Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՈ՛Ւ ԵՍ ԵՐԿՐԻԴ ԴԵՄՔԸ



Չկա ավելի գեղեցիկ ու ոգեշունչ պատկեր, քան արծվենի հայացքը հպարտորեն հեռուն պարզած հայ զինվորը՝ անհողդողդ կանգնած Մասիսների կապտամանուշակագույն ֆոնին… Իսկ արեվի շողերը փայլկտում, ուրախ խաղում են նրա ուսադիրների, զինվորական տարբերանշանների եւ երկաթյա ձեռքի հետ ամուր ձուլված զենքի վրա։ Այդ անմոռաց պահի ականատեսն եմ եղել տարիներ առաջ, երբ դիմավորում էինք օտարությունից տուն դարձող Զորավար Անդրանիկի աճյունը։ Հիրավի, վեհաշուք ու խորհրդավոր տեսարան։ Թերեւս այսպես 1500 տարի առաջ հայերը Արարատյան դաշտում դիմավորել են հայ գրերը հայրենիք բերող Սահակ Պարթեվին ու Մեսրոպ Մաշտոցին…

-Ահա ինչու մենք մեր գնդի զինվորներին ամենից առաջ փորձում ենք հոգեբանորեն նախապատրաստել ծառայությանը՝ ասելով. «Դուք մեր երկրի դեմքն եք։ Հայաստան ժամանող օտար երկրների առաջին դեմքերը, պետական այրերը՝ նախագահներ, թագավորներ, նշանավոր մարդիկ, առաջին հերթին ձեզնով են կարծիք կազմում մեր երկրի, մեր պետության, մեր զինված ուժերի ու նաեւ մեր մշակույթի մասին»,- այսպես արձագանքեց իմ խոսքերին պահպանության եւ սպասարկման առանձին գնդի հրամանատար, գնդապետ Կարեն Մարգարյանը։ -Երբ զինվորը խորությամբ ըմբռնում է իրեն վերապահվող դերը, հասկանում իր՝ երկրի դեմքը ներկայացնողի ողջ պատասխանատվությունը, նրա հետ հետագա աշխատանքն արդեն հեշտ է, ինչպես ասում են՝ տեխնիկայի գործ։ Ամենից առաջ՝ հոգեբանական նախապատրաստություն, հետո արդեն՝ ֆիզիկական տվյալներ, ֆիզիկական պատրաստվածություն։ Այնպես որ, մենք մեր զինվորին շատ բծախնդրությամբ ենք ընտրում, հազարից մեկին։
Զորամասում ամեն ինչ հուշում է նրա «առանձին» կարգավիճակ ունենալու մասին. գեղեցիկ ու ընդարձակ շարահրապարակ՝ դեղին ու սպիտակ գծերով, բազմաթիվ հայելիներով, տարածքի մաքրություն, խնամվածություն, զորամասի եւ վարչական շենքի բարեկարգ տեսք, մաքուր, կոկիկ միջանցքներ… Մեր այստեղ գտնվելու ժամին զորամասը հիշեցնում էր քնած փեթակի. պատվո պահակախումբն ու զինվորական նվագախումբը նոր էին վերադարձել Շվեդիայի նախարարին ճանապարհելու արարողությունից։
-Շարժական հրամանատարական կետերի բացազատումը, պահպանումը եւ սպասարկումը մեր զորամասի մարտական հիմնական խնդիրն է։ Պատվո պահակային վաշտը եւ կենտրոնական նվագախումբն ապահովում են պաշտպանության նախարարի եւ պետական բոլոր միջոցառումները՝ նախագահների դիմավորում եւ ճանապարհում, ծաղկեպսակադրում եւ այլն,- շարունակում է գունդը ներկայացնել հրամանատարը։
-Պարոն գնդապետ, մինչ Դուք պատմում էիք գնդի մարտական խնդիրների մասին, ես հիշեցի, որ ՊՆ-ն մրցույթ էր հայտարարել պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի համազգեստի համար։ Ահագին ժամանակ է անցել, հիմա մենք մրցույթի ո՞ր փուլում ենք, եւ ինչ-որ որոշակի բան հայտնի՞ է։
