«ՊԱՏՎՈ ԼԵԳԵՈՆԻ» ՀԱՅ ԱՍՊԵՏԸ
Ընկերոջս՝ Սամվել Բարդուղի Պետրոսյանի հիշատակին
Արդեն 67 տարի է, ինչ լռել են հրանոթները, 67 տարի է անցել այն օրից, երբ հաղթանակած բանակի զինվորը Ռայխստագի վրա բարձրացրեց հաղթանակի դրոշը և հրդեհից մրոտված պատի վրա գրեց՝ «Հաղթանակ»…
Ինչքան տարիները հեռացնում են մեզ այդ նշանավոր օրվանից, այնքան ավելի ենք զգում հաղթանակի նշանակությունը, այնքան անհրաժեշտություն է զգացվում պատմելու հերոսների մասին, որոնք կռեցին Մեծ հաղթանակը։
Այդպիսի հերոսներից էր Բարդուղ Պետրոսյանը։
-Ես՝ Բարդուղ Ղազարի Պետրոսյանս, ծնվել եմ 1901թ. Էրզրումի նահանգի Չիվթլիկ գյուղում, բանվորի ընտանիքում։ Երկու անգամ ընտրվել եմ Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ Մասնակցել եմ քաղաքացիական կռիվներին, 1920թ. 11-րդ Կարմիր բանակի կազմում, որպես դասակի հրամանատար, մասնակցել եմ Ադրբեջանում մուսավաթականների դեմ մղվող պայքարին։ Բանակում ծառայել եմ մինչև 1924թ.։ 1931-ից ՀՍՍՀ ներքին գործերի մինիստրության միլիցիայի դպրոցի պետն եմ։ Խնդրում եմ ինձ կամավոր ուղարկել ռազմաճակատ…
Այսպես էր շարադրել իր դիմումը միլիցիայի ավագ լեյտենանտ Բարդուղ Պետրոսյանը։
Խնդրանքը բավարարեցին։ Նա մեկնեց գործող բանակ, նշանակվեց 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի կործանիչ գումարտակի հրամանատար։ 1941թ. աշնանն էր։ Խորհրդային զորքերի ժամանակավոր նահանջի ծանր օրերն էին։ Գումարտակը, որի հրամանատարն էր Բ. Պետրոսյանը, մարտերով նահանջում էր։ Թշնամին դանդաղ առաջ էր սողում իր սեփական դիակների վրայով։ Անհրաժեշտ էր կանգնեցնել թշնամու առաջխաղացումը, հնարավորություն տալ մեր նահանջող զորամասերին ամրանալ, ստեղծել պաշտպանական նոր բնագիծ։
Թշնամին առավոտյան գրոհեց գումարտակի դիրքերը, սակայն հետ շպրտվեց։ Հաջորդ օրը գերմանացիները նորից կրկնեցին գրոհները։ Դարձյալ հետ շպրտվեցին։ Գումարտակի հրամանատարը միշտ առաջին գծում էր, իր անձնական օրինակով ոգևորում էր մարտիկներին, տանում նրանց հակագրոհի։ Ենթադրյալ երկու օրվա փոխարեն գումարտակը դիրքերը պահեց 12 օր, դրանով իսկ օգնելով հրամանատարությանը պաշտպանության նոր պատնեշ ստեղծելու։ Այդ մարտերի վերջին օրը գումարտակի խիզախ հրամանատարը վիրավորվեց ոտքից և տեղափոխվեց բուժսանգումարտակ։ Պետրոսյանը երկար չմնաց հիվանդանոցում, հինգերորդ օրը փախավ և հասավ իր ստորաբաժանմանը։ Երբ հարցրին՝ ինչու չմնաց լրիվ բուժվելու, պատասխանեց.
