ՆԱՀԱՆՋԸ «ՆՈՒՐԲ» ԳՈՐԾ Է
ՀՀ ԶՈՒ մարտական կանոնագրքում կա այսպիսի տերմին՝ «մարտից դուրս գալը» և «ետ քաշվելը»։ Մարտավարման այս ձևը մարտական պատրաստության պարապմունքների, շտաբային մարզումների, ինչու չէ, նաև գումարտակային, վաշտային զորավարժությունների ժամանակ չի մշակվում։ Մարտի վարման այս ձևը կարևոր տեղ է գրավում մարտական պատրաստության ժամանակ, քանի որ պատերազմական գործողությունների սկզբնական փուլում՝ հատկապես ազատագրված տարածքներում, որտեղ հնարավոր են հակառակորդի հիմնական հարվածները, մարտական գործողությունները կարող են վարվել հենց այս տարբերակով։
Հատկապես պաշտպանական մարտերի ժամանակ հաճախ անհրաժեշտ է լինում հետ քաշվել։ Երբեմն նահանջը կիրառվում է նաև հարձակողական մարտի ժամանակ հակառակորդի հակագրոհը հետ մղելիս կամ հանդիպական մարտում անհաջողություն կրելիս։ Հարկադրված նահանջը իրականացվում է այն դեպքում, երբ անհնար է պահել զբաղեցրած տեղամասը, շրջապատման վտանգ է ստեղծվել կամ հնարավոր է գնդի ստորաբաժանումների ջախջախում։ Կանխատեսված հետ քաշվելը իրականացվում է այն դեպքում, երբ իրավիճակը վատանում է հարևան տեղամասերում կամ թիկունքում, նաև այն դեպքում, երբ անհրաժեշտ է նախադրյալներ ստեղծել հետագա մարտական գործողությունների համար։
Ամեն դեպքում, հետ քաշվելը (նահանջը) նպատակին է լինում, եթե այն կազմակերպվում է արագ, քողարկված, առավելագույնս օգտագործելով տեսանելիության նվազագույն պայմանները, տեղանքի բնական թաքստոցները և ռազմական խորամանկությունները։ Եթե վերը նշված պահանջները ուշադրության չեն առնվում, ապա որպես կանոն բերում են ծանր հետևանքների։
Բոլորս գիտենք, որ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում գնդի նահանջին նախորդում է մարտից դուրս գալը։ Այստեղ խոսքը գլխավոր ուժերի նահանջի մասին է դեպի թիկունք այն խորությամբ, որն ապահովում է ստորաբաժանումների ապածավալումը (րՉպՐՑօՉՈվՌպ) երթային շարասյան կամ նախամարտակարգի՝ նպատակ ունենալով պոկվել հակառակորդից, հետագայում հետ քաշվելու համար։
Հետ քաշվելը (նահանջը) սկսվում է այն ժամանակ, երբ վերջապահ (արյերգարդ) ստորաբաժանումը զբաղեցնում է հանձնարարված բնագիծը։
Մարտից դուրս գալը և գնդի գլխավոր ուժերի հետ քաշվելը (նահանջը) իրականացվում է գիշերը կամ սահմանափակ տեսանելիության այլ պայմաններում։ Սա մի կողմից դժվարացնում է հակառակորդի հետախուզական գործողությունների կազմակերպումը և ավիացիայի կիրառումը, մյուս կողմից նպաստում է ստորաբաժանումների ավելի քողարկված և ծածուկ դուրսբերմանը հակառակորդի հետ անմիջական շփման գծից և նահանջի անվտանգ իրականացմանը։ Իրավիճակը կարող է ստիպել, որ զորքերը մարտից դուրս գան նաև ցերեկը։
Գնդի հիմնական ուժերի մարտից դուրս գալը և հաջողությամբ հետ քաշվելը դեպի նոր բնագիծ հիմնականում կախված է նահանջն ապահովող և վերջապահ ստորաբաժանումներից։ Մնալով զբաղեցրած դիրքերում և զբաղեցնելով հակառակորդի հարձակման հնարավոր ուղղությունները՝ նրանք պետք է պահեն կրակի նախկին հզորությունը և ռեժիմը, ինչը պետք է հակառակորդի մոտ կարծիք ստեղծի, թե ոչ մի գործողություն մարտից դուրս գալու ուղղությամբ չի կատարվում։
Գլխավոր ուժերի մարտից դուրս գալն ապահովող ստորաբաժանումների կազմը հիմնականում ներառում է գնդի առաջին էշելոնի գումարտակների յուրաքանչյուր վաշտից մեկական դասակ։ Առանձին դեպքում գնդի գլխավոր ուժերի մարտից դուրս գալն ապահովող ստորաբաժանումների կազմում կարող է լինել մեկական վաշտ առաջին էշելոնի յուրաքանչյուր գումարտակից։
Նոր բնագիծ քաշվելու ժամանակ գնդից, որպես վերջապահ, առանձնացվում է մեկ գումարտակ՝ ուժեղացված տանկերով, հրետանիով (նախընտրելի է ինքնագնաց)։
♦♦♦
Վերջապահ գումարտակը պետք է արգելակի հարձակվող, ճակատից հետապնդող հակառակորդին այնքան ժամանակ, որն անհրաժեշտ է գնդի գլխավոր ուժերին պոկելու հակառակորդից և ապահովելու անարգելք հետ քաշվելը։ Միաժամանակ նշենք, որ առաջադրված խնդիրները վերջապահը լուծում է ինքնուրույն, արագորեն իրականացնելով զորաշարժ մեկ բնագծից մյուսը։ Վերջապահը նշանակված բնագիծը զբաղեցնում է նախօրոք, մինչև գնդի գլխավոր ուժերի մարտից դուրս գալը՝ ավագ հրամանատարի սահմանած ժամկետներում։
