Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՄՍ ՎՐՈՆՍԿՈՒ ՄԵԾ ԳԱՂՏՆԻՔԸ



Նա եղել է Ռուդոլֆ Հեսսի անձնական աստղագուշակը, բժշկել է Ադոլֆ Հիտլերին, համագործակցել է Իոսիֆ Ստալինի հետ, գուշակել է Լեոնիդ Բրեժնեւի ճակատագիրը

1933 թվականին՝ Հիտլերի՝ իշխանության գալուց գրեթե անմիջապես հետո, այն ժամանակ դեռ անհայտ Լատվիայից ուսումնառության նպատակով Բեռլին ժամանեց 18-ամյա համեստ մի պատանի՝ Սերգեյ Վրոնսկին: Արեւմտյան խստաբարո չափանիշներով՝ նրա ծագումն ու անցյալը միանգամայն հաջող քննություն էին բռնում: Հայրը՝ կոմս Ալեքսեյ Վրոնսկին, հինավուրց լեհական ազնվականական տոհմի շառավիղ էր, որի նախնիները Ռուսաստանում հաստատվել էին դեռեւս 17-րդ դարում: 1917 թ. Հոկտեմբերից առաջ գեներալի կոչում ունեցող ավագ Վրոնսկին զբաղեցնում էր ռուսաստանյան Գլխավոր շտաբի ծածկագրական բաժնի պետի պատասխանատու պաշտոնը: Որպես պրոֆեսիոնալ (բացի ծածկագրման արվեստից՝ նա տիրապետում էր 42 լեզուների)՝ նրան բարձր էին գնահատում ոչ միայն գործընկերները, այլեւ նույնիսկ բոլշեւիկները, որոնց եւս հեղափոխությունից հետո նա մի շարք կարեւոր ծառայություններ մատուցեց: Դրա դիմաց, ի նշան երախտագիտության, ստացավ անձամբ Լենինի ստորագրությունը կրող մի փաստաթուղթ, որը գեներալին եւ նրա ընտանիքին արտասահման մեկնելու թույլտվություն էր ընձեռում: Բայց մեկնելու նախօրեին նրանց տուն ներխուժեցին զինված կարմիրբանակայինները: Գեներալին, նրա կնոջը եւ երեխաներին՝ Սերգեյի երկու եղբայրներին եւ երկու քույրերին, տեղում անգթորեն գնդակահարեցին: Սերգեյը հրաշքով ողջ մնաց՝ այդ պահին նա խաղում էր փողոցում, եւ նրա փոխարեն գնդակահարել էին իր հասակակցին՝ ֆրանսուհի դաստիարակչուհու հնգամյա որդուն:

Դաստիարակչուհին տղային թաքցրեց հարեւանների տանը, հետո էլ հետը տարավ Փարիզ, որտեղ նրան Կարմիր խաչի միջոցով գտան այդ ժամանակ Ռիգայում բնակվող տատն ու պապը:

ՄԱՐԶԻԿ, ՕԴԱՉՈՒ, ԲԺԻՇԿ, ԷՔՍՏՐԱՍԵՆՍ

Սերգեյի տատիկը սերում էր չեռնոգորյան Նենադիչ-Նեգոշ հինավուրց իշխանական տոհմից, որոնք ժառանգաբար զբաղվում էին հեքիմությամբ եւ բախտագուշակությամբ:Հենց դա էլ կանխորոշեց սիրելի թոռան ճակատագիրը. իշխանուհի Նեգոշը ոչ միայն հրաշալի կրթություն էր ստացել Գերմանիայում եւ Ֆրանսիայում, այլեւ լրջորեն զբաղվում էր գերբնական գիտություններով՝ աստղագուշակություն, ձեռնագուշակություն, մոգություն: Եւ իր գիտելիքները փոխանցեց թոռանը, որն արդեն յոթ տարեկան հասակից հրապուրվեց դասընկերների եւ ուսուցիչների համար բախտացույցներ կազմելով: Սերգեյի մոտ շատ վաղ հասակում ի հայտ եկան հիպնոսի, հոգեթերապիայի ունակություններ, նա տարվեց ոգեհարցությամբ եւ մոգությամբ:

Սերգեյը սովորում էր Ռիգայի Միլլերովյան ռուսական մասնավոր գիմնազիայում, սովորում էր փայլուն՝ ապշեցնելով իր ուսուցիչներին. միշտ կարծես գուշակում էր, թե որ տոմսն է ընկնելու իրեն քննության ժամանակ: Արդեն պատանի հասակում տիրապետում էր 13 լեզուների: Բայց ամենեւին էլ գիրք կրծող չէր. ժամանակ էր գտնում ըմբշամարտի, բռնցքամարտի, լողի համար, թենիս էր խաղում, երգում էր եկեղեցական երգչախմբում, սովորում էր դաշնամուր եւ ակորդեոն նվագել, ավտոմեքենա վարել: 17 տարեկանում ավարտեց ավստրիական Ինսբրուքի ավիադպրոցը:

