ԴԵՐԲԵՆԴԸ՝ «ՄԵԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՃԱՄՓԻՆ
ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ադրբեջանի ազգայնական իշխանությունների հավակնությունները չեն սահմանափակվում միայն Հայաստանի և Իրանի տարածքներով: Բաքվում գործուն քայլեր են ձեռնարկում հարևան Դաղստանի Դերբենդ քաղաքի ոչ միայն յուրացման, այլ, ինչու չէ, Ռուսաստանի Դաշնությունից զավթելու ուղղությամբ: Եվ եթե Թեհրանն ու Երևանը Բաքվի սանձարձակություններին համապատասպան հակահարված են տալիս, Մոսկվայում ոչ միայն լռում են, այլ նաև որոշակիորեն աչք փակում հարավային հարևանի փաստացի ագրեսիայի վրա՝ չկամենալով խարխլել տարածաշրջանային առանց այդ էլ փխրուն խաղաղությունն ու կայունությունը:
Հարավային Դաղստանի Դերբենդ քաղաքը հնագույն ժամանակներից տարածաշրջանի համար ունեցել է բացառիկ նշանակություն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, քանի որ գտնվում է Կովկասի լեռների և Կասպից ծովի միջև ընկած նեղ հարթավայրում: Հնում քաղաքը հայտնի էր որպես «Ալանաց դուռ» քանի որ պատնեշում էր Պարսկաստանի հյուսիսային շրջանները և Աղվանքը ալաններից: Աղվանքի կազմում Դերբենդը 313 թվականին քրիստոնեություն ընդունեց: Այստեղ որոշ ժամանակ գտնվում էր նույնիսկ աղվանից կաթողիկոսների նստավայրը: Սասանյան տիրապետության ժամանակաշրջանում քաղաքը պարսպապատվեց և դարձավ հոների հարձակումների ճանապարհին կարևորագույն պաշտպանական հանգույց, որը հայտնի է որպես «Ճորա պահակ», որն էլ 451 թվականին գրավեց Վարդան Մամիկոնյանն իր զորքով՝ բացելով հոների ճանապարհը դեպի Սասանյան կայսրության խորքերը: 8-րդ դարից քաղաքը դառնում է Արաբական խալիֆայության հյուսիսային պահակակետը՝ միաժամանակ մտնելով «Արմինիա» նահանգի կազմի մեջ: Արաբական տիրապետության տակ սկսվեց քաղաքի համատարած իսլամացումը: 16-րդ դարում Դերբենդը նվաճում է Սեֆևյանների Պարսկաստանի կողմից, ապա տարբեր ժամանակահատվածներում նվաճվում սկզբում օսմանյան թուրքերի, հետո նաև՝ ռուսների կողմից: 1813 թվականին՝ Գյուլիստանի պայմանագրով Դերբենդը վերջնականապես միանում է Ռուսաստանին:
1917 թվականի հեղափոխությունից հետո Դերբենդը, որպես կռվախնձոր, հայտնվում է Լեռնականների Հանրապետության և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հավակնությունների կիզակետում: Ադրբեջանական նկրտումները անհիմն և ամենասանձարձակ ձևով արտահայտվեցին հատկապես Փարիզի կոնֆերանսի ժամանակ, երբ մուսավաթականները պահանջում էին ամբողջ Դաղստանն ընդգրկել Ադրբեջանի կազմում՝ շեշտը դնելով «ազգակցական կապերի» վրա: ԽՍՀՄ տարիներին Դերբենդում մեծ թվով ադրբեջանցիներ են հաստատվում: Ներկայում ադրբեջանցիները կազմում են քաղաքի բնակչության 33 տոկոսը: Միության փլուզումից հետո Բաքվի հավակնությունները Դերբենդի նկատմամբ նոր շունչ ստացան:
ԲԱՔՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԷՔՍՊԱՆՍԻԱՆ
