Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

T-90. «ԱՆԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ» ԱՌԱՍՊԵԼ



Զորքերի հետ աշխատելու ավելի քան քսան տարիների ընթացքում բազմաթիվ հետաքրքիր զինվորների եմ հանդիպել, որոնց մեջ քիչ չեն եղել իրենց ուրույն մտածողությամբ, բազմակողմանի գիտելիքներով ու ստեղծագործ աշխատանքով աչքի ընկած տղաները: Այօր էլ զորամասերում կարելի է հանդիպել զարգացած, կազմակերպական տաղանդով օժտված շատ զինվորների, որոնք համարձակորեն մտնում են ծառայության ծանրության տակ և առաջ են տանում ռազմական ուսումնական գործընթացի, մարտական ու հոգեբանական պատրաստականության բեռը՝ վերադասին հավաստելով, որ իրենք, լինելով փոքր ստորաբաժանումների հրամանատարներ, ի վիճակի են ինքնուրույն լուծել մարտական ամենաբարդ խնդիրները:

Վերջերս իր իմացություններով ու հաստատակամությամբ ինձ վրա մեծ տպավորություն թողեց փոխգնդապետ Ռ. Շահգելդյանի զորամասի սերժանտական խորհրդի նախագահ սերժանտ Գևորգ Սարգսյանը: Նրա մասին ասեմ կարճ. երևանցի է, սովորել է 171 միջնակարգ դպրոցում, որից հետո՝ տնտեսագիտական համալսարանում և մագիստրատուրայում: Ավարտելուց հետո զորակոչվել է բանակ: Հրետանավորի մասնագիտություն է ձեռք բերել ուսումնական զորամասում: Անցած տարվա օգոստոս ամսին ընտրվել է սերժանտական խորհրդի նախագահ, իսկ այս ուսումնական տարվա սկզբին վերընտրվել է, պատրաստվում է զորացրման: Նա մեր խնդրանքով ներկայացրեց այդ համալիրների հնարավորությունները, հրթիռների կառուցվածքը, դրանց սլացքի արագությումը, կառավարման կարգը, խոցման հետևանքները:

-Այժմ նույն նշանակությամբ, նույն արդյունքը տվող բազմաթիվ զենքեր կան, բայց մարտադաշտում կարևորը ոչ թե զենքի տեսակն ու որակն է, այլ դրանք գործածողի մարտական ոգին ու գիտելիքները: Եթե նշանառուն չկարողանա հրթիռը ճիշտ կառավարել և ոչնչացնել հակառակորդի առաջացող տանկը, ոչ միայն հրթիռի կորուստ կունենա, այլև կարող է թշնամու կողմից բացահայտվել և ընկնել կրակի տակ: Մենք մարզումներն անցկացնում ենք այնպես, որ նման իրավիճակները բացառվեն: Երբ զինվորի մարտական ոգին բարձր է, նա հակառակորդին, նրա տեխնիկան տեսնելուց խուճապի չի մատնվի, չի շտապի, այլ կսպասի, լավ կնախապատրաստվի, հետո կկրակի:

Քանի որ Ադրբեջանը շարունակում է զինվել՝ ձեռք բերելով ռուսական T-90 տանկեր, որոնք իբր ունեն կատարյալ պաշտպանական համակարգ և անխոցելի են (հասարակության շրջաններում այդպիսի կարծիք կա), սերժանտ Գ. Սարգսյանին խնդրեցինք ասել, թե ինքն ինչպես կոչնչացնի այդ գերհզոր տանկը, եթե պատերազմ լինի, և այն հայտնվի իր ղեկավարած մարտկոցի կամ հաշվարկի դեմ դիմաց:

