ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ
Ֆաշիզմի դեմ մղված պայքարում իրենց մեծ ավանդն են ներդրել Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության եւ տնտեսության տարբեր բնագավառներում բարձր պաշտոններ զբաղեցրած հայ գործիչները։ Թվարկենք մի քանիսին։
1940-1948թթ. ԽՍՀՄ սեւ մետալուրգիայի ժողկոմը (նախարարը) եղել է Իվան (Հովհաննես) Թեւոսյանը։ Շուշեցի պատանին արագորեն մտել է մեծ կյանք, 1927թ.-ին ավարտելով Մոսկվայի լեռնային ակադեմիան՝ բարձր պաշտոններ զբաղեցրել ծանր արդյունաբերության եւ պաշտպանության արդյունաբերության ժողկոմատներում։ Պատերազմի նախօրյակին եղել է ԽՍՀՄ նավաշինական արդյունաբերության ժողկոմ, այնուհետեւ նշանակվել սեւ մետալուրգիայի ժողկոմ եւ վիթխարի աշխատանք կատարել ռազմական գործարաններն անհրաժեշտ հումքով ապահովելու ուղղությամբ։ Թե ինչ էր դա նշանակում պատերազմի տարիներին՝ ինքնին հասկանալի է։ Հետագայում զբաղեցրել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալի բարձր պաշտոնը։
1941-1946թթ. ԽՍՀՄ միջին մեքենաշինության ժողկոմը, ապա նախարարը եղել է Ստեփան Ակոպովը։ Ծնունդով Շուլավերից էր, ավարտել էր Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը եւ մտել արտադրություն։ Պատերազմի նախօրյակին Ուրալմաշ հսկա գործարանի տնօրենն էր, 1940թ.-ին առաջ էր քաշվել, նշանակվել միջին մեքենաշինության ժողկոմի առաջին տեղակալ։ 1941թ.-ին նշանակվելով ժողկոմ՝ պատերազմի ողջ ընթացքում ղեկավարել է բանակի նյութատեխնիկական մատակարարման կարեւոր բնագավառներից մեկը։
1939-1946թթ. ԽՍՀՄ հաղորդակցության ճանապարհների ժողկոմի առաջին տեղակալը եղել է Բագրատ Հարությունովը՝ հաղթանակի ապահովման գործում ակնառու ավանդ ներդրած մարդ։
Մեծ թիվ են կազմում պատերազմի տարիներին մարտական առաջադրանքներ կատարող խոշոր տնտեսությունների հայ ղեկավարները։ Այսպես, Սուրեն Աղաջանովը 1941-1945թթ. եղել է թիվ 21 ավիագործարանի տնօրենը։ Նույն տարիներին Նովոսիբիրսկի ավիագործարանի գլխավոր ինժեներն է եղել Հարություն Տեր-Մարգարյանը։ Պարույր Մաթեւոսյանը պատերազմի սկզբից մինչեւ վերջ եղել է Ստալինգրադի «Կրասնի Օկտյաբր» մետաղամշակման գործարանի տնօրեն եւ այդ պաշտոնը վարել մինչեւ 1971 թվականը՝ ուղիղ 30 տարի։ 1940-1945թթ. Համո Յոլյանը եղել է թիվ 92 հրետանային գործարանի տնօրեն։ Արտեմ Միկոյանը 1940թ.-ին նշանակվել է «Միգ» կործանիչ ինքնաթիռների կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր եւ անգնահատելի ավանդ ներդրել բանակի սպառազինման գործում։ Նա այդ պաշտոնը վարել է շուրջ 40 տարի՝ մինչեւ իր մահը (1978)։ Եվ այսպես բազմաթիվ հայորդիների անուններ։
Պատերազմի տարիներին ամենաբարձր պետական պաշտոնը, անշուշտ, վարել է Անաստաս Միկոյանը։ 1941թ. հունիսի 30-ից մինչեւ 1945թ. սեպտեմբերի 4-ը նա եղել է ԽՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեի անդամ։ Կոմիտեն բաղկացած էր յոթ անդամներից, օժտված էր արտակարգ լիազորություններով եւ որպես պետական բարձրագույն մարմին իր ձեռքում էր կենտրոնացրել երկրի ողջ իշխանությունը։
Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Պատմության էջերից