Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՐԱՑՆԵՆՔ ՍԻՐՈ ՊԱԿԱՍԸ



Ծնվել եմ 1958 թվականի հունվարի 6-ին, Երեւանում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել եմ խորհրդային բանակ։ Մասնագիտությամբ ավտոմեխանիկ եմ, սակայն չկա կենցաղում կիրառվող մի արհեստ, որին չտիրապետեմ։ Ինչ անում եմ՝ անում եմ սիրով։ Տունը հիմքից մինչեւ վերջ կարող եմ կառուցել, այգի տնկել, ծաղկանոց ստեղծել, այդ ամենը ճաշակով ձեւավորել։ Ընկերներս, մտերիմներս իմ կատարած գործի մեջ արվեստ են տեսնում, եւ դա ինձ միշտ ուրախություն է պատճառել, դրանից հոգեկան բավարարվածություն եմ ստացել։
Հրադադարից հետո զբաղվել եմ հնաոճ իրերի առեւտրով։ Հիմա միգուցե մտածեք՝ ավտոմեխանիկն ուր, արվեստի գործերն՝ ուր։ Այդ սերն էլ գալիս է մանկությունից։ Նախնիներս եղել են մշեցիներ։ Եկել հաստատվել են Ապարանում։ Մայրս Թթուջրից է, հայրս՝ Քուչակից։ Երկու եղբայր ենք, չորս քույր։ Մեր տոհմում եղել են հոգեւորականներ եւ ազգանունիցս անաստվածության տարիներին Տերը հանել են, հիմա ուզում եմ այն նորից վերականգնել։ Մեզ Տոնոյի Մուքոյի ցեղ են ասում։ Միքայելը՝ Մուքոն, եղել է իմ պապը։ Բաշ Ապարանի կռվի մասին պապիս հերոսական պատմություններով ենք մենք սնվել-մեծացել։ Պապս կտրուկ էր, չոր, իր խոսքի գինը իմացող։ Ասածը երկրորդ անգամ չէր սիրում կրկնել։
Ռազմիկ հորեղբայրս իր բնավորությամբ շատ է նման պապիս։
Էրգրից բերած գիրքը, կահկարասին, զենքը, մի խոսքով այն ամենը, ինչ «կենդանի» պատմություն էր, հորեղբայրս սիրով պահում-պահպանում էր եւ ամեն պատեհ առիթով հարստացնում։ Փոքրիկ մի թանգարան էր ստեղծել, որն էլ շարունակեցի հարստացնել-լրացնել ես՝ հին թրերով, մետաղադրամներով, գրքերով։ Սկսեցի լրջորեն ուսումնասիրել պատմությունը, եւ հիմա կարող եմ առաջին իսկ հայացքից կարդալ որեւէ հնաոճ իրի, առարկայի «կենսագրությունը»։ Նաեւ զարմանալի մի բան կատարվեց ինձ հետ՝ սկսեցի պարզ կարդալ գրաբար եւ թարգմանել։ Ինչ իմանաս՝ գուցե իմ քահանա պապերի ննջող գենե՞րը արթնացան…
Երբ սկսվեց ազգային-ազատագրական պայքարը, շատ շատերի նման ես էլ զենք վերցրի եւ դուրս եկա հայրենի եզերքը պաշտպանելու։ Կռվել եմ լուսահոգի Վահան Զատիկյանի, այնուհետեւ «Սասունցի Դավիթ» ջոկատներում։ Երասխ, Կապան, Կուբաթլու, Ջեբրայիլ՝ իմ անցած մարտական ուղին է։ 1993թ. հոկտեմբերին Ջեբրայիլում ոտքից ու գլխից վիրավորվեցի, հրաշքով ողջ մնացի ականի պայթյունից։ Մինչ օրս մարմնիս մեջ բեկորներ կան։ Հիվանդանոցից հետո դեռ լրիվ չապաքինված՝ նորից գնացի ռազմադաշտ, հասա իմ մարտական ընկերներին, սակայն տղաները ինձ ստիպողաբար տուն ուղարկեցին, որովհետեւ վերքերից բացի ձեռք էի բերել նաեւ շաքարախտ։ Որոշ ժամանակ բուժվելուց հետո նորից սկսեցի օգնել տղաներին ինչով հնարավոր էր՝ զենքով, զինամթերքով, սնունդով։ Ես նրանց հետ էի հոգով, մտքով։ Ով պատերազմ է տեսել, ընկերներ է կորցրել՝ նա ինձ կհասկանա։ Իմ ընկերներից Արթուրը, Վահանը, Մարտինը, Արտյոմը, Սամվելը այժմ ննջում են Եռաբլուրում։ Սամվել Մաթեւոսյանի, Գեւորգ Գեւորգյանի, Սամվել Կլեկչյանի, Վոլոդյա Մաթեւոսյանի, Արթուրի, Սամվելի, Հայկի, Հայկազի, Ջանոյի հետ մեր ընկերների ծննդյան եւ զոհված օրերին այցելում ենք հերոսների պանթեոն։ Հիշողությունների գիրկն ընկած՝ նորից վերապրում ենք անցածը։
Եռաբլուրում միշտ հանդիպում եմ Անահիտ քրոջս ու փեսայիս՝ Ժորային։ Նրանք երկուսն էլ աշխատում են այնտեղ։ Քրոջս երկու որդիները՝ Արտյոմն ու Արթուրը, զոհվեցին։ Արտյոմը եկել-հասել էր ռազմադաշտ, միացել ինձ, զոհվեց իմ կողքին՝ 1993-ի օգոստոսին, Կապանում, իսկ Արթուրը մինչեւ հրադադարը զոհվեց Տավուշում։ Փեսաս՝ Ժորան, արմատներով Արցախից է։ Ծանր վիշտ է երկու որդի կորցնելը, սակայն նրանց մյուս որդին՝ Ալբերտը, եւ երկու աղջիկները 6 թոռ են պարգեւել Անահիտին ու Ժորային եւ ինչ-որ չափով մխիթարել։ Քրոջս ընտանիքին աջակցում, օգնում են պաշտպանության նախարարությունից, թաղապետարանից, քաղաքապետարանից։ Լավ է, երբ ձեռք են մեկնում, երբ վերքիդ սպեղանի են դնում։ Այսօր առավել քան երբեւէ մեզ միասնություն է պետք, խիղճ։ Ավաղ, սերը, ամենազոր սերը պակասել է աշխարհից։ Ցավ եմ զգում, երբ Հայրենական մեծ պատերազմի մասնակցի բարեկամը, հարազատը վաճառքի է հանում նրա՝ արյան գնով ձեռք բերված պարգեւները՝ մեդալներ, շքանշաններ…
