Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ



Բերձորի քաղաքային գրադարանում հուլիսի 10-ին կայացավ ցերեկույթ՝ նվիրված Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին: Մեծ բանաստեղծի ստեղծագործությունն ու կենսագրությունը ասմունքով ներկայացրին Քարեգահի միջնակարգ դպրոցի աշակերտները: Մինչև ցերեկույթն սկսվելը՝ գրադարանի տնօրեն Սոնա Հովեյանը ներկայացրեց Շիրազի «Իմ ընկեր Լորիկը» գրքույկը, որը հրատարակվել է 1960 թվականին: Գրադարանում պահվող օրինակը Շիրազը նվիրել է սիրելի Թորոսին, հավանական է՝ սիրիահայ բանաստեղծ Թորոս Թորանյանին: Ընծայագրում նշված է, որ 9 տարի գիրքը չի տպագրվել («9 տարի շղթայված մեղեդի գիրքս…»): Ս. Հովեյանը տեղեկացրեց, որ քաղաքական ենթատեքստեր չունեցող գիրքն արգելվել է տպագրել «Տիգրան Մեծի վիշտը» ստեղծագործության պատճառով: Գրադարանի տնօրենը կարևորեց գրքի դերը՝ նշելով, որ վերջին շրջանում այն գնալով գտնում է իր տեղը:

Երրորդ դասարան փոխադրված Լիլիթ Նազարյանը և նրա ավագ քույր Մարիաննան ներկայացրին «Որն է, Բաբո՛, մեր հայրենիք» բանաստեղծությունը: «Գարնանամուտ»-ը նույնպես թատերականացված ներկայացրեց 9-րդցի Շուշանը: Կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, խոսելով Շիրազի ստեղծագործության մասին, ասաց՝ Շիրազի հիշատակած մի բուռ հողը, որ պետք է տարվեր Ղարաբաղ, արդեն կայացել է՝ այն նույն երեխաներն են, ովքեր պետք է մնացած բուռ հողն էլ մեր գերված հայրենիք տանեն: Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը կարևորեց այն փաստը, որ արձակուրդի օրերին են աշակերտները մասնակցում միջոցառմանը, և որքան հրաշալի են երեխաների շուրթերից հնչում Շիրազի ստեղծագործությունները: Կրթության բաժնի առաջատար մասնագետ, հայոց լեզվի և գրականության գծով տեսուչ Արաքսյա Այվազյանը Շիրազի «Մարդկանց անունները» բանաստեղծությունն արտասանելուց հետո նշեց, որ անունից է սկսվում մարդու կենսագրությունը, նաև շեշտեց լեզուն մաքուր պահելու անհրաժեշտությունը: Միջոցառմանը մասնակցում էին շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, ինչպես նաև մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինների աշխատակիցներ, դպրոցների գրադարանավարներ:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Հոգևոր-մշակութային


17/07/2014