտասարդները զբաղմունք չունեն… Կիսաքանդ մշակույթի տունը վաղուց արդեն չի գործում… Հենց ուրախանում եմ, որ զորացրվում եմ, տուն եմ գնալու, անմիջապես այս բոլոր խնդիրները միտքս են գալիս…

Գյուղացու միակ ապրուստը հողն է, բայց մեր գյուղի հողերն այս էլ քանի տարի անմշակ են. վար ու ցանք, հունձք գյուղի մերձակայքում համարյա անհնար է անելը։ Էլ չեմ խոսում ականապատված վարելահողերից, այգիներից, ճանապարհներից… Արտերն անմշակ են, կիսահունձ, այգիներում պտուղը մնում-չորանում է ծառին, թշնամին վառում է հասած արտերը, խանգարում բերքահավաքին։ Մի խոսքով՝ մեր գյուղը սահմանին է՝ իր անսահման խնդիրներով ու հոգսերով հանդերձ…

Մեր գյուղում է նկարահանվել հայկական բանակի 20-ամյակին նվիրված «Ես եմ» գեղարվեստական ֆիլմը։ Ամբողջ օրը մեղվի նման հավաքվում էինք նկարահանող խմբի շուրջն ու հետաքրքրությամբ հետևում դերասանների խաղին։ Սոս Սարգսյանն էլ է այդ ֆիլմում խաղում։ Հետո դերասանները վերադարձան մայրաքաղաք։ Դրանից հետո մի օր հեռուստատեսությամբ լսեցի, թե ինչպես էր Սոս Սարգսյանը սրտի ցավով, դառնությամբ խոսում սահմանամերձ գյուղերի դժվարին, ծանր ու աղետալի վիճակի մասին։ Մեր Բարեկամավանից էլ խոսեց։ Հիշում եմ՝ ասաց՝ գյուղը հալվում է, մարում… Շատ տխրեցի, շատ-շատ… Ես մեր գյուղը շատ եմ սիրում։ Աշխարհում հազար սիրուն քաղաք ու գյուղ կա, բայց իմն ամենալավն է, ամենասիրունը… Չեմ ուզում անգամ մի հոգի գյուղից հեռանա։ Բայց իմ ուզենալը քիչ է, շատ քիչ… Գիտե՞ք, գյուղի մարդիկ ավելի պարզ են ապրում՝ միմյանց հոգս ու ցավով, իրար հարազատի նման են վարվում… Գուցե դրա համար էլ շատ եմ սիրում մեր գյուղը, ի՞նչ իմանամ…

Միայն թե աշխատանք ունենամ, թեկուզ կրակոցների տակ, ուզում եմ ապրել և աշխատել իմ հարազատ գյուղում։

ՆԱՐԵԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ (շարքային) -Իմ ծառայության ավարտին դեռ մի քանի ամիս կա, բայց ես էլ ընկերներիս պես չգիտեմ՝ ի՞նչ եմ անելու ծառայությունից հետո։ Ճիշտ է՝ դեռ կգնամ, ուսումս կշարունակեմ, պոլիտեխնիկականի երրորդ կուրսից եմ զորակոչվել բանակ, բայց, մեկ է, էլի հետո հազար անհայտով խնդիրներ կան։ Ես էլ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղից եմ, որ նախկինում կոչվում էր Թոխլուջա և բնակեցված էր ադրբեջանցիներով (տարածքը հայկական է, գյուղի տարածքում հայտնաբերված խաչքարերն այդ մասին են վկայում)։ 1990-ականների դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Արծվաշենից տեղահանված հայերով։ Մերոնք Արծվաշենից են…

Դրախտիկը, ճիշտ է, թշնամու անմիջական նշանառության տակ չէ, բայց սահմանային շատ գյուղերի նման բազմաթիվ հոգս ու ցավ ունի։ Ջուրը ժողովրդի ուժերով քաշեցինք, բայց գազ չկա։ Դեպի գյուղ բերող ճանապարհները քիչ թե շատ կարգին են, սակայն գյուղամիջյան ճանապարհներն անմխիթար վիճակում են… Մեզ մոտ էլ երիտասարդները զբաղմունք չունեն։

Կավարտեմ ուսումս, հետո՞… Աստված գիտե… Մեր գյուղացիներից շատերն են գնում արտագնա աշխատանքի։ Ոմանք վերադառնում են, ոմանք էլ ոչ…

Տղաներն իրենց պարտքը կատարել են հայրենիքի հանդեպ, և թվում էր, թե միայն խանդավառ, անհոգ խոսքեր պետք է լսեի, բայց, դե վաղուց արդեն նախկին անվստահ, երկչոտ պատանիները չեն, նրանք արդեն հասուն մարդիկ են, առնական տղամարդիկ, որ մտահոգ են իրենց ճակատագրով, իրենց հայրենիքի վաղվա օրով… Նրանք տուն են վերադառնում և՛ ֆիզիկապես կոփված, և՛ հոգեպես.. Նրանք գիտակցում են իրենց դերը և լցված են իրենց ապագան կառուցելու, հայրենի եզերքը սեփական ձեռքերով շենացնելու վճռականությամբ: Բարի ճանապարհ Մեծ Կյանք, հայրենյաց քաջ զինվորներ, դուք ծառայության ընթացքում ձեռք եք բերել այն բոլոր հատկանիշները, որոնք, հուսամ, կօգնեն ձեզ գտնելու ձեր իսկական տեղը այս կյանքում… Դուք զորացրվում եք, բայց քաղաքացիական կյանքում էլ կմնաք իբրև Հայրենիքի զինվորներ…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #26 (1044) 10.07.2014 – 16.07.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/07/2014