Պիտի խոստովանել, որ Արցախյան ազատամարտի մեր մասնակիցներից շատերն էլ են այսօր ապրում սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում։ Իրոք սիրտդ ցավում է։ Առավել եւս, երբ տեսել ես այդ տղաներին թշնամու դեմ առյուծի նման կանգնած ու հիմա կենցաղային ծանր պայմաններում մի տեսակ կուչ եկած, խեղճացած։ Համընդհանուր սեր է պետք, հոգատարություն։ Օրհասական այն պահերին մարտի դուրս եկած տղաներն իրենց կյանքը դրել էին հայրենիքի զոհասեղանին, նրանցից ոչ մեկը չէր մտածում անձնական շահի մասին։ Հիշում եմ՝ Կուբաթլուն, Ջեբրայիլը ազատագրելիս մեզ հետաքրքրողը թշնամուց մնացած զենքն էր, փամփուշտները ու մեկ էլ՝ ծխախոտ կամ սուրճ, եթե պատահեր։ Ես էլ եմ ապրել այսպես։ Երեք երեխաներիս թողել եմ կնոջս հույսին, որը նույնպես այդ օրերից հիվանդություն է ձեռք բերել, ու մեկնել եմ ռազմի դաշտ։ Ինչպես ես, այնպես էլ իմ ողջ մնացած մարտական ընկերներից շատ շատերը մինչ օրս մեր բաժին օգնությունները տուն չենք տարել, այն հատկացրել ենք մեր զոհված ընկերների ընտանիքներին։ Եվ բոլորիս կանայք, երեխաները գիտեն այդ մասին եւ հասկանում են, որ այդպես է հարկավոր… Հաճախ մեղավորության զգացում ես ունենում, որ դու կաս, ապրում ես, թվում է՝ դեպի քեզ սուրացող գնդակի ճանապարհը նրանք փակեցին իրենց կյանքի գնով… Այսօր մեր նորանկախ պետության բոլոր կառույցները պետք է իրենց ուշադրության կենտրոնում պահեն մեր զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին։ Դա է ռազմահայրենասիրական դաստիարակության առաջին եւ գլխավոր պայմանը։ Աճող, հասակ առնող սերունդը այդ հոգատար վերաբերմունքից կհասկանա, կգիտակցի, թե ինչ ասել է հայրենիքի զինվոր։
Ես արդեն 53 տարեկան եմ, ապրել եմ մաքուր խղճով ու երկրիս միշտ նայում եմ պայծառ հայացքով։ Փառք Աստծո՝ ունենք անկախ պետություն։ Պտուղը քաղելու, վայելելու համար մեզ պետք է միասնություն, միասնական կամք ու նպատակ։ Մենք պետք է գուրգուրենք մեր արժեքները, մեր մշակույթը, որպեսզի մեր թոռների, մեր երեխաների վաղվա օրը լինի ավելի պայծառ ու լուսավոր։ Ինչպես վիպասան Մուրացանն է ասում. «Պետության հիմքը ընտանիքն է»։ Այդ ընտանիքներում են ծնվում, սնվում, հասակ առնում մեր վաղվա պաշտպանները, մեր բանակի զինվորները։ Պիտի գուրգուրենք մեր բանակը, ինչպես մեր որդիներին, մեր զավակներին։ Այսօր էլ ինչպես ես, այնպես էլ կռվի բովով անցած իմ ընկերները, պատրաստ ենք հարկ եղած դեպքում զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին…
Ունեմ 3 երեխա՝ Սաթենիկ, Սերյոժա, Հարություն։ Սաթենիկին ու Սերյոժային կոչել եմ ծնողներիս անուններով։ Փառք Աստծո, հասկացող, խելացի երեխաներ են։ Աղջիկս իրավաբան է, նաեւ ստեղծագործում է։ Հայրենիքի, սիրո մասին փոքրիկ մի գրքույկ է հրատարակել։ Սերգեյս նույնպես իրավաբան է։ Այժմ ծառայում է սահմանամերձ զորամասերից մեկում։ Ավագ սերժանտ է, բանակի գերազանցիկ, զորամասի իրավաբանական խորհրդի նախագահը։ Ես զգում եմ, որ որդիս ներքուստ հպարտանում է ազատամարտիկ հոր կենսագրությամբ։
Ես ուրախանում եմ իմ երեխաների հաջողություններով, ուրախանում եմ ամեն մի հայ ծնողով, ով արժանի ու գիտակից զավակ է դաստիարակում, մեծացնում։ Երջանիկ է այն ծնողը, ով տեսնում է, որ զավակներն իրագործում են իր երազները, շարունակում իր գործը։

ԼԵՎՈՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ազատամարտիկ

Խորագիր՝ #13 (878) 6.04.2011 – 13.04.2011, Բանակ և հասարակություն


14/04/2011