Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԾԽԱԽՈՏԻՆ



ԲԱՆԱԿՆ ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ. ԱՌՈՂՋ ԶԻՆՎՈՐ, ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿ

ԿՆԵՐԵ՛Ք, ՍԸՐ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու. Չերչիլը սիգարի սիրահար էր: Իր այդ վնասակար սովորության մասին ասում էր. «Խլեք ինձնից իմ սիգարը, եւ ես ձեզ պատերազմ կհայտարարեմ»: Եվ ահա մի անգամ նրան պետք է նկարեր մեր հայրենակիցը՝ լիբանանահայ լուսանկարիչ Յուսուփ (Հովսեփ) Քարշը: Մռայլ, մթագնած կանգնած է Չերչիլը՝ իր անբաժան սիգարը ձեռքին: Հանկարծ շատ անսպասելի Քարշը մոտենում է Չերչիլին, խլում սիգարն ու «կներե՛ք, սըր» ասելով՝ իսկույն սեղմում է լուսանկարչական ապարատի կոճակը:

Քարշը հետո պիտի խոստովաներ, թե Չերչիլի հայացքն այդ պահին նման էր կատաղի գազանի հայացքի…

Հետագայում այդ նկարը դարձավ Չերչիլի ամենաշատ վերատպություն ունեցած լուսանկարը:

ՀՈԼԻՎՈՒԴՆ ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ

Ինչպես հայտնում է Associated Press-ը, վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիլմերում այն տեսարանները, որտեղ դերասանները ծխում են, նվազել են: Ծխախոտով տեսարանների հաճախականությունը էկրանին հասել էր իր գագաթնակետին 2005 թվականին, այնուհետև դրանից հետո անկում է ապրել: Այս տվյալները հիմնված են հետազոտության վրա, որի ընթացքում հետազոտողները դիտել են 1991 թ.-ից մինչև 2009 թ. ամենահայտնի ֆիլմերը: Նրանք հաշվում էին, թե քանի անգամ են օգտագործվում ծխախոտ ցույց տվող տեսարանները: Անցյալ տարի արտադրված 145 լավագույն ֆիլմերի կեսից շատերում ընդհանրապես բացակայել են ծխելու տեսարանները: Իսկ երեխաների և պատանիների համար նախատեսված ֆիլմերում տոկոսներն ավելի բարձր էին` ֆիլմերի 61 %-ը ցույց չի տվել ծխախոտ: Տարիներ շարունակ ճնշումներ են գործադրել կինոարտադրող ընկերությունների վրա, որպեսզի վերջիններս կրճատեն ծխելու տեսարանները երեխաների և պատանիների համար նախատեսված ֆիլմերում: Այդ ջանքերը կարծես հաջողության են հասել, քանի որ կինոարտադրող ընկերությունները հատուկ քաղաքականություն են ընդունել և թողարկված DVD-ների վրա, որտեղ կան ծխախոտով տեսարաններ, ծխելու վնասակարության մասին հաղորդագրություններ են դնում:

ԹՈՂ ԹՇՆԱՄՈՒ ԲԱԺԻՆ ԴԱՌՆԱ

Սիգարի մեծ սիրահար Ֆիդել Կաստրոն 44 տարի անընդմեջ ծխելուց հետո որոշեց հրաժարվել իր այդ վատ սովորությունից, որպեսզի օրինակ ծառայի իր ժողովրդի համար: Մի առիթով, ծխելու վնասակարության մասին խոսելիս, նա ասել էր .«Լավագույնը, որ կարելի է անել ծխախոտի թփի հետ, տալն է սեփական թշնամուն»:

ԾԽԱԽՈՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

2001թ. Փարիզում բացվեց բավական յուրօրինակ թանգարան՝ Ծխախոտի թանգարան: Թանգարանի ցուցասրահում ցուցադրվում են ծխելու հետ քիչ թե շատ առնչություն ունեցող տարատեսակ առարկաներ: Թանգարանում կա փոքրիկ ջերմոց, որտեղ այցելուների համար ցուցադրվում է, թե ինչպես է աճեցվում ծխախոտը:

Ծխելը չխրախուսելու նպատակով թանգարանի ցուցանմուշների շարքում կան նաեւ ծխելու վնասակարության մասին պատմող բազմաթիվ գրքույկներ:

ԾԽԵԼԸ ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Մի շարք հետազոտություններից հետո գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ մարդիկ, որոնք ամեն օր ստանում են նիկոտինի որոշակի չափաբաժին, շատ քիչ են շարժվում, նախընտրում են մնալ տանը` հաղորդում է CNN-ը:

Հաղորդվում է, որ մեկ շաբաթ տևած հետազոտությանը մասնակցել են ծխող և չծխող անձինք: Արդյունքում՝ պարզվել է, որ ծխող անձանց մոտ բացակայել է շարժվելու ցանկությունը, ինչը բացատրվում է թոքային համակարգի ոչ լիարժեք աշխատանքով:

Բացի այդ՝ գիտնականները հարցում են անցկացրել և պարզել, որ ծխող անձինք մշտական հոգնածության զգացում են ունեցել:

ՍԻԳԱՐԻ ՀԱՅ ԲԱՐՈՆԸ

Հայազգի հանրահայտ դաշնակահար, հայտնի Strangeris in the night երաժշտության հեղինակ Ավո Ուվեզյանը աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող AVO ֆիրմայի սիգարների ստեղծողն է: Սկզբնական շրջանում նա սիգարներ էր պատրաստում իր եւ ընկերների համար: Այնուհետ 1988թ. նա իր սիգարներից 10 տուփ ուղարկում է Davidoff ընկերությանը: Սիգարները շատ արագ վաճառվում են, եւ ընկերությունը նոր պատվեր է տալիս, իսկ արդեն 1996թ. Davidoff ընկերությունը 10մլն դոլարով գնում է AVO սիգարային բրենդի իրավունքները:

2000թ Ավո Ուվեզյանն ստեղծում է Ավո Մադուրո սիգարները, որոնք առանձնանում են իրենց քաղցր համով:

♦♦♦

Ֆինլանդիան ծխելու դեմ պայքարի առաջատարներից է: Այստեղ բավականին խիստ են սահմանափակումները, անգամ արգելվում է ծխելը սեփական պատշգամբում, քանի որ ծուխը կարող է ներթափանցել հարեւանի բնակարան:

♦♦♦

Մեծ Բրիտանիայի օրենսդրության մեջ հատուկ տողով արգելվում է ծխել ֆուտբոլային մարզադաշտում:

♦♦♦

Հոլանդիայի գիտնականները պարզել են , որ հղի ժամանակ ծխախոտի օգտագործումը համասեռամոլ հակումներ է առաջացնում երեխայի մոտ:

♦♦♦

1600թ. պարսից Շահ Աբասի հրամանով կտրում էին ծխելիս բռնված զինվորի քիթն ու շուրթերը, իսկ ծխախոտ վաճառողին այրում էին խարույկի վրա:

♦♦♦

Իտալիայի բանակում ծխելուց հրաժարվող զինվորներին պարգեւատրում էին լրացուցիչ արձակուրդով:

♦♦♦

Առաջին պետությունը, որն արգելեց ծխելու գովազդը ԶԼՄ-ներում, Մեծ Բրիտանիան էր (1965թ.):

♦♦♦

ՌԴ-ում յուրաքանչյուր ծխող 10 տարի անընդմեջ ծխելով՝ «ծխում է» մեկ միջին դասի մեքենա: Դա կարող է լինել, օրինակ՝ «Mazda 6», Ford Focus, Chevrolet Lacetti:

Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Բանակ և հասարակություն


17/07/2014