-Ոչինչ, արդեն վիրահատել են, կապկպել, կռվի մեջ կլավանա, այնտեղ պառկելն ու սպասելը ծանր էր ինձ համար, շունչս կտրվում էր։
Բարդուղ Պետրոսյանի ղեկավարած գումարտակի մարտական գործողությունների մասին գրվում էր ինչպես ճակատային, այնպես էլ կենտրոնական թերթերում։ Նրա սխրագործությունները նկարագրել է Հր. Քոչարը իր «Հերոսների ծնունդը» ստեղծագործության մեջ, ռազմաճակատային թերթում տպագրվել էին «Պետրոսյանի սուվորովյան տակտիկան», «Խփել, ինչպես Պետրոսյանն է խփում» և այլ հոդվածներ։
Անձնական քաջության և գումարտակի գործողությունները հմտորեն ղեկավարելու համար 1942-ի հունվարին Բարդուղ Ղազարի Պետրոսյանը պարգևատրվում է մարտական Կարմիր դրոշի շքանշանով։
…Մեր զորքերը պատրաստվում էին հարձակման. երեկոյան, հավաքելով գումարտակի մարտիկներին, Պետրոսյանն ասաց. «Վաղը հարձակվում ենք։ Պատերազմի սկզբից անցել է ավելի քան կես տարի, վաղուց էինք սպասում այս օրվան։ Դժվար կլինի, բայց մեր պարտքն է դուրս քշել թշնամուն իր դիրքերից, թեկուզև կյանքի գնով։ Ես պատրաստ եմ մեռնելու հանուն հայրենիքի, ո՞վ է ինձ հետ»։
-Բոլորս,- ձայնեցին մարտիկները։
Մարտիկները, իրենց հրամանատարի նման արհամարհելով մահը, խոյացան դեպի թշնամին։ Գրավելով թշնամու դիրքերը՝ նրանք գերմանական ականանետերը և գնդացիրները շրջեցին թշնամու դեմ։
1942թ. մայիսին Խարկովի մոտ երեք բանակների հետ շրջապատման մեջ է ընկնում նաև Բ. Պետրոսյանի գումարտակը։ Մայիսի 25-ին ծանր վիրավոր հրամանատարը գերի է ընկնում և ուղարկվում համակենտրոնացման ճամբար։ Ապաքինվելուց հետո նա ակտիվ մասնակցություն է ունենում ճամբարում գործող հակաֆաշիստական ընդհատակյա կազմակերպության աշխատանքներին՝ որպես ընդհատակյա բյուրոյի անդամ։
Ընդհատակայինները կազմակերպում են ռազմագերիների փախուստը ճամբարից։ Բարդուղին չի հաջողվում փախչել, նրան բռնում են և ուղարկում Լեհաստան՝ Պուլավա քաղաք, որտեղ գտնվում էր հայ գերիների ճամբար-հավաքակայանը։ Այստեղ հայ ռազմագերիները նրան նորից ընտրում են ընդհատակյա բյուրոյի անդամ։ Գերմանական հակահետախուզությունը տեսնելով, որ գնալով ընդարձակվում է ճամբարականների ընդհատակյա գործունեությունը, 1943թ. նոյեմբերի 27-ին ամբողջ հավաքակայանը ուղարկում են հարավային Ֆրանսիա։
Նոր ճամբարում են տեղավորում Պուլավայից բերված մի քանի հարյուր ռազմագերիներ։ Ընդհատակյա կազմակերպության բյուրոն հավաքվում է նիստի։ Քննարկվում է մի հարց՝ ինչպես կապ հաստատել ֆրանսիական դիմադրության շարժման հետ, ինչպես միանալ պարտիզաններին։ Շուտով առիթը ներկայանում է։ Ճամբարում հայտնվում է մի ֆրանսիացի հյուսն։ Պարզվում է՝ ֆրանսիացին միայն հյուսն չէ, այլ ֆրանսիական դիմադրության շարժման կապավորը՝ Պոլ Անդեն։ Կապը ֆրանսիական ընդհատակի հետ հաստատված էր։ Այդ ժամանակ արդեն կապ է հաստատվում նաև դիմադրության շարժման անդամ հայերի հետ։
