«ԶՈՐԱՄԱՍԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ»
«Հայ զինվոր» թերթի ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով մեր թերթը ձեռք բերեց հազարավոր նոր ընթերցողներ, որոնք հետեւում են մեր գործունեությանը, ընթերցում եւ քննարկում են տպագրված նյութերը: Չափազանց ուրախալի է, որ բանակային կյանքը և զինվորական առօրյան լուսաբանող թերթը շատերի համար դարձել է հանդիպման հաճելի վայր: Այդ մասին են վկայում շաբաթվա ընթացքում թերթի ստացած արձագանքները:
Այս անգամ մեր օգտատերերի ջերմ վերաբերմունքին է արժանացել «Հայ զինվոր» թերթի լուսանկարիչ Գարիկ Արմենակյանի «Զորամասի նորակոչիկները» լուսանկարը հետեւյալ մակագրությամբ. «Մեզ` զորամաս այցելած լրագրողներիս համար դժվար էր հավատալ, որ լուսանկարի տղաներն ընդամենը 5-րդ օրն են զորամասում. այնքան հպարտ, առնական, հստակ էին քայլում, ասես փորձառու զինվորականներ լինեին… Բարի ծառայություն բոլորին»:
Լուսանկարը դիտվել է 3992 անգամ, ստացել 227 հավանում եւ արժանացել բազում մեկնաբանությունների: Մարգարիտա Քարամյանը, օրինակ` գրել է. «Անփորձանք, մեր հպարտ որդինե՛ր: Հիշե՛ք, որ դուք պաշտպանում եք միլիոնավոր մարդկանց կյանքեր, որ ձեզ սիրում ու սպասում են: Դուք մեր պարծանքն եք, Աստված ձեզ պահապան…»: Օգտատեր Տաթեւ Մելիքսեթյանը նույնպես անփորձանք ծառայություն է մաղթել նորակոչիկներին, Էսֆիրա Ոսկանյանը՝ «Բարի ծառայություն եւ բարի վերադարձ հայրենի օջախ»:
Շնորհակալ ենք մեր ֆեյսբուքյան էջի 7223 ընթերցողներին մեզ հետեւելու, արձագանքելու համար: Հիշե՛ք, ձեր արձագանքները ոգևորում են մեզ և ճշտում թերթի անելիքը:
Շ. Ստ.
Խորագիր՝ #26 (1044) 10.07.2014 – 16.07.2014, Բանակ և հասարակություն