-Հայտարարված մրցույթն արդեն ավարտական՝ երրորդ փուլում է։ Շուտով կորոշվի մեր նվագախմբի ու պատվո պահակային վաշտի համազգեստի վերջնական ընտրության հարցը։ Երբ հաստատվեն վերջնական տարբերակները, մենք նմուշները փորձելուց հետո մեր դիտողություններն ու առաջարկությունները կներկայացնենք։
-Ինչ խոսք, հիմա էլ գեղեցիկ են նայվում մեր պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի տղաները՝ զուսպ, առանց ավելորդությունների, կոկ մի բան կա նրանց արտաքին տեսքում, բայց այդուամենայնիվ, այն համարյա թե ամբողջովին հիշեցնում է ռուսական զինվորականության համազգեստը։ Ի՞նչ են առաջարկում հայ դիզայներները։
-Պատասխանատու այդ գործը ստանձնել են մեր ամենահայտնի դիզայներները։ Նոր համազգեստը սկզբունքորեն կտարբերվի հնից՝ ներկա համազգեստից։ Այն, ակնհայտ տարբերությունից բացի, կունենա նաեւ ազգային հագուստի, տարազի տարրեր։ Կկարեւորվի համազգեստի ամեն մի դետալ, մանրուք՝ կոշիկի ծայրից սկսած մինչեւ գլխարկը։ Ի դեպ, տարբեր միջոցառումների համար մեր զինվորները տարբեր համազգեստ են կրելու։ Հետո կկարվեն նաեւ նույն հագուստի սեզոնային տարբերակները. չէ՞ որ մենք մարտական ծառայության մեջ ենք լինում տարվա բոլոր եղանակներին։ Մեր երկիր ժամանող բարձրաստիճան հյուրերն այլեւս մեր զինվորներին չեն շփոթի, ասենք, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի զինվորի հետ։ Մեր համազգեստն այսուհետ կպատմի մեր անկախ պետության, մեր մշակույթի, մեր զինվորական ավանդույթների մասին։
-Իսկ, այսպես ասած, զգեստափոխությունը ե՞րբ կկատարվի։
-Ամենայն հավանականությամբ, նոր համազգեստը առաջին անգամ կներկայացնենք սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի զորահանդեսին։ Մենք արդեն հիմիկվանից նախապատրաստվում ենք այդ մեծ հոբելյանին՝ անկախության 20-ամյակի տոնակատարություններին։ Այդ օրը մենք ներկայանալու ենք ոչ միայն նոր համազգեստով ու տեսքով, այլեւ ներկայացնելու ենք, այսպես ասած, զինվորական շոու՝ պատվո պահակախմբի զինվորների եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ «Դեֆիլե» անվանվող վարժաձեւերը առաջին անգամ կկատարվեն CKC կարաբիններով։ Ես՝ որպես հրամանատար, ամեն ինչ անելու եմ, որ մեր գնդի ծառայողները այդ մեծ տոնին ներկայանան հավուր պատշաճի եւ իրենց առինքնող տեսքով ուրախացնեն մեր ժողովրդին։ Կուզենայի նաեւ խոսել զինվորական նվագախմբի հաջողությունների մասին, ընդ որում՝ միջազգային. անցած տարի մենք մասնակցեցինք Շվեդիայում տեղի ունեցած ութ երկրների զինվորական նվագախմբերի փառատոնին եւ առաջին տեղը շահեցինք։ Սակայն այդ մասին թերեւս ավելի մանրամասն կպատմի հենց նվագախմբի պետը՝ փոխգնդապետ Տիգրան Լալայանը։
♦♦♦
Փոխգնդապետ Տիգրան Լալայանը պահպանության եւ սպասարկման առանձին գնդի զինվորական նվագախմբի ղեկավարությունն ստանձնել է 1997 թվականին։ Մինչ այդ եղել է հատուկ նշանակության գնդի նվագախմբի դիրիժորը։
