Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՍՊԵՏ» ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ



Հայոց ազգային բանակին մշտական հերթափոխ է անհրաժեշտ: Այս առումով կարևորվում է հանրակրթական դպրոցներում ՆԶՊ առարկայի դերը: Իսկ բարձր դասարանների տղաներին որպես զինվոր նախապատրաստելու համար արդեն 15 տարի է, ինչ ԼՂՀ կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունները համատեղ 3 հերթափոխով՝ 10 օրյա ժամկետով, կազմակերպում են «Ասպետ» ռազմամարզական ճամբար, որին մասնակից են լինում հանրապետության մայրաքաղաքի և բոլոր շրջանների դպրոցների 11-րդ դասարան փոխադրված պատանիները: Վերջին տարիներին ճամբարը գործում է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի հարակից անտառապատ տարածքում: Պատանի ճամբարականներին այդ օրերին հաճախ այցելում և դասախոսություններ են կարդում Արցախյան գոյամարտի հերոսները, լեգենդար հրամանատարները, ազատամարտի վետերանները, մշակույթի գործիչները։ Այս տարի «Ասպետի» բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, ՊԲ բարձրաստիճան սպաներ, ծնողներ։ Ողջունելով ճամբարի բացման առթիվ՝ ԿԳ նախարարն ասաց. «Ծնողներն էլ պիտի հպարտանան, որ արժանի հերթափոխ է պատրաստվում բանակի համար, և վաղն այդ տղաներն են լինելու Արցախի անվտանգության երաշխավորները»։

Այս տարի Քաշաթաղի շրջանի 10-ից ավելի դպրոցների շուրջ 20 պատանիներ մասնակցեցին «Ասպետ» ճամբարի հերթափոխին և հուլիսի 23-ին տուն վերադարձան: Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնում հանդիպեցի տղաներին: Միջնավանի Գ. Ստարովոյտովայի անվան միջնակարգ դպրոցի զինղեկ Սերգեյ Կիրակոսյանը, որը երկու նախարարությունների կողմից արժանացել էր շնորհակալագրի, գոհ էր տղաներից. բոլորն էլ իրենց պահել էին իսկական զինվորի պես:

Գողթանիկի դպրոցի աշակերտ Արցախ Պողոսյանը և նրա թիմակիցները՝ Կարեն Գևորգյանը Սարատակից, Գոռ Պետրոսյանը Աղավնոյից, Վահե Հարությունյանը Միջնավանից, Աշոտ Կոստանյանը Վուրգավանից, ֆուտբոլի մրցաշարում գրավել էին առաջին տեղը և արժանացել պատվոգրի: «Եթե ստացվի, մեծ սիրով նորից կմասնակցեմ ճամբարի առօրյային. ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված: Հուսով եմ՝ բանակում էլ այդպես կլինի»,- ասաց Արցախը:

-Ճամբարում դժվարություն չզգացինք, ծանոթացանք բանակային կյանքին, շատ բան սովորեցինք, մեր հանրապետության տարբեր բնակավայրերից եկած տղաների հետ ծանոթացանք, ընկերացանք»,- ընկերոջ խոսքը շարունակեց Վահեն:

Մոշաթաղի դպրոցի սան Գագիկ Գալստյանը ժամացույց էր նվեր ստացել պաշտպանության նախարարության կողմից և շատ հպարտ էր. «Կարծում եմ՝ 10 օրը շատ քիչ է, լավ կլիներ, որ ավելի երկար ժամկետով մնայինք»,- ասաց նա:

Միջնավանի դպրոցից է Բալասանյան Ռաթը, որը շնորհակալագրի էր արժանացել կարգապահ ծառայության համար:

Շրջանի կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը շնորհավորեց զինվորացու տղաներին և շնորհակալություն հայտնեց շրջանի անունը բարձր պահելու համար:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Բանակ և հասարակություն


30/07/2014