ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՉԱՐԻՔԻ ԱՂԲՅՈՒ՞Ր
ԲԵՐԹՈԼԴ ԲՐԵԽԹ
Ո՞րն է գիտական հայտնագործությունների դերը մարդկային հասարակության զարգացման մեջ։ Ինչու՞ նրանք երբեմն ոչ թե խթանում են քաղաքակրթության առաջընթացը, այլ հիմք են դառնում զանգվածային ոչնչացման զենքի համար, այլ խոսքով՝ վերածվում են սոսկալի չարիքի համայն մարդկության համար։ Այս հարցերի շուրջ խորհրդածում է գերմանացի նշանավոր թատերագիր, արվեստաբան եւ հասարակական գործիչ Բերթոլդ Բրեխթը (1898-1956) իր «Փորձարարական թատրոնի մասին» ծավալուն հոդվածում։
… Ապրելով արագորեն փոփոխության ենթարկվող աշխարհում եւ ինքն էլ արագորեն փոփոխվելով՝ ժամանակակից մարդը չունի այդ աշխարհի իրական պատկերը, որի հիման վրա հաջողություն ակնկալեր իր գործունեության համար։ Մարդկային հասարակության մասին նրա ունեցած պատկերացումներն աղճատված են, ոչ ճշգրիտ եւ հակասական, նրա պատկերացումն աշխարհի՝ մարդկային աշխարհի մասին այնպիսին է, որ կարելի է անվանել գործածության համար ոչ պիտանի, այսինքն՝ նման պատկերացման օգնությամբ մարդը երբեք չի կարող տեր դառնալ այս աշխարհին։ Մարդուն հայտնի չէ, թե ինքն ումի՞ց կախում ունի, նա չի կարող ըմբռնել հասարակության կառուցվածքը, իսկ դա անհրաժեշտ է ցանկալի արդյունքի հասնելու համար։ Իրերի բնույթի իմացությունը, առանց հասարակության բնույթի իմացության, ի զորու չէ բնության յուրացումը վերածել մարդկային հասարակության երջանկության աղբյուրի։ Այն ավելի շուտ կդառնա դժբախտության աղբյուր։ Այդ պատճառով մեծագույն հայտնագործությունները դարձել են շատ ավելի սոսկալի սպառնալիք մարդկության համար։ Դրանք սկզբում ընդունվում են հիացական բացականչություններով, ինչը հետագայում փոխվում է սահմռկեցուցիչ վայնասունի։
Պատերազմից առաջ ռադիոընդունիչի շնորհիվ ես ներկա եմ եղել իրոք պատմական իրադարձության. Կոպենհագենում՝ ֆիզիկոս Նիլս Բորի ինստիտուտում, մամուլի ասուլիս էր կազմակերպվել ապշեցուցիչ հայտնագործության՝ ատոմի ճեղքման կապակցությամբ։ Երբ լրագրողը հարցրեց, թե արդեն հնարավո՞ր է, արդյոք գործնականում կիրառել այդ հայտնագործությունը եւ ստացավ բացասական պատասխան, թեթեւացած շունչ քաշեց՝ ասելով. «Փառք Աստծո, մարդկությունը դեռեւս չի հասունացել էներգիայի նման աղբյուրի տիրապետելու համար»։
Ակնհայտ է, որ նա խորհում էր ռազմական արդյունաբերության մասին։ Ալբերտ Էյնշտեյնն այս կապակցությամբ գրում է. «Մեր դարաշրջանն այնքան հարուստ է հնարագետ ուղեղներով, որ հայտնագործությունները կարող են զգալիորեն թեթեւացնել մեր կյանքը։ Մեքենայի ուժի շնորհիվ մենք կտրում- անցնում ենք ծովերը, մարդուն ազատում ենք մկանային հոգնեցուցիչ աշխատանքից։ Մենք սովորել ենք թռչել, ինչպես նաեւ էլեկտրական ալիքների միջոցով մեր տեղեկատվությունը սփռել ողջ աշխարհում։ Սակայն ապրանքների արտադրությունն ու բաշխումը կազմակերպված չեն ընթանում, եւ այդ պատճառով յուրաքանչյուրը վախենում է դուրս մնալ տնտեսական շրջապտույտից։ Բացի այդ, տարբեր երկրներում ապրող մարդիկ ժամանակ առ ժամանակ սկսում են ոչնչացնել միմյանց, ուստի յուրաքանչյուր ոք, ով խորհում է ապագայի մասին, ապրում է մշտական վախի զգացողությամբ։ Այս ամենի պատճառն այն է, որ զանգվածների գիտակցությունն ու կամքն անհամեմատ ցածր են այն անհատների գիտակցությունից ու կամային որակներից, ովքեր հասարակության համար ստեղծում են այդ արժեքները»։
Այսպիսով, այն փաստը, որ բնության յուրացումը մարդկանց երջանկություն չի բերում, Էյնշտեյնը բացատրում է նրանով, որ մարդիկ չեն կարողանում ի շահ իրենց օգտագործել հայտնագործություններն ու գյուտերը։ Նրանք չափազանց քիչ բան գիտեն իրենց սեփական էության մասին։
Այն, որ մարդիկ իրենց լավ չեն ճանաչում, հետեւանք է այն բանի, որ բնության մասին նրանց գիտելիքներն օգուտ չեն բերում։ Իրոք, արյունահեղ պատերազմները եւ ամեն տեսակի «խաղաղ» ստորացումները, մարդկանց սոսկալի կեղեքումն ու շահագործումն արդեն ողջ աշխարհում դարձել են, մի տեսակ, բնական բաներ, սակայն մարդիկ այդ բնական երեւույթների նկատմամբ, ցավոք, նույնքան հնարագետ ու գործունյա չեն, որքան բնության այլ երեւույթների նկատմամբ։ Շատ շատերին, օրինակ, պատերազմը երկրաշարժի նման բնական աղետ է թվում, մինչդեռ, եթե բնական աղետները մարդիկ կարողանում են հաղթահարել, ապա դեռեւս անզոր են հաղթահարել իրենք իրենց։
Միանգամայն հասկանալի է, թե ինչպիսի առաջընթաց կկատարվեր, եթե արվեստը կարողանար ներկայացնել աշխարհի գործնականորեն օգտակար պատկերը։ Եթե արվեստը կարողանար այդ ի կատար ածել, ապա կխթաներ հասարակության զարգացումը եւ բանական ու զգայուն մարդու համար կբացահայտեր իրոք մարդկային աշխարհը՝ լիարժեք գործունեություն ծավալելու համար։
Պատրաստեց
ՎԱՀԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