Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



Մենք՝ Գառնիկ եւ Արամայիս Գալստյաններս, հունիսի 12-ին բանակ ճանապարհեցինք մեր Անդրանիկ թոռնիկին: Եվ ահա օրերս նամակ ստացանք հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրոսյանից եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ մայոր Վրեժ Հովհաննիսյանից, որ մեր թոռնիկը ծառայում է իրենց զորամասում. «Զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ նրան հայրենիքի պաշտպանի ոգով դաստիարակելու եւ հայոց բանակի շարքերը համալրելու համար: Դուք կարող եք հպարտանալ, որ մեծացրել ու դաստիարակել եք նախնիների սխրանքներով ու պատգամներով տոգորված զավակի, ով ամեն վայրկյան պատրաստ է անձնվիրաբար ծառայել իր ժողովրդին, պաշտպանել հայրենիքը…»:

Անկեղծ ասած, երկու պապիկներով էլ շատ զարմացել էինք, քանի որ երկուսս էլ ծառայել էինք խորհրդային բանակում, որտեղ նման կերպ չէր ծանուցվում զինվորի ծառայության մասին, չկար նաեւ համապատասխան տեղեկատվություն զորամասի մասին:

Գուցե փոքրիկ բան է, սակայն, կարծում ենք, որ այսօրինակ մեծ ու փոքր ուշադրությունների դրսեւորումները է՛լ ավելի են մեծացնում բանակի հանդեպ հասարակության վստահությունը:

Ցանկանում ենք «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհակալություն հայտնել զորամասի հրամանատարությանը` նմանատիպ ուշադրության համար, եւ համոզված ենք, որ մեր Անդրանիկը պատվով կկատարի զինվորական իր պարտականությունները:

Մեր բոլոր զինվորներին խաղաղ եւ անփորձանք ծառայություն ենք մաղթում: Թող արշալույսները միշտ խաղաղ բացվեն հայոց հողում:

ԳԱՌՆԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ԱՐԱՄԱՅԻՍ ԳԱԼՍՏՅԱՆ

Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Բանակ և հասարակություն


17/07/2014