Ադրբեջանցիները վերջին տասը տարիների ընթացքում մեծ ներդրումներ են իրականացնում Դաղստանում: Ադրբեջանական գյուղատնտեսական ապրանքներն արդեն նվաճել են Դաղստանի շուկան՝ դուրս մղելով տեղական արտադրողին: Դաղստանը դառնում է Ադրբեջանի համար կցորդ շուկա և տարանցիկ միջանցք: Միայն 2014 թվականի առաջին քառորդի ընթացքում Դաղստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 18 միլիոն դոլար: Հանրապետությունում ադրբեջանական անլեգալ աշխատուժը մեծ թիվ է կազմում:
Դաղստանի և Ադբրեջանի միջև տնտեսական համագործակցությունը նոր թափ ստացավ 2010 թվականին, երբ Մախաչկալայում իշխանության եկավ ադրբեջանամետ Մագոմեդսալամ Մագոմեդովը: 2011 թվականին Դաղստանի մայրաքաղաքում անցկացվեց ռուս-ադրբեջանական տնտեսական ֆորում, որը կոչված էր բարելավելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հեռանկարները, սակայն Բաքուն այդպես էլ չթույլատրեց դաղստանյան գործարարներին որևէ ներդրում իրականացնել Ադրբեջանում՝ շարունակելով միակողմանի յուրացնել դաղստանյան շուկան:
ՋՐԱՅԻՆ ԽՆԴԻՐ
Համագործակցության «աքիլեսյան գարշապար» է շարունակում մնալ արդրբեջանա-դաղստանյան սահմանի հարցը: 1990-ական թվականներին Դաղստանի առաջին նախագահ Մուխա Ալիևը պահանջել էր ադրբեջանական իշխանավորներից տնօրինել սահմանային Սամուր գետի ջրային պաշարներն այնպես, որ դրանք հավասարապես բաշխվեն երկու հանրապետությունների միջև: Այնինչ ադրբեջանական կողմը Սամուր – Ապշերոնյան ջրանցքով սկսեց մինչև 90 տոկոս ջուր օգտագործել, ինչի պատճառով գետամերձ դաղստանյան համայնքները մնացին առանց ոռոգման ջրի: Ջրօգտագործման հետ ուղղակի կապ ունի նաև սահմանի զատման հարցը:
2010 թվականին սահմանազատման մասին սեպտեմբերի 3-ի ռուս-ադրբեջանական պայմանագրով Մախաչկալայի նոր իշխանությունները Բաքվին փաստացի նվիրեցին 2 հազար հեկտար և երկու գյուղ՝ նման կերպ «լուծելով» ջրի հարցը: Ադրբեջանը համաձայնեց օգտագործել միայն իր հասանելիք 50 տոկոսը: Հատկանշական է, որ դեռ 1952 թվականին Դաղստանի ԻՍՍՀ լեզգիներով բնակեցված Մագարամքենդիի շրջանում Ադրբեջանի խորհրդային իշխանությունների միջնորդությամբ իրականացվել էր հողահատկացում՝ Սամուր-Դիվիչինյան (ապագայում՝ Սամուր-Ապշերոնյան) ջրանցքը կառուցելու համար: Այն ժամանակ սահմանն անցնում էր գետի աջ ափով: Շինարարությունն ավարտվեց 1956 թվականին՝ ԽՍՀՄ ընդհանուր միջոցներով: Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը շտապեց հայտարարել այն իր սեփականությունը՝ թեև հանգույցը փաստացի Ռուսաստանի տարածքում էր:
2010 թվականի պայմանագրով ռուսաստանյան այս տարածքի զավթումն Ադրբեջանի կողմից օրինականացվեց, ընդ որում՝ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներով: Լեզգիական Խրախ ուբա և Ուրյան- ուբա գյուղերը մնացին ադրբեջանական կողմում, իսկ նոր իշխանությունները պահանջեցին տեղաբնակներից կա՛մ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, կա՛մ հեռանալ: Անակնկալի եկած դաղստանցիները շտապեցին Մախաչկալա, որտեղ նրանց հանգստացրեցին, թե իրենց փոխհատուցում կտրամադրվեն: Եվ երբ նրանք վերադարձան իրենց տները՝ սահմանապահները չթողեցին հատել սահմանը: Արդյունքում՝ մեկ օրում փախստական դարձավ 138 ընտանիք, որոնք մինչ օրս որևէ փոխհատուցում չեն ստացել:
ԲԱՔՎԻ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2010 թվականին ադրբեջանական վերնախավը նորից բարձրացրեց Դերբենդի «պատկանելության հարցը»: Ադրբեջանական հավակնությունների նկատմամբ վերաբերմունքը լրջացավ, երբ քաղաքի ղեկավարությունը 2013 թվականի մայիսին կենտրոնական փողոցներից մեկը որոշեց կոչել Հեյդար Ալիևի անունով: Ավելին՝ կասեցվեցին ցույցերի բոլոր փորձերը, եղան ձերբակալություններ: Բաքվից էլ հայտարարեցին, թե Դերբենդի 2000-ամյակի կապակցությամբ պատրաստվում են 1 միլիարդ ռուբլու ներդրում կատարել քաղաքի բարեկարգման համար, սակայն մինչ օրս զուտ խոստում է մնացել: Ադրբեջանցիները շահել են նաև Դերբենդում Օլիմպիական կենտրոն կառուցելու տենդերը, այն էլ հին քաղաքի պատմամշակութային բարձր արժեք ունեցող մասում՝ միջնադարյան միջնաբերդի պատերի կողքին: Այստեղ է գտնվում նաև քաղաքային հին գերեզմանոցը՝ աղվաներեն և արաբերեն արձանագրություններով, որոնց կողքին կան նաև հայերեն արձանագրություններ: Բնական է, որ այս տարածքի ընտրությունն ուներ այլ նշանակություն՝ վերացնելու խոշոր պատմամշակութային շերտը և կրկին կեղծելու պատմական ճշմարտությունը:
Ադրբեջանական վերնախավի ախորժակը չի բավականանում միայն Դերբենդով, այլ սկսում է տարածվել ամբողջ Դաղստանի վրա: Բաքուն փորձում է հանդես գալ որպես Կովկասի բոլոր սուննի մահմեդականների միավորողն ու հովանավորը, այն դեպքում, երբ հենց ադրբեջանցիների 90 տոկոսը շիա է: Այս հարցում նա մարտի ձեռնոց է նետում Իրանի շիա առաջնորդներին՝ փորձելով նվազեցնել վերջիններիս ազդեցությունը տարածաշրջանում: Բացի այդ՝ ադրբեջանական վերնախավը փորձում է ներկայանալ նաև որպես Ադրբեջանի տարածքում բնակվող լեզգիների, ավարների և նախչո-դաղստանյան այլ ժողովուրդների իրավունքների արտահայտողն ու պաշտպանը Ռուսատանի հետ հարաբերություններում: Այն դեպքում, երբ Բաքվի կողմից տարվում է այդ ժողովուրդների բռնի ուծացման քաղաքականությունը:
Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակից հետո Ադրբեջանը մշակել է ծավալապաշտական նոր հայեցակարգ, այն է՝ անվավեր ճանաչել 1813 և 1828 թվականների Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը: Ըստ այդմ՝ կստեղծվի 700 հազար քառ. կմ տարածքով «Միացյալ Ադրբեջան», որն իր մեջ կներառի Հարավային Դաղստանը՝ Դերբենդ քաղաքով, արևմուտքում՝ Հյուսիսային Իրաքը՝ Քիրքուկ քաղաքով, Երևանի խանությունը, Բորչալուն (Վրաստանի Քվեմո-Քարթլիի մարզ): Բաքվում կարծում են՝ ադրբեջանացող Դերբենդի զավթումը զուտ ժամանակի հարց է, և պետք է սպասել Ռուսաստանի թուլացմանը:
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