Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ԴԱՐՊԱՍՆ ԱՆԱՌԻԿ Է



ՀՀ հյուսիսարևելյան սահմանին` հպարտ սարերի ու կանաչ անտառների գրկում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասը, որը պատվով է կատարում իր առաքելությունը` հուսալիորեն իրականացնելով հայ-ադրբեջանական սահմանի մի ստվար հատվածի պաշտպանությունը:

Հյուսիսարևելյան դարպասն անառիկ է: Հայրենյաց պաշտպանի թիկունքն այստեղ առավել քան ամուր ու հուսալի է: Դիրքապահ զինվորն ու սահմանապահ դարձած գյուղացին թև թևի անառիկ ու անխորտակելի են պահում հայրենյաց սահմանները:

Փոխգնդապետ Ս. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասում կոփվում են իսկական հայրենյաց պաշտպաններ, որոնք խորը գիտակցումով ու նվիրվածությամբ են իրականացնում իրենց ծառայությունը:

Շարքային Արսեն Երկնափեշյանը ծնունդով Երևանից է: Նախքան բանակ զորակոչվելը` ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողգործիքների բաժին: Զորամասի երաժշտական վաշտից է: Եվս մի քանի օր, և Արսենը հրաժեշտ կտա բանակային կյանքին:

-Ճիշտ է` անհամբերությամբ եմ սպասում զորացրվելուն, և դա բնական է, բայց սիրով ու պատասխանատվությամբ եմ ծառայել,- ասում է նա:

-Հետադարձ հայացք ձգելով անցած երկու տարիներին` փորձենք առանձնացնել ծառայության ամենամեծ դժվարությունը:

-Ամենամեծ դժվարությունը, անշուշտ, կարոտն է: Եթե կարոտը չլինի, իսկ դա անհնար է, բոլոր դժվարությունները ժամանակի ընթացքում շատ հեշտ հաղթահարելի են: Ամեն օր ենք հաղթահարում ծառայության մեծ ու փոքր դժվարությունները, որոնք կոփում են զինվորին: Անհաղթահարելի ոչինչ չկա:

-Արսե՛ն, երաժշտական վաշտից ես, սակայն, որպես մարտական հերթապահություն իրականացնող զորամասի զինծառայող, ամենայն հավանականությամբ ծանոթ ես դիրքապահ տղաների հոգեբանությանը:

-Ես ինքս դիրքեր չեմ բարձրացել, բայց շուրջս ամենուր դիրքապահ զինվորներ են: Այո՛, ինչ-որ չափով ծանոթ եմ: Առաջին անգամ մարտական հերթապահություն իրականացնող զինվորը, ինչ խոսք, որոշակի վախ է զգում: Սակայն առաջին հերթապահությունից հետո տղաները սկսում են կարոտել դիրքերը: Դիրքեր բարձրացող տղաները սիրահարվում են իրենց պարտականությանը:

-Ծանոթ պատասխան է: Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:

-Հավանաբար վերևում իրենց ավելի զինվոր են զգում` ավելի զգաստ են, միմյանց ավելի մտերիմ, մի ընտանիքի պես են…

– Ինչպե՞ս ես գնահատում ձեր զորամասում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը:

-Այս առումով բոլորիս անունից կարող եմ «գերազանց» գնահատել մեր զորամասը: Ամեն ինչ արվում է բարոյահոգեբանական մթնոլորտն ամրապնդելու համար: Իհարկե, մեծ ուշադրություն է դարձվում նաև ֆիզիկական պատրաստությանը: Անձնակազմի մարտական ոգին բարձր է: Ամեն ամիս համերգներ են կազմակերպվում` ազգային-ազատագրական երգերով: Ազատամարտիկներ են հյուրընկալվում, հետաքրքիր միջոցառումներ, հանդիպումներ են կազմակերպվում:

– Ի՞նչ է տալիս ծառայությունը:

– Միգուցե յուրաքանչյուր զինվոր յուրովի պատասխանի այս հարցին, սակայն մի շարք կամային որակներ` դիմացկունություն, համբերություն, կամքի ուժ, որոնք ձևավորվում են ծառայության ընթացքում… Նախքան ծառայությունը պատկերացումներս բանակի մասին մի փոքր այլ էին… Սակայն ընդամենը մի քանի ամիս անց հասկացա, որ ամեն հայ՝ որպես տղամարդ, որպես այս հողի վրա ապրող, այս հողի կարոտը քաշող մարդ պետք է ծառայի ու պաշտպանի հայրենիքը… Բանակից բոլորը հիմնականում դրական, ամբողջ կյանքի համար անմոռանալի հուշեր են տուն տանում:

-Նորակոչիկներին ի՞նչ կասեիր:

– Երևի այս հարցին կարող եմ լիարժեք պատասխանել զորացրվելուց հետո միայն, սակայն մաղթում եմ համբերություն, ծառայության նկատմամբ բարձր պատասխանատվություն: Թող իմանան` բանակը բոլորովին էլ այն չէ, ինչ դրսից են պատկերացնում… Բանակը դպրոց է, որի շեմքով ամեն մարդ պետք է անցնի….

– Արդյոք զինվորն զգո՞ւմ է հասարակության հոգածությունը իր՝ բանակի նկատմամբ: Եվ ի՞նչ նշանակություն ունի այն:

-Հասարակության վերաբերմունքը կարևոր է զինվորի համար: Երբ համազգեստով փողոց ենք դուրս գալիս և զգում մարդկանց ուշադրությունը, ջերմ վերաբերմունքը, ոգևորվում ենք ու մեզ հպարտ զգում, ուրեմն` մենք պետք ենք մեր ժողովրդին: Ճիշտ է՝ մենք նվագախումբ ենք, դիրք չենք պահում, բայց, միևնույն է, մեզ հանդիպող մարդկանց՝ գյուղերում ապրող բնակիչների միայն ու միայն ուշադրությունն ու ջերմությունն ենք զգում:

…Վերջին պահին, երբ արդեն հրաժեշտ էի տալիս զորամասին, առիթ ունեցա ծանոթանալու նաև շարքային Գարուշ Գրիգորյանին: Պարզվեց՝ նա իսկական դիրքապահ է, և շուտով ինքն էլ է զորացրվելու:

-Երբ դիմացդ թշնամին է, բնականաբար ավելի զգոն ես դառնում… Դիրքապահ զինվորը միշտ գիտակցում է, որ իրեն հայրենիքի սահմանն են վստահել, որ ինքը պաշտպանում է իր ընտանիքի, իր հարազատների, իր ժողովրդի անվտանգությունը… Այդ ամենը նրան ուժ է տալիս… Առաջին օրերի լարվածությունը շուտ է անցնում, բայց քո դերի կարևորության գիտակցումը երբեք քեզ չի լքում… Կատարում ես մի գործ, որը սրբազան է… Ես հաստատ կկարոտեմ իմ դիրքերը, որ այնքան ուշադիր ու պատասխանատվությամբ հսկել եմ…

Շնորհակալություն եմ ասում Արսենին, Գարուշին և բոլոր-բոլոր զինվորներին, որոնք հայենիքի պաշտպանի գործը իրենց սրբազան պարտքն են համարում:

ՀԱՍՄԻԿ ԳՅՈԶԱԼՅԱՆ

Խորագիր՝ #28 (1046) 24.07.2014 – 30.07.2014, Ազգային բանակ


24/07/2014