1933 թ. ժամանելով Գերմանիա՝ Սերգեյն ընդունվում է Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Քիչ անց նա բացառիկ ընդունակություններ է դրսեւորում բուժման ոչ ավանդական մեթոդների բնագավառում. ախտորոշում է կապած աչքերով, գուշակում հիվանդության ընթացքը, բժշկում ձեռքը դիպցնելով: Շուտով, առանց իր կարծիքը հարցնելու, նրան տեղափոխում են նացիստների հիմնած Կենսառադիոլոգիական փակ ինստիտուտ, որը նաեւ անվանում էին «Թիվ 25 ուսումնական հաստատություն»: 300 թեկնածուներից այնտեղ ուսանելու համար ընտրում էին տասին, որոնցից յուրաքանչյուրի համար մանրամասն բախտացույց էր կազմվում: Ռեյխի այս ամենահեղինակավոր եւ ամենաարտոնյալ հաստատությունում նախատեսված էր գերբնական ունակություններ ունեցող մասնագետներ պատրաստել հիտլերյան վերնախավին սպասարկելու համար: Բացի ավանդական բժշկական առարկաներից՝ տիբեթյան լամաները, հնդիկ յոգերն ու չինացի ասեղնաբույժներն այստեղ դասավանդում էին նաեւ հոգեթերապիա, հիպնոս, շամանություն: Պրակտիկայի համար ուսանողներին տանում էին Աֆրիկա, Հնդկաստան, Ամերիկա եւ Իսպանիա: Ինստիտուտի ղեկավարությունը խրախուսում էր նաեւ ուսանողների բավական ոչ ստանդարտ «գործնական» նախաձեռնությունները: Օրինակ՝ ամառային արձակուրդներին Սերգեյը փող էր աշխատում որպես վարձկան-օդաչու եւ այդ կարգավիճակով մասնակցել է բոլիվիա-պարագվայական, այնուհետեւ՝ իտալա-աբիսսինյան պատերազմներին: Մի անգամ պրակտիկայի ժամանակ ուշիմ երիտասարդին արտասովոր հանձնարարություն է տրվում. բանտարկյալներից առանձնացնում եւ նրան են հանձնում գերմանացի 20 կոմունիստների եւ նրանց ընտանիքի անդամների, որոնք տառապում էին տարբեր ուռուցքային հիվանդություններով, եւ խոստանում են ազատ արձակել բոլոր նրանց, որոնց նա կարող է բուժել: Վրոնսկուն հաջողվում է փրկել տասնվեց հոգու, այդ թվում՝ չորս երեխայի կյանք:

«Աստղերը կառավարում են հիմարներին, իսկ խելացիներն իրենք են կառավարում իրենց աստղերին». այս հին իմաստնությունը սիրում էր կրկնել թիվ 2 նացիստը՝ Ռուդոլֆ Հեսսը: Ասում են՝ աստղագուշակության նկատմամբ թուլություն ուներ նաեւ Յուրի Անդրոպովը: Դառնալով գլխավոր քարտուղար՝ նա պաշտոնապես թույլատրեց զբաղվել այդ գիտությամբ:

Նացիստական Գերմանիայի ղեկավարները շատ էին հետաքրքրվում աստղագուշակությամբ, բոլորն ուզում էին իմանալ իրենց ճակատագիրը, ամրապնդել ունեցած իշխանությունը:1935 թ. Հիտլերն աստղագուշակությունը նույնիսկ հռչակեց «կայսերական գիտություն»: Նա շատ լուրջ էր վերաբերվում գուշակություններին եւ բախտացույցներին: Պատանի տարիքում գնչուհին նրան մեծ ապագա էր գուշակել, իսկ ծանոթ աստղագուշակ Սոբոտենդորֆը զգուշացրել էր, որ 1923 թ.Հիտլերի կազմակերպած «գարեջրային խռովությունը» (որի համար Հիտլերը բանտ ընկավ) կարող է ձախողվել: Իշխանության գալով՝ Հիտլերը որոշեց այլեւս ռիսկի չդիմել եւ մշտապես իր կողքին էր պահում տիբեթցի մի վանականի, որին կոչում էին «կանաչ ձեռնոցներով մարդ»: «Երրորդ ռեյխում» ոչ մի ռազմական կամ պետական գործողություն չէին ձեռնարկում՝ առանց նրա հետ խորհրդակցելու: Ուստի հասկանալի է, որ Կենսառադիոլոգիական ինստիտուտի շրջանավարտներին՝ աստղագիտության եւ էքստրասենսի մասնագետներին, ֆաշիստական Գերմանիայում փայլուն կարիերա էր սպասվում:

Վրոնսկին ժամկետից շուտ հաջողությամբ ավարտեց ինստիտուտը, եւ մի գեղեցիկ օր նրան հրավիրեցին ռեկտորի աշխատասենյակ, ուր նրան սպասում էին վերմախտի համազգեստով անծանոթներ:

-Դուք դասախոսներին զարմացրել եք ձեր գիտելիքներով,- ասացին Սերգեյին:- Կարծում ենք՝ ձեր շահերից է բխում այդ գիտելիքները եւ ձեր ողջ կյանքը նվիրաբերել ի բարօրություն ֆյուրերի եւ մեծ Գերմանիայի:

Վրոնսկուն «հավաքագրող» նացիստների մտքով անգամ չէր անցնի, որ չնայած այն չարիքին, ինչը կարմիրները գործել էին Սերգեյի ընտանիքի հանդեպ, վերջինս 1933 թ. սեպտեմբերին արդեն դարձել էր Գերմանիայի կոմկուսի անդամ ու, հնարավոր է, այդ ժամանակից էլ համագործակցում էր խորհրդային հետախուզության հետ: Առանց բացահայտ հաստատելու այդ համագործակցությունը՝ ավելի ուշ Վրոնսկին հիշում էր. «Այդ սարսափելի տարիներին ես ոչ միայն ուսանող էի, այլեւ ընդհատակյա գործիչ: 1938 թվականից մի քանի անգամ ծածուկ եղել եմ Խորհրդային Միությունում… Բայց առայժմ իրավունք չունեմ խոսելու այդ մասին»: Բացառված չէ, որ այդպիսի շրջադարձը նրա ճակատագրում պայմանավորված էր պատանեկան տարիներին ապագա լատիշ գրող եւ խոշոր կոմունիստական գործիչ Վիլիս Լացիսի հետ նրա մտերմությամբ:

ՀԵՍՍԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՇԱԿԸ

Դեռեւս Ռիգայում, երբ որոշվեց Սերգեյին ուսանելու ուղարկել Գերմանիա, նրանց ընտանիքի բարեկամուհիներից մեկը հանձնարարական նամակ փոխանցեց նացիստական ակնառու գործիչ Իոհան Կոխին, որի մոտ էլ Վրոնսկին ծանոթացավ նացիստական ղեկավարներից մեկի՝ Ռուդոլֆ Հեսսի հետ: Վերջինս հետաքրքրվում էր միստիկայով: Երբ կատարվեց Վրոնսկու գուշակությունների մի ամբողջ շարք, Հեսսն սկսեց անվերապահորեն հավատալ իր նոր ծանոթին: «Մենք մտերմացանք աստղագուշակության շնորհիվ,- պատմում էր Վրոնսկին,- եւ Հեսսը դարձավ իմ առաջին աշակերտը: Նա շատ ընդունակ էր, բայց նրան խանգարում էր չափից ավելի ինքնավստահությունը: Ես նրան խորհուրդներ էի տալիս իր մերձավորների շրջանում ծավալվող շահախնդիր խաղերի մասին, հուշում էի՝ ում հետ ինչպես վարվել, ումից զգուշանալ եւ ում հետ մտերմանալ: Նա հետեւում էր իմ խորհուրդներին, քանի որ ես սովորաբար ուղիղ նշանակետին էի խփում»:

Պարզվում է՝ Վրոնսկին անմասն չէ նաեւ նացիստական մի մեծ գաղտնիքից. հայտնի է, որ Հեսսը՝ Հիտլերից հետո նացիստական կուսակցության երկրորդ դեմքը, այստեղից բխող բոլոր արտոնություններով հանդերձ, 1941 թ. մայիսին փախավ Գերմանիայից: Ինքնաթիռով Մյունխենից հասնելով Անգլիա եւ պարաշյուտով վայրէջք կատարելով՝ նա ի վերջո հայտնվեց անգլիացի ազնվական, գերմանամետ լորդ Համիլթոնի վիլլայում: Այս պատմությունը թույլ է տալիս նույնիսկ կասկածել, թե Հեսսը նախապես տեղյակ է եղել, որ ֆաշիստական վարչակարգը դատապարտված է: Ի դեպ, Վալտեր Շելլենբերգի հուշերում վկայություն կա, որ Հեսսի փախուստին «մասնակից» են եղել աստղագուշակները: Ահա թե ինչ է գրում այդ դրվագի մասին Վրոնսկին. «1941 թ. մենք շատ մտերիմ եւ անկեղծ էինք միմյանց հետ: Ռուդոլֆը գիտեր «Բարբարոսա» պլանի մասին: Մենք աստղագուշակային տեսություն կազմեցինք՝ հիմք ընդունելով ներխուժման ճշգրիտ ժամանակը: Հաշվարկները ցույց տվեցին նացիստական Գերմանիայի լիակատար ձախողում: Բախտացույցը մի քանի անգամ ստուգեցինք ու ճշտեցինք: Ամեն ինչ համընկնում էր: Հեսսը դիմեց ֆյուրերին՝ ներխուժման ամսաթիվը փոփոխելու խնդրանքով, բայց Հիտլերը նրան ձեռք առավ: Զարմանալի չէ, որ Հեսսը փախավ: Նա նույնիսկ մտածում էր փախչել Ռուսաստան, սակայն աստղերն այնտեղ նրան անհապաղ մահ էին գուշակում: Մինչդեռ անգլիական տարբերակը կյանք էր խոստանում: Այդպես էլ եղավ. Հեսսն իր կուսակցական ընկերներից 50 տարի երկար ապրեց»:

Շարունակելի

ԷԴՈՒԱՐԴ ԿՈՎԱԼՅՈՎ
«Սովերշեննո սեկրետնո»

Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Ռազմական


30/07/2014