-Այս դեպքում ասում են` սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա անունը: T-90 տանկը, իրոք, ավելի կատարելագործված է, և ըստ ներկայացվող տվյալների, կարող է կատարել գործողություններ, ինչի հնարավորությունը նախորդները չունեն, սակայն այդ տանկը դեռ որևէ պատերազմի չի մասնակցել և քննություն չի բռնել: Գործնականում իրենց չեն դրսևորել նաև խոցող հրթիռների ուղղությունը շեղող ալիքներ կամ դրանք ոչնչացնող պաշտպանական համակարգերը, որոնք հայտնի չէ՝ լինելո՞ւ են ադրբեջանցիներին տրվող տանկերի վրա, թե ոչ: T-90-ի նորույթներից մեկն էլ (կարևորը) զրահի դիմացկունությունն է: Այդ զրահը նույնպես անխոցելի չէ: Եթե պատերազմ լինի, և ես պարզեմ, որ իմ ուղղությամբ եկող տանկը T-90 է, ապա ես այն կոչնչացնեմ` կիրառելով զրահահար ենթատրամաչափային արկը: Չկա մի զրահ, և հավանաբար չի էլ լինի, որը կարողանա դիմանալ այս պարզ, հասարակ և ամենից շատ կիրառվող արկի հարվածին: Վայրկյանում հսկայական արագությամբ սլացող արկը ե՞րբ, ինչպե՞ս են հայտնաբերելու ու ոչնչացնելու վերոհիշյալ պաշտպանական համակարգերը:

Զինտեխնիկային առնչվող հարցերը, ինչպես ասում են, թողնենք մասնագետներին, քանի որ ինձ ոգևորեց զինվորի ոչ միայն գրագիտությունը, այլև ներքին համոզվածությունն ու անկոտրում ոգին… Իսկապես` դժվար կլինի նման գիտելիքներ ու կամքի ուժ ունեցող զինվորի դեմ կռվել:

Մարտական խնդիրներից բացի անդրադարձանք նաև սերժանտական խորհրդի աշխատանքին:

-Մեր աշխատանքային պլանը հաստատում են զորամասի հրամանատարը և ԱՀՏԱ գծով տեղակալը: Ընդհանրապես, մենք քննարկում ենք պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ այն հրամանները, որոնք կարգավորում են կոլեկտիվի, ստորաբաժանումների գործունեության խնդիրները: Օրինակ՝ վերջերս ծխելու դեմ ուղղված բավականին ակտիվ բացատրական աշխատանք է տարվել անձնակազմի շրջանում, ինչն արդեն տվել է իր դրական արդյունքը: Արատավոր այս սովորությունից հրաժարվել են մի շարք սպաներ (տալիս է անունները): Անզիջում պայքար է մղվում նաև փողոցային բարքերի, որպես կանոն, դրանց հետևանք անպարկեշտ արտահայտությունների դեմ: Համատեղ մի շարք միջոցառումներ ենք անցկացրել դպրոցներում, ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար մայոր Ռուբեն Պալոյանի հետ ծաղիկներով, հուշանվերներով այցելել և շնորհավորել ենք զոհվածների մայրերին, քույրերին: Տարբեր դպրոցներից պարբերաբար զորամաս են այցելում աշակերտների խմբեր, որոնց ծանոթացնում ենք ինչպես ծառայության պայմաններին, այնպես էլ զենքերին, զինատեսակներին: Ճամբարային հավաքի ժամանակ մի դեպք էր եղել, որին շատ արագ արձագանքեցինք: Ի դեպ, ճամբարում մարտկոցի հրամանատարը հիվանդացել էր, և նրա պարտականությունները մեկ շաբաթ ինքս եմ կատարել: Աշխատանքներ ենք տանում հոգեպես թույլ, ինչպես նաև դժվար դաստիարակվող տղաների հետ: Լավ են աշխատում բարոյահոգեբանական ապահովման խմբի անդամները, իրավական ակտիվները, սերտ կապ ունենք մեր եկեղեցու հետ։ Սարկավագ Հարությունն անհանգիստ մարդ է և միշտ պրպտումների մեջ, ձգտում է մարդկանց հավաքել, համախմբել Հայ Առաքելական եկեղեցու դավանած արժեքների շուրջ: Այժմ սկսվել է զորամասի համալրումը, և մենք բացատրական աշխատանքներ ենք կատարում երիտասարդ զինվորների շրջանում, նպաստում ենք, որ սիրեն զորամասը և ազնվորեն նվիրվեն ծառայությանը:

Զորամասում երբեք աշխատանքը չի ավարտվում: Միշտ գերակա է թերությունները շտկելու, լավը կատարելագործելու ձգտումը:

Պատրաստեց ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ

Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/07/2014