«ՓԱԿ ԱՐԽԻՎՆԵՐ ՉԿԱՆ. ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ»
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին շատ քիչ ժամանակ է մնացել: Եվ Թուրքիան 2015թ.-ին պատրաստվում է ամենայն լրջությամբ՝ առաջ տանելու իր ժխտողական քաղաքականությունը: Իսկ թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում Հայաստանում, ինչպե՞ս ենք մենք ինքներս նախապատրաստվում Հայոց Մեծ եղեռնի տարելիցը արժանապատվորեն նշանավորելու, այս մասին է Հասմիկ Պողոսյանի հարցազրույցը Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի հետ:
-Պարո՛ն Վիրաբյան, վերջերս Հայաստանի ազգային արխիվը հրատարակեց «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» եռահատոր աշխատանքի հատընտիրը՝ անգլերենով: Ի՞նչ արձագանքներ կան արտերկրից: Եվ ի՞նչ նոր հրատարակություններ են սպասվում առաջիկայում:
-Մենք դեռևս 2012թ. կազմեցինք ու հրատարակեցինք «Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» փաստաթղթերի եռահատոր ժողովածուն, որը ներառում է ցեղասպանությունից հրաշքով փրկվածների՝ իրենց բնակավայրերում թուրքական իշխանությունների իրականացրած ջարդերի ու կոտորածների մասին 1916-1917թթ. գրի առնված վկայությունները (ցեղասպանություն բառն այն ժամանակ չկար. դա շրջանառության մեջ դրվեց միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո): Հրատարակությունն իրականացվել է «Վան» հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Գիրքը մեծ արձագանք գտավ ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի ընթերցողների շրջանում, նույնիսկ՝ Թուրքիայում: Ինձ անձամբ դիմել են թուրք պատմաբաններ՝ ժողովածուի թուրքերեն հրատարակությունը կազմակերպելու խնդրանքով: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մենք որոշեցինք եռահատորյակից պատրաստել հատընտիր մեկ հատոր և իրականացնել դրա թարգմանությունը օտար լեզուներով, քանի որ երեք հատորի թարգմանությունը պահանջում է և՛ շատ երկար ժամանակ, և՛ հսկայական միջոցներ: 2013թ. առաջինն իրականացվեց այդ հատորյակի անգլերեն հրատարակությունը, որը հնարավորինս արագ ներկայացվեց միջազգային հանրության դատին: «Վան» կազմակերպության միջոցով օրերս գրքի թուրքերեն թարգմանությունը լույս ընծայվեց Ստամբուլում՝ թուրք իրավապաշտպան Ռագըպ Զարաքօղլուի հրատարակչական ընկերությունում: Գրքի տարածումը նոր է սկսվել, և արձագանքներին դեռ սպասում ենք: Նշեմ, որ գրքի թուրքերեն հրատարակությանը նպաստել է նաև «Գյուլբենկյան հիմնադրամի» հայկական բաժանմունքը: Լույս են տեսնելու նույն հատորյակի ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլ լեզուներով հրատարակությունները:
-Հայաստանի անկախացումից ի վեր մեր պետությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հռչակել է արտաքին քաղաքականության գերակա ուղղություն, և այս ընթացքում Թուրքիան մեկ անգամ չէ, որ ասել է, թե Հայաստանի արխիվները փակ են ուսումնասիրողների համար: Ի՞նչն է նրանց հիմք տալիս նման հայտարարություններ անելու:
– Նրանք թեևս նկատի ունեն Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ)՝ Բոստոնում գտնվող կենտրոնական արխիվը, որը պետական արխիվ չէ և կարող է լինել փակ: Հայաստանի Ազգային արխիվը բաց է, և ցանկացած թուրք ուսումնասիրող, լրագրող կարող է գալ ու աշխատել, ինչը ես բազմիցս եմ ասել, նույնիսկ Հայաստանի բարձրագույն պետական այրերն են այդ մասին հայտարարել:
– Հայտնի է, որ խորհրդային տարիներին երկար ժամանակ արգելված էր զբաղվել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ: Հնարավո՞ր է՝ թուրքերը նաև սա են փորձում շահարկել…
-Ո՛չ: Դրա մասին խոսք լինել չի կարող, քանի որ 1965թ.-ից հետո Հայաստանում ցեղասպանության վերաբերյալ ակտիվ ուսունասիրություններ են կատարվել, լույս են տեսել բազմաթիվ արժեքավոր գրքեր: Բայց այն ժամանակ հայեցակարգային մոտեցումն այլ է եղել. հիմնական շեշտը դրվել է պետական ու դիվանագիտական փաստաթղթերի վրա, և մարդն անտեսվել է՝ ուշադրություն չի դարձվել առանձին անհատի ապրումներին, նրա կրած տառապանքներին:
-Դուք տարբեր գիտաժողովների ժամանակ մշտապես առաջ եք քաշել այն մոտեցումը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մեր պայքարի վերջին հանգրվանը չի լինելու, այլ միայն՝ մեկնարկը: Այս առումով ի՞նչ ծրագրեր է պատրաստվում իրականացնել Հայաստանի ազգային արխիվը:
-Մենք այժմ սկսել ենք իրականացնել երկու ծրագիր. առաջին՝ ստեղծվում է ցեղասպանության զոհերի մասին էլեկտրոնային շտեմարան՝ նրանց անուն- ազգանուններով, բնակության վայրով, լուսանկարներով, որոնք, իհարկե, շատ քիչ են պահպանվել… Դժվար աշխատանք է. երկար ժամանակ է անցել, և շատ փաստաթղթեր մեզ չեն հասել, բացի այդ բնաջնջվել են ամբողջական հայկական գյուղեր, որտեղից ոչ ոք չի փրկվել: Հետևաբար, էլեկտրոնային շտեմարանում ներկայացվելիք զոհերի թիվը մեկ ու կես միլիոնի չի հասնի, բայց ում անունը որ հնարավոր կլինի ճշտել՝ կտեղադրենք:
Երկրորդ՝ ցեղասպանության զոհ է դարձել ոչ միայն հայ մարդը, այլև հայ մշակույթը, տնտեսությունը: Եվ ժամանակի ընթացքում աշխատանք է կատարվել՝ ճշտելու, թե հայերն ինչպիսի՞ նյութական կորուստներ են կրել. արդյունքում հավաքվել է մոտ 29000 ընտանիքի մասին տեղեկատվություն՝ ըստ տարածաշրջանների, որոնք մենք հրատարակելու ենք 20-22 հատորով: Նշեմ, որ այդ փաստաթղթերը իր խմբի հետ միասին ժամանակին պատրաստել է Հովհաննես Թումանյանը։ Հետագայում նախատեսվում է դրանք ևս հրատարակել օտար լեզուներով:
-Պարո՛ն Վիրաբյան, մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ Դուք նշել եք, որ վերջերս Հայաստանի ազգային արխիվը համալրվել է նոր փաստաթղթերով: Ի՞նչ փաստաթղթեր են դրանք:
-Բացի ծրագրավորված համալրումից, որն իրականացնում են պետական մարմիններն ու կազմակերպությունները, մենք ևս քաղաքացիներից ձեռք ենք բերում փաստաթղթեր, որոնք այս կամ այն ճանապարհով հայտնվել են նրանց մոտ: Հատկապես վերջին շրջանում նրանք մեզ են ներկայացնում ցեղասպանությունը վերապրածների հուշերը:
-Մենք գիտենք, որ Հայաստանի ազգային արխիվը պատրաստվում է պայմանագիր կնքել Ռումինիայի համապատասխան կառույցի հետ, կա համագործակցություն Ռուսաստանի, Ֆրանսիայի հետ: Կխոսե՞ք այս մասին:
-Այո՛: Աշխատանքներ են տարվում Ռումինիայի արխիվային ծառայության հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ, քանի որ այնտեղ կան մեծ քանակությամբ չմշակված փաստաթղթեր հայ համայնքի պատմության վերաբերյալ: Ֆրանսիայի հետ կնքել ենք պայմանագիր և համագործակցելու ենք մի քանի ուղղությունով՝ հրատարակելու ենք «Հայ-ֆրանսիական կապերը Առաջին աշխարհամարտի տարիներին. 1914-18թթ.» խորագրով ծավալուն ժողովածուն, կազմակերպելու ենք վիրտուալ ցուցահանդեսներ, համատեղ գիտաժողովներ: Արխիվային բնագավառում ամենամեծ գործակցությունը (փաստաթղթերի համատեղ ցուցահանդեսների կազմակերպում, ժողովածուների լույս ընծայում, պատճեների փոխանակում, մասնագետների վերապատրաստում) Ռուսաստանի հետ է:
-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք , որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դեռևս չուսումնասիրված արխիվներ կան Բուլղարիայում, Արգենտինայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Հունաստանում և մի շարք այլ երկրներում, դեպի ուր գաղթել են ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերը:
-Այո՛: Եվ այդ արխիվները փակ չեն: Պարզապես դրանցում դեռևս չենք աշխատել: Օրինակ՝ ոչ մի հայ պատմաբան չի աշխատել պարսկական արխիվներում, Սիրիայում, Լիբանանում… Արխիվներ կան աշխարհի շատ երկրներում, որոնց ուսումնասիրման համար պետք է օգտագործել Սփյուռքի ներուժը: Իսկ Բուլղարիայի հետ վերջերս ենք պայմանագիր կնքել:
-Կա՞ն, արդյոք, խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարել այն երկրների արխիվներում, որոնք այդ տարիներին եղել են Օսմանյան Թուրքիայի դաշնակիցը:
-Որևէ խոչընդոտ չկա: Այսօր բաց են Թուրքիայի նախկին դաշնակից երկրների բոլոր արխիվները, պարզապես պետք է գնալ և աշխատել: Գերմանիայում, ի տարբերություն շատ երկրների արխիվների, մեր պատմաբաններն աշխատել են, սակայն ուսումնասիրման կարոտ շատ կարևոր նյութեր կան: Անգլիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի արխիվները նույնպես բաց են և դրանցում ուսումնասիրություններ կատարվել են: Անհրաժեշտ է շարունակել սկսված աշխատանքները:
-Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված մեր պայքարի ընթացքում թուրք ժխտողականները միշտ խնդիր են առաջադրել՝ ստեղծել «պատմաբանների հանձնաժողով» կամ էլ հարցը քննարկել Միջազգային դատարանում: Այս առումով ի՞նչ հակաքայլեր ենք ձեռնարկելու մենք: Որքանո՞վ են մշակված և ի մի բերված անհրաժեշտ փաստաթղթերը այս մարտահրավերին արժանապատվորեն դիմակայելու համար:
-Դրա համար պետք է ստեղծել իրավաբանների, պատմաբանների, քաղաքագետների խումբ: Ցավոք, այս պահի դրությամբ ոչ մի բան չի արվել ո՛չ պետության, ո՛չ Սփյուռքի և ո՛չ էլ կուսակցությունների մակարդակով, ինչը կազմակերպչական հսկայական աշխատանք է պահանջում: Նշեմ, որ Սփյուռքում ունենք հսկայական չօգտագործված ներուժ: Եվ մենք պետք է հետևողականորեն շարունակենք ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը միտված գործընթացը և լրջորեն պատրաստվենք Միջազգային դատարանին, եթե նման անհրաժեշտություն առաջանա…
Զրույցը վարեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից