ԲԱՆԱԿԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, պատերազմը սկզբից մինչև վերջ անցած մալիշկեցի Համազասպ Խաչատրյանին և Եղեգնաձորցի Սարգիս Հարությունյանին հանդիպեցինք չորրորդ բանակային զորամիավորման տարեդարձի օրը: Նրանց ընկերությունը յոթ տասնամյակի պատմություն ունի: Տեսնել էր պետք, թե ինչպես էին ցնծում, ուրախանում, երբ գեներալ-մայոր Ա. Մակարյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման հիմնադրման տարեդարձին նվիրված զորահանդեսի մասնակից ստորաբաժանումները հանդիսավոր քայլերթով անցնում էին իրենց առջևով:
-Ինձ ու Սարգիսին էլ պետք է թույլ տային մասնակցենք զորահանդեսին, որ մեր մեդալների ու շքանշանների զնգոցը հանեինք:
-Համազասպ ջան, թող խաղաղություն լինի, մենք էլ ողջ լինենք, զորամիավորման քսաներորդ տարեդարձի զորահանդեսին այնպես քայլենք, որ բոլորը զարմանան,- ընկերոջ ուսին թփթփացնելով ասաց Սարգիս պապիկը:
Օրերս Համազասպ պապիկը դարձավ 90 տարեկան, ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում ենք ««Հայ զինվոր»» պաշտոնաթերթի վետերան-բարեկամին, մաղթում քաջառողջություն, ուժ ու եռանդ և երկար տարիների կյանք:
♦♦♦
Զորամասի հրամանատարներ, հայոց բանակի գնդապետներ Գոռ Տիգրանյանն ու Սերգեյ Գևորգյանը մի բակից են` մանկության, պատանեկության, դպրոցական տարիների ընկերներ: Նրանք նաև ուսանողական տարիների ընկերներ են՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առաջին շրջանավարտներից:
-Միայն ՌԴ ակադեմիայում միասին չենք սովորել. Սերգեյը երկու տարի շուտ ընդունվեց,- ասաց գնդապետ Տիգրանյանը:
-Երեսուն տարվա ընկերներ ենք, բայց միշտ կարոտում ենք իրար,- անթաքույց հպարտությամբ նշեց գնդապետ Գևորգյանը:
♦♦♦
Իմ այն հարցին, թե ով քանի ձգում կարող է կատարել, ծնունդով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից շարքային Սարգիս Խաչատրյանը միանգամից նետվեց դեպի պտտաձողը… Եվ նրա կատարած տասնյակ ձգումներն ու պտույտները հիացրին բոլորիս:
♦♦♦
Զինվորների, հրամանատարների ամրապնդվող ընկերությամբ էլ ավելի է ամրանում ու հզորանում հայոց բանակը: Զորամասի հրամանատարներ, գնդապետներ Կարեն Սերոբյանի, Վահրամ Գրիգորյանի և փոխգնդապետ Սամվել Մինասյանի համար զինակիցների ընկերությունը ոչ միայն քաղցր է, այլև` թանկ…
♦♦♦
Լուսանկարում Սիսիանի, Վայքի և Եղեգնաձորի զինվորական կոմիսարներն են` Մինաս Մկրտչյան, Կամո Հակոբջանյան ու Արմեն Սարգսյան։ Նրանք մշտապես կատարում են զորակոչի առաջադրանքը` թիկունքում իբրև ապավեն ունենալով իրենց տասնյակ տարիների ընկերությունը:
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