-Նվագախումբը համալրվում է ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողներով։ Աշխատում ենք նվագախմբում ընդգրկել հիմնականում բարձրագույն կրթությամբ երաժիշտներին, եւ հենց նրանք էլ կազմում են խմբի հիմնական կորիզը։ Ցավոք, գնալով հետաքրքրությունը փողային գործիքների նկատմամբ նվազում է։ Գոնե այսպես է մեր երկրում։ Ժամանակին՝ իմ մանկության եւ պատանեկության տարիներին, ամեն թաղամասում ու շրջանում կային կուլտուրայի տներ ու ակումբներ, որտեղ փողային նվագախմբեր էին գործում։ Որոշ դպրոցներ անգամ փողային նվագախումբ ունեին։ Հիմա գնալով ավելի ու ավելի է դժվարանում նվագախումբը որակյալ կադրերով ապահովելու խնդիրը։ Բարեբախտաբար, պետական կոնսերվատորիայում գործում է զինվորական դիրիժորների բաժինը։ Մեր մասնագետներից շատերը այնտեղ դասավանդում են։ Այդ շփումները օգնում են մեզ՝ նվագախումբը ապագա կադրերով համալրելու գործում։
-Կադրերի ընտրության հարցում հիմնականում ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում։
-Հիմնական չափանիշը, իհարկե, երաժշտական ունակություններն են, փողային գործիքին տիրապետելու աստիճանը, բայց պակաս նշանակություն չունի նաեւ մեր նվագախմբի ապագա անդամի ֆիզիկական պատրաստվածությունը, արտաքին տեսքը։ Պատահում է՝ ձմռանը եւ ամռան շոգին մենք մինչեւ 40 րոպե համարյա անշարժ կանգնած նվագում ենք։ Եվ դա պարզապես կատարում չէ, այլ մարտական առաջադրանք… Եթե դու սպասարկում ես պետական կարեւորության միջոցառում, ուրեմն մեծ է պատասխանատվությունը, ուրեմն մեծ է նաեւ լարվածությունը։
-Չնայած դժվարություններին, կարծես թե Ձեզ հաջողվում է պրոֆեսիոնալ բարձր կարողություններով աչքի ընկնող նվագախումբ ձեւավորել, ինչը վկայում են նվագախմբի միջազգային հաջողությունները։
-Վերջին երկու տարվա ընթացքում զինվորական նվագախումբը երկու միջազգային մրցույթի է մասնակցել եւ երկուսից էլ տուն է վերադարձել հաղթողի դափնիով։ Սանկտպետերբուրգյան մեր հաջողություններին հետեւեց մի քանի ամիս առաջ Շվեդիայի Էքշիո քաղաքում անցկացված զինվորական նվագախմբերի փառատոնում տարած աննախադեպ հաղթանակը։ Դա ոչ միայն մեր նվագախմբի հաղթանակն էր, այլեւ, ես կասեի, ընդհանրապես հայ երգի։ Փառատոնի մասնակից ութ երկրներից՝ Գերմանիա, Լեհաստան, Թուրքիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Իսլանդիա եւ Անգլիա, միայն մեզ իրավունք տրվեց նվագելու քաղաքի գլխավոր կաթոլիկ եկեղեցում…
-Հետաքրքիր է՝ զինվորական նվագախումբը՝ եկեղեցո՞ւմ։ Ի՞նչ էիք նվագում։
-Իհարկե, ոչ զինվորական քայլերգեր։ Մենք կատարեցինք Մակար Եկմալյանի «Սուրբ-սուրբ» ու «Ով հայոց աշխարհ» ստեղծագործությունները եւ մի շարք հայ հոգեւոր երգեր։ Ապշեցուցիչ տպավորություն թողեց մեր երաժշտությունը։ Ես որպես երաժիշտ այն կարծիքին եմ, որ մեր հոգեւոր երաժշտությունը կարող է նվաճել ողջ Եվրոպայի սիրտը։ Գոնե ես ավելի ոգեղեն երաժշտություն չգիտեմ։ Շատ լավ ընդունելության արժանացավ նաեւ Արա Գեւորգյանի «Արցախ» գործը։ Թեեւ այն նախատեսված է լարային գործիքներով նվագելու համար, բայց մեր համարձակ քայլը՝ կատարել փողային գործիքներով, շատ տպավորիչ էր եւ հաջողված։ Համերգից հետո մեզ մոտեցավ Անգլիան ներկայացնող զինվորական խմբի դիրիժորը եւ շնորհավորելուց հետո նոտաները խնդրեց՝ իրենց նվագախմբով նվագելու համար։ Մենք շատ շոյվեցինք, բայց ստիպված եղանք ասել, որ այդ իրավունքը վերապահվում է միայն հեղինակին՝ մաեստրո Արա Գեւորգյանին։ Շատ լավ ընդունելության արժանացավ նաեւ մեր զինվորական նվագախմբի ծառայության պետ գնդապետ Արմեն Պողոսյանի «Ադաջիո» ստեղծագործությունը։ Գնդապետն ընդառաջ գնաց Շվեդիայի զինվորական նվագախմբի դիրիժորի խնդրանքին, եւ իր ստեղծագործությունը Շվեդիայում հնչեցնելու համաձայնություն տվեց։
♦♦♦
Թե՛ գնդի հրամանատար գնդապետ Կարեն Մարգարյանի եւ թե՛ զինվորական նվագախմբի պետ փոխգնդապետ Տիգրան Լալայանի կարծիքով, զինվորական նվագախմբի հաղթանակի կերտողներից մեկն էլ երկրորդ դիրիժոր կապիտան Հայկ Գրիգորյանն է, որը բարձրագույն երաժշտական կրթություն է ստացել Մոսկվայի ռազմական կոնսերվատորիայում։
-Նոր ժանր է ձեւավորվում մեր նվագախմբում, որը կոչվում է «դեֆիլե»։ Դա այն է, երբ նվագախումբը նվագելուն զուգընթաց ճկուն պարային շարժումներ է կատարում։ Այլ ձեւով այն կարող է կոչվել նաեւ համերգային շարանցում։ Սա գեղեցիկ ու տպավորիչ է, որը սակայն բավականին բարդ է եւ երկար ու տքնաջան աշխատանք է պահանջում։
-Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված զինվորական նվագախմբի հաղթանակը։
-Ընդգծեմ, որ այդ փառատոնին մասնակցում էին միմիայն պրոֆեսիոնալ նվագախմբեր, ինչը շատ է մեծացնում մեր հաղթանակի նշանակությունը։ Երաժշտական կատարման մակարդակի վրա կանգ չառնեմ, դա ինքնին կարեւոր պայման է։ Սակայն նշեմ, որ մենք մյուսներից առանձնանում էինք առաջին հերթին մեր շարային կեցվածքով. եթե զինվորական նվագախումբ է, ուրեմն զինվորական շարային կեցվածքը չի կարող առաջնային չլինել։ Եվ դա նկատվեց ու գնահատվեց։ Ապա, իմ կարծիքով, մենք շահեկանորեն մյուսներից առանձնանում էինք մեծ տեղ տալով մեր ազգային գործիքներին՝ զուռնային, դուդուկին եւ դհոլին։ Այդ նորամուծությունը դիմավորեցին, առանց չափազանցության, բուռն ծափահարություններով։ Համերգից հետո հանդիսականներից շատերը կանգնել էին մեր ավտոբուսի մոտ, ձեռքով էին անում մեզ ու ծափահարություններով բարի ճանապարհ մաղթում։ Մի բան էլ ասեմ. մեր ֆոնին համարյա չնկատվեց Թուրքիայի զինվորական նվագախումբը, թեեւ նրանք ընդգծված՝ կարմիր գույնի խալաթանման երկար համազգեստ էին հագել եւ գլխներին փաթթոցներ դրել։ Նրանց չօգնեց նույնիսկ իրենց փքուն՝ «Օսմանյան կայսրության զինվորական նվագախումբ» անվանումը։ Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ մենք էլ նման կարգի միջոցառումներին կներկայանանք մեր ազգային նկարագիրն ունեցող համազգեստով։
-Ուրիշ ի՞նչ հուշեր բերեցիք Շվեդիայից։