Պաշտպանական մարտում վերջապահին առաջին բնագիծը որպես կանոն նշանակվում է 2-րդ էշելոնի դիրքերի սահմաններում։ Հետագա բնագծերը վերջապահին նշանակվում են մեկը մյուսից այն հեռավորության վրա, որպեսզի հակառակորդը, գրավելով նախորդ բնագիծը, հաջորդը գրավելու համար ստիպված լինի տեղափոխել հրետանու կրակային դիրքերը և նորից կազմակերպի հարձակումը իր բոլոր բաղկացուցիչներով։ Վերջապահի հաջորդաբար զբաղեցվող բնագծերը պետք է հնարավորինս գտնվեն բնական թաքստոցներով պաշտպանված տեղանքում, ունենան ծածուկ հետքաշման ուղիներ։
Հակառակորդի ակտիվության ժամանակ մարտի դուրս գալը իրականացվում է հրետանու և ավիացիայի ներգործությամբ հակառակորդի առավել սպառնալից խմբավորման ուղղությամբ։
Գնդի առաջին էշելոնը հետ է քաշվում ամբողջ ճակատով՝ առաջնագծում նահանջն ապահովող սպասարկող ստորաբաժանումների արգելող կրակի աջակցությամբ։
Հասնելով նշված տեղը՝ անձնակազմը տեղավորվում է տեխնիկայի վրա և շարասյունով առաջանում է վաշտերի հավաքի շրջաններ՝ սովորաբար առաջնագծից 1,5-2 կմ։ Այդտեղից վաշտային շարասյուները շարժվում են դեպի գումարտակների հավաքի շրջաններ՝ առաջնագծից 4-6 կմ հեռավորության վրա։ Այդտեղ ճշգրտվում են նահանջի հետագա խնդիրները, կազմակերպվում է հետախուզության և շարասյան պահպանությունը։ Դրանից հետո գումարտակային շարասյուները նշանակված երթուղիներով անցնում են վերջապահի զբաղեցրած բնագիծը, կանգ չառնելով անցնում են նշանակված ելման կետերը, որտեղ կազմավորվում են գնդի գլխավոր ուժերի շարասյուները և շարունակում են շարժումը։ Հենց որ գնդի գլխավոր ուժերը անցնում են վերջապահի զբաղեցրած բնագիծը, գլխավոր ուժերի դուրս գալը ապահովող ստորաբաժանումները գնդի հրամանատարի հրամանով հետ են քաշվում զբաղեցրած դիրքերից։
Գնդի գլխավոր ուժերի նահանջն ապահովող վերջապահ գումարտակը հանձնարարված բնագիծը պահում է մինչև հետ քաշվելու հրաման ստանալը։
Սովորաբար վերջապահը նահանջն սկսում է, երբ գնդի գլխավոր ուժերը հասնում են այնպիսի հեռավորության, որը ապահովում է նրանց հակառակորդի հրետանու խոցումից, այսինքն՝ մոտ 20-30 կմ։ Վերջապահի գործողությունները հանձնարարված բնագծերը պահելու-պաշտպանելու ժամանակ պետք է լինեն վճռական, վերջինիս հետ քաշվելը իրականացվում է գնդի հրամանատարի թույլտվությամբ, հաջորդաբար՝ բնագծից բնագիծ։ Այդ նպատակով գումարտակի ուժերի և կրակային միջոցների մի մասը նախօրոք քաշվում է հաջորդ բնագիծ, որտեղ լայն ճակատով դիրքեր զբաղեցնելու միջոցով ապահովում է վերջապահ հիմնական ուժերի նահանջը տվյալ բնագիծ։ Նոր բնագիծ քաշվելիս վերջապահ ստորաբաժանումները լայնորեն կիրառում են կրակային դարանների, արգելափակոցների, ականադաշտերի մարտավարությունը։
Եթե հետ քաշվելու ժամանակ հակառակորդը ակտիվություն է ցուցաբերում ճակատից կամ թևերից, ապա վերջապահ ստորաբաժանումը (գնդի հրամանատարի թույլտվությամբ) ապածավալվում է երթային շարասյան և երթային պահպանության ապահովման տակ, հետևում է գլխավոր ուժերին՝ պատրաստ բացազատվելու հերթական բնագծերից մեկում։
Գումարտակի տեխնիկական և թիկունքային ապահովման ստորաբաժանումները մասնակցում են վերջապահ ստորաբաժանման անմիջական ապահովմանը և նախօրոք հետ են քաշվում իրենց նշանակված շրջանները, վիրավորները, հիվանդները, ինչպես նաև անսարք սպառազինությունը և տեխնիկան նախօրոք տարհանում են։ Խնդիրը կատարելուց հետո վերջապահը գործում է հրամանատարի ցուցումներով։
ԱՐԱՄ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ
գնդապետ
Հ.Գ. «Օգնություն հրամանատարին» շարքից թերթը հաջորդ համարում կներկայացնի գնդապետ Ա. Պահլավունու «Պաշտպանության կազմակերպումը գիշերը» թեման:
Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Ռազմական