Ապստամբությունը նշանակվում է հուլիսի 5-ին։ Ընդհատակյա բյուրոն որոշում է. ռազմագերիները պետք է փախչեն երկու խմբով։ Առաջինը՝ թվով 36 մարդ՝ Բարդուղ Պետրոսյանի, Ալեքսանդր Ղազարյանի և Դավիթ Մինասյանի գլխավորությամբ։ Փախուստից հետո նշանակված վայրում 52 նախկին ռազմագերիները միանում են ֆրանսիական դիմադրության շարժմանը։
Պարտիզանական ջոկատի տարեգրության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Լա Քալմեթի պաշտպանությունը՝ 1944թ. օգոստոսի 24-28-ին։
Հայկական պարտիզանների ջոկատը կապիտան Բարդուղ Պետրոսյանի գլխավորությամբ առաջադրանք է ստանում փակելու գերմանական խոշոր մեքենայացված շարասյան ճանապարհը և թույլ չտալ անցնելու Լա Քալմեթ գյուղաքաղաքով։ Բոլորի հիշողության մեջ թարմ էր ֆրանսիական Օրադուր քաղաքի ճակատագիրը, որը հիմնովին ոչնչացրել էին ֆաշիստները։ Պարտիզանները որոշեցին ամեն գնով փրկել ֆրանսիական քաղաքը կործանումից։
Վճռական մարտը տեղի ունեցավ արդեն օգոստոսի 26-ին Լա Քալմեթ գյուղաքաղաքի մոտ։ Խիզախ և հմտորեն իրականացված զորաշարժով կապիտան Պետրոսյանի ջոկատը շրջապատում է թշնամու 100 զինվորից բաղկացած խումբը և ջախջախում։
Հայ պարտիզանները Ֆրանսիայի ազատագրումից հետո էլ զգալի օգնություն են ցույց տալիս ֆաշիզմի դեմ պայքարին։ «Յումանիտե» թերթը 1944թ. հոկտեմբերի 5-ի համարում գրում է. «Հայերը մեծապես նպաստել են Լոզերի ազատագրմանը և փրկել բազմաթիվ ֆրանսիացիների…»։
Մարտական փառքի բազում էջեր են գրել հայ պարտիզանները Ֆրանսիայի հարավի ազատագրման համար մղված մարտերում։
Հետագայում Լա-Քալմեթի քաղաքագլուխ Մարսել Ռոժենը պարտիզաններին ուղղած իր շնորհակալության մեջ կգրի. «…Բնակչությունը տեսավ հայկական խմբի հերոսական պայքարը գերմանացիների դեմ, խումբը կռվեց հմտությամբ և համարձակությամբ, սառնասրտությամբ և քաջությամբ, իրեն 100 անգամ գերազանցող ուժերի դեմ»։
1945թ. մայիսի 1-ին ֆրանսիական կառավարությունը առաջին պարտիզանական գնդին պարգևատրեց մարտական դրոշով և «Արծաթե աստղ» զինվորական խաչով։ Դրոշը հանձնելիս ֆրանսիացի գեներալ Զելլերն ասաց. «Գերի ընկած խորհրդային զինվորները դուրս պրծան շղթաներից և միացան ֆաշիզմի դեմ ընդհանուր պայքարին… հայ մարտիկները արյուն էին թափում ֆրանսիացի հայրենասերների հետ։ Զոհված մարտիկների շիրիմները մեզ միշտ կհիշեցնեն համատեղ պայքարի մասին»։
Բազմաթիվ կառավարական պարգևներով է նշված կապիտան Բ. Պետրոսյանի մարտական ուղին։ Նա պարգևատրվել է մարտական Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի շքանշաններով և մեդալներով, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության 4 մարտական խաչով, այդ թվում՝ «Պատվո լեգեոնի» շքանշանով և «Ֆրանսիայի ազատագրման համար» մեդալով։
ԱՐԱՄ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ
գնդապետ