Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ



Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունն ու զինվորական հրամանատարությունը, չանսալով առողջ բանականությանը և անտես առնելով հայկական կողմից բազմիցս արված սթափության կոչերը, տարիներ շարունակ հնչեցրած իրենց ռազմատենչ հայտարարությունները, վերջին ժամանակներս փորձում են «առարկայացնել» կամ, այսպես ասած, գործով ապացուցել` խափանարար խմբերով սահմանային միջադեպեր հրահրելով և է՛լ ավելի լարելով առանց այդ էլ լարված իրավիճակը տարածաշրջանում: Ատելության, վրեժխնդրության թույնով կուրացած, նրանք ասես կորցրել են իրականության զգացողությունը` չտեսնելու տալով անգամ իրենց արկածախնդրության դառը պտուղները` իրենց զինվորների երիտասարդ կյանքերը:

Այս ամենն իր հերթին «ամրապնդում» է Ադրբեջանական վայրահաչ քարոզչամեքենան, որ երկու տասնամյակ շարունակ իրենց քաղաքացիների միտքն ու հոգին հայրենասիրությամբ ու մարդասիրությամբ կրթելու, դաստիարակելու փոխարեն խեղել է հայատյացության մաղձով` ձգտելով անհնարին դարձնել երկու հարևան ժողովուրդների փոխըմբռնման ամենաչնչին իսկ հնարավորությունը, է՛լ ավելի խորացնելով երկու ժողովուրդների միջև գոյացած բաժանարար անդունդը:

Հակառակորդի տմարդի կեցվածքին ի պատասխան հայ ժողովուրդը կանգնած է հպարտ, վստահ ու վեհանձն, քանզի այդպիսին է լինում դարերի ցուրտն ու տաքը տեսածի, ոգով ուժեղի, մարտի դաշտում կռված-հաղթանակածի արժանապատիվ կեցվածքը… Այսպիսին է եղել մեր ժողովուրդը երեկ, այսպիսին է այսօր` ուղղամիտ, համբերատար, ներողամիտ, բայց միևնույն պահին` զգոն, վրեժխնդիր և ահարկու…

Վերջին ժամանակների սահմանային լարվածությունը նամակների տարափ է բերել խմբագրություն. ահել ու երիտասարդ, մտավորական ու արվեստագետ, ուսուցիչ ու վարորդ խստորեն քննադատում են հարևան երկրի ռազմատենչ, կործանարար և, ըստ ամենայնի, անհեռանկար քաղաքականությանը` սթափեցման, արթնացման, զգաստության կոչեր հնչեցնելով: Շատերն էլ ապավինում են ադրբեջանցի պարզ ու հասարակ ժողովրդի խոհեմությանը, որի հետ կողք կողքի ապրելու, արարելու, հաց կիսելու երբեմնի անմոռաց առիթներ են ունեցել… Այդպես է եղել երեկ` հիշենք անմահ Թումանյանին ու նրա չքնաղ «Ահմադը»… Այդպես է նաև այսօր…

Ազատ Հարությունյանը Կոտայքի մարզի Բուժական գյուղից է: Նրա թոռները ծառայում են հայկական բանակում: Ինքը թոշակառու է: Գյուղից քաղաք էր հասել, որովհետև սիրտը ցավում է աշխարհի ու մարդկության համար. «Խաղաղությունը ամեն ինչից բարձր է: Թող թշնամիս պատերազմ չտեսնի` ահավոր բան է: Ժողովուրդը պատերազմ չի ուզում: Ադրբեջանցի ժողովուրդն էլ պատերազմին դեմ է. ես նրանց հետ ապրել եմ, ընկերություն եմ արել, հաց եմ կիսել, գիտե՛մ… Ես մի ընկեր ունեի…»: Եվ սեղանին է դնում մի ձեռագիր բանաստեղծություն` նվիրված իր ադրբեջանցի ընկերոջը` Սալեհին, և ասում` «Կարդացե՛ք»:

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՋՍ ՍԱԼԵՀԻՆ

Սալե՛հ, մանկության իմ ընկեր,
Ընդունիր իմ ջերմ ողջույնները,
Փոխվե՞լ-պղտորվե՞լ է, արդյոք, հոգիդ՛,
Թե՞ կրկին նույնն ես մնացել:

Ես հայ, ու դու ազերի,
Միասին ենք ուսում առել,
Միասին ենք հանդ գնացել ու
Միասին ենք տավար պահել:

Լավ չէ՞ր, որ միշտ այդպես լիներ,
Չլիներ ո՛չ պատերազմ, ո՛չ ավեր,
Պատերազմն ու հաղթանակը միայն
Մեր մանկական խաղերում լիներ:

Եվ հանկարծ փոխվեց ամեն բան`
Ես ու դու «թշնամի» դարձանք,
Տեսանք թե՛ մահ, թե՛ կոտորած,
Տեսանք հրդեհ ու ավերակ:

Գիտե՛մ, գիտեմ, Աստված ոչ անի,
Հանդիպենք եթե մարտի դաշտում,
Դեն կնետենք զենքերն արնոտ
Ու կհայտնվենք իրար գրկում:

Կսկսվի քաղցրիկ մի զրույց.
Կհարցնես գյուղից, տղերքից,
Էն ապրած անմոռաց պահերից,
Մեր ջահել ու խենթ օրերից…

Ու հետո որպես ընկեր ու ախպեր
Կխոսենք Սաֆարով կոչեցյալ սպայից,
Հարց կտամ` ցավս զսպելով.
Մարդուն խփո՞ւմ են դարանից:

Քնած էր զինվորն անմեղ
Եվ գուցե երազ էր տեսնում,
Խոսում էր սիրած յարի հետ
Կամ մայրական օրոր էր լսում…

Եվ մի՞թե նրան պիտ պաշտպանես,
Չէ՛, հավատս չի գալիս՝
Կացնով քնածին խփողին
Անհնար է, որ լինես սատար…

Եվ այդ տականքի համար
Դու ամոթից կլռես,
Եվ մեր միասին սերտած
Սասունցի Դավթին կհիշես:

Դե ինչ, սիրելի՛ իմ Սալեհ,
Ներիր ինձ խոսքերիս համար,
Էլ ո՞ւմ բողոքեմ ու պատմեմ,
Քեզ գտա մոտիկ ու հարմար…

Տա Աստված, պատերազմ չլինի,
Ու մենք հանդիպենք նորից,
Խոսենք մանկությունից քաղցրիկ,
Մեր անցած լավ ու վատ օրերից:

Երկուսս էլ արդեն պապիկ ենք,
Ունենք որդիներ, թոռներ…
Թող նրանք խաղաղ ապրեն,
Չտեսնեն պատերազմ ու ավեր:

Կհանդիպե՞նք, ինչպե՞ս, ե՞րբ` չգիտեմ,
Չկորցնենք միայն թելը մեր կարոտի,
Կնստենք աշնանային միգում,
Մայրամուտից առաջ` մե՛ր մայրամուտի…

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #30 (1048) 7.08.2014 – 13.08.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


07/08/2014