ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԿՌՈՒՄ
Զրույց «Սոսե Մայրիկ» հասարակական կազմակերպության նախագահ ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ
-Տիկին Մարիամ, Արցախյան պատերազմից հետո մեր իրականության մեջ ձեւավորվեց նոր կերպար՝ ռազմիկ կնոջ կերպարը, որը էապես տարբերվում է հայուհու մասին մեր ազգային-ավանդական պատկերացումներից։ Ու պատահական չէ, որ այդ կերպարը միանշանակ չընդունվեց եւ այսօր էլ հակասական գնահատականների է արժանանում։ Ես կցանկանայի, որ խոսեինք ազատամարտիկ կանանց հավաքական նկարագրից, հասարակության մեջ նրանց ունեցած դերից, ավուր խնդիրներից ու հոգսերից։
-Հայ ռազմիկ կնոջ կերպարը Արցախյան պատերազմից հետո չի ձեւավորվել։ Հայոց պատմությունը վկայում է, որ ազգային ազատագրական պայքարում ընդգրկված են եղել նաեւ հայ կանայք եւ տղամարդկանց կողքին, տղամարդկանց հետ հավասար պաշտպանել են հարազատ հողը, սխրանքներ են գործել, հերոսացել են։ Արցախյան պատերազմում այդ կերպարը վերածնվեց։ Հայրենասիրությունը եւ ինքնազոհությունը միայն տղամարդուն չէ բնորոշ, եւ հայրենիքը պաշտպանելու, մեր հողը մտած պապենական ոսոխի ճանապարհը փակելու պարտավորությունը միայն տղամարդուն չի վերապահված։ Ես հասկանում եմ, թե Դուք ինչ եք պատկերացնում՝ ասելով «հայուհու ազգային-ավանդական կերպար», բայց չեք կարող չընդունել, որ հայուհու մեր տեսակն էլ կա՝ հայրենասեր, քաջ, անձնազոհ…
-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին ճակատամարտը։ Ի՞նչ զգացում ունեցաք, երբ առաջին անգամ Ձեր արձակած գնդակից մարդ սպանվեց։ Դուք, որ ի բնե ստեղծված եք կյանք պարգեւելու…
-Իմ առաջին ճակատամարտը Քեղուտի ազատագրության համար էր։ Մենք արդեն կորցրել էինք Արծվաշենը։ Ես հարազատներ ունեի Արծվաշենում եւ հաճախ էի լինում այդտեղ։ Ադրբեջանցիները գրավել էին գյուղը, ես հայրենիք էի կորցրել։ Ու ոչ մի զգացում չունեցա, երբ իմ արձակած գնդակից աչքիս առաջ ընկավ թշնամու՝ իմ հողը մտած զինվորը։ Եթե Դուք սպասում եք, որ ես ասեմ, թե շատ հուզվեցի, պիտի Ձեզ հուսախաբ անեմ։
-Պատմեք Ձեր մասին, ո՛վ եք Դուք, ինչպիսի՞ն է եղել Ձեր կյանքը պատերազմից առաջ, որտեղի՞ց սկսվեց այն ճանապարհը, որը Ձեզ ռազմաճակատ տարավ, դարձրեց ռազմիկ։
-Ես ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում։ Իմ հայերենի ուսուցիչը՝ Զավեն Ստեփանյանը, Շիրազի մտերիմ ընկերն էր՝ ազգապաշտ ու խրոխտ մի մարդ, որը մեզ վարակում էր հայրենասիրությամբ։ Նա ամեն օր խոսում էր Հայաստանի երբեմնի հզորության, փառքի, ռազմական սխրանքների, մեր կորցրած հողերի ու անկախ հայրենիքի երազանքի մասին։ Նա մեզ հայրենասիրական բանաստեղծություններ էր սովորեցնում։ Շիրազը հաճախ էր այցելում մեր ուսուցչին, նաեւ մեզ հետ էր շփվում։ Հերթական հանդիպումից ոգեւորված՝ ես նամակ գրեցի Շիրազին եւ պատասխան ստացա։ Այդպես մեր միջեւ նամակագրական կապ ստեղծվեց։ Իսկ երբ եղբորս ընտանիքի հետ եկա Երեւան, սկսեցի այցելել Շիրազին։ Այդ ժամանակ էլ Շիրազի միջոցով ծանոթացա անկախականների ընդհատակյա խմբի անդամների հետ՝ Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի, Պարույր Հայրիկյանի, Աշոտ Արշակյանի… Հպարտությամբ դարձա նրանց «կապավորը». նամակներ էի փոխանցում կազմակերպության անդամներին։ Բուհում սովորելու տարիներին համակուրսեցիներիցս շատերին էի հեղափոխել, ու մենք միասին էինք այցելում անկախականներին։ Երբ շարժումն սկսվեց, ես ամուսնացած էի եւ երեք երեխա ունեի։ Ամուսինս էությամբ բոլորովին նման չէր ինձ ու դեմ էր իմ ակտիվ գործունեությանը, բայց… հանդուրժում էր. գիտեր, որ ինձ չի կարող հետ պահել։ Երբ օրերով մնում էի օպերայի հրապարակում, գալիս, ուտելիք էր բերում մեզ։ Ու գնում էր։ Ամուսինս էլ հայուհու կերպարի մասին «ազգային-ավանդական» պատկերացում ուներ։
-Ովքե՞ր էին այն կանայք, որ գնացին պատերազմ։ Ինչո՞վ էին նման իրար։
-Տարբեր էին։ Ե՛վ գրող կար, ե՛ւ արվեստագետ, ե՛ւ բանվորուհի։ Ե՛վ մեծ ընտանիքի մայր կար, ե՛ւ ամուսին չունեցող կին։ Ե՛վ առաքինի, ե՛ւ անպարկեշտ։ Բայց բոլորն էլ մի ընդհանրություն ունեին՝ հայրենասեր էին ու համարձակ։ Պատրաստ էին իրենց կյանքը տալ հայրենիքի ազատագրության համար։
-Հասկանալի է, որ մենք ցանկանում ենք հայրենիքի պաշտպանի կերպարը կատարյալ տեսնել, բայց կյանքը ստիպում է հաշվի նստել իրականության հետ եւ ընդունել, որ հայրենիքի համար կռված, հող ազատագրած մարդը (լինի կին, թե տղամարդ) սովորական մարդ է՝ իր թերություններով ու առավելություններով։
-Մենք պիտի հայրենասիրությունն ու քաջությունը համարենք հայի ամենակարեւոր հատկանիշները։ Մենք պիտի հարգենք ու մեծարենք նրանց, ովքեր հայրենիքի ազատության համար զենքով պայքարելու խիզախություն են ունեցել։ Մի՛ մոռացեք, որ նույնիսկ Արցախի ազատագրությունը վերջնական հաղթանակով չի պսակվել, իսկ մեր պատմական հայրենիքի մեծ մասը բռնագրավված է թուրքերի կողմից։ Ուստի՝ մեզ հարկավոր է յուրաքանչյուր հայի ուժը՝ լինի կին, թե տղամարդ։ Մենք պետք է ոչ միայն խոսենք հայուհու «ազգային-ավանդական» կերպարից, այլեւ բարձրացնենք հայ ռազմուհու կերպարը, մեր բառապաշարում ամրագրենք ֆիդայուհի բառը, պատվենք, փառաբանենք մեր կին ազատամարտիկներին։ Համարձակությունը, քաջությունը ընդգրկենք հայուհու կերպարին բնորոշ հատկանիշների շարքում եւ երիտասարդ սերնդի համար օրինակ ու չափանիշ դարձնենք իր տունը, ընտանիքը, օջախը զենքով պաշտպանող հայուհու կերպարը։ Մեր կռիվը թուրքի հետ նոր է սկսվում։ Գալիք սերունդներին ավելի դժվար պայքար է սպասում։ Վաղվա հայը պիտի ռազմատենչ ու անզիջում լինի։ Մեր հարեւաններն են ստիպում այդպիսին լինել։
-Ինչո՞ւ է Ձեր ղեկավարած կազմակերպությունը կոչվում «Սոսե մայրիկ», ի՞նչ խորհուրդ ունի այդ անվանումը, եւ ի՞նչ գործունեություն է ծավալում կազմակերպությունը։
-Բոլորս գիտենք, թե ով է Սոսե մայրիկը։ Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր հայ կնոջ մեջ նստած լինի Սոսե մայրիկի ոգու ուժը, հայրենասիրությունը։ Մեր կազմակերպությունը հիմնականում զբաղվում է կին ազատամարտիկների խնդիրներով։ Նրանք այսօր անպաշտպան են ե՛ւ սոցիալապես, ե՛ւ բարոյապես։ Մենք պարտավոր ենք օգնել այն կանանց, ովքեր Արցախյան պատերազմի բոցերում թողել են իրենց առողջությունն ու երիտասարդությունը՝ հանուն մեր այսօրվա խաղաղ կյանքի, հանուն Արցախի ազատության։ Շատ կարեւոր է, որ երիտասարդ սերունդը գնահատի հայրենիքի պաշտպանությունը՝ որպես մեծագույն սխրանք։ Հայաստանի վաղվա քաղաքացին չպետք է տեսնի, որ հող ազատագրած հայուհին կարիքի մեջ է, անտեսված է։ Դրանով ոչ միայն նսեմանում է հայրենիքի պաշտպանի կերպարը, այլեւ հայրենիքը պաշտպանելու սխրանքը, հայրենիքի պաշտպանության գաղափարը։ Մենք այսօր խոսում ենք հայրենասեր, հպարտ, խիզախ սերունդ դաստիարակելու անհրաժեշտության մասին, սակայն մեր կողքին ապրող խիզախներին ու հայրենասերներին չենք գնահատում ինչպես հարկն է։ Մենք պիտի անենք ամեն ինչ, որ վաղը ավելի շատ հայուհիներ զենք ուղղեն ոսոխի վրա։
