ՀԱՂԹԱՆԱԿԻ ՔԱՐԵ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայերն էլ սովորություն են ունեցել իրենց զինվորական հաղթանակները վավերացնելու քարե արձանագրություններում՝ սերունդներին թողնելով նախնյաց մեծագործություններով հպարտանալու օրինական իրավունքը։
Այդպիսի մի արձանագրություն պահպանվում է Հաղարծնի վանքի գավթի պատին։ Կարդանք այն ժամանակակից գրական հայերենով. «Այս մեր՝ Բագրատունյաց տոհմի Սարգիս Մեծի որդիներ Իվանեի եւ Զաքարեի հիշատակի գիրն է եւ մշտնջենավոր արձանագրությունը։ Նախախնամությունն օգնեց մեզ տիրելու մեր նախնիների ժառանգությանը եւ առաջինը մեր ձեռքը տվեց անառիկ դղյակն Ամբերդ եւ թագավորանիստ քաղաքն Անի, ապա ամրոցը Բջնի, Մարանդը, Միղքն ու Գավազանքը Ատրպատականում, Կարնո քաղաքը մինչեւ լաթ, Շաքին ու Շիրվանը, Պարտավը մինչեւ Բելուկան եւ այլ բազում-բազում գավառներ իրենց սահմաններով, որ ավելորդ համարեցինք հիշատակել»։
Արձանագրությունը փորագրել է տվել 12-13-րդ դարերի հայ իշխան, զորավար եւ քաղաքական գործիչ Իվանեն, իսկ խոսքն ահա թե ինչի մասին է։
11-րդ դարի վերջերին Հյուսիսարեւելյան Հայաստանում ձեւավորվեց Զաքարյանների իշխանապետությունը, որի հիմնադիրը Սարգիսն էր (հետագայում կոչվեց Սարգիս Մեծ Երկայնաբազուկ)։ Արմատներով նա Մեծ Հայքի Կորճայք նահանգից էր, ամուսնացած էր Մահկանաբերդի եւ Հաղպատի տեր Վահրամ Արծրունու դուստր Սահակադուխտի հետ։ Լինելով խելացի, եռանդուն եւ հեռատես անձնավորություն՝ Սարգիսը, որ տեղափոխվել էր Լոռի, կարողանում է դառնալ խոշոր ֆեոդալ եւ մեծ ազդեցություն ունենալ վրաց Բագրատունիների արքունիքում։ Նրա համագործակիցներն են դառնում որդիները՝ Զաքարեն եւ Իվանեն։ Հմտորեն օգտվելով իրենց բարձր եւ ազդեցիկ դիրքից՝ Զաքարյանները ձեռնամուխ եղան իրենց նվիրական նպատակի իրագործմանը՝ ազատագրական պայքար մղել սելջուկյան տիրապետության դեմ եւ վերականգնել հայկական պետականությունը Բագրատունյաց Հայաստանի տարածքով մեկ։ Եվ դա նրանց հիմնականում հաջողվեց՝ 12-րդ դարի վերջին Զաքարյաններն ազատագրեցին Հյուսիսարեւելյան Հայաստանի մեծագույն մասը եւ ստեղծեցին իրենց իշխանությունը՝ փաստորեն դառնալով հայ Բագրատունիների իրավահաջորդները։ Դա հայոց պետականության վերականգնում էր, եւ զուր չէ, որ ժամանակակիցները Զաքարյանների իշխանությունը կոչում էին «աշխարհակալություն», «աշխարհակալ տերություն», պարզապես՝ «պետություն», իսկ Զաքարյաններին էլ՝ «թագավոր», «արքա», դրանով իսկ արտահայտելով նրանց իշխանության իրական բնույթն ու փաստական դրությունը։
Զաքարյանների իշխանությունը, որ գոյատեւեց մինչեւ 14-րդ դարը, ձեռք բերվեց ազատագրական պայքարի եւ արյան գնով, բայց դարձավ հազվադեպ հանդիպող մի բախտավոր շրջան հայոց բազմադարյան պատմության մեջ։ Զաքարյանները կարողացան ստեղծել բազմահազարանոց ամուր բանակ, պետական իրավասության բարձր մակարդակ եւ դրանով իսկ նեցուկ դառնալ երկրի տնտեսական եւ մշակութային նոր վերելքներին, տեր կանգնել նախնյաց ժառանգությանը։
Զաքարյանների իշխանապետությունը պատմության մեջ հիշատակվում է նաեւ Զաքարյան Հայաստան անունով։ Հաղարծնի վանքի քարե արձանագրությունը Զաքարյան Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության ոսկե էջերից մեկն է։
Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Պատմության էջերից