-Նրանց բնությունը չքնաղ էր, եւ նույնքան գեղեցիկ էին այդ բնության մեջ ապրող մարդիկ։ Վերադարձանք տպավորված եւ ոգեւորված։ Մենք տեսանք ու համոզվեցինք, որ փոքրիկ երկրի ներկայացուցիչներն էլ կարող են ոչ միայն ոտ մեկնել աշխարհի հզոր ու ապահով երկրների հետ, այլ նաեւ հաղթել, եթե միայն հավատան իրենց ուժերին։ Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր նվագախմբի բոլոր տղաներին, մասնավորապես՝ սերժանտ Հարություն Հաջինյանին, ենթասպա Արմեն Մնացականյանին, շեփորահար Ֆիլիպ Աշիկյանին, կլառնետահար Տիգրան Հակոբյանին, շարքային Տիգրան Ավագյանին եւ մյուսներին։
♦♦♦
Լինել պահպանության եւ սպասարկման առանձին գնդում ու առիթը չօգտագործել ներկա գտնվելու պատվո պահակախմբային վաշտի զինվորների պարապմունքներին, չէինք կարող։ Ո՞վ չի հիացել այդ տղաների գեղեցիկ, ձիգ կեցվածքով, բարձր հասակով, հստակ ու հատու շարժումներով… Վաշտի հրամանատար կապիտան Սոկրատ Վարդանյանին խնդրում եմ ներկայացնել, թե տվյալ պահին զինվորները ի՞նչ վարժություններում են հմտանում։
-Կատարելագործում ենք զինվորների շարային պատրաստականությունը։ Աշխատում ենք նոր զենքով վարժաձեւերը հղկելու, մշակելու վրա։
-Պարոն կապիտան, կարո՞ղ եք ասել, թե սկզբունքորեն ինչ տարբերություն կա ավտոմատով եւ կարաբինով կատարվող վարժաձեւերի միջեւ։ Ձեր հրամանատարը հպարտությամբ նշեց, որ վերջապես ձեռք է բերվել եւ վաշտը համալրվել է կարաբին զինատեսակով։
-Իսկապես շնորհակալ ենք վերադասից. վերջապես մենք էլ հնարավորություն ենք ստանում ցույց տալու մեր ամբողջ ունակություններն ու վարպետությունը։ Կարաբինը, ի տարբերություն բոլորիս հայտնի ավտոմատի, ավելի սլացիկ տեսք ունի, մակերեսն ամբողջ երկայնությամբ հարթ է, ցցվածքներ, որոնք խանգարում են վարժությունների ժամանակ, չունի։ Կարաբինը գեղեցիկ զենք է, երկաթյա բոլոր մասերը նիկելապատ են, ինչի շնորհիվ զինվորի կատարած բարդ վարժաձեւերը հեռվից նկատելի են։ Այս զենքով կարելի է շատ ավելի բարդ, բայց գեղեցիկ վարժություններ կատարել։ Նախապատրաստվում ենք Սեպտեմբերի 21-ի տոնակատարությանը, որի ժամանակ մեր տղաները կներկայացնեն մինչեւ 20, գուցեեւ ավելի վարժաձեւերից բաղկացած ցուցադրություն, ինչը, համոզված եմ, մեծ տպավորություն կգործի դիտողների վրա… Ափսոս՝ մեր զենքերը ծանր են, համարյա 4 կգ, ինչը հնարավորություն չի տալիս ավելի բարդ վարժություններ ներկայացնել։ Հատկապես մեր զինվորները դժվարանում են մեկ ձեռքով կատարվող վարժությունների ժամանակ։
-Ասացիք՝ մեր զենքերը. ի՞նչ է, ուրիշների, ասենք՝ ռուսների, պատվո պահակախմբի զինվորների կարաբիններն ուրի՞շ են։
-Իմ կարծիքով, նրանցը հատուկ պատվերով պատրաստված կարաբիններ են, որոնք ավելի թեթեւ են կշռում, քան, ասենք, սովորականները։ Ես դա զգում եմ, նկատում, երբ ուշադիր հետեւում եմ նրանց զինվորների շարժումներին։ Բայց, ի պատիվ մեր տղաների, պետք է ասեմ, որ նրանք շատ արագ եւ բավականին հեշտ են յուրացնում նոր զենքը։ Դրանում կհամոզվեք, երբ կդիտեք մեր անկախության 20-ամյակի զորահանդեսը։

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #13 (878) 6.04.2011 – 13.04.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/04/2011