ԵՐԿԻՐԸ` ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՎԵՐ
ՀՀ և ԼՂՀ «Մարտական ծառայության» և գերատեսչական բազմաթիվ մեդալների ասպետ, ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Արթիկի տարածքային բաժանմունքի նախագահ, ԵԿՄ մարզխորհրդի նախագահի տեղակալ, Պեմզաշեն համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին լավ են ճանաչում ոչ միայն Արթիկի տարածաշրջանում, այլև նրա սահմաններից դուրս: Եվ ավելի շատ ճանաչում են ոչ թե որպես համայնքի ղեկավարի, թեպետ նա արդեն վեց տարի, տեղացիների իսկ բնորոշմամբ, բավականին հաջող ղեկավարում է շրջանի ամենամեծ համայնքներից մեկը, այլ որպես Արցախի ազատագրական պայքարի աննկուն մարտիկի, հայրենիքի նվիրյալ զինվորի:
…Կռվի տարիներին Անանը տասնութ տարեկան է եղել: Իսկական զինվորացու, մեջն անսպառ հայրենասիրություն, եռանդ, կրակ: Դեռ բանակ չկար, ամենուր նոր-նոր կազմավորվող ու սահման փութացող ջոկատներ էին, որոնցից մեկն էլ այդ օրերին գյուղամիջում, մի քանի ժամվա ընթացքում, հապճեպ կազմավորվում է աֆղանական պատերազմի բովով անցած նրա համագյուղացի, հետագայում մարտական ընկեր ու հրամանատար Հայդուկ Մարգարյանի նախաձեռնությամբ:
-Ընկերոջս` լուսահոգի Վալերիի հետ դուրս եկանք գյուղամեջ և իմացանք, որ մի երկու ժամ առաջ գյուղի տղերքը մեր Հայդուկի գլխավորությամբ ջոկատ են կազմել, զինվել ով ինչով կարող է ու շտապ մեկնել են Ոսկեպար,- հիշում է Անանը:- Հապաղելը ոչ թե ամոթ էր, այլ խայտառակություն: Առանց երկար-բարակ մտածելու շարժվեցինք տղերքի հետևից: Ոսկեպարում հասանք նրանց: Ծանոթացանք Չաուշի` Գեղազնիկ Միքայելյանի հետ, որը Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ նշանակվել էր այդ ուղղության հրամանատար: Հենց այդ պահից սկիզբ դրվեց երկրապահի իմ կենսագրությանը: Մարտական ուղիս սկսվել է Ոսկեպարից, այնուհետև՝ Կոռնիձոր, որտեղից սպարապետի հրամանով մեկնեցինք Տավուշ` Մովսես գյուղի պաշտպանական դիրքեր, որից հետո էլ հարավային ճակատ, ապա Շահումյան, նորից հարավ…
Անան Ոսկանյանի առաջնեկը` Արթուրը, երեք տարի առաջ է զորացրվել, կրտսերը` Ռաֆիկը, ծառայում է գնդապետ Ա. Տոնոյանի հրամանատարությամբ գործող զորամասում:
-Ռաֆիկիս ծառայությունն արդեն կես է եղել, լավ է ծառայում, հրամանատարությունը չի դժգոհում: Տղերքս իմ, մեր ազգի, մեր հող ու ջրի պատիվը երբեք գետնով չեն տվել ու չեն էլ տա, քանի որ նրանք այդպես են դաստիարակվել,- անկեղծանում է նախկին ազատամարտիկն ու ժպտալով ավելացնում. «պտուղը ծառից հեռու չի ընկնում, ծառն ինչ դիրքում էլ կանգնած լինի»:
Անան Ոսկանյանն առանձնահատուկ ջերմությամբ ու անթաքույց հպարտությամբ է խոսում Արցախյան գոյամարտին Արթիկի ջոկատի, առհասարակ արթիկցիների մասնակցության մասին, այն մասին, որ եռամսյա հավաքներից ոչ մի արթիկցի չի խուսափել, նաև այն մասին, որ այսօր էլ Մանթաշի տղաները Քարվաճառում ընդգրկված են մարտական հերթապահության մեջ և պատվով են կատարում առաջադրանքը:
-Պայմանագրայինների 90 տոկոսը երկրապահի տղաներն են, որոնք հրադադարից հետո նորից համալրեցին բանակի շարքերը: Նրանց համար իրենց երկիրը, բանակը ամեն ինչից թանկ է: Նրանք այն տղերքն են, որ երկրի, պետության, բանակաշինության համար սիրտ ու հոգի, կյանք են դրել և այսօր էլ ցանկացած պահի պատրաստ են Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը: Մենք` երկրապահներս, միշտ բանակի հետ ենք, զինվորի կողքին,- ասաց Անան Ոսկանյանը:
Երբ հետաքրքրվեցի նաև համայնքապետի պաշտոնում նրա գործունեությամբ, արածով ու չարածով՝ շեշտելով, որ այս պարագայում չխոսելը չի դիտվի որպես համեստություն…
-2008թ. մարտական ընկերներիս հորդորով առաջադրվեցի և ազնիվ պայքարում ընտրվեցի Պեմզաշեն համայնքի ղեկավար: Ճիշտն ասած՝ երբևիցե մտքովս չի անցել դառնալ համայնքի ղեկավար: Բայց իրադարձությունները մեզ իրենց հունով տարան… Լծվեցի աշխատանքի այնպես, որ հետո չամաչեմ: Խիղճս հանգիստ է: Կատարել ենք կենտրոնական փողոցի հիմնավոր ասֆալտապատում, գյուղն ամբողջությամբ նոր լուսավորություն ունի, հիմնովին վերանորոգվել է խմելու ջրի հոսքագիծը: Ունենք նոր մանկապարտեզ, վերանորոգված դպրոց: Եվ գովելի է, որ մեր համայնքից նախկինում էլ հեռացողներ քիչ են եղել, հիմա էլ գրեթե չկան: Տարի է եղել, երբ Պեմզաշենում մինչև յոթանասուն ծնունդ ենք ունեցել, ինչը մեր համայնքի համար փոքր թիվ չէ: Կարևորը՝ երիտասարդությունը չի լքում իր ծննդավայրը: Ամեն ինչ անելու եմ, ամեն ինչով նպաստելու եմ, որ, առհասարակ, արտագաղթը կանխվի, և հեռացածներն էլ վերադառնան ու շենացնեն իրենց օջախները, մեր հայրենիքը,- զրույցի վերջում վստահեցրեց Հայրենիքի զինվորը:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #27 (1045) 17.07-2014 – 23.07.2014, Բանակ և հասարակություն