Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ԳՈՅԱՏԵՎԵԼ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ



Պատերազմում մարդիկ հաճախ հայտնվում են ամենաանկանխատեսելի եւ ծայրահեղ իրավիճակներում՝ զուրկ լինելով կենսաապահովման տարրական միջոցներից: Այդ պայմաններում գոյատեւելու համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ եւ կարողություն՝ տեղանքում առանց սարքերի կողմնորոշվելու, եղանակը կանխատեսելու, օթեւան պատրաստելու, խմելու ջուր եւ կրակ ստանալու, ինքնաշեն հարմարանքներով սնունդ հայթայթելու, առանց դեղամիջոցների ինքնաբուժվելու եւ այլն:
Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք բրիտանական հատուկ օդադեսանտային «ՍԱՍ» ծառայության համար նախատեսված՝ ծայրահեղ իրավիճակներում գոյատեւելու վերաբերյալ հրահանգները՝ վստահ լինելով, որ դրանք օգտակար կլինեն նաեւ մեր զինծառայողներին:

1. ՋՈՒՐ
Գոյատեւելու նախապայմանը առաջնահերթությունները ճիշտ որոշելն է: Մարդուն նախեւառաջ անհրաժեշտ է ջուր, սնունդ, տաքություն, օթեւան: Դրանցից յուրաքանչյուրի կարեւորության աստիճանը կախված է տեղանքից եւ իրավիճակից, բայց առաջնահերթը միշտ ջուրն է:

Չափահաս մարդն առանց սննդի կարող է ապրել 3 շաբաթ, իսկ առանց ջրի՝ 3 օր: Ջրի պաշարը միշտ պետք է համալրել՝ չսպասելով, որ եղածը վերջանա:

Մարդու օրգանիզմն օրական կորցնում է 2-3 լիտր ջուր: Շնչառության ու քրտնարտադրության միջոցով հեղուկի կորուստն այնքան ավելի արագ է, ինչքան բարձր է օդի ջերմաստիճանը եւ ինչքան աշխույժ շարժումներ է կատարում մարդը: Փսխումը եւ լուծը է՛լ ավելի են արագացնում օրգանիզմի ջրազրկումը:

Ինչպես պահել խոնավությունը

Օրգանիզմից խոնավության կորուստը նվազագույնի հասցնելու համար խորհուրդ է տրվում.

– խմել փոքր կումերով՝ ջուրը երկար պահելով բերանում,
– ուժասպառ չլինել,
– չծխել,
– ստվերում մնալ,
– չպառկել տաք գետնին կամ տաք քարի վրա,
– քիչ ուտել. մարսողության ընթացքում հեղուկ է օգտագործվում, ինչը նպաստում է օրգանիզմի ջրազրկմանը: Հատկապես շատ հեղուկ է օգտագործվում ճարպեր մարսելիս,
– ալկոհոլ չօգտագործել. այն հեղուկ է խլում կենսականորեն կարեւոր օրգաններից,
– քիչ խոսել,
– շնչել քթով, եւ ոչ՝ բերանով:

Ջուր գտնելուն պես ագահաբար խմել չի կարելի, ինչքան էլ որ ծարավն ուժեղ լինի: Սկզբում պետք է խմել փոքր կումերով. մեծ քանակությամբ ջուրը, հայտնվելով ջրազրկված օրգանիզմում, փսխում է առաջացնում:

Ջրի որոնումը
Եթե մոտակայքում բաց ջրավազան չկա, պետք է հողը փորելով գրունտային ջուր փնտրել, այսինքն այն ջուրը, որն անձրեւից ու ձնհալից հետո ներծծվում է հողի մեջ: Գրունտային ջրերի մակարդակն ու քանակը կախված են տեղանքի ռելիեֆից եւ հողի տեսակից:

Քարքարոտ հողում պետք է փնտրել աղբյուրներ ու աղբրակներ (ակնաղբյուրներ): Կրաքարային հողում աղբյուրներն ավելի շատ են եւ ավելի մեծ: Քանի որ կրաքարը հեշտ է լուծվում, գրունտային ջրերը դրանցում առաջացնում են խորացումներ, որոնցում էլ պետք է փնտրել աղբյուրը:

Աղբրակներ պետք է փնտրել այնտեղ, ուր չոր գետահովիտը (կանյոնը) անցնում է ծակոտկեն ավազաքարի շերտի միջով:

Լեռներում պետք է կանաչ խոտ փնտրել՝ լանջերի վրա: Փոս պետք է փորել այնտեղ, ուր խոտն առավել մուգ կանաչ է, եւ սպասել, մինչեւ այն լցվի ջրով:

Փխրուն հողում ջուրը սովորաբար ավելի շատ է եւ ավելի մատչելի, քան քարքարոտ հողում: Գրունտային ջուր պետք է փնտրել հովիտների ամենացածր կետերում կամ այնտեղ, ուր լանջերը վերածվում են հովիտի, քանի որ հենց այդտեղ է, որ գրունտային ջրերի մակարդակն ամենամոտն է մակերեւույթին:

Փորելուց առաջ շրջակայքում պետք է փնտրել ջրի առկայության նշաններ: Փորել պետք է խոտով խիտ ծածկված տեղանքում: Ցածրադիր վայրերում աճող անտառներում, ծովափնյա շրջաններում եւ գետահովիտներում գրունտային ջրերը մակերեւույթի մոտ են:

Մթնոլորտային տեղումների ջուրը կուտակվում է գրունտային ջրերի մակարդակից բարձր՝ առաջացնելով առվակներ, լճակներ ու ճահիճներ: Այդ ջուրը պետք է համարել վարակված եւ վտանգավոր:

Անապատում կամ տափաստանում պետք է նախեւառաջ փնտրել ջրի առկայության նշաններ: Դրանցից են՝ թռչունների թռիչքի ուղղությունը, բուսականության դասավորությունը, գազանների բացած զուգամիտող արահետների ուղղությունը:

Լեռներում պետք է փորել ցամաքած գետերի հունի մեջ, քանի որ ջուրը հաճախ մանրախճի տակ է լինում: Ձյունոտ վայրերում ձյունը պետք է լցնել անոթի մեջ ու դնել արեւի տակ, քամուց պաշտպանված տեղ:

Շարունակելի

Խորագիր՝ #30 (1048) 7.08.2014 – 13.08.2014, Հոգևոր-մշակութային


07/08/2014