Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ». ԽՆԴԻՐՆԵՐ, ՍՊԱՍՈՒՄՆԵՐ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Նախնական զինվորական պատրաստությունն ընդհանուր առմամբ միտված է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, հատկապես նախազորակոչային տարիքի պատանիների զինվորական ծառայության նախապատրաստմանը: Մենք արդեն ներկայացրել ենք ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ և միջոցառումներ, որոնց անհետաձգելի լուծումն ու բարելավումը կնպաստի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը: Դրանցից գուցեև ավելի կարևոր նշանակություն ունի զորամասերի և ուսումնական հաստատությունների համագործակցությունը: Դպրոցում, միջին մասնագիտական հաստատություններում ամենաբարձր մակարդակով անցկացվող տեսական և գործնական պարապմունքները երբեք չեն կարող լիարժեք լինել առանց աշակերտների՝ զորամաս կատարվող թեկուզ կարճատև մեկ այցի. այստեղ վաղվա զինվորն իր աչքով է տեսնում, թե ինչ պայմաններում է իրականացվում զինվորական ծառայությունը, շփվում է իր սահմանադրական պարտքը կատարող երիտասարդի հետ, լսում նրա տպավորությունները, ծանոթանում հզոր մարտական տեխնիկային, սպառազինությանը: Բոլոր զինղեկներն էլ նշում են, որ այդպիսի յուրաքանչյուր այցից հետո աշակերտների առաջադիմությունը, սովորելու պատրաստակամությունը կտրուկ բարձրանում է: Այդ ամենը հաշվի առնելով՝ դեռ 1999թ. կառավարության ընդունած թիվ 532 որոշման պահանջների իրականացումը բարելավելու նպատակով 2011թ. պաշտպանության և կրթության ու գիտության նախարարները համատեղ հրաման արձակեցին, որով հստակեցվում են ՀՀ զինված ուժերի զորամասերի և ուսումնական հաստատությունների համագործակցության կարգը, նպատակներն ու եղանակները: Համատեղ հրաման արձակելն ինքնանպատակ չէր: Ինչպես հայտնի է, ՆԶՊ ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ:

Ինչպես նշված է հրամանի մեջ, այն բանակ-կրթօջախներ համագործակցության հետագա սերտացման նպատակ ունի: Դա ներառում է սովորողների հետ ՆԶՊ ծրագրով նախատեսված դաշտային պարապմունքներ, մարտական փամփուշտներով հրաձգություն, ռազմահայրենասիրական խաղեր, մրցումներ և այլ միջոցառումների անցկացում, զորամասի առօրյայի, զինծառայողների կյանքի և կենցաղի հետ ծանոթացում և այլն:

Պլանով նախատեսված միջոցառումների անցկացման հիմնական պատասխանատուներն են զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալը և զինղեկը: Առաջին հերթին նրանք կազմակերպում են փոխայցելություններ զորամաս և դպրոց: Բոլոր պետական տոներին, զինված ուժերի համար նշանակալի, ինչպես նաև սովորական օրերին զորամասի սպայակազմը այցելում է դպրոց, հանդիպումներ ունենում ուսուցչական կոլեկտիվի, աշակերտների հետ, մասնակցում տարբեր միջոցառումների: Սպաներն անցկացնում են «Արիության դասեր», ներկայացնում են մեր զինված ուժերի անցած ճանապարհը, պատմում հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսների մասին: Հանդիպումներն առավել ոգևորիչ և արդյունավետ են լինում, երբ սպաների հետ միասին դպրոց են այցելում ծառայության ընթացքում իրենց լավագույնս դրսևորած պարտադիր ժամկետային զինծառայողները: Հատկապես ավագ դպրոցի աշակերտներն իրենցից մեկ-երկու տարով մեծ տղաների խոսքն են լսում, նրանցից իմանում բանակային կյանքի առանձնահատկությունների մասին, ավելի ազատ շփվում, հետաքրքրվում զինվորական ծառայությամբ: Զինվորների այցերի քանակը ցանկալի կլիներ ավելացնել:

Հավաքակայան, պահակային ավան, զորանոցներ, ուսումնական կետ՝ հիմնականում այս փուլերով անցնելուց հետո աշակերտների հետ հրաձգարանում կամ մարտավարական պարապմունքների համար նախատեսված տարածքում դաշտային գործնական պարապմունքներ են անցկացնում: Ուսումնական նռնակի նետումը, ինքնաձիգի քանդում-հավաքումը և այլ գործողություններ կատարվում են նաև ժամկետային զինվորների հսկողությամբ, ինչը լրացուցիչ վստահություն է տալիս երեխաներին՝ մտածելով. «Եթե զինվորներն այդպես վարժվել են, ուրեմն՝ մենք էլ կկարողանանք արագ ընտելանալ զինվորական ծառայությանը»: Իհարկե, նման այցերի ամենասպասված պահը ավագ դասարանների աշակերտների համար մարտական փամփուշտներով հրաձգությունն է, ինչը կատարվում է նախապես ներկայացված հայտ-հաշվարկի հիման վրա:

Յուրաքանչյուր այդպիսի այցից հետո աշակերտները տպավորված վերադառնում են տուն: Առնվազն մի քանի օր նրանք իրենց շրջապատում պատմում են զորամասում տեսածի մասին, կարելի է ասել՝ նաև պարծենում են դրանով: Իսկ երբ զինղեկը հայտարարում է, որ հաջորդ անգամ զորամաս կմեկնեն ուսման և վարքի մեջ առաջադիմություն ունեցողները, իսկական մրցակցություն է սկսվում: Ինչպես նշում են ԱՀՏԱ գծով հրամանատարների տեղակալները, նմանատիպ այցերը չափազանց մեծ նշանակություն ունեն, առավել մեծ խթանիչ ուժ այդ տարիքի տղաների համար դժվար է պատկերացնել: Բացի այդ, նման կերպ հստակ երևում է տվյալ դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակության, նախնական զինվորական պատրաստության նկատմամբ ուսուցչական կոլեկտիվի, հատկապես զինղեկի վերաբերմունքը: Համապատասխանաբար ձեռնարկվում են անհրաժեշտ բացատրական քայլեր, հարկ եղած դեպքում զինղեկին մասնագիտական օգնություն է ցուցաբերվում:

Իհարկե, նման համագործակցությունը շատ օգտակար է և արդյունավետ: Տվյալ ոլորտում տարվող աշխատանքները հակիրճ ներկայացրինք, մինչդեռ իրականում այն պատասխանատու, մեծ ծավալի աշխատանք է ենթադրում:

Պարզից էլ պարզ է, որ սպաները ծանրաբեռնված են իրենց մասնագիտական գործունեությամբ: Լինելով զինվորական՝ նրանք նաև անակնկալ առաջադրանքներ, լրացուցիչ հանձնարարություններ են ստանում: Որոշ դեպքերում պլանով նշված միջոցառումների օրերին նրանք մեկնում են գործուղում կամ մասնակցում են զորավարժությունների և այլն: Անկախ ամեն ինչից, ժամանակացույցից շեղումը կարող է թերացում դիտվել: Բացի այդ, որոշ զորամասերի կցված մի քանի կրթօջախներ իրարից զգալի հեռավորության վրա են, ինչը թե՛ ծախսի, թե՛ ժամանակի առումով նույնպես դժվարացնում է պատասխանատու սպայի գործը:

Ես ներկայացրի մի քանի առանցքային գործոններ, սակայն իրականում դրանք ավելի շատ են: Արդարության համար նշեմ, որ զորամասերում ԱՀՏԱ գծով հրամանատարների տեղակալները հիմնականում կարողանում են հաղթահարել բոլոր արգելքները և պատշաճորեն կատարել առաջադրված պարտավորությունները:

Ինչևէ, պարզից էլ պարզ է, որ տվյալ ոլորտը մեզ համար կենսական նշանակություն ունի: Պարզ է նաև, որ այն զարգանում է, և ինչպես ցանկացած զարգացող օղակ զերծ չէ որոշակի բացթողումներից ու թերություններից: Վստահաբար կարող ենք նշել, որ վերոնշյալ բացթողումները պակասելու միտում ունեն, ապա և՝ իսպառ շտկվելու: Մեր վստահության հիմքը ոլորտի հանդեպ տարեցտարի աճող ուշադրությունն է: Օրինակ՝ այս տարի արդեն հիմնական դպրոցն ավարտող աշակերտները փորձնական քննություն հանձնեցին ՆԶՊ առարկայից: Պարզապես իրավիճակն ամբողջովին շտկելու համար յուրաքանչյուրն իր տեղում պետք է առավելագույն նվիրումով իր գործը կատարի՝ ձգտելով անհրաժեշտ մասնագիտական, մեթոդական և այլ տիպի օգնություն ցույց տալ զինղեկներին, դպրոցների տնօրեններին, ինչու չէ, աջակցել նաև սպաներին:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Բանակ և հասարակություն


17/07/2014