Մեր կազմակերպությունը գործում է իր հնարավորության սահմանում։ Մենք հանգանակում ենք նյութական միջոցներ եւ աջակցում կարիքավոր ազատամարտիկներին, զոհվածների ընտանիքներին։ Մեկի հոսանքի վարձն ենք վճարում, մյուսի երեխայի ուսման գումարը, երրորդի՝ դեղերի փողը… Մենք դիմում ենք գործարարներին, պատգամավորներին, իշխանավորներին օգնության ակնկալիքով։ Ուրախ եմ, որ նրանք երբեք չեն մերժում մեզ։ Գիտեք, խնդիրը միայն այն չէ, որ կարողանում ենք հոգալ մարդկանց հոգսերը, օգնել, դուրս բերել նեղությունից, մի ուրիշ դրական կողմ էլ կա՝ գործարարը, իշխանավորը մոտենում են անապահով խավին, ապրում են իրենց կարիքավոր հայրենակցի հոգսով։ Իսկ անապահով խավը՝ ստանալով նրանց աջակցությունը, դառնում է ավելի բարյացակամ, հանդուրժող այդ խավի հանդեպ։ Գիտեք՝ ինչ մեծ հպարտություն են ապրում մեր ռազմիկ կանայք, երբ նրանց հրավիրում են որեւէ դպրոց, բուհ կամ մշակույթի տուն՝ մասնակցելու հերթական միջոցառմանը։ Երբ նրանց սխրանքը հիշում են, գնահատում են։ Մենք նոր նախաձեռնություն ենք սկսել՝ մայրաքաղաքի դպրոցների երեխաներին տանում ենք Արցախ, ծանոթացնում իրենց արցախցի հասակակիցների հետ։ Հետո այցելում են զորամասեր, հանդիպում հայրենիքը պաշտպանող զինվորների հետ։
-Ինչպիսի՞ն է բանակը կին ազատամարտիկի աչքերով։
-Բանակի ուժը զինվորի ոգու մեջ է։ Իսկ զինվորի ոգին ամրանում-հզորանում է բոլորիս ջանքերով, զինվորի ոգին կռում է ժողովուրդը։ Որքան էլ մեծ-մեծ խոսքեր ասենք, որքան էլ մեծ դեր վերապահենք սպային ու գեներալին, բանակի կենսապայմաններին, զորամասում տիրող միջանձնային հարաբերություններին, պիտի խոստովանենք, որ չի կարող զինվորի տրամադրությունը բարձր լինել, եթե նրա ընտանիքը կարիքի մեջ է, եթե նա վախով է նայում ապագային, եթե վստահ չէ, որ կկարողանա գտնել իր տեղը կյանքում, կկարողանա վաստակել իր հացը, ընտանիք կազմել, զավակ մեծացնել։ Հետեւաբար՝ ուժեղ բանակ ունենալու համար պիտի բարեկեցիկ, պաշտպանված ընտանիքներ ունենանք, պիտի երկրում սոցիալական արդարություն լինի։
-Ձեր տղաները ծառայե՞լ են ազգային բանակում… Դուք Ձեր աղջկան խորհուրդ կտա՞ք զենք վերցնել, եթե անհրաժեշտ լինի։
-Իմ երկու որդիներն էլ ծառայել են ազգային բանակում։ Որդիներիցս մեկը շարունակում է ծառայել որպես պայմանագրային զինծառայող։ Իսկ աղջիկս Քաշաթաղում է ապրում։ Նա այսօր էլ իր ընտանիքով սահմանապահ է։
-Շնորհավորում եմ Ձեզ եւ բոլոր կին ազատամարտիկներին Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ։ Մաղթում եմ, որ նրանք զենք վերցնելու առիթ չունենան ու միշտ ճաշակեն պարզ, անպաճույճ կանացի երջանկության բերկրանքը։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #13 (878) 6.04.2011 – 13.04.2011, Բանակ և հասարակություն